Logo

Անճանաչելի Օլիմպիական խաղերը․ ինչ պայմաններում է անցկացվում սպորտային գլխավոր իրադարձությունը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 21.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
olympics sh ml 210720 1626803891170 hpMain 16x9 992 - Անճանաչելի Օլիմպիական խաղերը․ ինչ պայմաններում է անցկացվում սպորտային գլխավոր իրադարձությունը

Օլիմպիական խաղերը ամենագլխավոր մարզական միջոցառումն է, որտեղ աշխարհի տարբեր մասերից մարզիկները հավաքվում են «մեկ հարկի տակ» և ցուցադրում իրենց ամբողջ ուժը։ Օլիմպիական խաղերի գլխավոր գաղափարն է խաղաղություն տարածել, միավորել թշնամական երկրներին ու արդար մրցակցությամբ պարզել ուժեղագույններին, իսկ այս արտասովոր ժամանակներում ավելացել է ևս մեկը՝  լինել ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ ու այդ ամենին հասնել միասին:

Մարզական գլխավոր միջոցառումը պատմության մեջ միայն 3 անգամ է չեղարկվել՝ այն էլ պատերազմների հետևանքով. 1916 թվականին՝ Առաջին Համաշխարհային պատերազմի պատճառով, իսկ երկրորդ և երրորդ անգամ՝ 1940-ին և 1944-ին, Երկրորդ Համաշխարհայինի հետևանքով: Եվ այսպես հասնում ենք մեր ժամանակներ. հաջորդ Օլիմպիական խաղերի անցկացումը խափանվեց 2020 թվականին՝ աշխարհին վրա հասած համավարակի հետևանքով։ Անորոշ ժամկետներով հետաձգվեցին բոլոր խոշոր մարզական միջոցառումները, իսկ պահանջ-կարգախոսը մեկն էր՝ «Մնա տանը»։

Հիմա արդեն քայլ առ քայլ ամեն ինչ վերադառնում է իր հունին, բայց այս Օլիմպիական խաղերը միանշանակ մտնելու են պատմության մեջ որպես արտասովոր միջոցառում, որտեղ առաջնային պլան են մղված մարզիկների ու մյուս հյուրերի առողջությունը և անվտանգությունը: Ո՞ր երկիրը, եթե ոչ Ճապոնիան կարող է կատարյալ իրագործել այս առաջադրանքը: Իսկ թե, ինչ է անելու «ծագող արևի երկիրը» այս իրավիճակից պատվով դուրս գալու համար կպարզենք ներքևում:

Բացման ու փակման արարողություն

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել բացման արարողության ժամանակ մարզիկների ավանդական շքերթից:

«Յուրաքանչյուր մարզիկի նպատակն Օլիմպիական խաղերին մասնակցելն է, և ոչինչ չպետք է խանգարի նրան այդքան սպասված ստուգատեսում ելույթ ունենալու համար»,- ասված է միջազգային Օլիմպիական կոմիտեի հայտարարությունում:

Նրանք նաև քննարկում էին չեղարկել դրոշակակիրների շքերթը, սակայն մտափոխվեցին և այն կանցկացվի, կրկին որոշ վերապահումներով։ Պատվիրակությունները կունենան մեկական մարզիկ և մարզուհի դրոշակակիրներ (Հայաստանի դրոշակակիրներն են, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը)։ Ընդհանուր բացման արարողությանը պաշտոնական անձանց առավելագույն քանակը կլինի 1000 հոգի։ Բացի այդ, պատվիրակությունները տեղակայված են լինելու իրարից մեծ հեռավորության վրա:

Փակման արարողությունը ևս կանցկացվի համեստ պայմաններում։ Մարզիկները իրենց մրցելույթներն ավարտելուց հետո կմեկնեն իրենց երկրներ, իսկ արարողությունը տեղի կունենա սակավաթիվ մարդկանցով։

«Նույնիսկ, եթե մենք չկարողանանք միասին լինել, մենք կարող ենք կիսել նույն պահը, և դա մի բան է, որ մենք երբեք չենք մոռանա»: Հենց այս ուղերձն է, որը, մեր կարծիքով, կստեղծի փակման արարողություն, որը դուռ կբացի դեպի ավելի պայծառ ապագա: «Հուսով ենք, որ այս արարողությունը կարող է յուրաքանչյուրիս համար մի պահ լինել` մտածելու, թե ինչ է սպասվում ապագային»:

Սահմանափակումները ու պայքարը վիրուսի դեմ

Սա ամենատարօրինակ Օլիմպիական խաղերն է, որտեղ ամեն քայլափոխին հսկվում են մարզիկները, նրանց պարտադրում են յուրաքանչյուր տեղ կրել դիմակ, ընդ որում՝ +34 աստիճանի պայմաններում:  Մարզիկներին թույլատրվում է հանել դիմակը միայն մարզվելիս և քնելուց առաջ։

Կախված մասնակցի երկրում համավարակի տարածումից, որոշ պատվիրակներ հատուկ 14 օր շուտ են ժամանել Տոկիո, որոշները՝ 6, որպեսզի անցնեն պարտադիր կարանտին:

Մարզիկները մրցմանը մասնակցելու թույլտվություն են ստանում, եթե ներկայացնեն դրա մեկնարկից 6 ժամ առաջ թեստի բացասական պատասխանը։

Խախտումների դեպքում մասնակիցները կարող են որակազրկվել, ընդհուպ մինչև արտաքսվել երկրից:

Մարզիկները սնվում են մեծ ճաշարանում, որը նախատեսված էր 4300 մարդու համար, բայց կորոնավիրուսի դեմ պայքարի համար այդ թիվը հասցվեց 3000-ի: Ճաշարանում յուրաքանչյուր սեղան առանձնացված է մյուսից ապակյա պատնեշով՝ նվազեցնելու մարզիկների սերտ շփումը:

rue21fa0a9d29 - Անճանաչելի Օլիմպիական խաղերը․ ինչ պայմաններում է անցկացվում սպորտային գլխավոր իրադարձությունը

Կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձրել նաև բնապահպանական խնդիրներին: Օլիմպիական ավանում իրերի մեծ մասը պատրաստված է վերամշակված աղբից: Ամենահետաքրքիրը թերևս ստվարաթղթից պատրաստված մահճակալներն են, որոնք, ըստ մարզիկների, շատ հարմարավետ են, բացի դրանից ունեն մեկ մեծ առավելություն/թերություն. դրանք կարող են տանել առավելագույնը 200 կգ, չեն դիմանա կտրուկ շարժումներին, մի խոսքով, դրանով բացառվում է մարզիկների միջև սեռական կապը, այդ պատճառով էլ դրանք ստացել են «հակասեքս» անվանումը:

1626341678 - Անճանաչելի Օլիմպիական խաղերը․ ինչ պայմաններում է անցկացվում սպորտային գլխավոր իրադարձությունը

Մարզիկների տեղաշարժը նույնպես սահմանափակված է. Օլիմպիական գյուղից՝ մարզումային կենտրոն կամ մրցավայր և հակառակ ուղղությամբ: Նրանց կտեղափոխեն Toyota-ի էլեկտրոնային ինքնավար մեքենաները: Տրանսպորտային այդ միջոցները երթուղի կելնեն յուրաքանչյուր 20 րոպեն մեկ: Սա նույնպես մարզիկների շփումը բացառելու ևս մեկ մեկ միջոց է:

1626340740 - Անճանաչելի Օլիմպիական խաղերը․ ինչ պայմաններում է անցկացվում սպորտային գլխավոր իրադարձությունը

Տոկիոյում արգելվում է արտասահմանից ժամանած քաղաքացիներին երթևեկել հանրային տրանսպորտով առնվազն 14 օր, դուրս գալ հյուրանոցից, շրջել քաղաքում.  դա վերահսկում են անվտանգության աշխատակիցները ու GPS հատուկ հավելվածը։ Մեդիա ներկայացուցիչները, որոնք հանգրվանել են հյուրանոցներում, չի թույլատրվում լքել իրենց համարը:

Ճապոնիայում հյուրանոցների միջանցքները զարդարված են, դրանից մեկում օրինակ պատկերված են Օլիմպիական խաղերի ուղին և պատմությունը, սակայն միջանցքներում 15 րոպեից ավելի չի թույլատրվում անցկացնել: Դա հսկվում է հատուկ ձևով. համարից դուրս գալուց առաջ պետք է սեղմել դռան կողքին դրված ժամանակը, որը հսկվում է աշխատակիցների կողմից և տեսահսկվում է յուրաքանչյուր քայլափոխին։ ԶԼՄ ներկայացուցիչների համար այս ամենը բարդ է, նրանք ավելի շատ են հանդիպում դժվարությունների, քան մարզիկներն ու մարզիչները:

ruee4bf7842e0 - Անճանաչելի Օլիմպիական խաղերը․ ինչ պայմաններում է անցկացվում սպորտային գլխավոր իրադարձությունը

Սակայն բարդությունները սկսում են Տոկիոյի օդանավակայան վայրէջք կատարելուց հետո։ Թեստավորման արդյունքները պետք է գրանցվեն ըստ օրենքի և դա կարող է տևել օրեր։ Եթե փաստաթղթերում լինեն փոքրիկ անճշտություններ, անձը պետք է նորից հանձնի թեստ, որը կարող է արժենալ մինչև 300 եվրո։

Տոկիոյում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռից դեպի օդանավակայան են ուղևորվում մեծ ավտոբուսներով, որտեղ մարդկաց առավելագույն քանակը պետք է լինի 10-12 հոգի։ Իսկ արդեն օդանավակայանից հյուրանոց են ճանապարհում առանձին մեքենաներով, մեկ ավտոմեքենայում՝ մեկ ուղևոր, սա պարտադիր կանոն է, անկախ նրանից ամուսիններ եք, թե ոչ։

Ժամանակ առ ժամանակ փոխվում են հակահամաճարակային կանոնները. այս պահին արտասահմանից ժամանած բոլոր անձիք օրական հանձնում են մեկ թեստ: Դա նշանակում է, որ կազմակերպիչները ստիպված են օրական մշակել մինչև 80,000 թեստ:

Ճապոնիայի կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում է. «արվում է ամեն հնարավորը, որպեսզի զերծ մնանք անկանխատեսելի սցենարներից»։

GettyImages 1234069660 960x626 - Անճանաչելի Օլիմպիական խաղերը․ ինչ պայմաններում է անցկացվում սպորտային գլխավոր իրադարձությունը

Այնտեղ պատվիրակները և ԶԼՄ ներկայացուցիչներն ամեն օր պետք է հարցաթերթիկ լրացնեն՝ «ինչպե՞ս եք զգում», «Տաքություն ունե՞ք», «Ի՞նչ դեղեր եք ընդունել», «Ախտանիշներ ունեցող անձանց հետ շփվե՞լ եք թե՞ ոչ»։

Լրագրողները միայն 90 վայրկյան ժամանակ ունեն մարզիկներից հարցազրույց վերցնելու համար։ Այդ ամենը տեղի է ունենում մեկուսացված հատուկ սենյակում, որը համապատասխանում է պահանջված բոլոր պայմաններին։

Մեր ընտրանին

Այս ամենի հետ մեկտեղ փոխվել է պարգևատրման արարողության կարգը. մարզիկները սկուտեղի վրա դրված մեդալները կվերցնեն և կպարգևատրեն ինքներն իրենց։ Պարգևատրության ժամանակ կարգելվի նաև ձեռքսեղմումն ու գրկախառնվելը: Նախկինում մրցանակները շնորհում էին ՄՕԿ-ի անդամները կամ սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները:

Այս ամենով պայմանավորված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյսուսը ժամանել է Ճապոնիա: Նա ասել է, որ Տոկիո է եկել կարճատև այցով, բայց՝ հրատապ ուղերձով՝․ «մենք կարող ենք հաղթել COVID-19- ին միայն այն դեպքում, եթե բոլորը կատարեն իրենց առաջադրանքը: Թող Տոկիոյի Օլիմպիական խաղերը լինեն հույսի և միասնության աղբյուր ՝ համաճարակին հաղթելու համար»:

Ֆինանսներ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընդհանուր ծախսը կազմել է 15,4 մլրդ դոլար, այս մասին ասել է կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն:

Նա նշել է, որ միջոցառման հետաձգումից հետո խաղերի բյուջեն վերանայվել է: Լրացուցիչ 900 մլն դոլար է ծախսվել Օլիմպիական խաղերի անվտանգ անցկացման համար:

Ճապոնիայի իշխանություններն արել են հնարավոր ամեն բան. ծախսել են միլիարդավոր գումարներ, որպեսզի պատվով դուրս գան այս ամենից: Օլիմպիական խաղերը իր խորհրդով լավագույն մարզական միջոցառումն է աշխարհում: Ճապոնացիները հավատում են, որ այն կարող է դառնալ առաջին ու ամենակարևոր հաղթանակը կորոնավիրուսի դեմ պատերազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: