Logo

Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
anatoli baydachni - Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանից ձմեռային դադարի էր գնացել առաջին տեղը կիսելով «Արարատի» հետ, սակայն արձակուրդից վերադարձն անհաջող էր. VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3 խաղում թիմը վաստակեց 3 միավոր: Արդյունքում ակումբը որոշեց փոխել մարզչին: Դավիդ Կամպանյան պաշտոնանկ արվեց և նրա փոխարեն ժամանակավորապես նշանակվեց Արմեն Ադամյանը: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ նոր գլխավոր մարզչի անունը՝ Անատոլի Բայդաչնի: Նա ճանաչված նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ է, սակայն երկար ժամանակ թիմեր չէր մարզել:

VNews.am-ը հանդիպեց 68-ամյա ռուս մասնագետի հետ պարզելու, թե ով է նրան համոզել ընդունել երևանցիների առաջարկը, ինչ խնդիրներ են նրա առջև դրվել և ինչ է փոխելու թիմում:

9 տարի մարզիչ չեք աշխատել: Ի՞նչն էր պատճառը, որ այդքան երկար դադար վերցրիք:

Չէի մարզում, որովհետև սրտի վիրահատության էի ենթարկվել: Այդ պատճառով հրաժարվում էի աշխատանքի բոլոր առաջարկներից:

Բայց դեռ 2013-ին Դուք հայտարարել էիք, որ պատրաստ եք վերադառնալ մարզչական աշխատանքին:

Այո՛, բայց հետո առողջության պատճառով որոշեցի դադար վերցնել:

Զարմանալի է, որ այդքան երկար ընդմիջումից հետո ընդունեցիք առաջարկ Հայաստանից: Ինչպե՞ս Ձեզ համոզեցին:

Սոչիում բնակվող իմ լավ ընկերը հայ է, նրա խնդրանքով ընդունեցի առաջարկը: Անունը չեմ նշի, որովհետև նրան, միգուցե, դա դուր չգա: Նաև ազդեց կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ տանը մնալը: Ցանկացա ակտիվացնել իմ կյանքը:

Ձեր ընկերը որևէ կապ ունի՞ «Արարատ-Արմենիայի» հետ:

Այո, ինչպես նաև ֆուտբոլի:

Ե՞րբ է ակումբն առաջին անգամ Ձեզ հետ կապի դուրս եկել:

Հունվարին: Սկզբում խոսակցությունը գնում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ղեկը ստանձնելու մասին: Բայց այնպես ստացվեց, որ նախկին մարզչին պաշտոնանկ արեցին, ստիպված եղանք փոխել ծրագրերը: Որոշեցի ռիսկի դիմել և ընդունել թիմը:

Ինչիպիսի՞ն են թիմից առաջին տպավորությունները:

Կան լավ ֆուտբոլիստներ, որոնցից հարկավոր է լավ թիմ ստեղծել: Շատ խնդիրներ կան խաղային կառուցվածքի և նախապատրաստման հարցերում: Տպավորություն կա, որ որոշ ֆուտբոլիստներ չափազանց շատ են մարզվել, մյուսները՝ զգալի քիչ: Դա իմ կարծիքն է: Երբեք վատ չեմ խոսել ինձ նախորդած մարզիչների մասին: Միգուցե, նրանք, այլ տեսակետ ունեին, ես՝ այլ: Շատ դժվար է մրցաշրջանի վերջում ընդունել թիմը, երբ ծանոթ չես ֆուտբոլիստների ունակություններին և այդ իրավիճակում խնդիրներ լուծել: Նայել եմ փետրվար-մարտ ամիսներին կայացած խաղերը:

Իսկ եթե խոսենք կազմի մասին…

Ուրախալի է, որ կան շատ լավ, տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանք չեն կարող արդյունք ապահովել: Այդուհանդերձ, մենք նրանց շանս տալիս ենք, նրանք են ակումբի ապագան: Կան ֆուտբոլիստներ, որոնք 30-ն անց են: Նրանք փորձառու են, բայց նախկին դիմացկունությունը չունեն: Մեր նպատակն է ստեղծել երիտասարդների և փորձառուների համաձուլմամբ ակումբ: Դրա համար ժամանակ է հարկավոր: Հիմա փորձում եմ փոխել թիմի խաղը: Եթե նկատել եք, մինչև այդ «Արարատ-Արմենիան» խաղում էր շատ պարզ ֆուտբոլ՝ երկար փոխանցումներով: Դա առաջատարի խաղ չէ, մեր թիմը պետք է այլ կերպ գործի: Սակայն դա փոխելը դժվար կլինի, որովհետև եթե ֆուտբոլիստներին անընդհատ ասում են դու պետք է այսպես խաղաս, դժվար է նրան արագ փոխել և ստիպել այլ խաղաոճով գործել: Եթե անմիջապես կոտրես նախկին խաղաոճը, ֆուտբոլիստները կարող են ապշած վիճակում հայտնվել, դրա համար երբեմն հարկավոր է թողնել դրված հիմքը և հետզհետե փոփոխություններ կատարել: Այդ ամենը հոգեբանության պատճառով է, իսկ հոգեբանությունն ամենադժվարն է կոտրել: Ինձ բարդ խնդիր է բաժին հասել:

anatoli baydachni 1 960x960 - Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Որքա՞ն ժամանակ Ձեզ կպահանջվի այդ փոփոխությունները կատարելու համար:

Կոնկրետ ժամկետ չկա, ամեն ինչ հոգեբանությունից է կախված: Բայց մենք ձգտելու ենք արագ անել: Թիմը, որը երկու տարի անընդմեջ չեմպիոն է դարձել, պետք է ձգտի կրկնել իր արդյունքը: Բայց «Արարատ-Արմենիան» այնպես է մեկնարկել, ինչպես չպետք է իրեն թույլ տա չեմպիոնությանը ձգտող թիմը:

Ձեր առջև կոնկրետ խնդիրներ դրվե՞լ են:

Դառնալ չեմպիոն և գավաթակիր: «Արարատ-Արմենիայում» չի կարող այլ խնդիր դրվել:

Իսկ եվրագավաթներո՞ւմ:

Ցանկալի է հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Շատ բարդ խնդիր է, ես դա հստակ հասկանում եմ: Այլընտրանք է մյուս եվրագավաթների խմբային փուլ մտնել: Նույնիսկ ռուսական թիմերը խմբային փուլում հաճախ չեն հայտնվում: Ամեն ինչ կախված կլինի թիմի ֆիզիկական պատրաստվածությունից, տակտիկական, հոգեբանական խնդիրներից և ցանկությունից: Բայց սկզբի համար հարկավոր է Հայաստանի չեմպիոն դառնալ, հետո եվրագավաթների մասին մտածել:

08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 14 960x640 - Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Հայաստանում «Արարատ-Արմենիան» համարվում է ֆինանսապես մեկ գլուխ բարձր իր մրցակիցներից և ենթադրվում է, որ նման պարագայում պետք է ավելի հեշտ չեմպիոն դառնա, ինչպես Ռուսաստանում «Զենիթն» է անում: Բայց երկու տարի անընդմեջ երևանյան թիմը միայն վերջին տուրում է չեմպիոն դառնում: Ի՞նչ է պետք փոխել, որ առավելությունն ավելի զգալի լինի:

Չեմ կարող դատել մյուս ակումբների ֆինանսական միջոցների մասին, բայց չեմ կարծում, որ՝ օրինակ «Ուրարտուն» ավելի վատ ֆինանսական վիճակում է գտնվում: Ես դեռ չեմ խոսում ենթակառուցվածքների մասին: «Ուրարտուն» նույնպես Հայաստանի համար թանկարժեք լեգիոներներ է գնում և նույնպիսի ֆինանսական միջոցներ ունի: Կարծում եմ՝ Երևանի «Արարատը» նույնպես այդ մակարդակում է: Բայց ֆուտբոլ է խաղում մարդը, ոչ թե փողը: Այնպես որ ֆուտբոլում ֆինանսները որոշիչ չեն:

Ի՞նչ ժամկետով է կնքված Ձեր պայմանագիրը:

Նախատեսված է մեկ տարով՝ մինչև 2022 թվականի ամառը: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը միմյանց աշխատանքին ծանոթանալու համար է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, հարաբերությունները և արդյունքները լավը լինեն, ինչպես նաև առողջությունս թույլ տա, կարելի է նաև երկարաձգել պայմանագրի ժամկետը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մրցակցության մակարդակը ինչպիսի՞ն է Ձեր գնահատմամբ:

Այնպիսի տպավորություն է, որ բոլոր թիմերը հավասարազոր են:

Շատերն են այդպես ասում…

Առաջատարը խաղա, թե հետնապահը, կարծես նույնը լինի: Կա մեկ դրական կողմ, բոլորը խաղում են մինչև վերջ, չեն հանձնվում: Այդ դրական կողմը հատուկ է ամբողջ հայկական ֆուտբոլին, որովհետև Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումներում հենց այդպես էր խաղում: Նրանք ձգտումով, կամքի ուժով, երբեմն նույնիսկ ինքնամոռաց էին խաղում և կարողացան արդյունքի հասնել, և դա շատ լավ է հայկական ֆուտբոլի, ներքին առաջնության, մանկապատանեկան ֆուտբոլի համար, որովհետև մոտիվացիա է տալիս բոլորին: Հայաստանի հավաքականը խորհրդային երկրների շարքում մեկնարկեց բոլորից լավ:

Հայաստանում միշտ տաղանդավոր ֆուտբոլիստներ են եղել, ես դա գիտեմ, որովհետև վաղուց եմ ծանոթ հայկական ֆուտբոլին: Երբ հիմա տեսնում եմ արդյունքները, հասկանում եմ, որ Հայաստանում չեն դադարել տաղանդներ ծնվել: Եթե ինձ հաջողվի, կնպաստեմ «Արարատ-Արմենիայի» և հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: