Իզաբելան մեր հավաքականի փորձառու ծանրորդներից է։ 26-ամյա մարզուհին իր կարիերան սկսել է 2007 թվականից և հասել նվաճումների։ VNews.am-ը ներկայացնում է մեր ծանրորդուհու անցած ուղին։
Առաջին մեդալը Յայլյանը նվաճել է 2009 թվականին։ Նա մինչև 48 կգ քաշային կարգում երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ երկամարտի 136 կգ արդյունքով։ Հաջորդ նվաճումը Իզաբելան գրանցել է 2010 թվականին Սինգապուրում պատանեկան Օլինպիական խաղերին։ Որակավորման մրցաշարում նա գրավել է երկրորդ տեղը։ 2011-ին Յայլյանը հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նույն թվականին նա իր նորամուտը նշել է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ պոկելով 75 կգ և հրելով 93 կգ՝ դարձել է 24-րդը։
Այնուհետև, Յայլյանը երկրորդ անընդմեջ տարին նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը, իսկ պատանիների առաջնությունում մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ։
Նույն տարում նա մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, իսկ պատանիների առաջնությունում կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Իզաբելա Յայլյանը 2014 թվականին ներկայացրել է Հայաստանը աշխարհի առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 18-րդ տեղը: Նույն թվականին նա ելույթ է ունեցել Եվրոպայի պատանիների առաջնությունում մինչև 58 կգ քաշային կարգում, որտեղից էլ Հայաստան է բերել ոսկե մեդալը։
2015-ին Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում նա 6-րդն է դարձել։ Իզաբելան պոկում վարժությունում գլխավերևում է պահել 89 կգ, իսկ հրումում՝ 109 կգ։
Նույն տարում մարզիկը հաղթել է Եվրոպայի պատանիների իր երկրորդ առաջնությունը։ ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նա ելույթ է ունեցել մինչև 58 կգ քաշային կարգում և պոկում վարժությունում գլխավերևում պահել է 89 կգ, իսկ հրում վարժությունում իր կամքին է ենթարկել 112 կգ կշռող ծանրաձողը, արդյունքում զբաղեցրել է 14-րդ տեղը։
2016 թվականին մեր մարզիկը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 190 կգ արդյունք:
Աշխաբադում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունում պոկել է 95 կգ, հրել է 115 կգ։ Այս մրցաշարում մեր մարզիկը զբաղեցրել է 9-րդ տեղը։
Եվրոպայի 2019թ. առաջնությունում Յայլյանը 5-րդ լավագույն արդյունքն է գրանցել՝ փոքր արծաթե մեդալ նվաճելով պոկում վարժությունում։ 2019 թվականին Թաիլանդի Պատայա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում մեր մարզիկը գրանցել է 202 կգ արդյունք երկամարտում ու ավարտել մրցաշարը 14-րդ տեղով։
2021-ին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությանը Իզաբելան 2 վարժության հանրագումարում 195 կգ արդյունքն է ցույց տվել։
Նա ներկայացրել Հայաստանը նաև Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին՝ դառնալով 7-րդը։