Logo

«Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 01.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1456484604 308969 1456484826 noticia grande - «Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:11

-

-

1981 թվականի մարտի 1-ը իսպանական ֆուտբոլի, հատկապես «Լևանտեի» պատմության մեջ, գրված է ոսկե տառերով. հենց 40 տարի առաջ հենց այս օրը լեգենդար Յոհան Կրույֆը նշեց իր նորամուտն Վալենսիա քաղաքի համեստ թիմում: Այդ տարիներին «Լևանտեն» ուներ մեծ պարտքեր, չէր հասցնում ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարել և խաղում էր երկրորդ դիվիզիոնում: Յոհան Կրույֆին ձեռք բերելու ցանկություն ու պատրաստակամություն ունեին իսպանական ու անգլիական գրանդ ակումբները, սակայն «թռչող հոլանդացին» նախընտրեց կարիերայի զարգացման այլ տարբերակ: Ինչպես և ինչու դա տեղի ունեցավ: Որն էր այս տրանսֆերի տրամաբանությունն ու  խելահեղությունը, ուսումնասիրել է VNews.am-ը:

Կրույֆին սպասում էին «Արսենալում» ու «Չելսիում», բայց ամեն ինչ փոխեց «Լևանտեի» նախագահը

1978 թվականից Կրույֆը խաղում էր ԱՄՆ-ում: Բայց այնպես չէ, որ հոլանդացին գնացել էր զուտ «տժժալու» և գրպանները փողով լցնելու: «Լոս Անջելես Ացտեկսի» հետ, որը գլխավորում էր լեգենդար Ռինուս Միխելսը, իր առաջին մրցաշրջանում Կրույֆը դարձավ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 1979/1980 մրցաշրջանում Կրույֆը խաղում էր «Վաշինգթոն Դիպլոմատսի» կազմում և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում: Խաղաշրջանի ավարտից հետո Կրույֆը մի պահ վերադարձավ Եվրոպա՝ բարեգործական խաղի մասնակցելու համար: Լրագրողները հարցախեղդ անելով, ի վերջո, հասան իրենց ուզածին. Կրույֆը ակնկարկեց, որ «կարոտում է եվրոպական ֆուտբոլը»:

johan cruyff world cup netherlands 3436658 960x540 - «Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

Հաջորդ օրերին մամուլում լուրեր տարածվեցին, որ նրան ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Լեսթերը» ու «Արսենալը», իսպանական «Բետիսն» ու «Սևիլիան»: Ամենից հաջողը բանակցությունները վարում էին «աղվեսները», երբ մամուլում հայտնվեց իսպանական Սեգունդան ներկայացնող «Լևանտեն»: Որևէ մեկը չէր հավատում, որ Վալենսիա քաղաքը ներկայացնող ակումբը Կրույֆին ձեռք բերելու շանս կունենա: «Գրազ եմ գալիս իմ վարտիքի վրա, որ «Լևանտեն» ձեռք չի բերի Կրույֆին», – մի առիթով հայտարարել էր «Բարսելոնայի» մարզիչ Էլինիո Էրերան (նույնիսկ պատկերացնելն անհարմար է՝ ինչ լուծում է գտել այս հարցին, ի վերջո, Էրերան):

33-ամյա Կրույֆի հետ պայմանագիր կնքելու մոլի ցանկություն ուներ «Լևանտեի» նախագահ Ֆրանսիսկո Ազնարը: Իմանալով, որ «Լեսթերը» արդեն լուրջ առաջընթաց ունի բանակցություններում, Ազնարն անձամբ մեկնել է Ամստերդամ ու բանակցել Կրույֆի հետ՝ առաջարկել աստղաբաշխական (այն տարիների համար) թվեր: «Լեսթերը» նրան խոստանում էր շաբաթական 5 հազար ֆունտ աշխատավարձ: Ազնարին դա չկանգնեցրեց. 4 ամսվա պայմանագիր, բայց աշխատավարձը ոչ թե շաբաթական էր, այլ ամեն խաղի համար 2 միլիոն  պեսետ (13 հազար ֆունտ):

Խոշոր վարկն ու խաղային արգելքը

1458832846 307875 1458835579 album grande 960x637 - «Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

1981 թվականի հունվարի 1-ին Կրույֆը պայմանագիր կնքեց «Լևանտեի» հետ: Մինչև հիմա համաձայնագրի մանրամասները  իրարամերժ են: Որոշ աղբյուրներ պնդում են, որ «Լևանտեում» անցկացրած ժամանակահատվածի համար Կրույֆը ստացել է 18 միլիոն պեսետ: Որոշների պնդմամբ էլ դրանք միայն պաշտոնական թվերն են. եկամուտների առյուծի բաժինը Կրույֆը ստացել  է այլ եղանակով՝ հարկային համակարգը շրջանցելու համար: Էլ ավելի ֆանտաստիկ էր այլ աղբյուրների տեղեկություններն առ այն, որ Կրույֆը Վալենսիա քաղաքում խաղալու ամիսների ընթացքում վաստակել է 40 միլիոն պեսետ (մոտ 250 հազար ֆունտ):

Բոլորն էին անհամբերությամբ սպասում Կրույֆի նորամուտին: Նրա առաջին մարզմանը ստադիոնի տրիբունաներում ասեղ գցելու տեղ չկար: Փետրվարի 1-ին «Սաբադելիայի» հետ խաղում Կրույֆը պետք է առաջին անգամ դուրս գար խաղադաշտ «Լևանտեի» մարզաշապիկով, սակայն իսպանացի ֆուտբոլիստների Ասոցիացիայի պահանջով, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելափակեց «թռչող հոլանդացու» նորամուտը՝ պարտադրելով Ազնարին մարել ակումբի ինչպես ներկա, այնպես էլ նախկին ֆուտբոլիստների աշխատավարձից գոյացած պարտքերը, որոնք կազմում էին մոտ 11 միլիոն պեսետ. փող էր պետք, շա՜տ փող:

Ազնարը դիմեց Միջազգային առևտրային բանկ ու ստացավ անհրաժեշտ գումարը: Համապատասխան չեկերը դուրս գրելուց հետո՝ առաջացավ բյուրոկրատական նյուանս, որը կարող էր խաչ քաշել ամբողջ գործարքի վրա. ծրարի վրա «Լևանտեի» նախագահը վատ ձեռագրով էր նշել հասցեն, ու, հավանականություն կար, որ նամակը կհասներ այլ հասցեատիրոջ: Ավելի քան 1 ամիս Ազնարը ընկած էր դռնեդուռ՝ Կրույֆին խաղացնելու թույլտվություն ստանալու համար: Իսկ այդ ընթացքում հոլանդացի ֆուտբոլիստը վերադարձավ Ամստերդամ: Նորից ակտիվացած «Լեսթերը» Կրույֆին պատրաստ փաստաթղթերով ու հենց վաղը խաղալու հնարավորությամբ առաջարկեց պայմանագիր շաբաթական 4 հազար ֆունտ աշխատավարձով: Բայց փետրվարի 27-ին Ազնարը անձամբ զանգահարեց Կրույֆին ու հստակ ձայնով ասաց. «Ամեն ինչ հարթված է. ինքնաթիռը քեզ է սպասում»:

42f12389 7eb5 4a1d bbde d3833b276f91 16 9 aspect ratio default 0 - «Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

Հետաքրքիրն է, որ Կրույֆը «Լևանտեի» պաշտոնական մարզաշապիկով այդպես էլ ոչ մի հանդիպում չի անցկացրել: Համացանցում չեք կարողանա գտնել գեթ մեկ լուսանկար, որտեղ Կրույֆի մարզաշապիկի վրա կերևա «Լևանտեի» տարբերանշանը: Հոլանդացին իր մյուս թիմակիցների հետ խաղում էր հասարակ կապտա-նռնագույն մարզաշապիկներով: Պաշտոնական, կամ գոնե խելքին մոտ բացատրություն դրա վերաբերյալ չկա: Բայց, ըստ երևույթին, պատճառը հենց Կրույֆի ձեռքբերումից ակումբի առաջացած ֆինանսական հսկայական աղետն էր. ակումբին պարզապես գումարը չբավականացրեց տեխնիկական հովանավոր Ressy-ից լոգոյով մարզաշապիկներ պատվիրելու համար:

Կրույֆի «ախորժակն» ավելի մեծ էր, քան խաղալու ցանկությունը

Նոր թիմում խաղալու առաջին իսկ պահից Կրույֆն արժանացավ հատուկ վերաբերմունքի. նա գրեթե չէր վազում մարզումների ընթացքում, իսկ արտագնա խաղերին ճանապարհորդում էր ոչ թե ակումբի ավտոբուսով, այլ նախագահական ինքնաթիռով: Բազմաթիվ են դեպքերը, երբ Կրույֆն ուշացել է մարզումից: Ուշանալ կարելի է 5 րոպե, 10 րոպե..: Բայց 3 անգամ Կրույֆը մազաբազա է հասել, երբ մարզումը վաղուց ավարտված է եղել:

Կրույֆը «Լևանտեում» համեստությամբ աչքի չի ընկել: «Ալավեսի» հետ արտագնա հանդիպումից առաջ Կրույֆը մոտեցել է մրցակից թիմի մենեջերին ու պահանջել խաղի տոմսերի վաճառքից գոյացած հասույթի 50 տոկոսը՝ պատճառաբանելով, որ ստադիոնը լցվելու է բացառապես իր շնորհիվ: Մերժում ստանալուց հետո Կրույֆն առանց որևէ մեկին տեղեկացնելու վերադարձավ Վալենսիա: «Լևանտեն» պարտվեց «Ալավեսին» 0-1 հաշվով, իսկ մարզիչը ասուլիսի ժամանակ տվեց Կրույֆի բացակայության ամենաանհեթեթ բացատրությունը. «Խաղից առաջ Կրույֆի կնոջ առողջական վիճակը վատացել էր, և նա ստիպված լքեց ճամբարը»: Այս պարտությունից հետո գլխավոր մարզիչը պաշտոնանկ եղավ, իսկ նրան փոխարինած Ատերիսո Ռիֆեն, որը Կրույֆի հետ խաղացել էր ժամանակին «Բարսելոնայում», թիմի գործերը չբարելավեց:

Վերջնարդյունքում

e9ad69273ae85034ebb712b0be404832 960x604 - «Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

«Լևանտեի» շապիկով Կրույֆը խաղաց ընդամենը 1 հանդիպում ու դարձավ 2 գոլի հեղինակ, 2-ն էլ «Օվյեդոյի» հետ խաղում: Երբ Կրույֆը եկավ «Լևանտե», թիմը պայքարում էր Պրիմերա վերադառնալու համար: Ընդամենը 4 ամսում «Լևանտեն» 2-րդ տեղից գահավիժեց 9-րդ հորիզոնական: «Լևանտեից» հետո Կրույֆը վերադարձավ ԱՄՆ, հետո խաղաց «Այաքսում» ու ավարտեց կարիերան «Ֆեյենորդում»: Ֆինանսական տեսանկյունից Կրույֆ-«Լևանտե» գործակցությունը շահավետ էր միայն մեկ կողմի համար: Հոլանդացին մեծ գումար աշխատեց, իսկ վալենսիական ակումբի գործերը կտրուկ վատացան: Չկարողանալով փակել ֆինանսական ճեղքվածքները՝ «Լևանտեն» հայտնվեց միանգամից 4-րդ դիվիզիոնում:

Արձագանքները

Վիսենտե Լատորե – Կրույֆի թիմակից. «Սկզբում մեզ թվում էր՝ Կրույֆի ձեռքբերումը զուտ կատակ է: Բայց հետո դա տեղի ունեցավ: Հավատս չէր գալիս: Ես ընդամենը 19 տարեկան երիտասարդ էի, որը թիմում խաղալու հնարավորություն էր ստացել կանոնակարգի փոփոխության շնորհիվ: 1 տարի մի կերպ խաղալուց հետո իմ կյանքը փոխվեց, երբ թիմ եկավ Կրույֆը: Նրա կողքին մարզվելը մեծագույն առավելություն էր ինձ համար: Բայց արդյո՞ք ես դրան արժանի էի: Նա մեծագույն ֆուտբոլիստ էր: Իհարկե, նա կարող էր դաշտում անել ամեն ինչ և օգնել մեզ: Սակայն նա գրեթե հրաշքներ չգործեց: Ափսոս, որ գաղափարը չաշխատեց»:

image330c3113f26ef30f59fe6adbb5a8a4cc news display 960x692 - «Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

Էնրիկե Պերես Դիաս «Պաչին» – «Լևանտեի» գլխավոր մարզիչ – « Լևանտեն փոքր ակումբ էր. այնտեղ չէր կարելի հրավիրել Կրույֆի պես մեծանուն ֆուտբոլիստի: Իհարկե, նրա գալով թիմում շատ բան փոխվեց, ֆուտբոլիստները ստացան լրացուցիչ մոտիվացիա: Ցավոք, դա լավ բանի չհանգեցրեց»:

2016-ին, Կրույֆի մահից հետո, «Լևանտեի» գործող նախագահ Կիկո Կատալանը հայտարարեց. «Կրույֆը «Լևանտեի» պատմության մեծագույն նվերն էր: Մենք բոլորս ամեն օր հպարտանալու ենք, որ մեր թիմի կազմում, թեկուզ և կարճ ժամանակով, խաղացել է ֆուտբոլի պատմության լավագույն վարպետներից մեկը»: 

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: