Logo

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 17.06.2021ՍՊՈՐՏ
patrick schick czech republic euro 2020 1mbs4txjghwtf1tevomkmh9p1t - «Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Եվրոպայի առաջնությունն աստիճանաբար թափ է հավաքում: Առաջին տուրի խաղում մի քանի հավաքական տարավ իր անդրանիկ հաղթանակը։ 3 միավոր վաստակեց նաև Չեխիայի ընտրանին, որի հարձակման գծի առաջատար Պատրիկ Շիկը աչքի ընկավ մեծագույն վարպետությամբ։ Հատկապես տպավորիչ էր բարձրահասակ գոլահարի երկրորդ գոլը։ «Բայերի» ֆուտբոլիստը նկատելով, որ մրցավարը շատ է դուրս եկել իր տեղից, 54 մետր հեռավորությունից կատարած «կրակոցով» խոցեց դարպասը:

Շիկը վաղուց է աղմուկ հանել Եվրոպայում։ Հին աշխարհամասի թոփ առաջնություններում նրան ճանաչում էին, բայց ոչ այնքան, որքան նա կցանկանար. խանգարում էին սրտի հետ խնդիրները։ Ժամանակին նա կարող էր ու արժանի էր խաղալ թոփ ակումբում։ Ամեն ինչ պատրաստ էր պայմանագիրը ստորագրելու համար, բայց բյուրոկրատական սխալը դանդաղեցրեց նրա կարիերայի առաջընթացը։

2017 թվականի հունիսի 22-ին Պատրիկ Շիկին տեղափոխող ինքնաթիռը ժամանեց Թուրին, որտեղից երիտասարդ ֆուտբոլիստը սլացավ դեպի «Յուվենտուսի» մարզաբազա։ «Ծեր սինյորան» դեռևս 16/17 մրցաշրջանի ընթացքում էր «աչք դրել» Շիկի վրա։ «Սամպդորիայի» իր նորամուտի մրցաշրջանում Շիկը «շիկացրել» է մրցակիցների դարպասը 13 անգամ։ «Սամպդորիան» արդեն մտովի պատկերացնում էր՝ ում է գնելու Շիկից ստացված տրանսֆերային գումարից, սակայն մի քանի ժամվա ընթացքում ամեն ինչ գնաց գրողի ծոցը։

Բժիշկները ֆուտբոլիստի սրտի աշխատանքում նկատեցին տատանումներ։ Վախենալով հետագա խնդիրներից, բայց, միևնույն ժամանակ անշնորհք չլինելու համար, «Յուվենտուսը» «Սամպդորիային» 3 տարվա պայմանագրի փոխարեն առաջարկեց միայն մեկամյա վարձավճար, սակայն ստացավ բացասական պատասխան։

Մեր ընտրանին

Եթե «Յուվենտուսի» ղեկավարությունը լիներ մի փոքր ավելի համարձակ ու հեռատես, հիմա, գուցե, թուրինյան ակումբի հարձակման գիծը չէր լինի այդքան անմխիթար վիճակում (չաո, Ալվարո Մորատա)։ Նոր մրցաշրջանի սկզբում Շիկն անցավ ևս մեկ հետազոտություն, որը նրա սրտի աշխատանքում ոչ մի խնդիր չգտավ։ Թուրինյան հետազոտությունը «Սամպդորիայում» անցկացրած բարդագույն մրցաշրջանի հետևանքն է։ Ամբողջ 16/17 մրցաշրջանում Շիկը դաշտ դուրս եկավ 35 անգամ, իր հավաքականի հետ մասնակցեց Մ-21 Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշրջանի ընթացքում չեխ ֆուտբոլիստը հիվանդացավ անգինայով ու թոքաբորբով, սակայն արագ ոտքի կանգնեց։ «Հավաստիացնում էի, որ Շիկն առողջ է։ Նա առաջին մրցաշրջանն էր անցկացնում Չեխիայի սահմաններից դուրս, նրա օրգանիզմը պատրաստ չէր նման ծանրաբեռնվածության։ Բայց նրա սիրտն աշխատում է ժամացույցի պես», – դեպքը հիշում է «Սամպի» էքսցենտրիկ մարզիչ Մասիմո Ֆերերոն։

schik 960x540 - «Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Արդյունքում, Շիկը հայտնվեց մայրաքաղաքային «Ռոմայում»: Այո, Հռոմում Շիկի գործերը լավ չընթացան: Նրա խաղային որակները, «Ռոմայի» քաղաքականությունն ու ներակումբային խնդիրները ստիպեցին փոխել ակումբային գրանցումը: Շիկը նախ խաղաց «Լայպցիգում», հետո համալրեց «Բայերի» շարքերը: Իր կարիերայի առաջին մեծ մրցաշարին Շիկը մոտեցավ գոլային հոտառությունը վերադարձրած: Շոտլանդացիների հետ խաղում նրա դուբլը ոչ միայն հաղթական էր իր թիմի համար, այլև պատմական էր՝ անձնական տեսանկյունից: Չեխ հարձակվողը մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 17-ի, ինչն անձնական ռեկորդ է՝ 13 գոլ Շիկը խփել է «Բայերում», ևս 4-ը՝ հավաքականում:

Ամեն անգամ, երբ Պատրիկ Շիկը պատրաստվում է անցնել հետազոտություն՝ սպասում է, որ ապարատը նրա սրտի աշխատանքում արատ է հայտնաբերելու, սակայն թուրինյան չարաբաստիկ բուժզննումից հետո ոչ մի նման խնդիր չի եղել: «Աչքս, իհարկե, վախեցած է, սակայն անձնական բժիշկս ինձ վստահեցրել է՝ «Յուվենտուսի» համար հետազոտություն անցնելիս գրանցված խնդիրը կապված է անգինայի հետ: Շատերը ափսոսանքով կհիշեին այն հանգամանքը, որ բյուրոկրատական սխալի պատճառով ձախողվեց թոփ ակումբ իրենց տեղափոխությունը: Սակայն ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ես գոհ եմ ամեն ինչից», – անցած տարվա իր՝ Bild-ին տված հարցազրույցներից մեկում պատմել է Շիկը:

1083146677 0 25 1986 1142 1200x0 80 0 1 4e50a59ccc733863f3ba8bd5f0cef557 960x540 - «Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Շոտանդիայի ընտրանու դեմ խաղում Պատրիկ Շիկի «սթրայքն» արդեն հիմա հավակնում է ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլի մրցանակին: Ավելի գեղեցիկ գոլ խփելն, իհարկե, հնարավոր է, սակայն ոչ այնքան իրատեսական: Եթե Շիկը շարունակի նույն տեմպով, չի բացառվում, որ Չեխիայի ընտրանին ոչ միայն վստահ դուրս կգա իր խմբից, այլև կհաղթահարի փլեյ-օֆֆի մի քանի փուլ: Միևնույն ժամանակ Շիկը կարող է նաև երազել ԵՎՐՈ-ի «Ոսկե խաղակոշիկի» մասին: Առայժմ, նրանից զատ, 2-ական գոլ են խփել միայն, Կրիշտիանու Ռոնալդուն, Չիրո Իմոբիլեն, Անդրեյ Յարմոլենկոն, Մանուել Լոկատելին ու Ռոմելու Լուկակուն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: