«Նոայի» հետ մրցավեճում «Արարատի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը կրկնակի հոբելյան նշեց՝ 400-րդ խաղը ֆուտբոլային իր ողջ կարիերայում և 250-րդը՝ ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում:
Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային ճանաչված ընտանիքից է: Նրա պապը՝ Ֆելիքս Վերանյանն անցյալ դարի 60-ականներին Երևանի «Արարատի» (այն ժամանակ թիմը կրում էր «Սպարտակ» անվանումը) կազմում մասնակցել է ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությանը, հանդես է եկել նաև «Լոռիում», Ռիգայի «Դաուգավայում», Հոկտեմբերյանի «Սևանում» ու Գյումրիի «Շիրակում»: Հետագայում նա մարզչական բեղմնավոր գործունեություն է ծավալել մի շարք թիմերում, այդ թվում՝ Երևանի «Արարատում» և Աբովյանի «Կոտայքում»: Ի դեպ, հենց Ֆելիքս Վերանյանի գլխավորությամբ է «Կոտայքը» 1984թ. ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությունում Առաջին խմբի ուղեգիր նվաճել:
Արտակի հայրը՝ Գեղամ Եդիգարյանը ևս ճանաչված ֆուտբոլիստ էր: Նա Հոկտեմբերյանի «Սպարտակի» և Աբովյանի «Կոտայքի» կազմում մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ և Առաջին խմբերի առաջնություններին, իսկ ՀՀ առաջնություններում հանդես է եկել Երևանի «Կիլիկիայում», «Վանում» և Դիլիջանի «Իմպուլսում»:
Դե իսկ Արտակի ավագ եղբորը՝ Արթուրին ներկայացնելու հարկ չկա, քանի որ ֆուտբոլասերների ներկայիս սերունդը լավ է ճանաչում նրան: Միայն նշենք, որ 2019թ. ֆուտբոլային կարիերան ավարտած Արթուր Եդիգարյանն էլ ժամանակին 400-րդ խաղի հոբելյանը նշելու հաճելի առիթ է ունեցել: Այնպես որ, երկու եղբայրներն էլ խորհրդանշական «400-ի ակումբի» անդամներ են:
Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը
Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Բարձրագույն խմբում նրա նորամուտը կայացել է 2007թ. հոկտեմբերի 3-ին «Բանանցի» հետ կայացած խաղում: Հանդիպման 75-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցը Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա Եդիգարյանին: Նա մասնակցեց նաև նոյեմբերի 10-ին Գյումրիում կայացած առաջնության ավարտական տուրի խաղին՝ ընդմիջմանը փոխարինելով Նարեկ Դավթյանին:
Հաջորդ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում կրկին ընդամենը երկու անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինման մտնելով «Ուլիսի» և «Բանանցի» հետ կայացած առաջնության մեկնարկային հանդիպումներում: Իսկ ահա 2008թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» հետ կայացած Սուպերգավաթի խաղում Վարդան Մինասյանը հիմնականում խաղադաշտ էր դուրս բերել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց թվում էր նաև Արտակ Եդիգարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և իր կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց:
2009թ. առաջնությունում Եդիգարյանն արդեն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն էր: Գարնանը նա իր 2-րդ տիտղոսը նվաճեց՝ թիմակիցների հետ պատվո շրջան կատարելով Հայաստանի գավաթով, իսկ առաջնության ավարտին՝ չեմպիոնի առաջին ոսկե մեդալը ստացավ:
Մրցաշրջան-2010-ում «Փյունիկը» յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ նվաճելով հայկական ֆուտբոլի 3 գլխավոր մրցանակները: Այդ աննախադեպ հաջողությունում իր ծանրակշիռ ներդրումն ուներ նաև Արտակ Եդիգարյանը՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
Հաջորդ մրցաշրջանում Եդիգարյանը «Փյունիկում» կրկին առանց պարգևների չմնաց: Նա թիմակիցների հետ 3-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր, իսկ առաջնությունում իր առաջին արծաթե մեդալը ստացավ:
2012թ. ամռանն Արտակ Եդիգարյանը հաջող փորձաշրջան անցնելով Դոնեցկի «Մետալուրգում», կես մրցաշրջան հանդես եկավ ուկրաինական թիմում՝ մասնակցելով պաշտոնական 12 հանդիպման: 2013թ. գարնանն Արտակը վերադարձավ «Փյունիկ», որի կազմում Հայաստանի գավաթով 3-րդ անգամ պատվո շրջան կատարեց:
21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները
2013/14թթ. մրցաշրջանը Եդիգարյանը դիմավորեց «Բանանցում»: Առաջին շրջանի ավարտից հետո նա 2014թ. սկզբին ընդունեց «Ժալգիրիսի» հրավերը: Արտերկիր 2-րդ ուղևորությունը շատ հաջող էր Եդիգարյանի համար: 1,5 մրցաշրջան հանդես գալով թիմի կազմում, նա մասնակցեց առաջնության 20 և գավաթի 3 հանդիպման՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:
Լիտվայից վերադառնալուց հետո Արտակ Եդիգարյանն ընդունեց «Ալաշկերտի» հրավերը, որը նոր մարտահրավեր էր ունիվերսալ ֆուտբոլիստի համար: Հենց «Ալաշկերտում» բացահայտվեցին Եդիգարյանի ռմբարկուական հատկանիշները: Տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, հաջող իրացնելով տուգանային և 11մ հարվածները, Արտակը երկու մրցաշրջան անընդմեջ (2016/17թթ.՝ Միհրան Մանասյանի հետ, 2017/18թթ.) 13-ական գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:
«Ալաշկերտում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում Արտակն առաջնությունում մասնակցեց 109 խաղի, խփեց 32 գոլ և 5 տիտղոս նվաճեց՝ 3 անգամ արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալի, մեկական անգամ՝ ՀՀ գավաթակրի և սուպերգավաթակրի կոչմանը:
Ի դեպ, 2018թ. Եդիգարյանը կարող էր Սուպերգավաթի մրցաշարերի նոր ռեկորդ սահմանել՝ դառնալով Հայաստանի միակ հնգակի սուպերգավաթակիրն ու պատվավոր մրցանակի խաղարկություններում բոլորից շատ՝ 7 խաղ անցկացրած ֆուտբոլիստը: Սակայն նա չէր հայտավորվել «Ալաշկերտի» կազմում հուլիսի 29-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած Սուպերգավաթի հանդիպմանը, որում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ալաշկերտցիները հաղթել էին 2-0 հաշվով՝ 2-րդ անգամ նվաճելով պատվավոր մրցանակը:
2018/19թթ. մրցաշրջանի ավարտից հետո Եդիգարյանը վերադարձավ «Փյունիկ», իսկ ընթացիկ առաջնությունում նա «Արարատի» կազմում պայքարում է տիտղոսների թիվն ավելացնելու համար: Նշենք, որ Արտակ Եդիգարյանը Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է: Հայաստանում հանդես գալիս նա 13 տիտղոս է նվաճել՝ դառնալով հնգակի չեմպիոն, քառակի գավաթակիր և սուպերգավաթակիր: Ավելի շատ մրցանակներ (15) ունի միայն Սարգիս Հովսեփյանը: Նա Հայաստանի տասակի չեմպիոն, եռակի գավաթակիր ու կրկնակի սուպերգավաթակիր է:
Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային կարիերայում 400 խաղի սահմանագիծը հատած 27-րդ ֆուտբոլիստն է: Գործող ֆուտբոլիստներից «400-ի ակումբի» ցանկում են նաև Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Կասպարովը, Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և Արտակ Գրիգորյանը: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» ավագը ևս իր հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրել էր «Նոայի» հետ մրցավեճում՝ ակումբի կազմը համալրելով անցյալ տարվա նոյեմբերի 2-ին:
21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները
Շուտով ակումբի կազմը կհամալրի ՀՀ ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն իր կարիերայում արդեն 397 խաղ է անցկացրել: Իսկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակիցներից «400-ի ակումբը» համալրելու լավ հնարավորություն ունի ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանը, որը պաշտոնական մրցումներում 375 խաղ է անցկացրել:
VNews.am-ը ներկայացնում է «400-ի ակումբի» անդամների ցուցանիշները: Հիշեցնենք, որ հաշվի են առնվում ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), Հայաստանի գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական հավաքականներում (ԵՀ), ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում և արտերկրի (Ա) Բարձրագույն խմբի թիմերում անցկացրած պաշտոնական խաղերը:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ | Ա | Գ | Ս | Ե | ԱՀ | ԵՀ | ԱՊՀ | ԱԵ | ԸՆԴ |
1.Սարգիս Հովսեփյան | 365 | 66 | 3 | 26 | 132 | – | 13 | 178 | 783 |
2.Հենրիխ Մխիթարյան | 70 | 16 | 1 | 6 | 88 | 14 | – | 478 | 673 |
3.Հովհաննես Թահմազյան | 461 | 83 | 6 | 20 | 6 | – | 6 | – | 582 |
4.Համլետ Մխիթարյան | 192 | 44 | 2 | 18 | 56 | – | 7 | 231 | 550 |
5.Արթուր Քոչարյան | 357 | 67 | 1 | 11 | 4 | 10 | 2 | 82 | 534 |
6.Կարեն Ալեքսանյան | 324 | 52 | 4 | 21 | 25 | 15 | 10 | 80 | 531 |
7.Գևորգ Կասպարով | 348 | 56 | 5 | 21 | 29 | 2 | 10 | 59 | 530 |
8.Տիգրան Դավթյան | 409 | 62 | 3 | 31 | 1 | 1 | – | – | 507 |
9.Արթուր Ոսկանյան | 254 | 43 | 3 | 16 | 54 | 1 | 6 | 123 | 500 |
10.Արթուր Պետրոսյան | 214 | 45 | 2 | 8 | 69 | – | 6 | 155 | 499 |
11.Գևորգ Ղազարյան | 133 | 25 | 3 | 10 | 73 | 18 | 3 | 218 | 483 |
12.Աղվան Մկրտչյան | 271 | 50 | 5 | 32 | 45 | 9 | 19 | 49 | 480 |
13.Կարեն Դոխոյան | 205 | 30 | 1 | 12 | 48 | 8 | 3 | 164 | 471 |
14.Հրայր Մկոյան | 265 | 42 | – | 17 | 46 | 7 | 7 | 85 | 469 |
15.Ռոման Բերեզովսկի | 22 | – | – | – | 94 | 8 | – | 337 | 461 |
16.Ալեքսանդր Թադևոսյան | 275 | 42 | 3 | 21 | 41 | 8 | 13 | 58 | 461 |
17.Արամ Ոսկանյան | 216 | 46 | 2 | 9 | 11 | 14 | – | 155 | 453 |
18.Արարատ Հարությունյան | 336 | 68 | 3 | 17 | 7 | 8 | 3 | – | 442 |
19.Դավիթ Գրիգորյան | 299 | 47 | 2 | 15 | 9 | 13 | 3 | 54 | 442 |
20.Արսեն Ավետիսյան | 329 | 62 | 3 | 14 | 25 | – | 7 | – | 440 |
21.Մարկոս Պիզելի | 128 | 13 | 1 | 8 | 67 | – | – | 213 | 430 |
22.Սամվել Մելքոնյան | 282 | 58 | 1 | 17 | 29 | 16 | 6 | 18 | 427 |
23.Արթուր Եդիգարյան | 190 | 35 | 4 | 22 | 42 | 8 | – | 126 | 427 |
24.Արտակ Գրիգորյան | 304 | 40 | 4 | 29 | 35 | – | 3 | – | 415 |
25.Արարատ Առաքելյան | 252 | 49 | 2 | 19 | 33 | 13 | 6 | 37 | 411 |
26.Լևոն Պաչաջյան | 193 | 42 | 4 | 17 | 38 | 13 | 12 | 87 | 406 |
27.Արտակ Եդիգարյան | 250 | 41 | 6 | 23 | 32 | 13 | – | 35 | 400 |
21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները