Logo

Եկան հերոսի նման, հեռացան՝ որպես լուզեր. ԵՎՐՈ 2020-ի 5 մեծագույն անհաջողակները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
213209364 499022694694575 3709834537109581670 n - Եկան հերոսի նման, հեռացան՝ որպես լուզեր. ԵՎՐՈ 2020-ի 5 մեծագույն անհաջողակները

ԵՎՐՈ 2020-ը մոտենում է իր ավարտին: Վերջին մեկ ամիսը լի էր տարբեր էմոցիաներով, հաղթողներով, պարտվողներով: Եվրոպայի այս առաջնությունից հետո շատ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը բարձրացավ, շատերը կտեղափոխվեն ավելի մեծ ակումբներ, շատ թիմերի մասին երկրպագուների կարծիքը փոխվեց՝ դեպի դրականը, շատերն այս առաջնությունից դուրս կգան ավելի մեծ վստահությամբ:

Բայց կան ֆուտբոլիստներ, որոնք մրցաշարին մոտենում էին ոգևորությամբ, սպասումներն էլ մեծ էին, բայց վերջին մեկ ամիսը նրանց համար մղձավանջ դարձավ: VNews-ը ներկայացնում է ԵՎՐՈ 2020-ի գլխավոր անհաջողակներին:

Ալվարո Մորատա. հերոսից հակահերոս՝ մի քանի րոպեում

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան Եվրոպայի այս առաջնության ամենակենտրոնական դեմքերից էր: Մինչև մրցաշարի մեկնարկը Մորատային ծաղրում էին՝ գոլային պահերը չիրացնելու համար: Բացի դա՝ «Յուվենտուսի» հարձակվողը խաղում էր նաև Ռաուլից, Դավիդ Վիլյայից ու Ֆերնանդո Տորեսից հետո Իսպանիայի հիմնական կենտրոնական հարձակվողի կարգավիճակի հսկայական ճնշման ներքո:

«Լա Ռոխայի» առաջին իսկ խաղում Մորատան մեկնարկային կազմում էր ու շվեդների հետ հանդիպման առաջին խաղակեսում Մորատայի լարվածությունը նկատելի էր: Նա մեն-մենակ հայտնվեց դարպասապահի հետ շատ նպաստավոր դիրքում ու շեղ հարվածեց: Ճնշումն ու լարված մթնոլորտը մեծացավ, իսկ երկրպագուների քննադատությունները (երբեմն՝ ծայրահեղական) այդ խաղից հետո Մորատայի հասցեին հորդացին անձրևի նման:

Spain's Alvaro Morata hits back at critics as he admits 'losing sleep' over Sweden miss – Football Reporting

Լեհաստանի դեմ խաղում Մորատան գոլի հեղինակ դարձավ՝ թոթափելով լարվածությունը, բայց դժոխքը կրկին վերադարձավ Սլովակիայի դեմ խաղից հետո, որի ժամանակ Ալվարոն վրիպել էր 11-մետրանոց հարվածից:

«Ես կցանկանայի, որ մարդիկ իրենց պատկերացնեին ուրիշների փոխարեն: Ես խաղադաշտում հարյուր տոկոսով եմ նվիրվում: Այն, ինչ ասում եմ, տարբեր կերպ է մեկնաբանվում: Ունեմ 2 տարբերակ՝ կա՛մ լռել, կա՛մ պարզաբանել:

Հնարավոր է՝ չեմ կատարել աշխատանքս այնպես, ինչպես պետք է անեի: Հասկանում եմ՝ ինձ քննադատում են նրա համար, որ գոլեր չեմ խփում: Ցանկանում եմ, որ մարդիկ իրենց դնեն իմ տեղում, երբ ինձ սպառնում են, երբ երեխաներիս մահ են ցանկանում: Եթե հանկարծ ողբերգություն տեղի ունենա, նրանք կասեն․ «Լավ երեխա էր»:

Ամեն անգամ, երբ հանգստի ժամն է լինում, անջատում եմ հեռախոսս: Ինձ անհանգստացնում է այն, ինչ ասում են կնոջս, երեխաներիս հասցեին: Այդ բոլոր օրերին ադրենալինի պատճառով չեմ քնել:

Երջանիկ մարդ եմ, բայց ինձ անհանգիստ եմ զգում, երբ վատ եմ կատարում աշխատանքս: Ինձ սուլեցին նախավարժանքի ժամանակ, բայց ես ուրախությամբ ընդունեցի Սլովակիայի հավաքականի դեմ խաղում 11-մետրանոցն իրացնելու տարբերակը: Գոլ չխփեցի:

Եթե ստիպված լինեմ աշխատանքս կատարելու փոխարեն մտածել այլ բաների մասին, դա ինձ միայն կխանգարի: Ահա, թե ինչ էի ցանկանում ասել», – հայտարարեց ֆուտբոլիստը:

Մորատան Խորվաթիայի դեմ 1/8 եզրափակիչում գեղեցիկ ու շատ կարևոր գոլ խփեց, Իտալիայի դեմ կիսաեզրափակիչում էլ անակնկալ դուրս մնաց մեկնարկային կազմից: Երկրորդ խաղակեսում իտալացիների խփած գոլից անմիջապես հետո նա խաղադաշտ մտավ ու ակտիվացրեց իսպանացիների խաղը հարձակման գծում, րոպեներ անց էլ գործեց ինչպես թոփ կենտրոնական հարձակվող ու գրավեց Դոնարումայի դարպասը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ, սակայն, երբ հաշիվը հավասար էր, գնդակին մոտեցավ Մորատան: Ամբողջ աշխարհի հայացքն իր վրա, երկրպագուների քննադատություն/սպառնալիքները գլխում՝ Մորատան չկարողացավ դիմադրել հոգեբանական ճնշմանն ու անվստահ հարվածեց, ինչն էլ որոշիչ դարձավ Իսպանիայի՝ ԵՎՐՈ-ից դուրս մնալու հարցում: Երեկոն, որ կարող էր հրաշալի հիշողություններ արթնացնել հետագայում, Մորատան կցանկանա ջնջել հիշողությունից:

Կիլիան Մբապե. սարսափելի մրցաշար, աններելի վրիպում

Կիլիան Մբապեն կարող էր լինել այս մրցաշարի գլխավոր աստղը, լավագույն ռմբարկուն, չեմպիոնը. ամեն ինչ նպաստում էր դրան: Բայց հիմա Մբապեն գուցե երանի է տալիս, որ վնասվածք ունենար ու այս մրցաշարը չլիներ իր կյանքում:

Ֆրանսիայի հավաքականը, առհասարակ, լավագույն մթնոլորտում չսկսեց մրցաշարը, և այդ կոնֆլիկտային իրավիճակի կենտրոնում հենց Մբապեն էր: Մրցաշարին նախորդած վերջին ընկերական՝ Բուլղարիայի դեմ խաղից հետո ֆրանսիացիների հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարեց, որ շատ դեպքերում փոխանցումներ է խնդրում խաղընկերներից, բացվում է, բայց չի ստանում այդ գնդակները: Ժիրուն ակնհայտորեն ակնարկում էր Մբապեին, որն էլ, ինչպես պարզվեց հետո, հատուկ ասուլիս է ցանկացել հրավիրել՝ Ժիրուին պատասխանելու համար, ու միայն Դեշամն է կանգնեցրել նրան այդ մտքից՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար:

Մրցաշարը մեկնարկեց, Ֆրանսիան հաղթեց Գերմանիային, Մբապեն հաջող հանդիպում անցկացրեց՝ իր վազքերով ու արագացումներով տանջելով գերմանացի պաշտպաններին: Ամեն ինչ արդեն անցյալում էր: Բայց Հունգարիայի դեմ խաղում ֆրանսիացիները՝ ունենալով բացահայտ ֆավորիտի կարգավիճակ, չկարողացան հաղթել: Երկրորդ խաղակեսում էլ, երբ հաշիվը 1-1 էր, Մբապեն դուրս եկավ հարվածային դիրք ու վրիպեց՝ հարվածելով ուղիղ Գուլաչիի վրա: Նույնը Մբապեն արեց արդեն Պորտուգալիայի դեմ խաղում՝ Պոգբայի ֆանտաստիկ փոխանցումից հետո արդեն չկարողանալով գրավել Ռուի Պատրիսիուի դարպասը:

VIDEO: Kylian Mbappe Misses Penalty as Switzerland Stuns France | WATCH

Կիլիանի հասցեին քննադատությունները շատանում էին: Շատ մասնագետներ/նախկին ֆուտբոլիստներ նրան մեղադրում էին վատ խաղի, իսկ որոշները՝ ժամանակից շուտ մեծամտանալու համար:

«Ինձ դուր չի գալիս՝ ինչպես է Մբապեն օգտագործում թիմի առաջատարի իր կարգավիճակը: Կարծում եմ՝ Դեշամն արդեն չի կարողանում կառավարել Մբապեին, և Կիլիանի էգոն ու եսասիրությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Եվրոպայի այս առաջնությունում:

Մբապեն իրեն արդեն համարում է աշխարհում լավագույններից մեկը, բայց նա երևելի ոչինչ դեռ ցույց չի տվել խաղադաշտում: Նա ցանկանում է իրացնել բոլոր ստանդարտները, բայց չեմ հիշում՝ երբ է նա գոլ խփել, օրինակ, տուգանային հարվածով», – հայտարարեց Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը:

Մբապեի կարիերայի, հավանաբար, վատագույն խաղը դեռ առջևում էր: 1/8 եզրափակիչում՝ Շվեյցարիայի դեմ հանդիպումը ֆրանսիացիների համար ակնհայտորեն գնում էր հաղթական ավարտի, բայց ոչ թե Մբապեի, այլ Բենզեմայի ու Պոգբայի շնորհիվ: Մբապեն այդ երեկո էլ չէր գտնում իրեն ու շարունակում էր վրիպել հարմար դիրքերից: Երբ հաշիվը հավասարվեց ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, Գրիզմանն ու Բենզեման էլ խաղադաշտում չէին, Մբապեն ևս մեկ փայլուն շանս ստացավ՝ կրկին Պոգբայի հիասքանչ փոխանցումից հետո, բայց կրկին վրիպեց: 11-մետրանոց հարվածաշարում էլ Մբապեն մոտեցավ 5-րդը. բոլորն արդեն հարվածել էին, բոլորն էլ՝ անվրեպ: Կիլիանն անվստահ, հոգնած մկաններով մոտեցավ գնդակին ու վրիպեց: Ֆրանսիան սենսացիոն կերպով դուրս մնաց ԵՎՐՈ 2020-ից:

«Այդ 11-մետրանոց հարվածը Մբապեի պատկերի արտացոլումն էր Եվրոպայի այս առաջնությանը: Նա պետք է իր գոլերով օգներ թիմին այս մրցաշարում, ինչպես անում էր Բենզեման, բայց նա նույնիսկ 1 գոլ չփխեց», – հայտարարեց արդեն ֆրանսիացիների նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան:

2018-ին 19-ամյա Մբապեն դարձավ ԱԱ հերոսն ու այդ մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը: 3 տարի անց՝ 22-ամյա Մբապեն դարձավ ֆրանսիացիների մեծագույն հիասթափությունը: Դեռ երկար ժամանակ Կիլիանից կպահանջվի այս ամենը մոռանալու համար:

Մատեյս դե Լիխտ. գործողություն, որ դատապարտեց հոլանդացիներին

Նիդերլանդների հավաքականն արկածների միջով անցավ, մինչև որ հասավ Եվրոպայի այս առաջնությանը: Մարզչական փոփոխություն (Կումանի փոխարեն եկավ դե Բուրը), մի շարք վնասվածքներ (Սիլեսեն, վան Դեյկ, Վան դե Բեկ):

Այդուհանդերձ՝ «նոր» Նիդերլանդների ընտրանին բավական լավ տպավորություն թողեց խմբային փուլում՝ ցույց տալով 100 տոկոսանոց ցուցանիշ և գրավիչ, աչքին հաճելի ֆուտբոլ: Դե Բուրի թիմը խաղում էր հոլանդացիների համար անսովոր՝ 3-5-2 սխեմայով, անսովոր՝ հակագրոհային, կտրուկ, եզրայիններով մարտավարությամբ, և ամեն ինչ շատ լավ էր ստացվում: Մատեյս դե Լիխտն էլ վան Դեյկի բացակայության պայմաններում իր ձեռքն էր վերցրել առաջատարի դերը և ոչ միայն խաղում էր մեծ վստահությամբ, այլ նաև կառավարում էր թիմի ամբողջ պաշտպանողական համակարգը:

Փլեյ-օֆֆից առաջ Նիդերլանդների համար մրցաշարը նույնիսկ հաղթելը բավական իրատեսական էր թվում. հաջողված խաղային հեղափոխությունից բացի «նարնջագույնները» հայտնվել էին համեմատաբար նպաստավոր ցանցում, որտեղ 1/8-ում մրցակիցը Չեխիան էր, 1/4-ում լինելու էր Դանիա-Ուելս զույգի հաղթողը, ու միայն կիսաեզրափակիչում էր դե Բուրի թիմը բախվելու ուժեղ մրցակցի: Չեխիայի դեմ հանդիպումը Նիդերլանդները լավ սկսեցին՝ հաճախակի ու վտանգավոր գրոհներ ձեռնարկելով: Չեխերն, ըստ էության, ոչ մի իրական գոլային պահ չէին ձեռնարկում, մինչև այն պահը, երբ…

De Ligt sent off for handball as last man in first VAR overrule at Euro 2020

Հանդիպման 52-րդ րոպեն էր ընթանում, երբ մրցավար Սերգեյ Կարասևին հուշեցին դիտել դե Լիխտի մասնակցությամբ դրվագը: «Յուվենտուսի» պաշտպանը սայթաքեց Պատրիկ Շիկի հետ պայքարում: Մրցակցին իրենից առաջ անցնել թույլ չտալու համար Մատեյսը մեջքով փակեց գնդակն ու ձեռքով այն կասեցրեց՝ Շիկին զրկելով մեն-մենակ դուրս գալու հնարավորությունից: Բայց այդ գործողությամբ դե Լիխտը ոչ թե Շիկին զրկեց ինչ-որ բանից, այլ իր թիմին զրկեց հետագա պայքարից: Նա հեռացվեց՝ ոչ միայն քանակական առավելություն տալով մրցակցին, այլ նաև թևաթափ անելով իր թիմին: Դրվագից հետո Չեխիան 2 գոլ խփեց, իսկ Նիդերլանդները պայքարելու ուժ չգտան իրենց մեջ: ԵՎՐՈ 2020-ում Նիդերլանդների ճակատագիրն այլ կլիներ, եթե չլիներ այդ դրվագը, ինչն ընդունեց հենց ինքը՝ դե Լիխտը և հայտարարեց իր mea culpa-ն:

«Ինձ չափազանց վատ եմ զգում: Ակնհայտ է, որ դուրս մնացինք մրցաշարից իմ մեղքով: Դիտել եմ այդ դրվագը մի քանի անգամ, վերլուծել այն ու հասկացել, որ չպետք է դիպչեի գնդակին: Խաղի վերահսկողությունը մինչև այդ պահը մեր ձեռքում էր, բայց իմ կարմիր քարտը վճռորոշ դեր խաղաց»:

Մեր ընտրանին

Բրունու Ֆերնանդեշ. զրո՝ փայլուն մրցաշրջանից հետո

Շատերն են ասում, որ Պորտուգալիայի հավաքականը կազմով շատ ավելի ուժեղ է, քան 5 տարի առաջ, երբ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Եվ դա իսկապես այդպես է: Պորտուգալացիներն իրենց կազմում ունեին շատ ավելի հնչեղ, երիտասարդ ու տարբերություն ստեղծող անուններ: Պորտուգալիայի գլխավոր նորեկը, որ պետք է փոխեր թիմի պատկերն ու խաղն ամբողջությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն է: Նրա ներկայությամբ Սանտուշի թիմն ուղղակի պարտավոր էր խաղալ ավելի կրեատիվ ֆուտբոլ, հարձակման գծում ունենար շատ ավելի բազմազան լուծումներ:

Բայց այս ԵՎՐՈ-ին մենք տեսանք ոչ թե ՄՅՈւ-ի կազմում 28 գոլ խփած ու 17 գոլային փոխանցում կատարած Ֆերնանդեշին, այլ նրա ստվերը: Հունգարիայի ու Գերմանիայի դեմ խաղերում պորտուգալացիների կազմում ամենաքիչ վտանգ ներկայացնող ֆուտբոլիստը Ֆերնանդեշն էր: Նրա կատարմամբ չկային սուր գործողություններ, անկանխատեսելի որոշումներ, սուպերհարվածներ, Ռոնալդուի հետ արդյունավետ համագործակցություն:

Euro 2020 – Round of 16 – Belgium-Portugal: Bruno Fernandes, why things go wrong

Ֆերնանդեշի խաղը քննադատելու առիթը բաց չթողեց նաև Ժոզե Մոուրինյոն. «Պորտուգալիան շատ ուժեղ է և կարող է հաղթել յուրաքանչյուրին, եթե խաղա իր լավագույն ֆուտբոլը: Բայց մենք պետք է 11 ֆուտբոլիստներով խաղանք. առաջին 2 խաղում Ֆերնանդեշը խաղադաշտում էր, բայց չէր խաղում: Հուսով եմ՝ նա «կմիանա» Ֆրանսիայի դեմ խաղին, քանի որ անհավանական ներուժ ունի: Նա կարող է գոլ խփել, ասիստներ բաժանել, կարող է վաստակել 11-մետրանոցներ, իրացնել դրանք, կարող է տուգանային հարվածով գոլ խփել: Պորտուգալիայի հարձակումն ուժեղ է, բայց Ֆերնանդեշը դեռ չի խաղացել այս ԵՎՐՈ-ում»:

Բայց Ժոզեի քննադատությունն էլ  ոչինչ չփոխեց: Խմբային փուլի արդեն 3-րդ տուրում, իսկ հետո արդեն 1/8 եզրափակիչի Բելգիայի ընտրանու դեմ խաղում Ֆերնանդեշը հայտնվեց պահեստայինների նստարանին ու այդպես էլ ոչինչ չարեց այս մրցաշարում. 0 գոլ, 0 գոլային փոխանցում:

Պատճառները տարբեր են: Նախ՝ Ֆերնանդու Սանտուշի ընտրած հակագրոհային ու երկչոտ մարտավարության մեջ Բրունուն չտեղավորվեց ու իր լավագույն որակները ցուցադրելու շանս չստացավ: Հնարավոր է՝ իր դերը խաղաց նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու հոգնածությունը. Բրունուն «Յունայթեդի» կազմում գրեթե ոչ մի խաղ բաց չէր թողել ու ավարտված մրցաշրջանում անցկացրել էր 58 խաղ:

Տոմաս Մյուլեր. սպասված, բայց անփառունակ վերադարձ

Յոահիմ Լյովը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց առաջ «ապաշխարհեց», իր ուսերից հանեց մեղքի բեռն ու չեղարկեց վետերանների վրա իր իսկ դրած վետոն: Երկար դադարից հետո Գերմանիայի հավաքական հրավիրվեցին Մատս Հյումելսը և Տոմաս Մյուլերը: Լյովը հասկանում էր, որ չի կարողանում «ընկալել» թիմի նոր սերունդը, չի կարողանում աշխատել երիտասարդների հետ ու որոշեց փորձառու ֆուտբոլիստների հետ միքսել նրանց՝ հաջողության հույսով:

Տոմաս Մյուլերը «Բավարիայի» կազմում վերջին 2 տարիներին վերգտել էր իր կյանքը, իր լավագույն ֆուտբոլը: Նա կարող էր Գերմանիայի հավաքականին օգուտ տալ նույնիսկ կանգնած վիճակում՝ առանց մեծ ջանքերի: Բայց Մյուլերը չհասցրեց իրեն գտնել այս թիմում՝ Հավերցի, Գնաբրիի ու Սանեի կողքին:

Thomas Muller 'in a different role' to help Germany at Euro 2020 - CGTN

Խմբային փուլում նա ամբողջովին մնաց խաղընկերների ստվերում: Գերմանիայի գրոհները, հիմնականում, ձեռնարկվում էին եզրերից, Մյուլերն էլ չէր հասցնում արձագանքել խաղընկերների փոխանցումներին, ինքն էլ դժվարությամբ էր կարողանում ինչ-որ բան ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում: Արդյունքում, ինչպես Ֆերնանդեշը, Մյուլերը նույնպես ոչ մի արդյունավետ գործողություն չարեց այս ԵՎՐՈ-ին՝ ոչ մի գոլ ու ոչ մի գոլային փոխանցում:

Մյուլերի համար վատագույն պահը եղավ հենց 1/8 եզրափակիչում, երբ Գերմանիան դուրս մնաց մրցաշարից: Ստեռլինգի գոլից հետո «Բավարիայի» հարձակվողը նվեր ստացավ խաղադաշտի կենտրոնից ու մեն-մենակ հայտնվեց Պիկֆորդի դեմ: Մյուլերը մտածված հարվածեց՝ փորձելով գրավել բաց մնացած անկյունը, բայց գնդակը չհայտնվեց դարպասում: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ ընթացք կունենար այդ խաղը, եթե Մյուլերի վրիպումը չլիներ: Անգլիան 2-րդ գոլն էլ խփեց ու ապահովեց հաղթանակը:

Մյուլերի հրաժեշտը Լյովին նույնպես լավը չէր: Գերմանացին մեղադրեց մարզչին սխալ մարտավարության հարցում. «Միայն եզրային ֆուտբոլիստների արագացումների վրա հույս դնելը սխալ էր ու արդյունավետ չէր: Մենք սխալվեցինք նաև կենտրոնանալով գոլ բաց չթողնելու ուղղությամբ, մենք պասիվ ու պաշտպանողական ֆուտբոլ էինք խաղում: Դա մերը չէ: Այս կազմն ամեն ինչ ուներ՝ նախկին հաջողությունները կրկնելու համար»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: