2 տարի ֆուտբոլից կտրված և զինծառայություն անցած Յուրի Գարեգինյանը՝ տարիներ անց արդեն որպես «Նոայի» ֆուտբոլիստ, անցած տարվա թեժ պատերազմական օրերի ընթացքում իրականացրեց կյանքի գլխավոր երազանքը՝ խաղաց Հայաստանի ազգային հավաքականում: Ազգերի լիգայի մրցաշարում Վրաստանի ընտրանու դեմ կայացած հանդիպումը (2-2) շատ քննարկումներ առաջացրեց, ու ֆուտբոլիստի համար նորամուտը դարձրեց անմոռանալի թե՛ բացասական, թե՛ նաեւ դրական իմաստով:
Յուրի Գարեգինյանը VNews․am-ին տված հարցազրույցում պատմել է «Փյունիկի»՝ իրեն չհավատալու, զինծառայությունից հետո «Արարատում» Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ խաղալու, հայկական ակումբային ֆուտբոլ ներխուժած և արդեն շատ բանի հասած «Նոայի» հաջողության գաղտնիքի մասին: Մանրամասնորեն խոսել է նաև Հայաստան – Վրաստան հանդիպման ընթացքում ու դրանից հետո ունեցած ապրումների, Խոակին Կապառոսի նշանակության, Հենրիխ Մխիթարյանի կողքին մարզվելու, խաղալու և այլ հետաքրքիր թեմաների մասին:
Անցած տարվա հոկտեմբերին առաջին անգամ հրավիրվեցիք ազգային հավաքական: Մինչև այդ ասել էիք, որ ընտրանուն միանալը Ձեր գլխավոր նպատակն է: Այդ պահին պատերազմական իրավիճակ էր: Հաջողվե՞ց լիարժեք ուրախանալ այդ հրավերով:
Բոլորիս համար դժվար ժամանակներ էին: Չեմ կարող ասել, թե ընդհանրապես չեմ ուրախացել, բայց այդ ժամանակ այնպիսի վիճակ էր, որ բոլոր անձնական հաջողությունները դառնում էին երկրորդական: Բոլորիս գլխում ուրիշ հարց էր: Եվ քանի որ ես նույնպես ծառայել եմ, լավ պատկերացնում էի այդ իրավիճակում մեր զինվոր տղաների ապրումները: Ամեն դեպքում, կար ոգևորվածություն, որ պետք է միանայի հավաքականին:
Սեպտեմբերի 21-ին հարցազրույց էիք տվել «Նոայի» մամուլի ծառայությանն ու կարծիք հայտնել, որ հավաքական հրավիրվելու համար ակումբում ավելի շատ խաղային պրակտիկա պետք է ստանաք: Նշեցիք նաև, որ խոսել եք Խոակին Կապառոսի հետ, ու նա ասել է, որ համբերատար սպասեք Ձեր շանսին: Ակնկալո՞ւմ էիք, որ արդեն առաջիկա հավաքին մասնակցելու հրավեր կստանաք:
Ոչ, անակնկալ է եղել: Կարծում էի՝ պետք է ավելի շատ խաղամ ու ամրապնդվեմ թիմում, բայց Կապառոսը ցույց տվեց, որ եթե տեսնում է՝ ֆուտբոլիստն արժանի է, նրան հրավիրում է հավաքական: Այդ ժամանակ այնպես չէ, որ ակումբում բոլոր հանդիպումներին ամբողջությամբ մասնակցում էի, բայց ունեի խաղային պրակտիկա, մասնակցում էի մրցավեճերին: Հրավերն ինչ-որ չափով անսպասելի էր, ինչ-որ չափով էլ՝ սպասելի, քանի որ սեպտեմբերյան հանդիպումների ժամանակ էլ եղել էի ընդլայնված հայտացուցակում:
«Հայաստան – Վրաստան խաղից հետո հասկացա, որ հեռախոսս ինչ-որ ժամանակ պիտի մի կողմի վրա թողնեմ»
Փոխարինման մտաք Ազգերի լիգայի Հայաստան – Վրաստան հանդիպման 67-րդ րոպեին՝ 1-1 հաշվի ժամանակ: Ի՞նչ էիք զգում այդ պահին: Թեպետ 26 տարեկան էիք, բայց ո՛չ հավաքականների, ո՛չ ակումբային մակարդակով միջազգային խաղերի փորձ ընդհանրապես չունեիք: Եվ ի՞նչ ասաց Կապառոսը:
Հանդիպումը ցույց տվեց, որ դժվար էր առանց փորձի միանգամից մասնակցել այդպիսի հանդիպման: Բայց սուտ կլինի, եթե ասեմ, թե լարված կամ վախեցած եմ մտել խաղադաշտ: Վստահ էի իմ ուժերին, հավատքով մտել էի խաղադաշտ: Առաջադրանք կար ավելացնել աշխատանքը կենտրոնում, թարմություն էր պետք: Հարկավոր էր խլումներ իրականացնել, նաև Կապառոսի փիլիսոփայության մեջ շատ կա այն ուղղությունը, որ պետք է պրեսինգ լինի միջին հատվածում: Պետք է նաև փոխանցումների միջոցով խաղ կառուցեի:
Իսկ հոգեբանական ինչ-որ աշխատանք եղա՞վ նրա կողմից:
Հիմա դժվարանում եմ հիշել, բայց նախքան մրցավայր մեկնելը՝ այստեղ կայացած մարզումների ժամանակ և դրանցից հետո, մի քանի անգամ խոսել է ինձ հետ ու ցույց տվել, որ վստահում է ինձ: Զգացել եմ, որ երևի խաղաժամանակ կստանամ: Նկատել, զգացել եմ վստահություն նրա կողմից: Ինձ համար անսպասելի չէր, որ փոխարինման մտա:
Կենտրոնում կորցրիք գնդակը, և Վրաստանը հակագրոհի շնորհիվ գոլ խփեց: Դրանից հետո կա՞ր ընկճվածություն: Թիմակիցները քաջալերեցի՞ն:
Անցյալում միշտ լսել էի, որ հավաքականում լավ մթնոլորտ է տիրում, այնտեղ ուրիշ է, ակումբում՝ ուրիշ: Դա զգացի հենց այդ հանդիպման ավարտից հետո: Երևի չի եղել այնպիսի մի ֆուտբոլիստ, որ ինձ չմոտենար, չաջակցեր, ամեն մեկն իր խորհուրդն էր տալիս: Հենց այդ պահերին ես հասկանում, որ հավաքականը լրիվ ուրիշ հասկացություն է, այնտեղի մթնոլորտը լրիվ այլ է: Բոլորն էլ ֆուտբոլիստներ են, հասկանում էին, որ սխալը ֆուտբոլի մի մասն է, ու խաղացողները բոլորով են սխալ թույլ տալիս: Այնտեղ հասկացա՝ թիմն ինչ բան է: Դրա համար պատահական չէ, որ այսօր մեր հավաքականը խաղադաշտում նման թիմային ֆուտբոլ է ցուցադրում:
Շատերը գուցե ուշադրություն չդարձրին, բայց մեր երկրորդ ու պատասխան գոլը ծնվեց հենց առավելապես Ձեր ջանքերով: Դուք ակտիվ պրեսինգ կիրառեցիք, ստիպեցիք մրցակցին կորցնել գնդակը, ինչից հետո էլ հնարավոր եղավ 11-մետրանոց վաստակել: Ի՞նչ եք հիշում այդ դրվագի մասին:
Հաշիվն արդեն 1-2 էր, ու պետք էր ռիսկի դիմել: Իմ ցանկությունն էլ շատ մեծ էր, որ այդ սխալից հետո մի լավ բան անեմ թիմի համար, ինչ-որ բան փոխվի խաղի մեջ: Փառք Աստծո, ստացվեց, և չպարտվեցինք: Բայց բոլորն ավելի շատ հիշում են բաց թողած գոլի դրվագը (ժպտում է-խմբ․): Երկրորդ գոլը քիչ մարդիկ են հիշում:
Հավաքականի խաղերը միշտ երկրպագուների խոշորացույցի տակ են հայտնվում, համացանցում բուռն քննարկումներ են ծավալվում: Հետևե՞լ եք, թե Ձեզ հետ կապված ինչ արձագանքներ են եղել, ի՞նչ ապրումներ եք ունեցել:
Այդ հանդիպումից հետո հասկացա, թե ինչ բան է հավաքականում խաղալը, ինչպիսի մեծ ճնշում է գործադրվում: Հասկացա, որ հեռախոսս ինչ-որ ժամանակ պետք է մի կողմի վրա թողնեմ ու համացանցին քիչ հետևեմ: Բացասական արձագանքները շատ էին: Բայց նաև հասկանում եմ, որ երկրպագուներ են, ցավում են ֆուտբոլի համար, և նրանք չեն կարող պրոֆեսիոնալ ձևով ընդունել ու հասկանալ այդ ֆուտբոլային դրվագը: Իրենց դժգոհությունն էին հայտնում տարբեր միջոցներով: Սակայն եթե հասել ես այդ մակարդակին ու հավաքականի կազմում նման կարևորության մրցավեճերի ես մասնակցում, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես այդ ամենին: Սխալներն օգնում են ավելի ուժեղանալ, պնդանալ:
Ինձ միշտ ասում են՝ եթե բանակ չգնայիր, հիմա ավելի լավ տեղ կխաղայիր, ֆուտբոլում ավելի շատ բանի հասած կլինեիր: Այո, ֆուտբոլային առումով 2 տարի կորցրել եմ, բայց այդ հատվածը որպես մարդ ինձ շատ բան է տվել: Դժվար հատված է եղել իմ կյանքում, բայց ես շատ եմ պնդացել, ուժեղացել ու շատ բաների միջով եմ անցել այդ հատվածում: Այդ ժամանակ ես հասկանում, որ ինչի միջով էլ անցնես, պետք է լավատես լինես, ինչը կօգնի ավելիին հասնել՝ անկախ նրանից՝ այդ պահին ինչ դժվարության մեջ ես:
Ենթադրում եմ՝ Հենրիխ Մխիթարյանի հետ մարզվելն ու խաղալը նույնպես երազանք կամ ժամանակի ընթացքում գուցե արդեն նպատակ է եղել:
Մխիթարյանի մարզումներից, փոխանցումներից և գործողություններից միանգամից երևում էր նրա բարձր կարգը։ Հենրիխի հետ մարզվելը լրիվ ուրիշ՝ շատ լավ զգացողություն է: Բայց ինձ համար ավելի զարմանալի էր նրա՝ խաղադաշտից դուրս մարդկային տեսակը: Նա շատ մարդամոտ, անմիջական անձնավորություն է։ Տեսնելով Մխիթարյանի՝ խաղադաշտում ու խաղադաշտից դուրս վարքագիծը՝ միայն լավ օրինակ կարող ես վերցնել: Երբ առաջին անգամ միացա հավաքականին, միանգամից աջակցություն զգացի նրա կողմից՝ որպես ավագի:
Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում Ազգերի լիգայի այդ 2 հանդիպումներից հետո:
Ինձ նոր շարժառիթ է տվել, որ պետք է ավելի շատ աշխատեմ: Պատահական ոչինչ չի լինում: Եթե այդ պատասխանատու խաղին այդպես ստացվեց, ուրեմն ինչ-որ մի բան պետք է փոխվեր: Պետք է ավելի շատ աշխատեմ, ավելի շատ նվիրվեմ, որ երկրորդ շանսն ավելի լավ օգտագործեմ: Չեմ սիրում ասել՝ բախտս չբերեց, չստացվեց, ոչ, սխալները միշտ իմ մեջ եմ փնտրում: Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ուրեմն ես ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հարցում թերացել եմ: Ես հասկացել եմ, որ ֆուտբոլում ոչինչ պատահական չի լինում․ ինչ վերաբերմունք ես ցույց տալիս ֆուտբոլին, նույն պատասխանն էլ ստանում ես:
«Բանակից հետո էլ՝ մոտավորապես 6 ամիս, չէի կարողանում կողմնորոշվել ապագայիս շուրջ»
Դուք «Փյունիկի» սան եք: Այդուհանդերձ, Բարձրագույն խմբում սկսել եք խաղալ «Արարատի» կազմում, երբ արդեն 22 տարեկան էիք: Ինչո՞ւ չհաջողվեց ամրապնդվել «Փյունիկում», որն այն ժամանակ հիմնականում սեփական կադրերով էր խաղում:
Չմնացի այնտեղ, քանի որ պետք է զորակոչվեի բանակ: Բանակից հետո փոխեցի թիմս ու սկսեցի խաղալ «Արարատի» երկրորդ թիմում: «Փյունիկն» ինձ շատ բան է տվել: Մոտ 10 տարի մարզվել եմ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ (այժմ Խոակին Կապառոսի օգնականն է Հայաստանի ազգային հավաքականում-խմբ․), և անձամբ նրանից էլ շատ բան եմ սովորել: Նրանում, որ հիմա ֆուտբոլ եմ խաղում, «Փյունիկն» իր մեծ ներդրումն ունի: Բայց այդ կարևոր պահին այնպես ստացվեց, որ բանակի խնդիր եղավ: Բանակից հետո էլ պետք էր արդեն թիմ փոխել:
Այսինքն, 2 տարի ֆուտբոլի հետ որևէ առնչություն չե՞ք ունեցել:
Այո, ընդհանրապես չեմ զբաղվել: Բանակից հետո էլ՝ մոտավորապես 6 ամիս, չէի կարողանում կողմնորոշվել ապագայիս շուրջ: 2014 թվականի ամռանն ավարտել եմ ծառայությունս, 2015 թվականի հունվարից նոր սկսել եմ մարզվել «Արարատի» երկրորդ թիմում:
Իսկ երբ վերադարձաք ծառայությունից, «Փյունիկը» այլևս ցանկություն չի՞ հայտնել Ձեզ ներգրավել թիմ:
Անկեղծ ասած, արդեն չեմ էլ հետաքրքրվել: Ցանկանում էի ուրիշ թիմում խաղալ: Միայն անհրաժեշտ փաստաթղթերն եմ վերցրել ու հեռացել: Բնականաբար, կար նաև հիասթափություն, որ ակումբն ինձ այն ժամանակ չէր ցանկացել պահել իր կազմում:
«Նազարյանն այնպիսի հարաբերություններ է ստեղծում, որ ֆուտբոլիստը ցանկանում է հենց մարզչի համար խաղալ»
«Արարատում» երկար ժամանակ աշխատել եք Արկադի Անդրեասյանի հետ: Ի՞նչ եք սովորել նրանից:
Նրա հետ աշխատելն ինձ շատ բան է տվել: Անդրեասյանի մարզումները մի փոքր ավելի հին մեթոդներով էին կազմակերպվում: Շեշտն առավելապես դրվում էր ֆիզիկականի վրա, ինձ էլ այդ պահին ավելի շատ հենց դա էր պետք, քանի որ 2 տարի էի կորցրել, ֆիզիկականի տեսանկյունից շատ էի հետ ընկել: Նրա հետ աշխատելով՝ շատ գործոններում բարելավվեցի: Արկադի Անդրեասյանը ֆուտբոլիստին անհատապես շատ լավ էր զարգացնում: Նա նույնիսկ այդ տարիքում չէր զլանա, մարզումից հետո կես ժամ, մեկ ժամ կմնար, քեզ հետ անհատապես կաշխատեր ու կօգներ աճել:
Հետո միացաք «Արցախին» (ներկայիս «Նոա»), որտեղ աշխատեցիք Ռաֆայել Նազարյանի հետ: Շատ ֆուտբոլիստներ են պատմում, որ այդ մասնագետին հաջողվում է նպաստել խաղացողների անհատական աճին: Իրո՞ք այդպես է:
Նա բարձրակարգ մարզիչ է: Նազարյանը կարողանում է իր թիմերում շատ լավ մթնոլորտ ձևավորել, իր գաղափարները փոխանցել խաղացողներին: Ֆուտբոլիստի հետ ստեղծում է այնպիսի հարաբերություններ, որ ֆուտբոլիստը ցանկանում է հենց մարզչի համար խաղալ․ դա ամենակարևոր բաներից մեկն է: Ճիշտ է, կես տարի եմ աշխատել նրա հետ, բայց շատ բան եմ սովորել: Ֆուտբոլիստին շատ է օգնում հոգեբանական տեսանկյունից: Նազարյանը թիմում միշտ բարձր հոգեբանական մթնոլորտ է ստեղծում, շարժառիթ է տալիս: Նրա խաղային ձեռագիրը ևս լրիվ համապատասխանում է ժամանակակից ֆուտբոլին: Հուսով եմ՝ ապագայում կլինի նրա հետ աշխատելու ևս մեկ շանս:
«Արցախը», համալրված գրեթե բացառապես հայ ֆուտբոլիստներով, առաջնությունում գրավեց նախավերջին տեղը: Հաջորդ մրցաշրջանում, երբ գերակշիռ մասը լեգեոներներ էին, և ակումբն էլ արդեն կոչվում էր «Նոա», այն դարձավ փոխչեմպիոն, նվաճեց գավաթն ու սուպերգավաթը: Մի տեսակ ծայրահեղությունից ծայրահեղություն է ստացվում․․․
Ֆուտբոլում մանրուքներ չկան: Շատերը կասեն՝ այդ ժամանակ կազմը փոխվեց, գլխավոր մարզիչը փոխվեց, դրա համար լավ արդյունքներ եղան, բայց տվյալ հատվածում նաև փոխվեց ակումբի բոլոր անդամների մտածելակերպը՝ ադմինիստրատորից մինչև նախագահ: «Նոայում» բարձր պրոֆեսիոնալիզմ կա: Ակումբի ցանկացած աշխատակից իր պրոֆեսիոնալ մոտեցումով նպաստեց նրան, որ հաղթանակներ լինեն:
Ձեր խաղում բավականին աճ նկատվեց Իգոր Պիկուշչակի աշխատանքի ժամանակաշրջանում: Թիմը նաև որակյալ ֆուտբոլ էր խաղում ու տիտղոսներ նվաճեց: Ո՞րն էր Պիկուշչակի հաջողության գաղտնիքը: Չէ՞ որ նա նույնիսկ պաշտոնապես գլխավոր մարզիչ չէր համարվում, որովհետև չուներ ՊՐՈ կարգի արտոնագիր:
Նա մարզչական մեծ փորձ չուներ, առաջին անգամ էր պրոֆեսիոնալ թիմ գլխավորում: Բայց Պիկուշչակն իր աշխատանքով ցույց տվեց, որ իրեն մարզչական մեծ ապագա է սպասվում: Սկսնակ մարզչի համար հեշտ չէ նոր երկրում, նոր առաջնությունում առաջին իսկ մրցաշրջանում այդպիսի արդյունքի հասնելը:
Ի՞նչ առանձնահատկություններ ուներ այդ մասնագետը:
Պիկուշչակն ավելի շատ հարձակողական ֆուտբոլ էր դավանում: Թիմը նախորդ առաջնությունում նախավերջին տեղն էր գրավել, և այդ մասնագետին հաջողվեց հաղթողի հոգեբանություն հաղորդել ֆուտբոլիստներին: Նա հենց սկզբից հասկացրեց խաղացողներին, որ մենք ոչ թե վերջին կամ նախավերջին տեղերի, այլ չեմպիոնության համար պայքարող թիմ պետք է լինենք: Մենք նույն սխեմայով և մոտեցմամբ էինք ելույթ ունենում թե՛ առաջին, թե՛ վերջին տեղի թիմի դեմ: Պիկուշչակը մեզ հասկացնում էր, որ կարող ենք «առաջին համարով»՝ նախաձեռնությամբ խաղալ ցանկացած թիմի հետ:
Նախորդ առաջնությունում 23 հանդիպման եք մասնակցել, այս տարի՝ ընդամենը 11, միայն 6 անգամ եք եղել մեկնարկային կազմում: Ինչո՞ւ այդքան քիչ: Չէ՞ որ դարձաք նաև ազգային հավաքականի թեկնածու:
Ինձ այս մրցաշրջանում կորոնավիրուսն էլ խանգարեց, քանի որ 5-6 մրցավեճ բաց թողեցի: Եթե ընդհանուր դիտարկենք, վերջին 5-6 հանդիպումներում է, որ համարյա չեմ խաղում: Եկավ նոր գլխավոր մարզիչ, մրցակցությունն է մեծացել, նա էլ այս պահին իմ դիրքում այլ ֆուտբոլիստների է վստահում: Առաջնության ավարտին դեռ 2 հանդիպում կա, պետք է ամեն մարզմանը 100 տոկոսով նվիրվեմ աշխատանքիս ու սպասեմ իմ շանսին: Դեռ կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա, իսկ մնացածը կերևա արդեն դրա ավարտից հետո:
Ե՞րբ է ավարտվում թիմի հետ պայմանագրի ժամկետը:
Այս մրցաշրջանի ավարտից հետո: Իմ գլխավոր նպատակն ազգային հավաքականում ամրապնդվելն է, ուստի բոլորս հասկանում ենք, որ խաղաժամանակ ստանալն առաջնային է: «Նոան» շատ հարազատ թիմ է ինձ համար, ակումբում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն եմ, բայց պետք է որոշում կայացնեմ ի շահ իմ կարիերայի: Դա կերևա ամռանը, իսկ հիմա կենտրոնացած եմ թիմի առաջիկա անելիքների վրա: Ինչքան խաղաժամանակ կստանամ, կփորձեմ օգնել «Նոային»:
«Նոան» վերջին հաջող ելույթների շնորհիվ դարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար: Ինչի՞ հաշվին փոքր-ինչ անկայուն խաղից հետո նման թափ հավաքեցիք:
Սկզբում խաղակցվածության խնդիր ունեինք, հիմա կայունացել է թիմի խաղը: Բազմաթիվ նոր ֆուտբոլիստներ համալրեցին թիմը, խաղակցվածությունը բարելավվեց, ու թիմը հիմա լավ ռիթմի մեջ է, ավելի լավ է զգում խաղը: Մնացել է ամենակարևոր հատվածը: Ունենք 2 հանդիպում: «Նոան» լավ մարզավիճակում է գտնվում, ու կարծում եմ՝ չեմպիոն դառնալու շատ մեծ շանսեր ունի:
«Հավատում եմ, որ իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել հավաքականում»
Ընդգրկվել էիք 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին 3 հանդիպումների ընդլայնված հայտացուցակում, բայց հավաքին չմասնակցեցիք: Ի՞նչ ապրումներ ունեցաք՝ կողքից հետևելով գրանցված 3 հաղթանակներին:
Քեզ հպարտ ես զգում, որ թեկուզ լինում ես ընդլայնված հայտացուցակում: Կապ չունի՝ հրավիրվում ես, թե ոչ, դա ազգային հավաքականն է, բոլորովս ենք թե՛ հաղթում, թե՛ պարտվում: Մեր ազգին, մանավանդ, վերջին դժվարին փուլերից հետո շատ էին պետք այս 3 հաղթանակները: Բոլորս ուրախացանք, ինչ-որ մի պահ կտրվեցինք մեր հոգսերից: Հաղթանակներն ավելի շատ թիմային ոգու, հավաքականում տիրող մթնոլորտի շնորհիվ էր: Շատ մեծ է նաև մարզչական շտաբի դերակատարությունը:
Խոակին Կապառոսի գործոնն արտահայտվում է ավելի շատ տակտիկակա՞ն, թե՞ հոգեբանական աշխատանքով։
Այնպես չէ, որ մարզչական շտաբը կենտրոնանում է միայն մեկ ճյուղի վրա: Ուշադրություն են դարձնում տարբեր ուղղությունների՝ թե՛ տակտիկային, թե՛ մարզումային գործընթացին, թե՛ մրցակցի խաղի վերլուծությանը: Նրանք իրենց գործը պրոֆեսիոնալ կերպով են կատարում, դրա համար էլ արդյունքներ կան: Նրանք հոգեբանական մեծ աշխատանք են իրականացնում, շարժառիթ հաղորդում ֆուտբոլիստներին: Կապառոսի օգնականների դերը նույնպես շատ մեծ է:
Արդեն մի քանի տարի է, ինչ մեր առաջնությունում եք խաղում: Ավելի ընդհանրական հարց: Տեսնո՞ւմ եք պատճառ, թե ինչո՞ւ են ակումբները տարեցտարի կարծես ավելի քիչ սկսում հավատալ հայ ֆուտբոլիստներին, երիտասարդներին համարյա շանս չընձեռել: Նրանք այդքա՞ն էլ մրցունակ չեն, թե՞ այլ խնդիր կա:
Հիմա հայկական ֆուտբոլի իրավիճակը նպաստում է նրան, որ հայ խաղացողները հիասթափվեն ֆուտբոլից ու ավարտեն կարիերան: Այսօր նույնիսկ հավաքականի թեկնածուների համար դժվար է լինում ակումբ գտնելը, որովհետև թիմերի մեծ մասը վստահում է լեգեոներներին: Կողմ եմ առողջ մրցակցությանը, բայց սա Հայաստանի առաջնությունն է, ու պետք է վստահել և տեղ տալ հայ ֆուտբոլիստներին, ինչը ես շատ քիչ եմ տեսնում: Այսօր հայ երիտասարդ ֆուտբոլիստների համար չեն ստեղծվում պայմաններ, որոնք կնպաստեն նրանց աճին: Իսկ ֆուտբոլիստն աճում է խաղալով, ֆուտբոլիստը հետ է ընկնում, երբ խաղաժամանակ չի ստանում: Այդ առումով ակումբն ու թիմի մարզիչը պետք է նույն մտածելակերպն ունենան, որպեսզի ինչ-որ բան ստացվի, այլապես կողմերից մեկի՝ այլ կարծիքի լինելը ոչնչի չի հանգեցնի:
Առաջիկա ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև:
Իմ առաջնային նպատակը հավաքականում ամրապնդվելն է: Պետք է անեմ ամեն ինչ, որ ևս մեկ շանս ստանամ և այն օգտագործեմ: Հավատում եմ, որ իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել հավաքականում:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները