Logo

4 նոր տրանսֆեր, որ զգալիորեն կուժեղացնի «Ռոման». Մոուրինյոյի թիմը, որ գալիս է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 14.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
43667011 0 image a 18 1622486797022 - 4 նոր տրանսֆեր, որ զգալիորեն կուժեղացնի «Ռոման». Մոուրինյոյի թիմը, որ գալիս է

Ամեն օր ավելի ենք հեռանում ԵՎՐՈ 2020-ից ու կենտրոնանում տրանսֆերային շուկայի վրա: Այս ամռանն առանձնահատուկ աշխատանք ունի անելու «Ռոման», որը հերթական անհաջող մրցաշրջանն անցկացրեց, իսկ թիմը գլխավորած Ժոզե Մոուրինյոն մտադիր է հիմնովին փոխել թիմի խաղաոճը, ինչն առանց տրանսֆերների չի կարողանա անել:

VNews-ը շարունակում է ուսումնասիրել եվրոպական գրանդ ակումբների տրանսֆերային գործունեությունը ամառային պատուհանի ընթացքում և հասկանալ՝ ինչ կազմ է ունենալու տվյալ ակումբը հաջորդ մրցաշրջանում:

«Ռոմա»

«Ռոմայի» համար ավարտված մրցաշրջանի արդյունքներն ամենևին էլ գոհացուցիչ չէին, ինչի պատճառով էլ մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: Չի կարելի ասել, որ թիմն ամբողջությամբ ձախողեց. մրցաշրջանը «Ռոման» լավ սկսեց: Ֆոնսեկայի թիմը կատարում էր իր խնդիրը, բավական երկար ժամանակ Ա սերիայի լավագույն քառյակում էր, բայց ամեն ինչ փոխվեց, երբ Մխիթարյանն ու թիմի մյուս առանցքային ֆուտբոլիստները վնասվածքներ ստացան, խաղային պլան Բ չգտնվեց, թիմն էլ տապալվեց՝ անդադար միավորներ կորցնելով Ա սերիայում ու խայտառակվելով Եվրոպա լիգայում՝ 2-6 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»:

Roma embarrassed by Manchester United | Forza Italian Football

Ֆոնսեկայի հեռանալուց ու Մոուրինյոյի գալուց հետո շատ բան է փոխվելու «Ռոմայում»: Սա պարզապես մարզչական փոփոխություն չէ, ամեն ինչ սկսելու է նոր էջից, փոխվելու է թիմի դիմանկարը, ձեռագիրը, փիլիսոփայությունը: Իսկ Մոուրինյոն իր գալու առաջին իսկ օրվանից ասել է ակումբի ղեկավարությանը՝ հրաժարվելու է մի շարք ֆուտբոլիստներից ու պահանջի նոր տրանսֆերներ՝ իր պատկերացրած թիմը կառուցելու համար:

Ովքե՞ր կհեռանան

Իտալական մամուլը, մասնավորապես՝ Sky Sports Italia-ն իր հերթական համարում օրեր առաջ նշել էր, որ Մոուրինյոն պատրաստվում է հրաժեշտ տալ միանգամից 8 ֆուտբոլիստի: Եվ այդ 8 ֆուտբոլիստների անունը դժվար չէր կռահելը՝ տեսնելով Մոուրինյոյի կազմած հայտացուցակը միջմրցաշրջանային պատրաստության համար: 2021/22 մրցաշրջանի համար պորտուգալացին հույսեր չի կապում Ֆեդերիկո Ֆասիոյի, Պեդրոյի, Սթիվեն Նզոնզիի, Ջասթին Կլյուվերտի, Խավիեր Պաստորեի, Դավիդե Սանտոնի, Ռոբին Օլսենի և Անտե Չորիչի հետ:

Պեդրոն 1 ամբողջական մրցաշրջան անցկացրեց հռոմեական ակումբում, որտեղ ստանում էր խաղաժամանակ, բայց ոչ այնքան, որքան՝ «Բարսելոնայում» կամ «Չելսիում»: Ֆեդերիկո Ֆասիոն ու Սթիվ Նզոնզին այդպես էլ չկարողացան ցույց տալ իրենց լավագույն խաղամակարդակը, որ մենք հաճախ տեսնում էինք, երբ նրանք խաղում էին «Սևիլիայում»: Ֆասիոն «Ռոմայում» անցկացրել է 5 մրցաշրջան, իսկ ֆրանսիացի կիսապաշտպանն ընդամենը 1 անհաջող տարի է անցկացրել Հռոմում 2018-ին՝ հաջորդ երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացնելով «Գալաթասարայում» և «Ռենում»: Բրայան Քրիստանտեն և Լորենցո Պելեգրինին ոչ մի շանս չեն տա Նզոնզիին՝ մեկնարկային կազմում հայտնվելու:

A Parting of Ways for Roma and Nzonzi Could be a Win-Win - Chiesa Di Totti

Մնացած 5 ֆուտբոլիստները չկարողացան արդարացնել սպասելիքներն ու իրացնել իրենց ներուժը «Ռոմայում»: Ամենավառ օրինակը Ջասթին Կլյուվերտն է: Լեգենդար Պատրիկ Կլյուվերտի որդին «Այաքսում» փայլուն ելույթներ էր ունենում, նա ամեն ինչ ուներ (ունի) թոփ ֆուտբոլիստ դառնալու համար. գերազանց տեխնիկա, արագություն, դրիբլինգ, հարվածներ: Բայց Կլյուվերտին վարձավճարով ուղարկեցին «Լայպցիգ», որտեղից նա, դժվար թե, վերադառնա:

Բացի այս 8 ֆուտբոլիստներից՝ հարցականի տակ է հարձակվողներ Էդին Ջեկոյի և Բորխա Մայորալի ապագան թիմում: Ավելի հավանական է, որ Ջեկոն հեռանա ակումբից. նրա բարդ բնավորությունը, բարձր աշխատավարձն ու տարիքն ամենևին նպաստավոր պայմաններ չեն ստեղծում Ժոզեի հետ հաջող համագործակցության համար: Մայորալի հարցն էլ օդում է. նրա խաղն ավարտված մրցաշրջանում գոհացրեց «Ռոմայի» ղեկավարներին, մնում է հասկանալ՝ կկարողանա՞ն հռոմեացիները տրանսֆերի հարցում համաձայնության գալ «Ռեալի» հետ:

Մեր ընտրանին

Ովքե՞ր են հեռացել

Դարպասապահի դիրքում փոփոխություն արդեն եղել է: Թիմից հեռացավ Պաու Լոպեսը՝ մեկ այլ հեռանկարային ֆուտբոլիստ, որ եկել էր «Բետիսից» 2019-ին: Սակայն նա նույնպես հուսալի խաղ ցույց չտվեց և արդեն հեռացել է՝ ուղևորվելով Լիգա 1՝ «Մարսել»:

«Ռոմայից» վերջնականապես հեռացավ նաև Չենգիզ Ունդերը. նա վարձավճարով խաղում էր «Լեսթերում», հիմա էլ վարձավճարով կխաղա «Մարսելում», բայց ֆրանսիական ակումբը թուրք ֆուտբոլիստին գնելու պարտադիր պայման ունի հաջորդ տարի՝ 18 միլիոն եվրո:

Deal done: Pau Lopez and Cengiz Ünder joining Marseille from Roma - RomaPress.net

«Ռոմայից» հեռացել են ևս 4 ֆուտբոլիստ: Հունիսի 30-ին ավարտվել են Բրունու Պերեսի, Ժուան Ժեզուշի, Անտոնիո Միրանտեի և Սիմոնե Ֆարելիի պայմանագրերը և չեն երկարաձգվել:

Ովքե՞ր են եկել

«Ռոման» տրանսֆերային այս պատուհանին արդեն իրականացրել է 3 տրանսֆեր: Առաջինը տեղի ունեցավ ժամեր առաջ. ակումբի ղեկավարությունն իրականացրեց Ժոզեի առաջին խնդրանքն ու հրավիրեց «առանձնահատուկի» հայրենակից Ռուի Պատրիսիուին՝ վճարելով 11.5 միլիոն եվրո «Վուլվերհեմփթոնին»: Պատրիսիուն իր որակներով ու փորձով կամրացնի հռոմեացիների դարպասը:

Official: Roma sign Rui Patricio from Wolves - Football Italia

Բացի Պատրիսիուից՝ «Ռոման» գնել է Ռոջեր Իբանյեսի և Բրայան Ռեյնոլդսի տրանսֆերային ամբողջական իրավունքները՝ երկու ֆուտբոլիստների համար, ընդհանուր առմամբ, վճարելով մոտ 16 միլիոն եվրո: Նրանք նախորդ մրցաշրջանում խաղում էին վարձավճարով:

Ովքե՞ր կգան

Մոուրինյոն հստակ խնդիրներ է դրել ղեկավարության առաջ ու ներկայացնելով տրանսֆերային ցանկը՝ նշել, թե որ դիրքերում են իրեն նոր ֆուտբոլիստներ անհրաժեշտ: «Ռոման», ամենայն հավանականությամբ, կգնի կենտրոնական պաշտպան, ձախ եզրային պաշտպան, հենակետային կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող:

Կենտրոնական պաշտպան. Կուրտ Զումա

«Ռոմայի» ամենախոցելի և թույլ օղակը պաշտպանությունն է, ինչը դատապարտեց թիմին անհաջողության: Պաուլու Ֆոնսեկան գտել էր այս թիմի համար կատարյալ սխեման, գտել էր լավ խաղ ստանալու բանաձևը, արդյունավետ հարձակում ունենալը: Այդ ամենը տալիս էր արդյունք՝ մինչև մրցաշրջանի ամենակարևոր հատվածը, երբ թիմի բացերը ջրի երես դուրս եկան ու ակնհայտ դարձավ՝ որքան թույլ է պաշտպանողական համակարգը, այդ թվում՝ անհատների պատճառով:

The importance of Kurt Zouma's rise to Chelsea dominance – Talk Chelsea

Մոուրինյոն չի կարող նման պաշտպանություն հանդուրժել և բնականաբար խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել կենտրոնական պաշտպան: Գլխավոր նպատակը «Չելսիի» ֆուտբոլիստ Կուրտ Զուման է, որի տրանսֆերային արժեքը բարձր է, բայց անհասանելի չէ (մոտ 30 մլն): Մոուրինյոն աշխատել է Զումայի հետ ու քաջածանոթ է նրա տվյալներին: Զուման էլ բավական հաջող մրցաշրջան անցկացրեց Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնների կազմում, հրավեր ստացավ նաև Ֆրանսիայի հավաքականից: Ըստ Telefoot-ի փոխանցած տեղեկությունների՝ «Ռոման» դիտարկում է նաև ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը:

Պլան Բ. Յանիկ Վեստեգոր

Եթե չստացվի Զումայի տրանսֆերը, «Ռոման» կփորձի գնել ԵՎՐՈ 2020-ի հայտնություններից մեկին՝ Դանիայի հավաքականի և «Սաութհեմփթոնի» պաշտպան Յանիկ Վեստոգորին: Դանիացու պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ ավարտվում է հաջորդ տարի, անգլիական ակումբն էլ ստիպված է վաճառել նրան: Athletic-ի փոխանցմամբ՝ Վեստեգորին ցանկանում է գնել նաև «Տոտենհեմը»:

Ձախ պաշտպան. Ռամի Բենսեբաինի

Լեոնարդո Սպինացոլան, որը փայլուն խաղ ցուցադրեց Եվրոպայի առաջնությանը, շարունակում է մնալ թիմի հիմնական ձախ պաշտպանը, բայց նրա ծանր վնասվածքը, որի արդյունքում նա բաց է թողնելու 6 ամիս, ստիպում է «Ռոմային» գնել ևս մեկ ձախ պաշտպան: Հռոմեացիների առաջին տարբերակն այս դիրքում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ռամի Բենսեբաինին է: Ալժիրցին տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Բունդեսլիգայում ու կարող է հաջոդությամբ փոխարինել Սպինացոլային:

Bundesliga | Ramy Bensebaini: "Borussia Mönchengladbach will be ready for Borussia Dortmund"

Պլան Բ. Յոահիմ Մելե

Եթե չստացվի գնել Բենսեբաինիին, «Ռոման» կփորձի ուժեղացնել պաշտպանության ձախ գոտին «Ատալանտայի» պաշտպան Յոահիմ Մելեի օգնությամբ: Մելեն Դանիայի լավագույն ֆուտբոլիստներից էր ԵՎՐՈ 2020-ին:

Հենակետային կիսապաշտպան. Գրանիտ Ջակա

Մոուրինյոն հասկանում է, որ «Ռոմայի» պաշտպանության խնդիրները նաև ուժեղ հենակետայինի բացակայությունից են գալիս: Այս դիրքում, բնականաբար, Ժոզեն խնդրել է նոր համալրում ունենալ, ու ակումբի գլխավոր թիրախն «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական է: Շվեյցարացու տրանսֆերի հարցով «Ռոման» արդեն շաբաթներ շարունակ բանակցությունների մեջ է լոնդոնյան թիմի հետ ու մինչև այժմ ամեն ինչ հաջող է ընթանում: Ջական ԵՎՐՈ-ի որոշ խաղերում հրաշալի խաղաց (Ֆրանսիայի դեմ նա լավագույնն էր դաշտում), ու նրա ձեռքբերումը միանշանակ հզորացում կլինի թիմի համար դաշտի կենտրոնում՝ հաշվի առնելով Ջակայի ու Վերետուի համագործակցությունը: Առաջիկա օրերին Ջակայի տրանսֆերը կարող է ձևակերպվել պաշտոնապես:

Roma willing to increase offer for Granit Xhaka - RomaPress.net

Պլան Բ. Նեմանյա Մատիչ

Դժվար թե Ջակայի գործարքը չստացվի, բայց Մոուրինյոն աչքի տակ ունի նաև այլընտրանք, որը, բնականաբար, Նեմանյա Մատիչն է՝ Մոուրինյոյի ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը: Մատիչին նա հրավիրեց «Չելսի», հետո իր հետ տարավ «Մանչեսթեր Յունայթեդ», այժմ էլ դեմ չէ նրան տեսնել «Ռոմայում»:

Կենտրոնական հարձակվող. Անդրեա Բելոտի

Մոուրինյոն իր մարզչական կարիերայի ընթացքում ունեցել է ֆանտաստիկ հարձակվողներ. Դիդյե Դրոգբա, Սամուել Էտո՛օ, Զլատան Իբրահիմովիչ, Դիեգո Միլիտո, Կարիմ Բենզեմա, Հարի Քեյն… «Ռոմայում» նա չի բավարարվի Բորխա Մայորալով: Մոուրինյոյի պահանջած հարձակվողը պետք է լինի ֆիզիկապես ամուր, դիպուկ մարդասպան, որը մղձավանջ կլինի իտալական թիմերի պաշտպանների համար:

«Ռոմայի» բյուջեին ու խաղաոճին ամենից շատ համապատասխանում է «Տորինոյի» ռմբարկու Անդրեա Բելոտին, որը վերջին մրցաշրջանում վերգտավ իր լավագույն խաղը: Բելոտիի համար «Ռոմա» տեղափոխվելը ևս լավ շանս է կարիերայի զարգացման հարցում, քանի որ «Տորինոն» մի կերպ խուսափեց Բ սերիա նահանջելուց: Մխիթարյանի, Ձանիոլոյի ու Պելեգրինիի առջևից խաղալով՝ Բելոտին շատ ավելի մեծ քանակի գոլեր կխփի և կդառնա ավելի արդյունավետ հարձակվող:

Arsenal join clubs fighting for Italy international - Football365

Մխիթարյանը՝ Մոուրինյոյի «Ռոմայում»

Ամենայն հավանականությամբ՝ Մոուրինյոյի գալով կփոխվի նաև «Ռոմայի» սխեման: Ֆոնսեկայի օրոք թիմը խաղում էր 3 կենտրոնական պաշտպանով, լատերալներով ու 2 խաղարկողով և կենտրոնական հարձակվողով: Մոուրինյոն կընտրի իր սիրելի 4-2-3-1 մարտավարությունը, որում Մխիթարյանը հնարավորություն կունենա տեղաշարժվել և ունենալ ազատություն՝ նաև շնորհիվ խաղընկերների բազմակողմանիության: Թե՛ Պելեգրինին, թե՛ Ձանիոլոն հաջողությամբ կարող են խաղի ընթացքում փոխել իրենց եզրերը, Մխիթարյանն էլ, ըստ իրավիճակի, կխաղա իր ցանկալի եզրում կամ հարձակվողի թիկունքում: Եթե Ջակայի տրանսֆերն իրականություն դառնա, Հենրիխի թիկունքն ավելի ապահով կլինի և նա ստիպված չի լինի չափազանց շատ նահանջել և օգնել պաշտպաններին:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա