Logo

«36-ամյա հրաշամանուկը». ամենաուշագրավ փաստերը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.02.2021ՍՊՈՐՏ
nw5w9s5aj2quebt6hp8x - «36-ամյա հրաշամանուկը». ամենաուշագրավ փաստերը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:10

-

-

Այսօրվանից ուղիղ 36 տարի առաջ՝ 1985-ի փետրվարի 5-ին, Մադեյրա կղզում ծնվել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Բազմաթիվ ռեկորդներ, անհավանական նվաճումներ, ֆանտաստիկ վիճակագրություն՝ 5 Չեմպիոնների լիգա, 5 Ոսկե գնդակ, Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու, պաշտոնական խաղերում ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու… այս ամենը, իհարկե, նորություն չէ երկրպագուների համար, այդ պատճառով փորձել ենք առանձնացնել Ռոնալդուի կյանքի/կարիերայի ամենահետաքրքիր և ուշագրավ փաստերը, որոնց մասին, գուցե, չգիտեիք:

Ո՞ւմ պատվին է Ռոնալդուի անունը

  • Ֆուտբոլասերների մեծ հատվածին հայտնի է միայն Կրիշտիանու Ռոնալդու անունը, բայց նրա ամբողջական անունն ավելի երկար է՝ Կրիշտիանու Ռոնալդու դոս Սանտոս Ավեյրու: Ռոնալդուի անունն ընտրվել է հոր՝ Ժոզե Դինիս Ավեյրուի կողմից՝ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին. Ռեյգանը Կրիշտիանուի հոր սիրելի դերասանն է եղել՝ մինչև ԱՄՆ նախագահ դառնալը:

2 մականունները

  • Ռոնալդուն մականունների պակաս չի ունեցել. ավելին՝ մեկի փոխարեն ունեցել է երկուսը: Կրիշտիանուի առաջին մականունը եղել է «լացկան երեխա». պորտուգալացին ֆուտբոլ խաղալիս այնքան չի սիրել պարտվել, որ երբ ինչ-որ բան չի ստացվել իր ուզածով, սկսել է արտասվել. դա է եղել բարդ իրավիճակներից դուրս գալու նրա մեթոդը: Կրիշտիանուի երկրորդ մականունը եղել է «մեղու», քանի որ ֆուտբոլ խաղալիս նա նույնքան արագ է վազել, որքան մեղուն է սավառնում օդում: Շատ բան չի փոխվել. նույնիսկ 36 տարեկանում Ռոնալդուն անհավանական արագ է:

cristiano ronaldo sporting 1kbd8hai8pp311jfshe459tivj 960x540 - «36-ամյա հրաշամանուկը». ամենաուշագրավ փաստերը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Լեգենդար ընկերը 

  • Ռոնալդուն ունի լեգենդար ընկեր, որին հաճախ կտեսնեք տրիբունաներում՝ Կրիշտիանուի մասնակցությամբ խաղերի ժամանակ, հաճախ կտեսնեք լուսանկարներում՝ Ռոնի կողքին: Եթե չլիներ Ալբերտո Ֆանտրաուի զոհաբերությունը, մենք, հնարավոր է, երբեք չիմանայինք Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Մանկապատանեկան տարիքում Ալբերտն իր տեղը ակադեմիա ընդունվելիս զիջել է Ռոնալդուին. «ինչու՞ զիջեցիր քո տեղն ինձ», – Ռոնալդուի այս հարցին Ալբերտը պատասխանել է. «Պարզապես դու ավելի լավն ես, քան ես»: Ինչպես ասում են՝ the rest is history…

Ճակատագրական վիրահատությունը

  • Ռոնալդուն պատանեկան տարիքում սրտի լուրջ խնդիրներ է ունեցել ու ստիպված եղել վիրահատվել 15 տարեկանում: Այդպիսի իրավիճակը կարող էր հանգեցնել նույնիսկ կարիերայի ավարտին: Բայց, բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել, որից մի քանի օր հետո Ռոնալդուն վերադարձել է մարզումներին ու պատրաստ եղել պրոֆեսիոնալ կարիերա սկսելուն:

«Թռչող աթոռը»

  • Ռոնալդուին չափից շատ է զայրացրել ուսուցիչներից մեկի կատակը, ինչից հետո նա աթոռը շպրտել է ուսուցչի ուղղությամբ: Ռոնալդուին հեռացրին դպրոցից. այդ ժամանակ նա 14 տարեկան էր: Այդ հանգամանքը Կրիշտիանուի մորը՝ Դոլորեսին, ամենևին էլ չվշտացրեց. նա շատ լավ հասկանում էր, որ իր որդու մեծագույն տաղանդը ֆուտբոլն է: Դոլորեսը հորդորում է որդուն 100 տոկոսով կենտրոնանալ ֆուտբոլի վրա, և չի սխալվում:

Ինչո՞ւ Ռոնալդուն դաջվածքներ չունի

  • Համաշխարհային ֆուտբոլում գրեթե բոլոր աստղերն իրենց մարմինը ծածկել են դաջվածքներով. Դանի Ալվեսի, կամ, օրինակ, Զլատան Իբրահիմովիչի մարմնի վրա ազատ տեղեր չեք գտնի: Ի տարբերության նրանց, սակայն, Ռոնալդուն ոչ մի դաջվածք չունի, չի ունեցել և չի էլ պատրաստվում ունենալ մոտակա ապագայում: Պատճա՞ռը. Ռոնալդուն ցանկանում է մաքուր արյուն ունենալ, որպեսզի կարողանա դոնոր լինել: Մարդիկ, որոնք ունեն դաջվածք, պետք է 6-ից 12 ամիս սպասեն՝ դոնոր դառնալու թույլտվություն ստանալու համար, իսկ Ռոնալդուն չի ցանկանում սպասել:

Cristiano Ronaldo Workout 960x540 - «36-ամյա հրաշամանուկը». ամենաուշագրավ փաստերը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Անհավանական կարգապահությունը

  • Բացի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը լինելուց, Ռոնալդուն նաև ֆանտաստիկ մարզիկ է, որն ունի նախանձելի մարմին: Ռոնալդուին ֆիզիկական այդ կառուցվածքը հեշտ չի տրվել. նրա կարգապահության, սննդակարգի ու մարզումների մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել: Երեքշաբթի օրվանից բացի, որը Ռոնալդուի հանգստյան օրն է, շաբաթվա բոլոր օրերին պորտուգալացին մարզվում է անդադար ու բոլորից շատ:

«Մեր մարզումը սկսում էր ժամը 9-ին. ես 8-ին եկա մարզաբազա՝ տպավորություն թողնելու համար, բայց Ռոնալդուն արդեն այնտեղ էր: Հաջորդ օրը եկա 07:30-ին՝ Ռոնալդուին գերազանցելու համար, բայց նա կրկին այնտեղ էր». Կառլոս Տևես

  • Ռոնալդուն ունի նաև շատ տպավորիչ սննդակարգ, ինչպես նաև՝ հանգստի և վերականգնվելու յուրահատուկ մեթոդ: Պորտուգալացին սնվում է օրվա մեջ 6 անգամ՝ հատուկ կերակրացանկով: Ռոնալդուն 1 օրում կարող է քնել մինչև 12 ժամ՝ օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով: Միայն այսպիսի մոտեցմամբ Ռոնալդուն կարող էր նման մարզավիճակ պահպանել 36 տարեկանում:

Ճիշտ քնելու 7 կանոն, որոնց հետևում է նաև Կրիշտիանու Ռոնալդուն

Ամենահարուստ ֆուտբոլիստը

  • 2014 թվականին Ռոնալդուն գլխավորեց ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը: Նրա՝ աշխատավարձից, բոնուսներից, գովազդներից և այլ աղբյուրներից ստացված եկամուտներն այդ թվականին կազմեցին 73 մլն դոլար: 2020-ին, ըստ Forbes-ի տվյալների, Ռոնալդուն դարձավ առաջին միլիարդատեր (դոլարային) ֆուտբոլիստը: Մեկ տարվա ընթացքում նա միայն 48 մլն դոլար վաստակում է ինստագրամյան գրառումների շնորհիվ, մինչդեռ նրա աշխատավարձը «Յուվենտուսում» կազմում է 34 մլն դոլար: Ռոնալդուն, ի դեպ, նաև առաջին ֆուտբոլիստն է, որ ինստագրամում ունի 200 մլն հետևորդ:

Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

Ռեկորդային թռիչքը

  • Ռոնալդուն ունի անհավանական ցատկ, ինչը մի քանի անգամ ցույց է տվել ֆուտբոլում: Reuters-ի տվյալներով՝ Ռոնալդուն 5 անգամ ավելի բարձր է կարողանում ցատկել, քան վագրակատուն: Կանգնած դիրքից պորտուգալացին կարողանում է ցատկել 44 սմ, իսկ վազքի ժամանակ՝ 78. դա գերազանցում է միջին վիճակագրական բասկետբոլիստի ցույց տված ցուցանիշը: Խաղային որոշ դրվագներում Ռոնալդուի ոտքերն ու մյուս ֆուտբոլիստների գլուխները նույն հարթության վրա են հայտնվում: Ֆուտբոլում Ռոնալդուն իր այդ որակների շնորհիվ ստացավ նոր մականուն՝ CR7 Airlines:

  • Բայց միայն թռիչքը չէ, որն առանձնացնում է Ռոնալդուին: Կրիշտիանուի հարվածներն այնքան թնդանոթային են, որ նա երբեմն վնասում է երկրպագուներին, կոտրում նրանց քիթը կամ ձեռքերը: Ռոնալդուի խաղը մոտ տարածությունից դիտելը մեծ հաճույք է, բայց դա կարող է շատ թանկ արժենալ ձեր առողջության վրա:

Մարտահրավերներ, որոնք Ռոնալդուն ԴԵՌ ունի կարիերայում

  • «Յուվենտուսի» կազմում Չեմպիոնների լիգան հաղթելը Կրիշի մեծագույն մարտահրավերներից է: ՉԼ-ն հաղթելու դեպքում Ռոնալդուն կդառնա եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում ամենաշատ հաղթած ֆուտբոլիստներից երկրորդը՝ հավասարվելով Պակո Խենտոյին (6 անգամ):
  • Ռոնալդուի գլխավոր նպատակներից է նաև դառնալ բոլոր ժամանակներում հավաքականների լավագույն ռմբարկու: Ցանկն այս պահին գլխավորում է Իրանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալի Դեին՝ խփած 109 գոլով. Կրիշտիանուն իր հաշվին ունի 102-ը:

1599630853 059706 noticia normal 960x540 - «36-ամյա հրաշամանուկը». ամենաուշագրավ փաստերը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

  • ԵՎՐՈ 2020-ին մասնակցելու դեպքում (ինչին կարող է խանգարել միայն վնասվածքը) Ռոնալդուն կդառնա ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, որ 5-րդ անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
  • Ռոնալդուն կարող է դառնալ նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերի պատմության լավագույն ռմբարկուն. այս պահին խփած 9 գոլով նա Միշել Պլատինիի հետ կիսում է առաջին հորիզոնականը:
  • Եվ, վերջապես, այդքան ռեկորդների ու նվաճումների մեջ Ռոնալդուն իր անձնական թանգարանում չունի աշխարհի գավաթը. հաջորդ տարի՝ 2022-ին Քաթարում 37-ամյա Ռոնալդուն կփորձի հաղթել նաև այդ տիտղոսը. դա, հավանաբար, կլինի Ռոնալդուի կարիերայի վերջին մարտահրավերը:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա