Logo

9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
erdrhp0fn0pkqjz3pzzz - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Դանիայի հավաքականին ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչ  հասցրած Կասպեր Յուլմանդը նախքան ազգային ընտրանին գլխավորելն ուշագրավ ճանապարհ է անցել․ 26 տարեկանում բազմաթիվ վնասվածքներից հետո դադարել է ֆուտբոլ խաղալ, հետո աշխատել է սնանկ ճանաչված թիմում՝ ստադիոնի տանիքից նկարահանելով մարզումները և մասնակցել  դանիական մանկապատանեկան ֆուտբոլի բարեփոխմանը, ինչի շնորհիվ էլ ազգային հավաքականում հայտնվել են Յուսուֆ Պոուլսենը, Պիեռ-Էմիլ Հոյբյերգը և Անդրեաս Քրիստենսենը:

9 վիրահատություն, սեր «Այաքսի» ոճի նկատմամբ և այց Իսպանիա՝ «Բարսելոնայի» մարզմանը

Երբ Յուլմանդը պատանեկան տարիքում տեսավ 1980-ականների «Այաքսի» խաղը, փոխվեցին նրա պատկերացումները: Այն, ինչ անում էր լեգենդար Յոհան Կրոյֆի թիմը, հիացմունք առաջացրեց տղայի մոտ, որը սովոր էր Դանիայում տարածված պաշտպանողական ֆուտբոլին: Նա 90-ականներին էլ հետևում էր «Բարսելոնային» և մի օր այցելեց Իսպանիա, որպեսզի ներկա գտնվի թիմի մարզմանը․ օգնեց ծանոթը, որը պայմանավորվեց Լաուդրուպի հետ:

Յուլմանդն այդ ժամանակ վերջնականապես գլխի ընկավ՝ ինչը չի հերիքում դանիացիներին: «Վերադառնալով տուն՝ փորձեցի բացատրել որոշ բաների կարևորությունը և հասկացա, որ Դանիայում պրոֆեսիոնալ սպորտի պատմությունը կարճ է: Կային մարդիկ, որոնք դիետան կարևոր չէին համարում: Երբ «Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, 55 մարդ մեդալ ստացավ: Նրանցից միայն 25-ն էին ֆուտբոլիստներ, մնացածը մարզչական շտաբից և բժշկական անձնակազմից էին: Ֆուտբոլն էլ ավելի արագորեն է շարժվում այդ ուղղությամբ, և մենք պետք է սովորենք ու օգտագործենք այդ գիտելիքները»,- ասում է Յուլմանդը:

01champions19 superJumbo 960x640 - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Նա պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլ խաղաց, բայց շատ խանգարեցին վնասվածքները: 19 տարեկանում անհաջող սահանկում կատարեց և վնասեց մենիսկը․ այդպես տեղի ունեցավ առաջին վիրահատությունը: Հետո եղան ավելի սարսափելի երևույթներ․ ևս 6 վիրահատություն միևնույն ծնկի վրա, 2-ը՝ մյուս ծնկի, ևս 1-ն էլ՝ աճուկի շրջանում:

Երբ Յուլմանդը 26 տարեկան էր, բժիշկն ասաց, որ այլևս չի կարողանա մարզվել: Հարկավոր էր ավարտել կարիերան:

«Ես այսպես թե այնպես ֆուտբոլից բացի զբաղվում էի բազմաթիվ այլ բաներով, քանի որ մշտապես վնասվածքներից ապաքինվելու գործընթացում էի: Բայց երբ քեզ 26 տարեկանում ասում են, որ այլևս չես կարող ֆուտբոլ խաղալ, հասկանում ես, որ երազանքդ անկատար է մնալու: Դու այլևս չես կարողանա զբաղվել այն գործով, որը քեզ համար լավագույնն ես համարում»:

Դարձավ սնանկ թիմի մարզիչ և սկսեց նկարահանել մարզումներն ու խաղերը

Այդ ժամանակ՝ 1998 թվականին, «Լյունգբյուի» մարզական տնօրեն Բիրգեր Յերգենսենը մոտեցավ Յուլմանդին և ասաց․ «Դու պետք է մարզիչ դառնաս»: Կասպերն այդպես էլ սկսեց իր կարիերան: Հաջորդած 8 տարիների ընթացքում անցավ ակումբի Մ18 թիմից մինչև գլխավոր թիմ ճանապարհը:

20190325 121410 A 1920x1266we 960x632 - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Ուղին հեշտ չտրվեց: «Լյունգբյուն» 2001 թվականին սնանկացավ, բայց Յուլմանդը չհանձնվեց․ ընդհակառակը, աշխատանքի էր գնում առավոտյան 6-ին, պատրաստում գնդակները և մարզում այն խաղացողներին, որոնք մնացել էին ակումբում: Յուլմանդն այդ ժամանակ փոքր տեսախցիկ գնեց և սկսեց ստադիոնի տանիքից նկարահանել թիմի մարզումներն ու խաղերը: Այն ժամանակ չկային վիճակագրական ծառայություններ, և նա անձամբ էր իր թիմի համար ուսուցողական տեսանյութեր պատրաստելու համար նկարահանում և մոնտաժ իրականացնում: Նա այդ աշխատանքը մշտապես անվանում է «փորձարկումների լաբորատորիա»:

Հետո Յուլմանդը «Նորդշելանդում» օգնականի պարտականություն կատարեց, իսկ մի քանի տարի անց նշանակվեց գլխավոր մարզիչ: Հենց նա այդ թիմին 2012-ին հասցրեց իր առաջին ու առայժմ վերջին չեմպիոնական տիտղոսին:

«Միշտ հավատացել եմ, որ կարող եմ օգնել թիմերին հաղթանակների հասնել,- ասում է Յուլմանդը,- բայց ես խորապես կախված էի վստահությունից: Չի կարելի մարդուն խցկել տուփի մեջ, որտեղ նա չի կարող դրսևորել իրեն: «Լյունգբյուում» ինձ թույլ տվեցին լինել եսիս հավատարիմ, և ես շատ մոտեցա սահմաններին: Նույնն էլ տեղի ունեցավ «Նորդշելանդում»»:

Յուլմանդին 2014-ին աշխատանքի առաջարկ ներկայացրեց գերմանական «Մայնցը»: Մարզիչը համաձայն էր տեղափոխությանը, եթե լիակատար ազատություն երաշխավորվեր: Խոստում տրվեց, բայց Կասպերը 8 ամիս անց վերադարձավ Գերմանիայից: Կարիերայի այդ փուլը գլխավոր օրինակն է՝ ինչպես կարող են չաշխատել Յուլմանդի մեթոդները:

unnamed 8 - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

«Ինձ հաճախ միամիտ ռոմանտիկ էին անվանում, հատկապես՝ կարիերայիս սկզբում,- պատմում է մարզիչը,- ես պնդում էի, որ պետք է տիրել գնդակին և սխեմայի փորձարկումներ կատարել: Բայց ինձ միշտ մի հարց էր ղեկավարում․ որքա՞ն ուժեղ կարող ենք դառնալ, ու ես փորձում էի պատասխան գտնել: Ստատուս-քվոն պահպանելը քիչ է: Եթե դու ցանկանում ես նոր մակարդակի վրա դուրս գալ, պետք է նոր բան փորձես: Եթե դա միանգամից արդյունք չտա, մարդիկ կասեն, թե դա միամիտ քայլ էր: Ընդամենը պարտություններից խուսափելը ձանձրալի է: Ես ցանկանում եմ հնարավորինս ուժեղ տպավորություն թողնել և առավելագույնս հաճախ հաղթել»:

Յուլմանդը Դանիայի մանկապատանեկան ֆուտբոլի բարեփոխման հեղինակներից մեկն է

Յուլմանդը ոչ միայն մարզչական գործունեություն է ծավալել, այլև բարեփոխումներ կատարել Դանիայի մանկապատանեկան ֆուտբոլում: 2000-ականների սկզբին մարզչական դասընթացների ժամանակ ծանոթացել է հավաքականի նախկին խաղացող Կելդ Բորդինգարդի հետ, և նրանք երկար քննարկումներից հետո եկել են այն եզրակացության, որ Դանիայում երեխաներին սխալ են պատրաստում: Այդպես մեկնարկել է ամբողջ աշխարհով երեխաների հետ աշխատանքի ահռելի հետազոտություն: Գլխավոր եզրակացություններից մեկն էր, որ Դանիայում պատանի ֆուտբոլիստները չափազանց վաղ են սկսում խաղալ մեծ խաղադաշտերում: Նրանք դրա պատճառով ավելի քիչ են լինում գնդակով, ինչը խանգարում է տեխնիկայի ու մտածողության աճին:

«Մենք պարզեցինք, որ երեխաներն այժմ փողոցներում ֆուտբոլ գրեթե չեն խաղում,- բացատրում է Յուլմանդը,- իսկ նրանք շատ բան են սովորել՝ փոքր տարածության մեջ խաղեր անցկացնելով, մրցելով 2-ը 2-ի դեմ: Սակայն հայտնվել են ակումբներում, որտեղ սկսել են միանգամից մրցել 11-ը 11-ի դեմ: Նրանք այդպես հանդիպման ընթացքում 4 անգամ են հպվում գնդակին: Դա 2 հետևանք ունի․ առաջին` թողնում են ֆուտբոլը, երկրորդ` չեն ունենում այն տեխնիկան, որ կարող էր զարգանալ: Ինչպե՞ս ստեղծել մթնոլորտ, որում տղաներին հետաքրքիր է, բայց միաժամանակ ստանան գիտելիքներ, որոնք նրանց փոքր-ինչ ուշ պետք կգան․ նրանց պետք է սովորեցնել խաղի միջոցով: Ալբերտ Էնշտեյնն ասել է․ «Խաղը հետազոտության բարձրագույն ձևն է»:

22924526 top 960x539 - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Դանիայի ֆուտբոլային միությունն ուշադրություն դարձրեց Յուլմանդի և Բորդինգարդի եզրակացություններին ու փոխեց երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման գործընթացը: Դպրոցներում սկսեցին խաղալ 5-ը 5-ի դեմ, իսկ ամբողջ երկրով մեկ հայտնվեցին փոքր դարպասներով հրապարակներ:

2005 թվականին սկիզբ դրվեց «Տաղանդների համընդհանուր զարգացում» ծրագրին, և Յուլմանդը դարձավ դրա համակարգողներից մեկը: «Եթե մենք ցանկանում ենք՝ հավաքականը 10 տարի անց արդյունքներ ցույց տա, պետք է այժմ լավ աշխատանք կատարել երեխաների հետ»,- ասում էր Յուլմանդը:

Նոր համակարգի պտուղներն արդեն տեսանելի են․ նրա միջով են անցել Յուսուֆ Պոուլսենը, Պիեռ-Էմիլ Հոյբյերգը, Անդրեաս Քրիստենսենը, Ռիզա Դուրմիսին, Վիկտոր Ֆիշերը և Քրիստիան Ներգորը:

Յուլմանդը պաշտում է փիլիսոփայությունը և կարծում է, որ կասկածամիտ լինելը հաջողության ճանապարհն է

Յուլմանդի գրադարանի գրքերի մեծ մասը ֆուտբոլի մասին չէ: Դարակներում առկա են Սարտրայի, Կամյուի և Կյերկեգորի աշխատանքները: Կասպերը դեռ պատանեկան տարիքից է հետաքրքրված փիլիսոփայությամբ: Նա փնտրում էր գաղափարներ, որոնց կարելի է հավատալ:

«Ինձ հետաքրքիր է՝ ինչն է մտահղացումը վերածում գործողության: Մտածողության գործընթացը սարսափելի հետաքրքիր է: Եթե խոսենք ֆուտբոլից, ապա ի՞նչն է Հուգո Մայսլին 1930-ականներին ստիպել նստել հունգարական սրճարաններում և մտածել, որ կարելի է այլ կերպ ֆուտբոլ խաղալ: Հետո դա Ավստրիայում ֆուտբոլային բումի է վերածվել: Կամ Վալերի Լոբանովսկին Խորհրդային Միությունում և Ռինուս Միխելսը Նիդերլանդներում, որոնք կոշտ պրեսինգով տոտալ ֆուտբոլ խաղալու մասին են մտածել: Ի՞նչն է Արիգո Սակիին 80-ականներին ստիպել պաշտպանությունում գոտիներով խաղի անցնելուն: Ինձ հետաքրքիր է՝ ինչպես են առաջանում լավ մտքերը, որտեղ են դրանք հեռանում, ինչպես դրանք կյանքի կոչել»,- ասում է Յուլմանդը:

16165115603998 b - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Նա ամենալուրջ տպավորությունը ստացել է դանիացի Սյորեն Կյերկեգորի՝ էքզիստենցիալիզմի (ամենակարևորը մարդկային գոյության բացարձակ եզակիությունն է) հիմնադրի մտքերից: Մարզիչն առ այսօր մշտապես վերադառնում է նրա, ինչպես և ֆրանսիացի էքզիստենցիալցմի հետևորդների մտքերին․ «Կարող եմ պարզապես նստել և մտորել մեծ երևույթների ու շատ պարզ հարցերի մասին: Ո՞րն է կյանքի իմաստը: Ե՞րբ եմ ես ամենից երջանիկ: Ինչպես այնպես անել, որ մեր երեխաներն այս մոլորակում ավելի լավ ապրեն: Ի՞նչ հայացքներ և արժեքներ կարող եմ փոխանցել մարդկանց, որպեսզի օգնեմ նրանց կառուցել լավ, երջանիկ ու իմաստալից կյանք: Ի՞նչ է այդ ամենն իրականում»:

Յուլմանդը դեռ ֆուտբոլիստի կարիերայի ժամանակ մշտապես վերլուծել է խաղը: Ինչքան շատ էր իմանում ֆուտբոլի մասին, այնքան ավելի շատ հարցեր էր ունենում մարզիչներին: «Բ-93» թիմում աշխատող Ջոնի Պետերսենը հաճախ չէր հասկանում՝ Կասպերն ինչ է ցանկանում: «Մտածում էի՝ կարելի է ֆուտբոլ խաղալ ոչ այնպես, ինչպես Դանիայում են սովորեցնում,- հետագայում հիշել է Յուլմանդը,- մենք պաշտպանությունում խաղի շատ տարբերակներ ունեինք, փորձում էինք խուսափել սխալներից և օգտվել ունեցած բազայից, բայց երբ բանը հասնում էր հարձակման գծում խաղին, հաճախ լսում էի․ «Ես չեմ կարող ձեզ սովորեցնել ֆուտբոլ խաղալ: Պետք է պարզապես դաշտ մտնել ու խաղալ»:

2020 թվականին նախապատրաստվելով Դանիայի հավաքականում աշխատանքին՝ Յուլմանդը դիտեց հին հանդիպումները և ուսումնասիրեց դանիական ֆուտբոլի պատմությունը մինչև 19-րդ դարի վերջը: Նա այդ ամենում ոգեշնչում էր փնտրում:

«Անցյալում այն երիտասարդ մարզիչներից մեկն էի, որոնք կարծում էին՝ ինչ-որ նոր բան են հայտնագործել,- ասում է Յուլմանդը,- բայց դա այդպես չէ: Ամեն ինչ արդեն մտածել են մեզնից առաջ: Երբ մի փոքր խորանում ես թեմայի մեջ, դու միշտ հին գինի ես գտնում նոր բաժակների մեջ»:

KasperHjulmand007 landscape - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Յուլմանդը կարծում է, որ կասկածը հաջողության հասնելու ճանապարհն է․ «Որոշները կասկած ունենալը թուլություն են համարում, բայց ես կարծում եմ, որ կասկածն իմ գլխավոր շարժիչ ուժն է: Իմ լավագույն հանդիպումները տեղի են ունեցել, երբ ես հանդիպել եմ մրցակցի՝ մինչև վերջ չիմանալով, թե, գրողը տանի, ինչ եմ պատրաստվում անել նրա դեմ»:

Մարզիչը կարծում է՝ Դանիայի հավաքականի խաղը պետք է սրտին ստիպի ավելի արագ բաբախել

Յուլմանդի ևս մեկ համոզմունք՝ ոչ մի թիմ չի կարելի կառուցել առանց ինքնության: «Ինչպիսի՞ ակումբի հետ ես աշխատում: Ի՞նչ են սպասում երկրպագուները, ի՞նչ է եղել այդտեղ անցյալում, ի՞նչ ոճ են այդտեղ ցանկանում տեսնել: Կապելոն «Ռեալի» հետ Իսպանիայի չեմպիոն դարձավ, բայց հեռացվեց պաշտոնից, քանի որ թիմն այդքան էլ գեղեցիկ չէր խաղում: Այդ խաղաոճն օտար էր «Ռեալի» համար: Ինձ դուր է գալիս այդպիսի հայացքը: Մենք Դանիայում դեռ չգիտենք՝ ով ենք, բայց հուսով եմ, որ կհաջողվի հասկանալ դա»,- ասել է մարզիչը 2020-ին տված հարցազրույցում:

Յուլմանդը դանիական ինքնությունն ավելի լավ հասկանալու համար վերջին տարում տարբեր մարդկանց հետ է շփվել՝ մշակույթի գործիչների, բիզնեսի առաջատարների և նախկին վարչապետ Հելե Թորնինգ-Շմիդտի:

«Հիմա մեր երկրի մասին փոքր-ինչ ավելին գիտեմ, բայց դա, միևնույնն է, փոքր առեղծված է,- ասում է Յուլմանդը,- մենք, ի տարբերություն շվեդների, հակված ենք ընդդիմություն լինելու: Մենք գեղեցկություն ստեղծում ենք այնպես, որ այն ցնցող չլինի: Այդքան էլ չենք սիրում սոցիալական շերտավորում: Դանիայում կան 4 հիմնական գործոններ՝ հուսալիություն, որը թույլ է տալիս վստահել միմյանց, հարգանք իրար նկատմամբ, բաց լինելու ունակություն, որը վերածվում է մտածածդ արտահայտելու ունակության, ինչպես նաև ազնվություն»:

Untitled design 5 6 960x534 - 9 վիրահատություն, աշխատանք սնանկ թիմում․ Ով է Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչ հասցրել

Յուլմանդի համար կարևոր է, որ հավաքականը կապ զգա երկրպագուների հետ, և հակառակը: «Մեր նպատակը դանիացիների սրտերը շոշափելն է: Ե՛վ հաղթանակների, և՛ խաղադաշտում կիրք ցույց տալու, և՛ իր մեջ հետևյալ կոչը պարունակելու միջոցով՝ մենք չենք մոռանում՝ որտեղից ենք եկել: Այդ տղաները դանիական շատ տարբեր քաղաքներից են: Նրանք ներկայացնում են այդ վայրերի տղաներին ու աղջիկներին: Ես դա չեմ ասում նրանից ելնելով, թե պարտավոր եմ: Սա իմ կամ Դանիայի ֆուտբոլային միության հավաքականը չէ: Սա մեր թիմն է: Ցանկանում եմ, որ մարդիկ հպարտանան իրենց հավաքականով»,- ասել է մարզիչը:

Յուլմանդը համոզված է, որ հավաքականի խաղաոճը պետք է արտացոլի ազգային ինքնությունը․ «Մենք բրազիլացիներ չենք, ուստի չպետք է խաղանք այնպես, ինչպես նրանք: Բայց Դանիայի ցուցադրած խաղը պետք է գեղեցիկ լինի: Պետք է դադարել խոսել, թե հաղթանակները ֆուտբոլում գլխավորն են: Իհարկե, արդյունքներն ուրախացնում են, բայց ցուցադրած խաղն ինքնին ևս կարող է ոգեշնչել: Այն կարող է սրտին ստիպել ավելի արագ բաբախել: Հավաքականի պատմությունը նման է մարդու կյանքին՝ լինում են անկումներ, դրանք երկար են հիշվում: Բայց կարելի է հաղթել ու տիտղոսներ նվաճել, սրտեր նվաճել:

Կասկած չկա, որ Դանիայում ստեղծվել է ահռելի վստահության հասարակություն: Դա են հաստատում նաև շատ հետազոտություններ: Մենք ստեղծել ենք հրաշալի փոքր երկիր, որտեղ իշխում է պարկեշտությունը: Մենք մոտ ենք միմյանց: Մեր վարչապետը կարող է քայլել փողոցով: Այդպիսի բան չեք տեսնի աշխարհի ոչ մի երկրում:

Ուստի հավաքականն էլ ինչ-որ մեծ բանի մի մասն է: Մենք հարևան փողոցի տղաներ ենք: Մենք երբեք չենք հանձնվում: Երբ «Պարկեն» ստադիոն է ժամանում Ֆրանսիան կամ Բելգիան, բոլորը վստահ են լինում, որ պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: