Logo

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Xavi scaled - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավին այսօր կատարական «Ալ Սադի» գլխավոր մարզիչն է: Նա որպես ֆուտբոլիստ նվաճել է հնարավոր ու անհնարին բոլոր տիտղոսները, երկրպագուների հիշողության մեջ մնացել որպես կիսապաշտպան, որի խաղին հետևելն իսկական հաճույք էր:

41-ամյա մասնագետը մեծ քայլերով սկսել է նաև մարզչական հաջողությունների սկիզբ դնել: «Ալ Սադի» ղեկին արդեն մի քանի տիտղոս է նվաճել, որոնց շարքում առանձնանում են երկրի չեմպիոնի ու սուպերգավաթակրի կոչումները, ինչպես նաև կրկնակի գավաթակիր դառնալը:

Ներկայացնում ենք Չավիի կողմից հնչեցված ամենաուշագրավ մտքերը, որոնք բավականին հետաքրքրական են։

«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել «Լա Մասիայում» 11 տարեկանում: Չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ երբևիցե կխաղամ «Բարսելոնայից» բացի որևէ այլ ակումբում»:

«Կցանկանայի ավելի արագավազ լինել: Ֆիզիկապես սահմանափակ հնարավորություններ ունեմ, ուստի ֆուտբոլում գոյությունս ստիպված եմ եղել պահել միայն ուղեղս գործի դնելու շնորհիվ»:

maxresdefault 3 960x540 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Անգլիան ֆուտբոլի բնօրրանն է, նրա սիրտն ու հոգին: Եթե մենք ունենայինք «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» կամ «Լիվերպուլի» նման երկրպագուներ, Չեմպիոնների լիգայի 20 գավաթ կնվաճեինք (ժպտում է-խմբ․)»:

«Սիրում եմ թերթեր կարդալ: Ես ապրում եմ ֆուտբոլով, ուստի պետք է տեղյակ լինեմ՝ ինչ է կատարվում շուրջբոլորը»:

«Մի օր, երբ վերադառնում էինք «Սանտիագո Բեռնաբեուում» խաղ անցկացնելուց հետո, հաղորդագրություն ստացա Իկեր Կասիլյասից․ «Այդ գոլը քեզ երբեք չեմ ների, տխմար»:

«Նախքան գնդակը կասեցնելը դու արդեն պետք է որոշած լինես, թե քիչ անց ինչպես ես վարվելու նրա հետ»:

«Երկրպագուները ցանկանում են գեղեցիկ ֆուտբոլ դիտել, ներկայացում, և «Բարսելոնան» հենց դա է ցուցադրում նրանց»:

1444463 30886211 2560 1440 960x540 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Իբիցան հանգստի սիրելի վայր է շատ ֆուտբոլիստների համար: Եթե ամռանը հայտնվես այնտեղ, կհանդիպես երաժշտական և կինոաշխարհի ամենահայտնի կատարողներին, ուստի որևէ մեկն ուշադրություն չի դարձնի ինչ-որ ֆուտբոլիստների»:

«Իմ սիրելի ստադիոնն «Օլդ Թրաֆորդն» է, որտեղ նորամուտս եմ նշել Չեմպիոնների լիգայում: Պատահական չէ, որ այն «Երազանքների թատրոն» են անվանում»:

«Փողերն ամենակարևորը չեն ինձ համար, քանի որ մանուկ հասակից «Բարսելոնայի» երկրպագու եմ»:

«Խաղը կառավարում է նա, ով տիրում է գնդակին»:

«Վերջին 15-20 տարիներին տեսածս ամենակատարյալ կիսապաշտպանը Փոլ Սքոուլզն է»:

Xavi Scholes 960x710 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Ամենից կարևորը ոչ թե արդյունքն է, այլ սովորելու ցանկությունը: Միշտ կարելի է ինչ-որ բան բարելավել, քանի որ ունեցածով բավարարվելը հետընթացի առաջին քայլն է»:

«Լեո Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, ավելի լավը, քան Պելեն, Մարադոնան կամ Կրույֆը: Մի քանի հիանալի թիմեր են եղել պատմության մեջ՝ Պելեի Բրազիլիայի հավաքականը, Կրույֆի «Այաքսը», Սակիի «Միլանը», բայց այս «Բարսելոնան» լավագույնն է վերջին 20 տարում»:

«Հնարավոր է՝ փոքր-ինչ ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա Փոլ Սքոուլզի թիմակիցը: Խնդիրն այն է, որ նա երբեք չի ցանկացել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ ես՝ «Բարսայից»: Սքոուլզը ֆուտբոլ է խաղում անհրաժեշտ ձևով ու իր մարզավիճակի գագաթնակետին աշխարհի լավագույն կիսապաշտպանն էր»:

«Սելթիկը», ինչպես և «Բարսելոնան», ավելին է, քան պարզապես ֆուտբոլային ակումբ: Դրանք մշակույթի և հասարակության խորհրդանիշներ են, որոնց գոյությունը ոչ միշտ է գոհունակությամբ ընդունվել իրենց երկրներում»:

«Սելթիկի» տնային ստադիոնի մթնոլորտը լավագույնն է, որ ես երբևէ տեսել եմ: Այո, «Էնֆիլդում», «Օլդ Թրաֆորդում» կամ «Սանտիագո Բեռնաբեուում» աջակցությունը նույնպես լավն է, սակայն հենց Շոտլանդիայում է տիրում լավագույն մթնոլորտը»:

1489813 960x648 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Կա ֆուտբոլի 2 տեսակ՝ «ֆիզիկական» ֆուտբոլ և տաղանդի ֆուտբոլ»:

«Անդրես Ինիեստան խաղադաշտում իմ լավագույն «զուգընկերն» է»:

«Եթե մի օր հեռանայի «Բարսայից», ապա կտեղափոխվեի Անգլիա: Այնտեղ հիանալի մշակույթ է: Մարդիկ քեզ ավելի շատ են հարգում: Իսպանիայում ավելի դժվար է հարգանք ձեռք բերելը: Այստեղ ամեն ինչ ավելի քննադատողական է: Անգլիայում հանդես եկած իսպանացիները սիրահարվում են տեղի ֆուտբոլին ու Իսպանիա վերադառնում ավելի լավ խաղացողներ դարձած»:

«Ֆուտզալում միանգամից երևում է՝ արդյոք տվյալ ֆուտբոլիստը տաղանդավոր է: Դուք հենց այնտեղ եք նկատում նրա խաղաոճի առանձնահատկությունները և տակտիկական ընկալման մանրուքները»:

«Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ, ինչպես Յոհան Կրույֆը: Մենք սիրում ենք հարձակողական ֆուտբոլը, որը մարդկանց հաճույք է պարգևում: Երբ դու հաղթում ես՝ խաղալով նմանատիպ ոճով, հաճույքը կրկնապատկվում է»:

default - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Ֆուտբոլում արդյունքն իսկական խաբեբա է: Դու կարող ես շատ, շատ լավ խաղալ, գոլային պահեր ստեղծել, բայց չհաղթել: Կա ավելի մեծ, ավելի հարատև բան, քան արդյունքն է՝ ժառանգությունը»:

«Այդքան էլ հաճախ չեմ դիտում հեռուստատեսային շոուներ: Նախընտրում եմ հանգստանալ ֆուտբոլի կամ լավ ֆիլմի հետևելով»:

«Ասում են, որ մարդկանց հատուկ է սխալվելը, աստվածներին՝ սխալների վրա սովորելը»:

«Ինձ դուր է գալիս «Ուեմբլիում» խաղալը: Դա յուրահատուկ վայր է ոչ միայն «Բարսելոնայի», այլև ամբողջ ֆուտբոլի համար»:

«Ինիեստան Իսպանիայի ամենակատարյալ ֆուտբոլիստն է, նա ունի անհրաժեշտ բոլոր հատկանիշները»:

1579255339 070732 noticia normal 960x540 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Ես երբեք չեմ հոգնում հաղթելուց: Միշտ ավելին ես ցանկանում: Արդեն երկար տարիներ եմ անցկացրել «Բարսելոնայում», բայց մինչ այժմ կարծում եմ, որ կարող եմ բարելավել խաղս»:

«Հաղթանակները թմրանյութի պես են: Երբ մի տիտղոս ես նվաճում, դրանից հետո միայն ավելանում է կրկին հաղթանակ տոնելու ցանկությունը: Հաղթանակները չեն հոգնեցնում, նրանք միայն նոր ուժեր են հաղորդում»:

«Առջևում դեռ շատ հորիզոններ կան, որոնք ես ցանկանում եմ գրավել: Դրանք ակումբային տարբեր տարիների ռեկորդները գերազանցելն է, այդ թվում՝ «Բարսելոնայում» անցկացրած խաղերի քանակի ցուցանիշը: Պատկերացրեք՝ ինչ է դա՝ «Բարսայում» մասնակցել ավելի շատ հանդիպումների, քան ցանկացած այլ մեկը: Դա կլիներ իմ ամենամեծ նվաճումը» (Չավին հասավ այդ նվաճմանը՝ անցկացնելով 767 խաղ, բայց Լիոնել Մեսին վերջերս գերազանցեց այդ ռեկորդը):

«Շատ եմ սիրում «Բարսելոնան»: Ես այստեղ երջանիկ եմ, ու որևէ այլ բան չեմ փնտրում»:

«Հարգում եմ Մադրիդի «Ռեալը», բայց երբեք պայմանագիր չեմ ստորագրի «Բարսելոնայի» գլխավոր մրցակցի հետ»:

Без названия - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Չէի պատասխանի, եթե ինձ զանգահարեր Ֆլորենտինո Պերեսը: Մադրիդում երջանիկ չեմ լինի»:

«Միշտ տպավորված եմ եղել Բերնդ Շուստերի խաղով: Իմ երկրորդ կուռքը եղել է Դիեգո Մարադոնան, իսկ երրորդը՝ Խոսեպ Գվարդիոլան: Սկզբում նրա խաղով հիանում էի պարզապես որպես երկրպագու, իսկ հետո Պեպը դարձավ կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկը»:

«Մանկության տարիներին ինձ դուր էին գալիս Մեթյու Լե Տիսյեի զարմանահրաշ գոլերը: Նա «Սաութհեմփթոնի» կազմում 444 խաղ է անցկացրել ու դարձել 162 գոլի հեղինակ: Նա իր խաղով արժանացել է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի կոչմանը: Լե Տիսյեն հիանալիորեն էր տիրապետում ինչպես ձախ, այնպես էլ աջ ոտքի հարվածներին: Խփելով ֆանտաստիկ գոլեր՝ Մեթյուն արժանիորեն ստացավ «Աստված» մականունը»:

Մեր ընտրանին

«Մանկուց ուշադրությամբ հետևել եմ՝ ինչ է Գվարդիոլան անում խաղադաշտում և ինչպես է դա անում: Գնում էի «Կամպ Նոու» և դիտում յուրաքանչյուր խաղ, հետևում էի նրա շարժումներին, ինչպես է գնդակ ընդունելիս բարձրացնում գլուխը, որպեսզի գնահատի թիմակիցների զբաղեցրած դիրքերը: Դիտում էի՝ Պեպն ինչ արագությամբ է որոշումներ կայացնում, ինչպես է գնդակի խլում իրականացնում, ինչպես է կառավարում թիմի գրոհները»:

«Իմ և Պեպի միջև յուրահատուկ կապ կա: Մենք խաղացել ենք միասին: Մենք միանման ենք տեսնում ֆուտբոլը: Շատ ենք խոսում, վստահում միմյանց: Գվարդիոլան ինձ միշտ պահեստայինների նստարանի մոտ է կանչում ցուցում տալու համար, իսկ ես խաղադաշտում նրա շարունակությունն եմ»:

5df968803913b 960x680 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Բարսելոնայի» հաջողություններում մեծ դեր ունի Խոսեպ Գվարդիոլան: Նա իր հետ բերեց կարգապահություն և փիլիսոփայություն: Միայն տաղանդը բավարար չէ նրան հասնելու համար, ինչ մեզ է հաջողվել: Անհրաժեշտ են նաև մարդկայնություն ու նպատակասլացություն: Մարզիչն ահռելի ներդրում ունեցավ»:

«Ինձ պետք են թիմակիցներ, մարդիկ, որոնց հետ կարելի է կոմբինացիաներ ձեռնարկել: Ֆուտբոլն առանց թիմակիցների իմաստ չունի: Եթե նրանք ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին չբացվեն, ես գրոշի արժեք ունեմ»:

«Իմ ոգեշնչումն այն է, որ շարունակեմ խաղալ առավելագույն մակարդակով, օգնեմ թիմիս անել կարևոր բաներ ու հասնել մեզ առաջադրված բոլոր նպատակներին»:

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլն այսօր անհնար է պատկերացնել առանց մրցակցության և հակամարտությունների, բայց այդ ամենը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի ու ընկերական մթնոլորտի ուղեկցությամբ»:

«Մեսին ֆենոմեն է: Դժվար է գտնել նրա արժանիքներով ևս մեկին: Նա շքեղ ֆուտբոլիստ է, ինձ համար իդեալական թիմակից: Լեոն այն խաղացողն է, որ փոխում է հանդիպումների ընթացքը: Չի կարող որևէ համեմատություն լինել, նա լավագույնն է՝ մեծ առավելությամբ»:

Messi Xavi CLAIMA20101101 0096 8 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Միշտ կրկնում եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է գենետիկ մակարդակով, նա այդ փիլիսոփայությունը ձեռք է բերել «Լա Մասիայում»: Ինձ համար տարօրինակ էր, երբ խոսվում էր, թե ես ու նա անհամատեղելի ենք խաղադաշտում: Ամեն ինչ լրիվ հակառակն է: Մենք փոխլրացնում ենք միմյանց, հասկանում իրար առանց խոսքի: Այն, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, ցուցադրել է թե՛ «Արսենալում», թե՛ հավաքականում»:

«Կատարելությունը Զիդանի ու Մարադոնայի հատկանիշների համաձուլումն է: Այդ առումով կարող եմ հիշատակել Մեսիին, որը լավն է ինչպես թիմային, այնպես էլ անհատական խաղի տեսանկյունից»:

«Բարսայում» անցել եմ ամեն ինչի միջով և ոչ մի անգամ չեմ մտածել ակումբը լքելու մասին: Թիմի կազմում առաջին տարիներին իմ խաղային դիրքում հանդես էր գալիս Գվարդիոլան, և ես գիտեի, որ չունեմ շատ պրակտիկա ստանալու հնարավորություն: Այն ժամանակ 17-18 տարեկան էի, ու այլ ֆուտբոլիստների հետ տարատեսակ համեմատություններն ամենևին չէին բարձրացնում իմ տրամադրությունը»:

«Եթե այսօր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ, ապա դա միայն մորս շնորհիվ է: Նրա իդեալները, ինտուիցիան, համառությունն ու ակումբի նկատմամբ սիրո զգացողությունը չեղարկեցին իմ՝ «Միլան» տեղափոխությունը»:

«Փոքրուց սիրում եմ անգլիական ֆուտբոլը: Առ այսօր հիշում եմ այն ժամանակների «Լիվերպուլը»: Այդ թիմը հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում, որը, ընդ որում, տարբերվում է նրանից, ինչ այժմ տեսնում ենք «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կատարմամբ»:

azqpy72gzu8ox5pqx5c90ce46133e4 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Կարծում եմ՝ Իսպանիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան Անգլիայի Պրեմիեր լիգան: Մենք ավելի լավն ենք տեխնիկապես ու տակտիկապես, թեպետ Պրեմիեր լիգան մեզ գերազանցում է արագություններով և խաղի ինտենսիվությամբ»:

«Ակումբի փիլիսոփայությունը մեր հաջողության հիմքն է: Երբ Կրույֆն ակումբ բերեց իր խաղաոճը, երկրպագուները դիտում էին հանդիպումներն ու հիանում: Այդ պահից 15-20 տարի է անցել, և մարդիկ արդեն չեն կարողանում պատկերացնել այլ «Բարսելոնա»: Թիմը ցուցադրում է արագ, գրավիչ ու հարձակողական ֆուտբոլ՝ հիմնված գնդակի վերահսկողության և մրցակցին սեփական խաղը պարտադրելու վրա: Ֆուտբոլիստի համար դա նաև սեփական տեխնիկական հագեցվածության քննություն է»:

«Ես անփոխարինելի՞ եմ․ ոչ, ոչ ու ևս մեկ անգամ ոչ: Մեր խաղաոճը միշտ նույնն է և կախված չէ մեկ ֆուտբոլիստից»:

«Ես մեքենա չեմ ու հանգստի կարիք ունեմ, սակայն, չնայած դրան, միշտ ցանկանում եմ խաղալ: Հանգստանում են այն օրերին, երբ ինձ չեմ զգում 100 տոկոսով պատրաստ»:

«Գլխավորը ոչ մի դեպքում չթուլանալն է: Մենք լավն ենք միայն այն ժամանակ, երբ գործում ենք առավելագույն ուժով, 100 տոկոսով նվիրվում ենք նույնիսկ մարզումների ժամանակ: Եթե թուլանանք, կդառնանք շարքային թիմ: Այդպիսի բան չպետք է տեղի ունենա»:

CS59147306 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Ինձ ավելի շատ դուր է գալիս լինել տիտղոսի նվաճման հավակնորդ, քան ֆավորիտ: Պետք է ասել, որ մեր թիմում բոլորին դուր է գալիս խելամտությունը և սառը դատողությունը, ինչից ելնելով կգործենք նաև ապագայում»:

«Բարսելոնայում» ինձ սովորեցրել են խաղալ բարձր պահած գլխով՝ հստակ հասկանալով այն՝ ինչ եմ ցանկանում անել այս կամ այն պահին: Բայց դա իսկապես տաղանդի հարց է: Դու կա՛մ կարողանում ես դա անել, կա՛մ՝ ոչ»:

«Տեխնիկան ու տաղանդը 2 կատարելապես տարբեր երևույթներ են: Ինչ-որ ուղղությամբ փոխանցում կատարելը տեխնիկայի հարց է: Սակայն փոխանցում կատարելը ճիշտ պահին, ճիշտ արագությամբ ու անհրաժեշտ ձևով ենթադրում է արդեն տաղանդի առկայություն»:

«Ազգային հավաքականում և «Բարսելոնայում» խաղալը շատ ընդհանրություններ ունեն, քանի որ 2 թիմերն էլ կենտրոնացած են հարձակման վրա: Սակայն չպետք է ասել, թե հավաքականը «Բարսայի» ֆուտբոլն է ցուցադրում: Այն ունի իր յուրահատուկ խաղային փիլիսոփայությունը: Իհարկե, հավաքականում շատ են մեր ակումբի ներկայացուցիչները, սակայն ասել, թե ազգային թիմը կիրառում է «Բարսելոնայի» խաղաոճը, անհարգալից վերաբերմունք կլիներ ընտրանու մյուս՝ այլ ակումբներից եկած ֆուտբոլիստների նկատմամբ»:

«Ֆուտբոլն ամեն ինչից վեր է, այն չպետք է շփոթել քաղաքականության, գաղափարական մեծամասնությունների և բոլոր տեսակի կոչերի հետ: Ֆուտբոլ սիրում են ինչպես Կատալոնիայում, այնպես էլ Անդալուսիայում ու Բասկոնիայում: Իսկ ում դուր չի գալիս այս մարզաձևը, ապա թող պարզապես չհետևի դրան»:

Xavi Hernandez 960x500 - «Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

«Չեմ կարծում, թե մեր խաղաոճը մի օր այլևս մոդայիկ չի լինի: Ժամանակակից ֆուտբոլում շեշտադրումն արված է տաղանդի վրա: Բնածին հատկանիշներն ու տաղանդը շատ ավելի արժեքավոր են, քան ֆիզիկական ուժը: Դուք կարող եք խաղադաշտ դուրս բերել 11 աթլետների, սակայն դա հաղթանակի համար բավարար չի լինի: Իմաստը հենց դա է»:

«Կարծում եմ՝ «Բարսելոնան» և Իսպանիայի հավաքականը հաջողությունների են հասել, քանի որ Իսպանիայում շատ են թիմերը, որոնք պաշտպանությունից դուրս են գալիս կարճ փոխանցումներով՝ դարպասապահի, պաշտպանների միջոցով ու գործուն մասնակցությամբ, գնդակը պաշտպանի օգնությամբ կիսապաշտպանին փոխանցելով, խաղալով հարձակողական ֆուտբոլ: Ըստ իս՝ երկրպագուները դա են ցանկանում տեսնել»:

«Ամբողջ 90 րոպեի ընթացքում ինձ մի միտք է տանջում՝ որտե՞ղ են ազատ տարածությունները, պետք է փնտրել, փնտրել, փնտրել՝ անընդհատ շարժելով գլուխը»:

«Դու ճնշում ես գործադրում մրցակցի ուղղությամբ, ցանկանում ես գնդակը վերահսկել, ուզում ես գրոհել: Որոշ թիմեր չեն կարողանում կամ պարզապես չեն ցանկանում փոխանցումներով խաղալ: Ինչի՞ համար են խաղում, ո՞րն է նպատակը․ դա ֆուտբոլ չէ: Համագործակցիր թիմակիցներիդ հետ, փոխանցիր, խաղա: Դա է ֆուտբոլը գոնե ինձ համար»:

«Ես փոխանցում եմ կատարում և տեղաշարժվում, հետո օգնում եմ քեզ, փնտրում եմ քեզ, կանգ եմ առնում, գնդակ ստանում, բարձրացնում գլուխս, նայում ու իմ առջև բացվում է ամբողջ խաղադաշտը․․․ Նա, ով տիրում է գնդակին, խաղի վարպետն է․․․ Դա է Ջոան Վիլայի, Ալբերտ Բենայգեսի, Յոհան Կրույֆի և Պեպ Գվարդիոլայի դպրոցը»:

«Ես իսկապես ատում եմ հարձակվողներին». Ջանլուիջի Բուֆոնի ամենահետաքրքիր մտքերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: