Logo

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
EHji1WLXUAA9n6p - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Աֆրիկացի շատ և շատ տղաներ ամեն օր քնում ու զարթնում են ֆուտբոլիստ դառնալու և փառքի հասնելու երազանքով: Դա ոչ միայն մասնագիտական հաջողության հասնելու ձգտում է, այլև սոցիալական «վերելակով» բարձրանալու մղում: Այդ ճանապարհն արդեն վաղուց անցնում է նաև Հայաստանով: Բազմաթիվ են խաղացողները, որոնց համար մեր երկրում հանդես գալը ցատկահարթակ է եղել՝ հետագայում ավելի հզոր ֆուտբոլային առաջնություն տեղափոխվելու համար: Նիգերիացի Իսահ Ալիյուն, թեպետ ընդամենը 21 տարեկան է, արդեն հասցրել է ֆուտբոլի շնորհիվ աշխարհը «ոտնատակ տալ»՝ ունենալով թե՛ վերելքներ, թե՛ վայրէջքներ: Կարիերան ֆուտբոլիստին այժմ Երևան է հասցրել, բայց մինչ այդ հետաքրքիր է ծանոթանալ նրա անցած ճանապարհին:

Ալիյուն ծնվել է 1999 թվականին Նիգերիայի Կադունա քաղաքում: Նրա ու ֆուտբոլի «հանդիպումը» սեր է եղել առաջին հայացքից․ «Սկսեցի ֆուտբոլ խաղալ, երբ դեռ երեխա էի: Շատ հաճախ էի խաղում եղբայրներիս հետ փողոցում՝ առանց կրելու խաղակոշիկներ: Շատ լավ եմ հիշում այդ օրերը: Հասկանում էի, որ ֆուտբոլն ավելին է, քան պարզապես գնդակին հարվածելը: Այն միավորում էր մեզ, օգնում նոր կապեր հաստատել: Այդ ժամանակվանից էլ սկսել եմ մտածել պրոֆեսիոնալ դառնալու մասին: Մանուկ հասակից երկրպագել եմ «Արսենալին»: Ինձ ոգեշնչել է հատկապես հայրենակցիս՝ Նվանկվու Կանուի, և Թիերի Անրիի ցուցադրած խաղը»,- հիշում է Ալիյուն:

20479467 900497716755105 222197993416551388 n - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

Տղան ֆուտբոլային առաջին քայլերը կատարեց Կակուրիի ֆուտբոլային ակադեմիայում, իսկ 2016 թվականին միացավ «Ռեմո Սթարս» ակումբին: Այն նույն տարում նվաճեց Նիգերիայի Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր: Ճիշտ է, «Ռեմո Սթարսը» չամրապնդվեց այնտեղ ու առաջին իսկ տարում լքեց ուժեղագույնների մրցաշարը: Հարձակողական ոճի կիսապաշտպան Ալիյուն, համալրելով գլխավոր թիմը, հասցրեց 3 խաղ անցկացնել երկրի բարձրագույն դիվիզիոնում: Սակայն նրան վիճակված չէր շարունակել ելույթները հայրենիքում: Իսահը հանդիպեց մի մարդու, որ փոխեց նրա ֆուտբոլային ճակատագիրը:

«Ցուրտ» Վանաձոր, չեմպիոնություն, փայլուն խաղ և «աղմկահարույց գործարք»

Դավիթ Աբրահամյանը Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլային գործակալներից մեկն է: Նրա շնորհիվ հայկական ակումբներում են խաղացել և փայլատակել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սերժ Դեբլեն, Դիդիե Բորիս Կադիոն, Ֆոֆանա Բեկոն, Լուբամբո Մուսոնդան, Լամին Լի Յորոն, Էբուե Կուասին ու շատ-շատ ուրիշներ: Աբրահամյանի հաճախորդներից շատերը Հայաստանից հետո տեղափոխվել են եվրոպական շատ ավելի բարձրակարգ առաջնություններ: Հենց նրա շնորհիվ Իսահ Ալիյուն 2018 թվականի փետրվարին տեղափոխվեց Հայաստան՝ վերակազմավորված Վանաձորի «Լոռի», որը դեռ հանդես էր գալիս Առաջին խմբի առաջնությունում: Ի դեպ, Աբրահամյանը վանաձորցի է, թեև երկար ժամանակ ապրել ու աշխատել է Ռուսաստանում:

David - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել
Դավիթ Աբրահամյանը՝ աջից

«Ալիյուին տեսա 2017 թվականին Նիգերիայի Լագոս քաղաքում կայացած եռօրյա փոքր մրցաշարի ընթացքում: Նա առանձնացավ գնդակի հետ լավ աշխատանքով և ոչ ստանդարտ մտածելակերպով: Նիգերիայում նրա նախկին ակումբի սեփականատիրոջն էր պատկանում նաև Պորտուգալիայի Բարձրագույն խմբի «Ֆեյրենսե» ակումբը, նրանք պլանավորում էին Ալիյուին ուղարկել այդ ակումբի երիտասարդական թիմ: Ֆուտբոլիստին որոշ ժամանակ անց մերժել էին շենգեն վիզա տրամադրել, ինչից հետո ինձ հաջողվել էր նրանց համոզել ընտրել «Լոռի» տեղափոխվելու տարբերակը»,- հիշում է Աբրահամյանը: «Երբ եկա Հայաստան, ոչինչ չգիտեի երկրի մասին: Միայն գիտեի, որ այն կոչվում է Armenia: Ժամանեցի Վանաձոր, երբ մրցաշրջանի ձմեռային հատվածն էր: Ցուրտ եղանակ էր, ձյուն, և ես սովոր չէի դրան, բայց մարզչի ու խաղընկերներիս օգնությամբ արագորեն հարմարվեցի այդ ամենին: Մտածեցի, որ «Լոռի» տեղափոխությունը լավագույն ընտրությունն էր կարիերայիս զարգացման համար»,- պատմում է Ալիյուն:

Հարմարվելու գործընթացը շատ կարճ տևեց: «Լոռիում» քիչ չէին աֆրիկացի խաղացողները, ինչը հեշտացրեց ինտեգրվելու խնդիրը: Ալիյուն դարձավ կարևոր ֆուտբոլիստ, անցկացրած 14 խաղում իր ակտիվում գրանցեց 3 գոլ և 6 արդյունավետ փոխանցում ու օգնեց թիմին դառնալ Առաջին խմբի 2017/18թթ․ առաջնության չեմպիոն՝ նվաճելով Բարձրագույն խմբի ուղեգիր: Այդ ամենում մեծ էր գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի ներդրումը․ «Նա ինձ ազատություն տվեց խաղադաշտում: Միշտ շնորհակալ կլինեմ Արմեն Ադամյանին ինձ հավատալու և ընձեռած հնարավորությունների համար: Նա ամբողջապես փոխեց իմ խաղաոճը»,- նշում է Ալիյուն:

img 20180526 wa0005880515853 - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Նա թողել էր ֆուտբոլը և անցել ծառայության, իսկ հետո դարձավ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը․ Արտակ Գրիգորյանի պատմությունը

Վանաձորյան թիմի մուտքը Բարձրագույն խումբ շռնդալից էր: Թիմը մեկնարկային 11 մրցավեճում տոնեց 7 հաղթանակ և կրեց ընդամենը 2 պարտություն: «Լոռին» շատ վառ խաղ էր ցուցադրում, թիմում, Ալիյուից զատ, առանձնանում էին նաև Ջոնել Դեսիրեն, Ուգոչուկվու Իվուն, Վիգեն Ավետիսյանը, Նանա Կվամե Անտվին, Աննան Մենսահն ու ավագը՝ Արտյոմ Խաչատուրովը: «Բոլորս իրար շատ լավ էինք հասկանում ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում: Երաժշտություն էինք լսում, կատակներ անում, կարծես մեկ մեծ ընտանիք լինեինք, բոլորն ազատ էին միմյանց հետ շփման ժամանակ»,- հիշում է Ալիյուն: Թիմին մեծապես օգնում էր նաև երկրպագուների մեծ ու հավատարիմ բանակը: Սակայն մրցակիցներն աստիճանաբար հարմարվեցին «Լոռիի» խաղաոճին և առանձին ֆուտբոլիստներին, ինչից հետո դժվարություններ առաջացան: Ձմռանը տեղի ունեցավ մարզչական փոփոխություն: Վանաձորցիները հասան գավաթի եզրափակիչ, որտեղ ինքնագոլով պարտվեցին «Ալաշկերտին», իսկ առաջնությունում չմտան եվրագավաթային գոտի՝ եզրափակելով լավագույն հնգյակը:

Ալիյուի համար մրցաշրջանն անհատական տեսանկյունից հրաշալի ստացվեց: Նա խաղում էր «10 համարի» դիրքում, կառուցում ու հաճախ նաև եզրափակում թիմի գրոհները: Գերազանց դրիբլինգին զուգորդվում էր նաև ստեղծարար միտքն ու մրցակիցներին իր որոշումներով անակնկալի բերելու ձիրքը: Առաջնությունում անցկացրած 29 հանդիպումներում (բոլորում էլ՝ մեկնարկային կազմում) դարձավ 7 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Տաղանդաշատ ֆուտբոլիստով շատերը սկսեցին հետաքրքրվել: Նոր մրցաշրջանում 3 մրցավեճ անցկացրեց «Լոռիում», ինչից հետո ակումբը հայտարարություն տարածեց․ «Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռին» իրականացրեց հերթական աղմկահարույց գործարքը։ Իսպանական «Ալմերիա» ակումբը ձեռք բերեց կիսապաշտպան Իսահ Ալիյուի տրանսֆերային իրավունքները»:

40595669 2087631917937962 1292679847792869376 o 960x640 - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Իսպանական երազանք, որը բախվեց դառն իրականությանը

«Լոռին» մինչ այդ ևս մեկ ուշագրավ գործարք էր կյանքի կոչել․ պաշտպան Նանա Անտվին վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»: Իսպանիայի Սեգունդայի ներկայացուցիչ «Ալմերիան» 140 հազար եվրո վճարեց վանաձորյան ակումբին Ալիյուի տրանսֆերի դիմաց, «Լոռին» հաջորդ վաճառքից պահպանեց նաև 20% մասնաբաժին: «Մրցաշրջանի ավարտից հետո շատ առաջարկներ ունեի Ֆրանսիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից և Իսպանիայից, սակայն Պիրենեյան թերակղզում խաղալն իմ երազանքներից մեկն էր, ու «Ալմերիան», բարեբախտաբար, ավելի մեծ հետաքրքրություն դրսևորեց, քան մյուս ակումբները»,- ասում է նիգերիացի ֆուտբոլիստը: Դավիթ Աբրահամյանը հավելում է․ «Ալմերիան» այդ ժամանակ կատարեց ամենակոնկրետ առաջարկը: Որոշիչ գործոններն էին ակումբի մակարդակը և ֆուտբոլիստի՝ Իսպանիա տեղափոխվելու ցանկությունը»:

Բայց Ալիյուի համար իսպանական արկածը վերածվելու էր խոչընդոտներով լի մի փուլի: «Ուշ ժամանեցի Իսպանիա, քանի որ ստիպված էի վերադառնալ Նիգերիա ու աշխատանքի թույլտվություն ստանալ: Բաց թողեցի մրցաշրջանի առաջին 2-3 ամիսները, «Ալմերիային» միացա միայն հոկտեմբերի վերջին»,- նշում է ֆուտբոլիստը: Նիգերիացին 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 6 հանդիպում անցկացրեց «Ալմերիայի» երկրորդ թիմում՝ միայն 2 անգամ հայտնվելով մեկնարկային կազմում, կատարելով 1 գոլային փոխանցում: «Ալմերիայի» առաջին թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Էմանուել Պեդրուն, որը ժամանակին որպես պաշտպան 120 խաղ էր անցկացրել «Պորտուի» կազմում, երիտասարդ Ալիյուին հնարավորություն տվեց նաև մի քանի մարզում անցկացնել գլխավոր թիմի հետ: Մասնագետը նաև զրուցում էր ֆուտբոլիստի հետ ու բացատրում՝ ինչպիսի ֆուտբոլ է ցանկանում տեսնել նրա կատարմամբ:

EOp hkVXUAUpMd9 960x720 - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Ալիյուի բախտը չբերեց նաև նրանով, որ Պեդրուն նոյեմբերին հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից: Նրան փոխարինեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին, որի համար «Ալմերիան» պրոֆեսիոնալ թիմ գլխավորելու առաջին փորձն էր: «Ալմերիայում» քաղաքականության փոփոխություն տեղի ունեցավ, ինչի հետևանքով Ալիյուն դադարեց մարզումներ անցկացնել գլխավոր թիմի հետ և ստվերում հայտնվեց: 2020 թվականի հունվարի 12-ին «Մարասենայի» դեմ կայացած խաղը երիտասարդ նիգերիացու համար վերջինն էր նաև «Ալմերիայի» երկրորդ թիմում: «Մի օր մարզվում էի երկրորդ թիմի կազմում և զանգ ստացա իմ գործակալից: Նա ինձ ասաց՝ «Ալմերիայից» իրեն տեղեկացրել են, որ Սաուդյան Արաբիայից մի թիմ հետաքրքրված է իմ ծառայություններով և ուզում է պայմանագիր ստորագրել ինձ հետ, իսկ «Ալմերիան» ցանկանում է բաց թողնել ինձ»,- պատմում է Ալիյուն:

Դավիթ Աբրահամյանը շատ ավելի մանրամասնորեն է տեղյակ՝ ինչու իսպանական ակումբը որոշեց ընդամենը կես տարի անց բաժանվել Ալիյուից: ««Ալմերիան» պատկանում է Սաուդյան Արաբիայից մի շեյխի, ակումբում սկսվեց ամեն ինչ լրջորեն փոխվել: Գուտիին նշանակեցին գլխավոր մարզչի պաշտոնում: Ակումբը ցանկանում էր Լա Լիգա բարձրանալ, շատ մեծ գումարների դիմաց հրավիրեցին անվանի նորեկների: Ակումբն այդպիսով խնդիրների առնչվեց Ֆինանսական Արդար խաղի հետ կապված, և որպեսզի չկիրառվեին պատժամիջոցներ, որոշեցին վաճառել մի քանի ֆուտբոլիստի: Սաուդյան Արաբիայի ակումբից Ալիյուի տեղափոխության համար արված 400 հազար եվրոյի առաջարկը տվյալ իրավիճակում շահավետ տարբերակ էր «Ալմերիայի» համար»:

EOJjZ2vX4AA0tQ5 - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Իսկ Ալիյուն մինչ այդ արդեն սկսել էր նաև իսպաներեն սովորել՝ երկրին ավելի լավ հարմարվելու համար․ «Կարծում եմ՝ ավելիին էի արժանի: Աստիճանաբար հարմարվում էի միջավայրին, և գործերը սկսում էին լավ ընթանալ: Գործում էի ինձ հոգեհարազատ խաղային դիրքում: Տրանսֆերի մասին չեմ զրուցել գլխավոր մարզչի հետ: Խոսել եմ միայն մարզական տնօրենի հետ: Չէի ասի, թե այժմ զղջում եմ «Ալմերիա» տեղափոխության համար: Իսպանիայում խաղալը հիանալի փորձ էր: Այդ ֆուտբոլային մշակույթը նոր էր ու տարբերվող ինձ համար: Շատ գոհ եմ, որ նման փորձառություն ստացա»: Կիսապաշտպանը 2020 թվականի հունվարին տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Շոլա» ակումբ, որը հանդես էր գալիս երկրի Առաջին դիվիզիոնի առաջնությունում (հեղինակությամբ երկրորդ մրցաշար): Ի դեպ, «Ալմերիան» այդ մրցաշրջանում չնվաճեց Լա Լիգայի ուղեգիր, իսկ Գուտին հունիսին պաշտոնանկ արվեց:

«Այնտեղ շատ դժվար է առաջադիմելը որպես ֆուտբոլիստ»

Ալիյուի փորձություններն այդքանով չէին ավարտվելու: Նա կարճ ժամանակահատվածում ևս մեկ «աշխարհ» հայտնաբերեց իր համար հայրենիքից, Հայաստանից ու Իսպանիայից հետո: Սաուդյան Արաբիայի ֆուտբոլը շատ է տարբերվում իսպանականից: «Այդ երկիր տեղափոխվելն անխուսափելի տարբերակ էր՝ հաշվի առնելով «Ալմերիայում» ստեղծված իրավիճակը: Նա չէր կարող անվճար հեռանալ: Մյուս կողմից, այդ տեղափոխությունը կարող էր խաղացողի՝ արաբական շուկայում առաջընթաց գրանցելու սկիզբ լինել, ինչով հետագայում կհետաքրքրեր Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի թոփ-ակումբներին: Դա նույնպես լավ ուղղություն է, առավել ևս մուսուլման խաղացողի համար»,- նշում է Աբրահամյանը:

EO7xYYSX0AYJ8B8 960x607 - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

Ալիյուն 6 խաղի մասնակցեց Առաջին դիվիզիոնի առաջնությունում, կատարեց 1 գոլային փոխանցում, ինչից հետո էլ վրա հասավ կորոնավիրուսը: Մրցաշրջանի վերսկսումից հետո անցկացրած 4 մրցավեճում ևս 1 «ասիստ» գրանցեց իր ակտիվում, առաջնությունն ավարտվեց միայն սեպտեմբերին: «Ալ Շոլան» 20 թիմի պայքարում գրավեց 12-րդ տեղը: Ակումբը գերադասեց հրաժարվել ունեցած լեգեոներներից: «Հասկացա, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլը չի համապատասխանում իմ տարիքի խաղացողին: Այնտեղ հանդես էին գալիս նախկինում Եվրոպայում խաղացած շատ ֆուտբոլիստներ՝ մոտ իրենց կարիերան ավարտելուն, հիմնականում՝ 30 և անց խաղացողներ: Անկեղծորեն ինձ դուր էին եկել երկիրն ու այնտեղի մարդիկ: Նրանք սիրում են ֆուտբոլն այնպես, ինչպես այստեղ՝ Եվրոպայում: Բայց եթե մնայի այնտեղ, չէի կարողանա հետագայում վերադառնալ Եվրոպա: Շատ դժվար է այնտեղ առաջադիմելը որպես ֆուտբոլիստ, հատկապես երբ տեղափոխվում ես Հին աշխարհամասից: Իմ երազանքը Եվրոպայի թոփ-ակումբներում հանդես գալն է»,- Սաուդյան Արաբիայում իր ժամանակահատվածն ամփոփում է Ալիյուն:

Վերադարձ Հայաստան, «ասիստ» հին ու նոր թիմակցից և աշխատանք Ռոբերտ Արզումանյանի հետ

Ալիյուն անցած տարվա նոյեմբերին վերադարձավ Հայաստան՝ պայմանագիր կնքելով «Ուրարտուի» հետ: Այնտեղ են նաև «Լոռիում» նախկին թիմակիցներ Մենսահը, Իվուն ու Դեսիրեն: «Տեղափոխվելուց առաջ շատ եմ զրուցել հատկապես Դեսիրեի հետ, նա շատ էր ցանկանում, որ միանայի «Ուրարտուին»: Հետաքրքիր է, որ երբ «Լոռիով» 2018 թվականին այստեղ 3-1 հաշվով հաղթեցինք այն ժամանակվա «Բանանցին», մեր կազմից հենց ես, Դեսիրեն և Իվուն մեկական գոլ խփեցինք: Որոշեցի վերադառնալ Հայաստան, քանի որ այստեղի առաջնությունն անձամբ ինձ ավելի է համապատասխանում»,- «Ուրարտուին» նախապատվություն տալն այսպես է մեկնաբանում ֆուտբոլիստը: Երևանում մենակ է ապրում, իսկ մայրաքաղաքի և Վանաձորի միջև որոշակի տարբերություն է տեսնում․ «Ինձ դուր է գալիս Վանաձորը, բայց Երևանն ավելի աշխույժ քաղաք է»:

5fc0ddef160fe 960x600 - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Նա Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքի հատվածում 6 պաշտոնական խաղի մասնակցեց՝ բացառապես մտնելով փոխարինման: Հետաքրքիր է, որ նրա օրոք հենց վերջին հանդիպմանը՝ «Վանի» դեմ մրցավեճում գրավեց մրցակցի դարպասը՝ օգտվելով հին ու նոր խաղընկերոջ՝ Դեսիրեի փոխանցումից: Իսկ ահա նոր գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը կարծես շատ է վստահում Ալիյուին: Նկատելիորեն փոխվել է «Ուրարտուի» խաղաոճը, իսկ երիտասարդ նիգերիացին վերջին 4 պաշտոնական խաղերն անցկացրել է մեկնարկային կազմում: «Անկեղծորեն հավատում եմ այն փիլիսոփայությանը, որ Ռոբերտ Արզումանյանը ներդնում է թիմում, և նրան, ինչ այժմ կառուցում է։ Նա լավ մարզիչ է, հասցնում է ամեն ինչ շատ մանրակրկիտ ձևով բացատրել, բայց միաժամանակ լինել հստակ և ըմբռնելի»,- նշում է Ալիյուն՝ բնութագրելով երիտասարդ մասնագետին:

Դավիթ Աբրահամյանը, որը նաև «Ուրարտուի» մարզական տնօրենն է, կարծում է՝ շատ բան կախված կլինի հենց ֆուտբոլիստից․ «Միայն տաղանդը երբեք բավարար չի լինում հետագայում նշանակալի քայլ առաջ կատարելու համար: Պետք է նաև ցանկություն, քրտնաջան աշխատանք ու անսահման ինքնազարգացման պատրաստակամություն: Հուսով եմ՝ այդ ամենը կլինի, և Ալիյուն կկարողանա առաջին հերթին օգտակար լինել «Ուրարտուին»»: Թիմը ներկա պահին 5-րդ հորիզոնականում է և շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար: Իսկ Ալիյուն դեռ չի հավաքել իր լավագույն մարզավիճակն ու պետք է ավելի մեծ ուժեր ներդնի նախկին արդյունավետությունը վերականգնելու և թիմին օգնելու համար:

170006695 3798948016824863 7031190683576062166 n 960x600 - Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Այսքանից հետո դժվար է հավատալը, որ կարիերայում արդեն շատ բան տեսած Իսահ Ալիյուն դեռ ընդամենը 21 տարեկան է: Նա ապացուցելու շատ բան ունի: 2018 թվականին, երբ դեռ խաղում էր «Լոռիում», Ալիյուն VNews․am-ին տված հարցազրույցում շատ հետաքրքիր պատասխան էր տվել այն հարցին, թե որն է ֆուտբոլում իր գլխավոր նպատակը․ «Ֆուտբոլն աշխարհն ավելի լավը դարձնելու յուրահատուկ ուժ ունի, և ես հուսով եմ լինել այն մարդկանց թվում, ովքեր կտարածեն այդ ուժը»: Ավելի նվիրական ցանկություն անհնար էր պատկերացնել:

Կապառոսի տղաները․ համաշխարհային ֆուտբոլի 7 բացահայտում, որ կատարել է մեր հավաքականի մարզիչը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: