Logo

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն նոր էջ ենք բացել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.07.2021ՍՊՈՐՏ
Manchester United Jose Mourinho Henrikh Mkhitaryan coach Silvino Louro - Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն նոր էջ ենք բացել»

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ի հետ զրույցում խոսել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ փոխհարաբերությունների մասին:

Նոր պայմանագիր

«Ես մնացի, քանի որ հավատում եմ ակումբի նախագծին: Ես դրան հավատացել եմ առաջին իսկ օրվանից: Այստեղ ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս ակումբն ու քաղաքը: Ես հավատացած եմ, որ մենք կարող ենք տիտղոսներ նվաճել:

Ես բազմաթիվ առաջարկներ եմ ստացել իտալական այլ ակումբներից, ինչպես նաև արտերկրից, սակայն որոշեցի մնալ այստեղ ու ուրախ եմ իմ որոշման համար:

Նախորդ տարվա համեմատ՝ մեր նպատակները չեն փոխվել: Մենք պետք է հնարավորն անենք, որ ավելի լավը լինենք, քան նախորդ մրցաշրջանում: Դա հեշտ չի լինի, սակայն մենք ունենք նոր մարզիչ՝ նոր գաղափարներով: Մենք պետք է հարմարվենք: Ես հույս ունեմ՝ ավելի լավ մրցաշրջան կլինի, քան նախորդը»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանն ու Մոուրինյոն

«Նա շատ հավակնոտ է: Նա միշտ ցանկանում է հաղթել: Նրան չի հետաքրքրում՝ դու լա՞վ ես խաղում, թե՞ ոչ… Նրա համար կարևորագույնը երեք միավորն է: Բոլորը գիտեն, որ նա գործնականում հաղթել է այն, ինչ հնարավոր է: Հուսով եմ՝ մենք նրա հետ ինչ-որ տիտղոս կնվաճենք, քանզի նրա ներկայությամբ դա ավելի հավանական է դառնում:

Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին: Մենք զրուցել ենք այդ թեմայով: Մենք նոր էջ ենք բացել: Ես գիտեմ, թե նա ինչ է պահանջում ու խնդրում ֆուտբոլիստներից, ու ես պատրաստ եմ տալ հնարավորը: Մենք հարթել ենք ամեն բան»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: