Logo

«Եվրոպան պատրաստ չէ սրան». Ֆրանսիայի հավաքականը սլանում է նոր տիտղոսի ետևից

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
eurocombat2020 france - «Եվրոպան պատրաստ չէ սրան». Ֆրանսիայի հավաքականը սլանում է նոր տիտղոսի ետևից

Աշխարհի գործող չեմպիոնի՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակեց իր թիմի հայտացուցակը, որում բոլորի ուշադրությունը գրավեց Կարիմ Բենզեմայի սենսացիոն վերադարձը: «Ռեալի» հարձակվողից բացի, սակայն, Ֆրանսիան ունի շատ այլ աստղեր ու թոփ դեմքեր, և այս մրցաշարին «կապույտները» մոտենում են կրկին ֆավորիտի կարգավիճակով: VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականներին ներկայացնելու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Ֆրանսիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերը։

Անցած ճանապարհը

Ֆրանսիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում ընդգրկված էր H խմբում: Մրցակիցներն էին Թուրքիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Անդորայի ու Մոլդովայի հավաքականները: Դեշամի թիմը, ինչպես Մունդիալ 2018-ին (չեմպիոնական կազմի համեմատ էլ գրեթե փոփոխություններ չկային), Եվրոպայի այս առաջնության նախընտրական փուլը հաղթահարեց «մեկ շնչով»՝ հանգիստ կատարելով իր առաջադրանքն ու գրավելով առաջին հորիզոնականը. 8 խաղ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն: Թիմը կրկին բարձր արդյունավետություն ցույց տվեց ու շատ գոլեր խփեց. լավագույն ռմբարկուն Օլիվյե Ժիրուն էր՝ 6 գոլով, իսկ Կիլիան Մբապեն, Կինգսլի Կոմանն ու Անտուան Գրիզմանը դարձան 3-ական գոլի հեղինակ:

Football news - France coast to comfortable win in Moldova - Eurosport

Այս ընթացքում Ֆրանսիայի հավաքականը հասցրեց անցկացնել նաև Աշխարհի 2022 թվականի ընտրական փուլի 3 խաղ (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի), որոնցում որոշակի խաղային խնդիրներ սկսեցին երևալ, հատկապես՝ հարձակման գծում: Դեշամի սաները չկարողացան կոտրել Ուկրաինայի դիմադրությունը (1-1), իսկ Բոսնիայի և Հերցեգովինայի ու Ղազախստանի դեմ հանդիպումներում թիմում կրեատիվի պակաս զգացվեց:

Հայտացուցակը ԵՎՐՈ 2020-ի համար

Դարպասապահներ՝ Ուգո Լյորիս(«Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա(«Մարսել»), Մայք Մենյան(«Լիլ»):

Պաշտպաններ՝ Բենժամեն Պավար(«Բավարիա»), Լեո Դյուբուա(«Մարսել»), Ռաֆայել Վարան(«Ռեալ»), Կուրտ Զումա(«Չելսի»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Կլեման Լանգլե(«Բարսելոնա»), Լուկաս Էրնանդես(«Բավարիա»), Լյուկա Դին(«Էվերթոն»), Ժյուլ Կունդե(«Սևիլիա»):

Կիսապաշտպաններ՝ Նգոլո Կանտե(«Չելսի»), Պոլ Պոգբա(«Մանչեսթեր Յունայթեդ»), Ադրիեն Ռաբիո(«Յուվենտուս»), Կորենտեն Տոլիսո(«Բավարիա»), Մուսա Սիսոկո(«Տոտենհեմ»), Տոմա Լեմար(«Ատլետիկո»):

Հարձակվողներ՝ Մարկուս Թյուրամ(«Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Կինգսլի Կոման(«Բավարիա»), Կիլիան Մբապե(ՊՍԺ), Անտուան Գրիզման(«Բարսելոնա»), Օլիվիե Ժիրու(«Չելսի»), Կարիմ Բենզեմա(«Ռեալ»), Վիսամ Բեն Յեդեր(«Մոնակո»), Ուսման Դեմբելե(«Բարսելոնա»):

Դիդյե Դեշամի հրապարակած հայտացուցակի գլխավոր իրադարձությունը, բնականաբար, Կարիմ Բենզեման էր, բայց Դեշամի՝ նախորդ հայտացուցակների համեմատ կան նաև այլ ուշագրավ փոփոխություններ:  ԱԱ 2018-ի հայտացուցակի համեմատ դարպասապահի դիրքում Ալֆոնս Արեոլայի փոխարեն Մայք Մայնանն է՝ «Լիլի» դարպասապահը, որը ևս մեկ հաղթանակի դեպքում կդառնա Ֆրանսիայի չեմպիոն:

Պաշտպանությունում Դեշամն այս տարի մեծ ընտրություն ուներ: Հաշվից կարելի էր հանել միայն Էմերիկ Լապորտին, որը ստացավ Իսպանիայի քաղաքացիություն ու, ամենայն հավանականությամբ, կներկայացի «Ֆուրիա Ռոխան»: Ջիբրիլ Սիդիբեն, Ադիլ Ռամին, Սամուել Ումտիտին ու Բենժամեն Մենդին վերջին մրցաշրջաններում անհամեմատ ավելի ցածր մակարդակով են խաղում ու դուրս մնացին հայտացուցակից, փոխարենն այստեղ տեղ գտան Լեո Դյուբուան, Կուրտ Զուման, Կլեման Լանգլեն, Լյուկա Դինը և Ժյուլ Կունդեն: Վերջինը Դեշամի հայտացուցակում հայտնվեց անակնկալ կերպով, մինչդեռ Դայո Ուպամեկանոն, որն, ըստ էության, ավելի մեծ շանսեր ուներ մրցաշարին մասնակցելու, չի մասնակցի ԵՎՐՈ-ին:

Raphael Varane discusses Paul Pogba leaving Manchester United to join Real Madrid - Manchester Evening News

Կիսապաշտպանության գծում մեծ փոփոխություններ չեն եղել: Կանտեի ու Պոգբայի կողքին կխաղա Ադրիեն Ռաբիոն, որին Դեշամը նույնպես ներել էր դեռ ամիսներ առաջ՝ նրա հետ ունեցած կոնֆլիկտից հետո: Մի փոքր անսպասելի էր Կորենտին Տոլիսոյի և Մուսա Սիսոկոյի հրավերները՝ հաշվի առնելով, որ Տոլիսոն ծանր վնասվածք էր ստացել այս մրցաշրջանում ու փետրվարից հետո խաղադաշտում անցկացրել է ընդամենը 21 րոպե: Սիսոկոյի փոխարեն էլ շատերն ակնկալում էին հայտացուցակում տեսնել Տանգի Նդոմբելեին, որն ավելի շատ էր խաղացել ու ավելի արդյունավետ էր գործել «Տոտենհեմի» կազմում: Եթե ԵՎՐՈ-ն կայանար նախորդ տարի, ապա վստահորեն կարելի է ասել, որ Տոմա Լեմարը չէր ընդգրկվի հայտացուցակում՝ «Ատլետիկոյում» իր առաջին մրցաշրջանը տապալելու համար, բայց ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը 3 կենտրոնական պաշտպանով սխեմայում վերգտավ իր խաղը, հետևաբար նաև տեղը Ֆրանսիայի հավաքականում:

Հարձակման գծում Ֆրանսիան ուներ խնդիրներ, որոնք պայմանավորված էին ֆուտբոլիստների՝ իրենց ակումբներում անցկացնող մրցաշրջանով: Ժիրուն «Չելսիի» կազմում հիմնականում պահեստայինների նստարանին է կամ մասնակցում է ոչ կարևոր խաղերին, Գրիզմանը «Բարսելոնայում» մի փոքր առաջխաղացում գրանցել է, բայց հեռու է «Ատլետիկոյի» Գրիզմանից, իսկ միայն Մբապեի անհատական խաղի վրա հույս դնելը չափազանց ռիսկային է: Հենց այստեղ էլ Դեշամն իրականացրեց Բենզեմայի «տրանսֆերը» և նոր շունչ հաղորդեց իր հարձակման գծին, և անշուշտ «Ռեալի» հարձակվողի ներկայությամբ թիմն այլ պատկեր է ստանում: Եթե հաշվի առնենք, որ պահեստում էլ կան Կոմանի, Դեմբելեի ու Բեն Յեդերի նման ֆուտբոլիստներ, կարող ենք փաստել, որ Ֆրանսիան ունի ամենաուժեղ հարձակումը Եվրոպայի այս առաջնությունում:

Անտոնի Մարսիալը, Ալեքսանդր Լակազետն ու Նաբիլ Ֆեկիրն անվանի բացականերն են Դեշամի ցանկում:

Մեր ընտրանին

Մարզչական գործոնը

Երբ 2012-ի օգոստոսին Դեշամը գլխավորեց Ֆրանսիայի հավաքականը, խաղում էր բոլորովին այլ սերունդ, այլ թիմ: Այս Ֆրանսիան հենց Դեշամի կառուցած թիմն է. նա բոլորին ճանաչում է հրաշալի՝ անխտիր ու արդեն բոլորի հետ (նույնիսկ՝ Բենզեմայի) ունի լավ հարաբերություններ: Դեշամի շնորհիվ հավաքականի հանդերձարանում «քիմիան» ուժեղ է՝ ֆուտբոլիստները ևս իրար լավ են ճանաչում: Ֆրանսիան այնքան խաղակցված թիմ է, որ նման է ոչ թե հավաքականի, այլ՝ ակումբի, որ մի ամբողջ տարի մարզումներ ու խաղեր է անցկացնում:

Didier Deschamps praises Chelsea over N'Golo Kante treatment - The Chelsea Chronicle

Լինում են մարդիկ, որ միշտ վիճելի են համարում Դեշամի կադրային ընտրությունն ու տակտիկական որոշումները, բայց այս մասնագետը լավ գիտի՝ ինչ է անում: Շատերն են ասում, որ Դեշամի թիմը չունի խաղային հստակ մոդել, իսկ նման կազմի խորություն ու տաղանդավոր ֆուտբոլիստների ընտրություն ունենալու պարագայում Ֆրանսիան չափազանց պրագմատիկ է գործում: Նրանք, գուցե, ճիշտ են, բայց քանի դեռ Դեշամի այդ պրագմատիկ ֆուտբոլը արդյունքներ է տալիս (ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչ, ԱԱ 2018-ի հաղթող), ոչ ոք չի կարող դատել նրան:

Գլխավոր աստղը

Ֆրանսիայի հավաքականում գլխավոր աստղ լինելու կոչմանը հավակնում են մի քանի ֆուտբոլիստ. Նգոլո Կանտե, Պոլ Պոգբա, Անտուան Գրիզման, Կիլիան Մբապե, հիմա էլ արդեն Կարիմ Բենզեմա, բայց, Դեշամի թիմի ամենավտանգավոր ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, կլինի Մբապեն: Անկախ ամեն ինչից՝ Կիլիանն այս մրցաշրջանում դարձել է 40 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ, ունի անհավանական արագություն և երբեք հնարավոր չէ ամբողջովին կանխատեսել 22-ամյա ֆուտբոլիստի գործողությունները:

Mbappé and France looking for Kazakhstan bounce back

Մբապեն, ճիշտ է, հերթական անգամ ՊՍԺ-ում չհասավ իր գլխավոր նպատակին ու այս տարի էլ չհաղթեց Չեմպիոնների լիգան, ու Եվրոպայի այս առաջնությանը մոտենում է առանձնակի մոտիվացիայով: Եթե Մբապեն դառնա Եվրոպայի չեմպիոն՝ լինելով գոնե իր թիմի լավագույն ռմբարկուն, «Ոսկե գնդակը» նվաճելու մեծ հայտ կներկայացնի: Հետաքրքիր կլինի դիտել Մբապե-Բենզեմա համագործակցությունը. այս ֆուտբոլիստներն առաջին անգամ են խաղալու միասին՝ նույն թիմում, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել Կիլիանի մոտ:

Մրցակիցներ/շանսեր

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված է մահվան՝ F խմբում: Մրցակիցներն են Գերմանիան, Պորտուգալիան ու Հունգարիան:

Որքան էլ Ֆրանսիայի հավաքականն այս մրցաշարի ֆավորիտի կարգավիճակն ունի, այնուամենայնիվ «կապույտները» բավական բարդ խմբում են հայտնվել: Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականները շատ հզոր են այս տարի, Հունգարիան էլ նվեր չէ: Գերմանիայի ընտրանին կադրային առումով լավ վիճակում է՝ թեև խնդիրներ ունի պաշտպանությունում, ինչպես նաև Լյովի թիմում չկա պահերը լավ իրացնող ֆուտբոլիստ: Մակեդոնիայի ու Ռումինիայի դեմ գերմանացիների վերջին խաղերը դրա վկայությունն են: Գերմանիան Ֆրանսիայի առաջին մրցակիցն է խմբային փուլում, և այդ դիմակայությունը կլինի ԵՎՐՈ 2016-ի կիսաեզրափակիչի կրկնությունը, որում Դեշամի թիմը հաղթեց 2-0 հաշվով:

Deschamps Ready For Test, Low Feels Joy About 'Group Of Death'

Պորտուգալիան իր կազմում գրեթե թույլ կողմեր չունի ու լրջորեն հավակնում է այս մրցաշարում հաղթանակին: Պաշտպանությունում՝ Պեպե ու Ռուբեն Դիաշ, կիսապաշտպանությունում՝ Բրունու Ֆերնանդեշ ու Բերնարդու Սիլվա, հարձակման գծում՝ Ռոնալդու, Ֆելիշ, Ժոտա… սա շատ ավելի ուժեղ Պորտուգալիա է, քան այն թիմը, որ հաղթեց ԵՎՐՈ 2016-ը: Ի դեպ՝ այս դիմակայությունն էլ նույն ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչի կրկնությունն է, ու Ֆրանսիան լավ շանս ունի ռևանշի հասնելու համար:

Հավանական մեկնարկային կազմը

4-3-3. Լյորիս; Պավար, Վարան, Կիմպեմբե, Էրնանդես; Կանտե, Պոգբա, Ռաբիո; Մբապե, Բենզեմա, Գրիզման

Դեշամը տակտիկական սխեմայի 2 հիմնական տարբերակ ունի՝ 4-3-3 կամ 4-2-3-1: 4-3-3 մարտավարության դեպքում թիմը կլինի ավելի բալանսավորված՝ 3 կիսապաշտպանով ու 3 հարձակվողով: 4-2-3-1-ը շատ ավելի հարձակվողական մարտավարություն է, որի դեպքում Ադրիեն Ռաբիոյի փոխարեն խաղադաշտում կլինի վինգերներից մեկը՝ Կոմանը կամ Դեմբելեն, Գրիզմանը կխաղա ենթահարձակվողի դիրքում, Մբապեն՝ եզրից, Բենզեման էլ կենտրոնից: Այսպես կենտրոնը մի փոքր կտուժի, բայց հարձակման գիծն ուղղակի վախեցնող է: Եվրոպան պատրաստ կլինի՞ այս թնդանոթին:

187650013 3007906636099154 8917884640620105250 n 960x1200 - «Եվրոպան պատրաստ չէ սրան». Ֆրանսիայի հավաքականը սլանում է նոր տիտղոսի ետևից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: