Logo

Ադրբեջանցիները մերժել են Գենիչի հավատարմագրումը, իսկ Մոսակովսկիին հետ են ուղարկել Մոսկվա

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.06.2021ՍՊՈՐՏ
Ադրբեջանցիները մերժել են Գենիչի հավատարմագրումը իսկ Մոսակովսկիին հետ են ուղարկել Մոսկվա - Ադրբեջանցիները մերժել են Գենիչի հավատարմագրումը, իսկ Մոսակովսկիին հետ են ուղարկել Մոսկվա

Ռուս սպորտային մեկնաբան Կոնստանտին Գենիչը հայտնել է, որ չի կարողացել հավատարմագրվել ԵՎՐՈ 2020-ի խաղերի լուսաբանման համար Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման պատճառով:

Պատճառն այն է, որ Գենիչը 2009 թվականին Արցախում մասնակցել է ԱՊՀ ու Բալթյան երկրների ֆուտբոլային մրցաշարի:

Գենիչը զանգ է ստացել Արբեջանից: Նրան հարցրել են՝ արդյոք հավատարմագրվե՞լ է ԵՎՐՈ 2020-ի համար: Պատասխան չստանալուց հետո հարցրել են՝ 2009 թվականին արդյոք ներկա եղե՞լ է Արցախում: Գենիչն այդ հարցին նույնպես չի պատասխանել՝ ասելով, որ կապ հաստատեն ու տեղեկությունը ճշտեն «Матч ТВ» հեռուստաընկերությունից:

«5 րոպե անց ես ՈՒԵՖԱ-ից նամակ ստացա, ըստ որի՝ չեմ հավատարմագրվել ԵՎՐՈ 2020-ին: «Ձեր հավատարմագրումը մերժվել է, սա վերջնական որոշում է, հարցերի համար…» Ու ադրբեջանական կողմի՝ «Բաքու 2020»-ի էլեկտրոնային հասցեն:

Իսկապես չեմ հասկանում՝ ինչո՞ւ խառնել սպորտն ու քաղաքականությունը, հատկապես մրցաշարի բացման օրը: Հուսով եմ՝ իմ հարցը կլուծվի, ու հավատարմագրումս կհաստատվի, ու ես կկարողանամ աշխատել ԵՎՐՈ 2020-ին: Իսկ եթե ոչ, ապա Բաքու, ցավոք, ես հիասթափված եմ»,- գրել է Գենիչը Տելեգրամում:

«Матч ТВ»-ի մեկնաբաններից Միխայիլ Մոսակովսկին նույնպես խնդիրներ է ունեցել ադրբեջանական կողմի հետ: Պատճառը կրկին այն է, որ նա ներկա է եղել Արցախում ֆուտբոլային մրցաշարի:

Մեկնաբանը ժամանել է Բաքու, իջել ինքնաթիռից, ստուգումներից հետո նրան նույն ինքնաթիռով հետ են ուղարկել Մոսկվա:

«Ինձ թույլ չտվեցին մտնել Ադրբեջան: Պետք է մեկնաբանեի Շվեյցարիայի ու Ուելսի հավաքականների միջև հանդիպումը: Իմ անձնագրում տեսան հայկական կնիք: Խնդրեցին սպասել, իսկ հետո տարան Մոսկվա վերադարձող ինքնաթիռի մոտ առանց որևէ մեկնաբանության:

Ես անցել էի հավատարմագրման գործընթացը, հրավեր ունեի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Եթե ինչ որ մեկը հայտնվում է «սև ցուցակում», ապա ինչո՞ւ նրան չասել դրա մասին:

Մի խոսքով՝ իմ Եվրո-ն սկսվեց այսպես»,- գրել է Մոսակովսկին Տելեգրամում:

Հիշեցնենք, որ «Матч ТВ»-ի մեկնաբաններից, ադրբեջանական կողմի որոշումով պայմանավորված, մրցաշարին չէր հավատարմագրվել նաև Նոբել Առուստամյանը: Ավելի ուշ, Ռուսաստանի արտգործնախարարության միջամտությամբ, հայ մեկնաբանը հավատարմագրվել է մրցաշարին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: