Logo

«Ռոմա» - «Յուվենտուս»․ Եվրագավաթային գոտու համար պայքարը շարունակվում է

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
18:30 / 03.05.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» կընդունի Թուրինի «Յուվենտուսին»։ VNews-ը ներկայացնում է հանդիպման անոնսը։

Ա սերիայում չեմպիոնը հայտնի է, բայց եվրագավաթային գոտու համար պայքարը շարունակվում է:

«Ռոման» Դանիելե Դե Ռոսիի գալուց հետո բավականին վառ ֆուտբոլ է ցուցադրում: Հռոմեական թիմն ագրեսիվ է գործում բոլոր մրցակիցների հետ: Նախորդ տուրում էլ «Գայլերը» բաց ֆուտբոլ առաջարկեցին «Նապոլիին»: Անկախ ամեն ինչից, «Ջալոռոսին» շատ է գոլ բաց թողնում: Նախորդ 3 խաղում մայրաքաղաքայինները 6 գնդակ են բաց թողել, սակայն պարտվել են ընդամենը մեկ անգամ, այն էլ` «Բոլոնիային»:

Այո՛, «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչը փոխել է թիմի խաղային փիլիսոփայությունը, բայց, եթե հետ հայացք գցենք, ապա կտեսնենք, որ նախորդ 14 խաղում Դե Ռոսին պարտվել է 2 համակարգային թիմերի՝ Սիմոնե Ինձագիի «Ինտերին» և Տիագո Մոտայի «Բոլոնիային»: Չենք մոռանում նաև «Լացիոյի» նկատմամբ հաղթանակն ու «Նապոլիի» հետ ոչ-ոքին, բայց այդ երկու թիմերում մարզչական փոփոխություններից հետո ևս հստակ համակարգ չկա:

«Յուվենտուսում» գործերն ավելի վատ են: Մասիմիլիանո Ալեգրին այդպես էլ չկարողացավ լուծել խաղային ճգնաժամը: Հանդերձարանում ամեն ինչ չէ, որ կարգին է, լարված են մարզչի և Ֆեդերիկո Կյեզայի հարաբերությունները, ակումբը չի կողմնորոշվում Ալեգրիի հարցում՝ պաշտոնանկ անել ալենատորեին և վճարել 20 միլիոն եվրո փոխհատուցում, թե սպասել և էլ ավելի խորացնել ճգնաժամը:

Իրավիճակն էլ ավելի են խճճում իտալական պարբերականները: Տեղեկություններ կան, որ «Բյանկոներիի» ղեկավարները համաձայնության են եկել Տիագո Մոտայի հետ, ամենայն հավանականությամբ, բրազիլական արմատներով իտալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Թուրին:

Ինչ վերաբերում է մրցաշարային վիճակին, ապա «Յուվենտուսին» հաղթանակ է հարկավոր, այլապես նույն Մոտայի գլխավորած «Բոլոնիան» կարող է օգտվել առիթից և թիկունքում թողնել «Ծեր սինյորային»:

Իտալիան Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունում արդեն 5 տոմս ունի, 6-րդի համար Եվրոպա լիգայում պայքարում են «Ռոման» և «Ատալանտան»: «Յուվեն» դեռ կարող է փրկել մրցաշրջանը: Առջևում Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչն է, սակայն մինչև այդ հարկավոր է կարգի բերել գործերն առաջնությունում:

Թուրինցիները վաղուց կորցրել են երբեմնի փայլն ու փառքը, անհետացել է վառ, գեղեցիկ ֆուտբոլը: Թիմում խաղային բալանսի խնդիր կա, սակայն «Ռոմայի» հետ մրցավեճը ֆուտբոլիստների համար լավ առիթ է տրամադրությունը բարձրացնելու համար:

«Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում կլինի մայիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: