Logo

VBET Պրեմիեր լիգայում նոր ակումբ կա. Ինչպիսի թիմ է կառուցում Արմեն Շահգելդյանը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 06.07.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
F2A9244 scaled - VBET Պրեմիեր լիգայում նոր ակումբ կա. Ինչպիսի թիմ է կառուցում Արմեն Շահգելդյանը

Վերջին տարիներին տեսել ենք, թե ինչպես են Հայաստանում նորաստեղծ ակումբները միմյանց միավորվում, անվանափոխվում և խաղում ուժեղագույն լիգայում: Այդպիսի ճանապարհ անցան «Արարատ-Արմենիան» և «Նոան», որոնք «ճիշտ» ակումբներ գտնելու («Ավան ակադեմիա» ու «Արցախ»)  և ռեբրենդինգ կատարելու շնորհիվ ժամանակ չկորցրին և անմիջապես հաջողությունների հասան: Բայց կան ակումբներ, որոնք ավելի բարդ ճանապարհով են հայտնվել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ ուժեղագույնը դառնալով Առաջին խմբում: Նախորդ մրցաշրջանում այդպիսի թիմ էր «Վանը», իսկ այս տարի «Սևանն» է:

Գեղարքունիքը ներկայացնող ակումբը ստեղծվել է 2018 թվականին, բայց մարզային թիմից 3 տարի պահանջվեց լավագույնների շարքում հայտնվելու համար: Այդ խնդիրը լուծեց նորանկախ Հայաստանի լավագույն հարձակվողներից մեկը՝ Արմեն Շահգելդյանը, որն մարզչի գործունեություն է ծավալում: Նա միշտ եղել է մաքսիմալիստ և փորձել դա փոխանցել իր սաներին: Շահգելդյանը նաև անընդհատ զարգանալու ձգտում ունի. դա փաստում է նույնիսկ 47 տարեկանում մարզչական սեմինարներին նրա մասնակցությունը:

VNews.am-ի հետ զրույցում Շահգելդյանը խոսեց «Սևանի» հավակնությունների, սելեկցիայի, մարզադաշտ փնտրելու և այլ թեմաների մասին:

«Սևանն» Առաջին խմբի չեմպիոն դարձավ խփելով 75 գոլ, սակայն թիմի լավագույն ռմբարկուները 6-ական գոլ էին խփել: Հասկանալի է, որ որոշ ֆուտբոլիստներ ձմռանը հեռացել էին, բայց միևնույն է նման յուրահատուկ ցուցանիշը պետք է ինչ-որ բացատրություն ունենա…

Մեր թիմում ընդգծված ռմբարկու չկա, բոլոր դիրքերի ֆուտբոլիստներն էլ գոլ էին խփում: Իհարկե, ցանկալի և շատ կարևոր է ունենալ ֆուտբոլիստ, որը ռմբարկու կլինի, բայց այս անգամ այդպես է ստացվել: Նոր մրցաշրջանում այլ կերպ կլինի, որովհետև Առաջին խմբի ու VBET Պրեմիեր լիգայի միջև սարերի ու ձորերի տարբերություն է: Այդ պատճառով ցանկալի է ունենալ ընդգծված ռմբարկու կամ ռմբարկուներ:

Ակումբն ակտիվորեն սելեկցիա է կատարում: Ձեր թիմին քանի՞ նորեկ է հարկավոր, որպեսզի մրցունակ լինի VBET Պրեմիեր լիգայում:

Կոնկրետ թիվ չեմ ասի, բայց մեր սելեկցիան տարբեր կերպ ենք իրականացնում: Կան ֆուտբոլիստներ, որոնց փորձարկում ենք և որոշում թիմում թողնել, իսկ որոշներից հրաժարվում ենք: Բայց կան նաև խաղացողներ, որոնց ձեռք ենք բերել առանց փորձաշրջանի, որովհետև արդեն տեղյակ էինք նրանց խաղամակարդակի մասին: Մեր խնդիրն է ոչ միայն փորձարկել ֆուտբոլիստների, այլև թիմին զուգահեռաբար պատրաստել նոր մրցաշրջանին:

«Սևանում» արդեն 8 նոր ֆուտբոլիստ կա: Այլ նորեկներ նույնպե՞ս սպասվում են:

Հավանաբար՝ այո: 2-3 այլ խաղացողի սպասում ենք:

«Սևանի» նորեկները հիմնականում փորձառու ֆուտբոլիստներ են՝ 26-31 տարեկան: Համեմատաբար երիտասարդներից է Արթուր Քարտաշյանը, որը 24 տարեկան է, բայց 100-ից ավելի խաղ է անցկացրել «Փյունիկում»: Փորձառուներին հրավիրելը կոնկրետ նպատա՞կ ունի:

Ես ընդհանրապես տարիքի վրա ուշադրություն չեմ դարձնում: Ֆուտբոլիստը կարող է 34 տարեկան լինել կամ 17, ես նրան գնահատում եմ մարզումներին ու խաղերին կատարած աշխատանքով: Մեր նորեկների տարիքին չեմ նայում, ինձ ընդամենը հարկավոր է, որ նրանք խաղադաշտում կատարեն իմ առաջադրանքները:

Այսինքն՝ թիմի նորեկներ փորձը հաշվի չեք առե՞լ:

Իհարկե, հաշվի առել ենք, բայց դա նրանց ընդամենը մի փոքր առավելություն է տվել մյուսների համեմատ, ոչ ավելին:

F2A9221 960x640 - VBET Պրեմիեր լիգայում նոր ակումբ կա. Ինչպիսի թիմ է կառուցում Արմեն Շահգելդյանը

Նոր մրցաշրջանում ի՞նչ նպատակներ են դրվել թիմի առջև:

Ֆուտբոլային կարիերայում միշտ ձգտել եմ ամենաբարձր նվաճումներին՝ չեմպիոն դառնալ, գավաթը նվաճել, լավագույն խաղացողը ճանաչվել, եվրագավաթներին մասնակցել: Մարզիչ դառնալուց հետո ինձ մոտ ոչինչ չի փոխվել մարզչական 11 տարվա ընթացքում: «Սևանում» նպատակ ունենք պայքարել ամենաբարձր տեղերի համար:

Հայաստանում հաճախ է հնչում այդ միտքը՝ «ամենաբարձր տեղերի» համար, բայց համաձայնեք, որ դա կարելի է ավելի կոնկրետացնել, որովհետև ամենաբարձր տեղերը ենթադրում են եվրագավաթային ուղեգրեր: Դա՞ է լինելու Ձեր նպատակը:

Մենք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր չենք նվաճել, որպեսզի խաղանք մեր տեղը պահպանելու համար: Մենք պետք է խաղանք միայն հաղթելու համար, բայց մեր նպատակը փորձելու ենք իրագործել խաղ առ խաղ: Ամեն օր ամենակարևորը լինելու է առաջիկա խաղը: Եթե նվիրվածությունը, արգեսիվությունը, խելքը, սիրտը, հոգին և ընդհանրապես ամեն ինչ օգտագործենք 100 տոկոսով, ապա անպայման կհասնենք հաջողության:

Մեր ընտրանին

Հայաստանում մասնագետները հաճախ խոսում են, որ թիմերը նախընտրում են զգուշավոր տակտիկա՝ շեշտը դնելով հակագրոհային ֆուտբոլի վրա: Ձեր թիմն ինչպիսի՞ ֆուտբոլ է ցուցադրելու:

Ֆուտբոլում ամեն ինչ փոխկապակցված է: Ուժեղ պաշտպանություն ունենալը դեռ ոչինչ չի նշանակում, եթե թիմը գոլ չի խփում, և նույնը՝ հակառակ դեպքում: Ես ցանկանում եմ, որ «Սևանն» ամբողջ թիմով հարձակվի ու պաշտպանվի՝ ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ:

Ձեր մարզչական շտաբում փոփոխություններ կատարվեցին, ակումբից հեռացան Ձեր օգնական Արա Նիգոյանը և դարպասապահների մարզիչ Գոռ Եդիգարովը: Ձեր նոր օգնականն Աղվան Այվազյանն է, դարպասապահների մարզիչը՝ Արմեն Այվազյանը, բացի այդ, «Սևանը» վերջապես ունեցավ ֆիզիկական պատրաստության մարզիչ՝ Ռաֆայել Բիսպոն: Ո՞րն էր այդ փոփոխությունների պատճառը:

Նախ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնց հետ աշխատել ենք, բայց հիմա այն մակարդակի ենք հասնում, երբ պետք են ավելի բանիմաց մասնագետներ, որոնց հետ աշխատանքում մեր բոլորիս մտածելակերպն ու ֆուտբոլային մոտեցումները համընկնեն:

Ինչ վերաբերում է «Սևանի» ֆիզպատրաստության մարզչին, ապա նշեմ, որ առաջին անգամ ենք նրա հետ համագործակցում, բայց վստահում ենք նրան և հավատացած ենք՝ ամեն ինչ լավ կլինի: Տարբերվող մտահղացումներ ունի, շատ փորձառու է, աշխատել է Պորտուգալիայի Բարձրագույն խմբում և Բրազիլիայում:

F2A9213 960x640 - VBET Պրեմիեր լիգայում նոր ակումբ կա. Ինչպիսի թիմ է կառուցում Արմեն Շահգելդյանը

«Սևանը» որտե՞ղ է անցկացնելու տնային հանդիպումները:

Դեռ պարզ չէ: Դիմել ենք մի քանի մարզադաշտ վարձակալելու համար: Մոտ օրերս հստակություն կլինի:

Այդ ստադիոնները Երևանո՞ւմ ենք:

Այո:

Ինչո՞ւ ոչ Սևան քաղաքի մարզադաշտը:

Սևանում միայն ակադեմիայի մարզադաշտն է: Ակադեմիայում ուրիշ ոչինչ չի օգտագործվում: Ով ցանկանում է՝ մտնում և դուրս է գալիս: «Սևանի» ակադեմիայի հետ մենք որևէ կապ չունենք, այն մեր ակումբինը չէ: Մեզ միայն կապում է անունը:

«Սևանում» խաղալու համար նաև եղանակային բարենպաստ պայմաններ են հարկավոր, որովհետև այնտեղ առավելագույնը 3 ամիս կարող ենք խաղալ:

Պարոն Շահգելդյան, «Սևան» ակումբը ներկայացնում է Գեղարքունիք մարզը, բայց խաղալու է Երևանում: Հաշվի առնելով, որ «Լոռին», «Շիրակը» և «Գանձասար-Կապանը» չեն խաղալու VBET Պրեմիեր լիգայում, «Վանի» հետ մեկտեղ «Սևանը» միակ մարզային ակումբն է: Այդուհանդերձ, Ձեր թիմի երկրպագուներին մոտ չեք լինի…

Բոլորի համար էլ ցանկալի կլիներ խաղալ այնտեղ, որտեղ գրանցված են: «Սևանը» բացառություն չէ, բայց այս պահին չենք կարող:

Հունիսին Ռուսաստանում էիք՝ դասընթացների: Ինչպե՞ս անցավ:

Դասընթացներն ՈւԵՖԱ-ի հետ համատեղ էին, ծրագիրը բավականին հագեցած էր: Մեծ փորձ ենք կուտակում բարձրակարգ մասնագետների հետ շփումներից, յուրաքանչյուրը ֆուտբոլի վերաբերյալ իր մտքերն է արտահայտում:

Դասընթացների շրջանակում ներկա գտնվեցինք ԵՎՐՈ-2020-ի Ռուսաստան – Բելգիա և Ռուսաստան – Ֆինլանդիա խաղերին: Պետք է հանդիպումը դիտելուց հետո վերլուծություն ներկայացնեինք: Սա այն դեպքն է, երբ օգտակարը համատեղում ես հաճելիի հետ:

Նոր մտահղացումներ առաջացա՞ն, որոնք հետագայում կարող եք օգտագործել աշխատանքում:

Իհարկե: Այսպես խոսակցությամբ բացատրելը բարդ կլինի, բայց ֆուտբոլային լուծումների նոր պաշար ստացա, որոնք կհամադրեմ իմ նախկին մոտեցումներին և կօգտագործեմ աշխատանքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: