Logo

ԱԱ․ Հայ բազկամարտիկները 11 մեդալ են նվաճել Թուրքիայում (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:30 / 31.10.2022Բազկամարտ
Բացառիկ
null

Անթալիայում անցկացված բազկամարտի աշխարհի 43-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 11 մեդալ՝ 4 ոսկե, 2 արծաթե ու 5 բրոնզե։ Հայաստանի հավակաքականը Թուրքիա էր մեկնել 10 մարզիկով, որոնցից երեքը մրցանակակիր են դարձել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցումներում։

Բազկամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է թիմի արդյունքները։

«Արդյունքը միանշանակ գնահատում եմ դրական, քանի որ մեր երկրի հաշվին գրանցվեց 4 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ։ Մրցաշարում շատ թեժ մրցակցություն էր ծավալվել. մասնակցեց 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ։ Մեր մարզիկներից հատկապես տպավորեց 15-ամյա երևանցի Գեղամ Խաչատրյանը, որը երկու ձեռքով մրցումներում էլ մրցակցությունից դուրս էր պատանեկան տարիքային խմբի +70 կգ քաշային կարգում։ Աջ ձեռքով մրցումների եզրափակիչում նա հաղթեց թուրք, իսկ ձախով՝ ուզբեկ մրցակցին»,- նշեց ֆեդերացիայի ղեկավարը։

50 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի չեմպիոն է դարձել 18-ամյա Վահրամ Խուբլարյանը, որը ձախ ձեռքով մրցումների եզրափակիչում գերազանցել է ղազախ մարզիկին։ Ոսկե մեդալ է նվաճել նաև մինչև 60 տարեկանների պայքարում ձախ ձեռքով հաղթած 80 կգ քաշային, վետերանների մրցումների բազմակի հաղթող Դավիթ Ներսիսյանը. նա եզրափակիչում պարտության է մատնել իտալացի մրցակցին։ Այս տարվա մայիսին Դավիթ Ներսիսյանը նույն տարիքային խմբում նվաճել էր նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Վաչագան Հովհաննիսյանը (70 կգ), որը ձախ ձեռքով մրցումների եզրափակիչում պարտվել է կազմակերպիչ երկրի ներկայացուցչին։ Վաչագանին, Արսեն Գաբրիելյանի գնահատմամբ, շատ քիչ չբավականացրեց հաղթելու համար։ Վետերանների +100 կգ քաշային կարգում Ջանիբեկ Ղազարյանը 40-60 տարեկանների եզրափակիչում պարտվել է աջ ձեռքով և բավարարվել երկրորդ տեղով։

Երկու ձեռքով պայքարում էլ բրոնզե մեդալներ է նվաճել Արման Մրտեյանը (18 տարեկան, 60 կգ)։ Նույն կարգի երկու պարգև ունի նաև մեծահասակների մրցումների 65 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Դավիթ Ստեփանյանը։ Իսկ վետերանների ձախ ձեռքով մրցումներում բրոնզե մեդալակիր է դարձել 80 կգ քաշային Արման Փիրոյանը։

Ֆեդերացիայի նախագահի հավաստմամբ, մարզաձևը գնալով մեծ տարածում է ստանում Հայաստանում։ Ընդլայնվում է նաև բազկամարտի աշխարհագրությունը։

Սա հայ բազկամարտիկների միջազգային վերջին մրցումն էր այս տարի։ Մայիսին նրանք 18 մեդալ (11-ը՝ ոսկե) էին նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Հաջորդ տարվա մայիսին բազկամարտիկները կմասնակցեն Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախատեսված Եվրոպայի առաջնությանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա