Logo

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 19.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
mher khudaverdyan 1 - Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Ապրիլի 19-ին ֆուտբոլում հեղափոխական որոշում կայացվեց: 12 թոփ ակումբ հայտարարեց Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մասին, որը կարող է ամբողջությամբ փոխել ֆուտբոլի ապագան: Սուպերլիգայի գոյությանը կտրուկ դեմ է ՈւԵՖԱ-ն, որը խոսատացել է թուլ չտալ մրցաշարի անցկացումը: VNews.am-ը զրուցեց Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից-ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանի հետ, որը կարծիք հայտնեց եվրոպական ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա անելիքների, Սուպերլիգայի ստեղծման հետևանքների և հայկական ֆուտբոլի վրա հնարավոր ազդեցության մասին:

Ինչպե՞ս եք վերաբերվում Սուպերլիգային:

Դա վաղուց հասունացող նախագիծ էր, ակումբներն անընդհատ դրան էին գնում, բայց ինչ-ինչ պատճառներով վերջին պահին հետ էին կանգնում: Դիտարժանության տեսանկյունից շատ մարդկանց համար կարող է գրավիչ մրցաշար լինել, բայց այդ լիգան ունի նաև երկրորդ կողմը՝ այն սպանելու է ֆուտբոլը փոքր ու միջին ակումբների համար: Եթե Սուպերլիգայի պատճառով ազգային լիգաները թոփ ակումբներին հեռացնեն իրենց առաջնություններից, դրանից կտուժեն բոլորը, առաջին հերթին փոքր ու միջին մակարդակի թիմերը, որովհետև ֆինանսների հոսքը կտրուկ կկրճատվի: Դա դեռ վերաբերում է թոփ-5 լիգաներին, իսկ մյուս երկրներում ավելի վատ կլինի: Սուպերլիգայի մասնակիցները հանդես չեն գա Չեմպիոնների լիգայում, ինչը կբերի այդ մրցաշարի հեղինակության անկմանը և ֆինանսների զգալի կրճատմանը:

ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն կկատարե՞ն իրենց սպառնալիքները, թո՞ւյլ չեն տա այդ 12 ակումբի ֆուտբոլիստներին մասնակցել Մունդիալին ու Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև ազգային առաջնություններին:

Ես դա որպես սպառնալիք չէի որակի: ՈւԵՖԱ-ն դեռ միայն հայտարարել է, որ կկանխի Սուպերլիգայի անցկացումը: Կոնկրետ առաջիկա Եվրոպայի առաջնությանը հնարավոր արգելքը չի վերաբերի, որովհետև Սուպերլիգան, եթե մեկնարկի, ապա Եվրո-2020-ից հետո է կայանալու: Արգելքը կտարածվի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք հետագա մրցաշարարերի վրա:

Չեք կարծո՞ւմ, որ նման մոտեցումն արդար չէ ֆուտբոլիստների համար: Եթե նրանք գործող պայմանագիր ունեն ակումբի հետ, որը որոշել է Սուպերլիգայում հանդես գալ: Նրանք ի՞նչ անեն, խզե՞ն պայմանագիրը:

Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ իրավական տեսանկյունից գոյություն ունի աշխատանքի պայմանների էական փոփոխության գործոն: Որքան հասկանում եմ, ֆուտբոլիստները նման դեպքերում իրավունք կունենան խզել պայմանագրերը, բայց չեմ կարծում, որ նրանք կգնան նման քայլի: Բոլորս էլ գիտենք, որ նման թոփ մակարդակի ֆուտբոլիստներին հավաքականները շատ չեն հետաքրքրում, դա վնասվածք ստանալու լրացուցիչ գլխացավանք է: Նրանցից շատերը կհամաձայնեն մեծ գումարներ ստանալ և հավաքականում չխաղալ:

mher 2 960x968 - Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

«Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Այս ամենի հանգուցալուծումն ի՞նչ կլինի:

Այդ հարցին կպատասխանեմ որպես երկրպագու, այլ ոչ թե ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ: Կարծում եմ՝ այս 12 թիմերը, գումարած ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Բորուսիան» (որոնք, ամենայն հավանականությամբ, հետագայում կմիանան Սուպերլիգային) Սուպերլիգա ստեղծելու միջոցով իրենց համար գին են բարձրացնում: Օրինակ, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լոկոմոտիվի» հետ խաղալիս նույնքան գումար է ստանում, որքան ՊՍԺ-ի կամ «Յուվենտուսի» հետ մրցելիս: Դա դժգոհություն է առաջացնում «Բարսայի» համար, բայց շատ է գոհացնում «Լոկոմոտիվին»: Թոփ ակումբներն ակնարկում են. «մեզ ավելի շատ փող տվեք և մենք էլ կմնանք Չեմպիոնների լիգայում»:

Այսինքն փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

Ինձ թվում է դա կլինի ակումբների կողմից, իսկ ՈւԵՖԱ-ն որոշակի փոփոխությունների կգնա պարգևավճարների վերանայման տեսանկյունից: Այդպես այս հարցը մի քանի տարով կփակվի, բայց վստահ եմ, որ հետագայում այն նորից է բարձրացվելու: 4-5 տարի առաջ Սուպերլիգա ստեղծելու հարցը կրկին օրակարգում էր, ինչ-որ փոփոխություններ եղան և վերջ: Այս անգամ Սուպերլիգայի ղեկավարները լուրջ են տրամադրված, բայց չեմ կարծում, որ կառանձնանան մյուսներից, որովհետև դա կբերի ֆուտբոլի կործանմանը:

super league 960x504 - Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Ինչպե՞ս այդ ամենը կազդի հայկական ֆուտբոլի վրա: Չէ՞ որ, եթե ՈւԵՖԱ-ի ֆինանսական միջոցները կրճատվեն, դա կազդի նաև հայկական ակումբների վրա:

Դեռ որևէ հաշվարկ ու հստակություն չկա: Ըստ տրամաբանության՝ հայկական և շատ այլ երկրների ակումբներ, որոնք բավականաչափ գումար չեն ստանում, որ իրենց ծախսերը փոխհատուցեն և կախված են ՈւԵՖԱ-ից, մեծ հարված կստանան: Նախ սկսենք նրանից, որ առանց այդ թոփ ակումբների, Չեմպիոնների լիգան դառնում է երկրորդական մրցաշար, Եվրոպա լիգան ընդհանրապես փակման եզրին կհայտնվի, որովհետև նույնիսկ հիմա ՈւԵՖԱ-ում խոստովանում են, որ քիչ մարդիկ են հետևում այդ մրցաշարին: Իսկ ահա Կոնֆերենցիաների լիգայի մասին ընդհանրապես խոսալու տեղ չի մնում: Նախկինում հայկական ակումբը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին մասնակցելով՝ 220 հազար եվրո էր ստանում, անցնում էր հաջորդ փուլ և այդ գումարը 400 հազար էր դառնում: Դա շատ լուրջ փող է մեր ակումբների համար, սակայն հիմա արդեն այդ գումարի 10-20 տոկոսը կմնա:

Դա կբերի հայկական ակումբերի լուծարմա՞նը:

Շատերը կարող են կիսապրոֆեսիոնալ դառնալ: Եվս մեկ հանգամանք էլ նշեմ: Այդ նույն ակումբները փող են ստանում, երբ նրանց ֆուտբոլիստները մասնակցում են ազգային հավաքականների խաղերին: Այդ գումարների վրա էլ կարող է ազդել, իսկ շատ հայկական ակումբների համար դա քիչ փող չէ: Նաև ՈւԵՖԱ-ն կարող է ավելի քիչ գումար հատկացնել ֆեդերացիաներին, ինչի շնորհիվ ՀՖՖ-ն մարզադաշտեր, այլ ենթակառուցվածքներ է կառուցում, ինչպես նաև ազգային հավաքականի վրա ծախսում: Դա ուղղակիորեն ազդելու է հայկական ֆուտբոլի վրա:

Բայց նաև չի կարելի հաշվի չառնել, որ հնարավոր է բոլոր փոփոխությունները դրական ազդեն Հայաստանի հավաքականի հեռանկարների վրա, որովհետև շատ հզոր հավաքականներ կարող են զրկվել իրենց առաջատար ֆուտբոլիստներից:

Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: