VNews-ը շարունակում է ներկայացնել աշխարհի առաջնության մասնակիցներին: Սաուդյան Արաբիան 2018թ․ աշխարհի առաջնությանը հիշվեց: Սակայն պատճառը ոչ թե տպավորիչ խաղն էր, այլ այն, որ նրանք բացման խաղում հանդիպեցին ընդունող երկրի՝ Ռուսաստանի հավաքականին: Այս անգամ Սաուդյան Արաբիան փորձելու է այլ ձևով հիշվել: Սա նրանց 5-րդ մասնակցությունն է ֆուտբոլային գլխավոր մրցաշարին:
Պատմությունն աշխարհի առաջնությունում
Սաուդյան Արաբիայի հավաքականը Մունդիալի 5 մասնակցություններից միայն մեկում է կարողացել հաղթահարել խմբային փուլը: Դա տեղի է ունեցել նրանց նորամուտի մրցաշարում՝ 1994 թվականին Միացյալ Նահանգներում կայացած Մունդիալում:
Սաուդյան Արաբիան հաղթել է Մունդիալի իր նախորդ 16 խաղերից երեքում: Այդ հանդիպումներում նրանք 11 գոլ են խփել: Մրցաշարում նրանց լավագույն ռմբարկուն Սամի Ալ-Ջաբերն է, որն աչքի է ընկել երեք անգամ: Ալ-Ջաբերը նաև Սաուդյան Արաբիայի հավաքականի միակ խաղացողն է, որը գոլ է խփել տարբեր Մունդիալներում: Նա իր երեք գոլերը խփել է Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում ու Գերմանիայում կայացած մրցաշարերում:
Անցած ճանապարհ
Սաուդյան Արաբիան Ասիայի որակավորման մրցաշարում բավականին վստահ տեսք ուներ ու հեշտությամբ նվաճեց Մունդիալի խմբային փուլի ուղեգիր: Սկզբում նրանք հաղթահարեցին երկրորդ փուլի արգելքը: Խմբում ընդգրկված էին Ուզբեկստանի, Պաղեստինի, Սինգապուրի ու Յեմենի հավաքականները: Նրանց հետ պայքարում Սաուդյան Արաբին միայն սկզբում խնդիրներ ունեցավ: Հետո 5 անընդմեջ հաղթանակներն ապահովեցին եզրափակիչ՝ երրորդ փուլ դուրս գալը:
Երրորդ փուլում Սաուդյան Արաբիան հայտնվեց B խմբում: Այստեղից երկու թիմ Մունդիալի ուղիղ ուղեգիր էր նվաճում: Շատերի կարծիքով՝ այդ ուղեգրերի գլխավոր հավակնորդներն Ավստրալիայի և Ճապոնիայի հավաքականներն էին: Սակայն Էրվե Ռենարի թիմն անակնկալ մատուցեց ու առաջին տեղով նվաճեց խմբային փուլի ուղեգիրը: Նրանք պատմության մեջ 5-րդ անգամ են մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Խաղաոճ-տակտիկա
Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզիչը Էրվե Ռենարն է, որը սիրում է հարձակողական ֆուտբոլ: Նա Կատարի ճանապարհին հիմնականում կիրառում էր 4-2-3-1 խաղային սխեման: Սակայն մինչև Մունդիալը կայացած ընկերական հանդիպումներում Մարոկկոյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կիրառում էր նաև 4-3-3-ը: Սաուդյան Արաբիայի խաղը 2018-ի համեմատ շատ է փոխվել: Նրանք փորձում են ագրեսիվ գործել՝ անկախ մրցակցի ուժից ու հեղինակությունից: Հենց այդ անկաշկանդ խաղն էլ ապահովեց նրանց տեղը Մունդիալում:
Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզիչը սիրում է խաղը կառուցել եզրերով: Պաշտպանվելիս թիմը ևս ագրեսիվ է գործում: Նրանք չեն սիրում ավտոբուս կառուցել: Սաուդյան Արաբիան որակավորման մրցաշարում բարձր պրեսինգի էր ենթարկում մրցակիցներին, երբ գնդակով չէր լինում: Այնպես որ, այս հավաքականից ավելի ուրախ ֆուտբոլ կարելի է ակնկալել, քան 4 տարի առաջ Ռուսաստանում:
Մարզիչը
Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորում է ֆրանսիացի Էրվե Ռենարը: Նա 2019 թվականից է կատարում այս երկրի ազգային թիմի մարզչի պարտականությունները: Երկրպագուները նրա մարզչական գործունեությանը Մունդիալի ընթացքում արդեն հետևել են: 2018-ին հենց Ռենարի գլխավորությամբ Մարոկկոյի հավաքականը տպավորիչ մրցաշար անցկացրեց ու խմբում դժվարություններ ստեղծեց Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների համար: Իսպանացիների հետ ոչ-ոքին երկրպագուները հաստատ լավ են հիշում:
Ռենարը նախկինում աշխատել է նաև Կոտ դ՛Իվուարի ու Զամբիայի հավաքականների ղեկին: 2012-ին հենց նրա առաջնորդությամբ Զամբիան ֆանտաստիկ մրցաշար անցկացրեց ու հաղթեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում: Ռենարը միջին կարգի հավաքականների ղեկին մշտապես լավ աշխատանք է կարողացել կատարել: Սաուդյան Արաբիան ևս բացառություն չէ: Այս թիմը պետք է որ անցանկալի մրցակից լինի խմբի մյուս թիմերի համար:
Գլխավոր աստղերը
Ինչպես արդեն նշեցինք, Ռենարը ապավինում է եզրերով խաղին: Այնպես որ, գլխավոր աստղերին պետք է փնտրել ու գտնել հենց եզրերում: Հարձակման գծում կարևոր դերակատարում ունի Սալեմ Ալ-Դովսարին: Նա նոմինալ ձախ վինգեր է, սակայն կարող է հաջողությամբ խաղալ նաև աջ եզրում, ենթահարձակվողի դիրքում: Անհրաժեշտության դեպքում նա կարող է գործել նաև հարձակման կրակագծում:
Ալ-Դովսարին նոր մրցաշրջանը հաջող է սկսել: «Ալ-Հիլալի» կազմում նա 8 խաղի է մասնակցել ու աչքի ընկել երեք արդյունավետ գործողությամբ: Նրանից սպասելիքները մեծ են նաև Կատարում: Ալ-Դովսարին առաջնությունը կսկսի պատմական նվաճման հասնելու նպատակով: Նրան ընդամենը երկու գոլ է անհրաժեշտ աշխարհի առաջնություններում Սաուդյան Արաբիայի պատմության լավագույն ռմբարկուին՝ Սամի Ալ-Ջաբերսին, հասնելու համար: Նրա ակտիվում 3 գոլ կա:
Սաուդյան Արաբիայի հավաքականում ուշադրության կենտրոնում է լինելու նաև երիտասարդ հարձակվող Ֆիրաս Ալ-Բուրայկանը: 22-ամյա գոլահարը ներքին առաջնությունում ամենատպավորիչ խաղ ցուցադրող ֆուտբոլիստներից է: Նա խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում: Այս ֆուտբոլիստի կայացման ու ազգային հավաքականում տեղը ապահովելու գործում մեծ ներդրում ունի Ռենարը: Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչը 2019-ին ազգային թիմի ղեկը ստանձնելուց հետո հնարավորություն ընձեռեց բազմաթիվ երիտասարդների, այդ թվում՝ Ալ-Դովսարիին: Նա Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն է: Այս հարձակվողի խաղին պետք է ուշադիր հետևել:
Սպասելիքները
Սաուդյան Արաբիայի հավաքականը բավականին բարդ խմբում է ընդգրկված: Մրցակիցներն են մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Արգենտինան, Ռոբերտ Լևանդովսկիի առաջնորդությամբ խաղացող Լեհաստանի հավաքականն ու Մունդիալներում մշտապես հաջող ելույթ ունեցող Մեքսիկան: Այսպիսի խմբից փլեյ-օֆֆ դուրս գալը չափազանց խրթին առաջադրանք է: Սակայն այդպիսի մեծ նպատակներ դնելու կարիք չկա:
Սաուդյան Արաբիան պետք է խաղից խաղ տրամադրվի: Առաջնությունը նրանք սկսում են Արգենտինայի հետ խաղով, հետո՝ Լեհաստան ու նոր միայն Մեքսիկա: Ակնհայտ է, որ Ռենարի թիմը խմբի բացահայտ «անդերդոգն» է, սակայն այսպիսի կազմով ու այսպիսի խարիզմատիկ մարզչով կարելի է պայքարել միավորի համար նույնիսկ թոփերի հետ խաղերում: Մարոկկոյի հավաքականի արդյունքները՝ մեզ օրինակ:
Հետաքրքիր է, որ Սաուդյան Արաբիան Մունդիալին մոտենում է 6 անընդմեջ առանց պարտության խաղերից հետո: Ճիշտ է, բոլորը եղել են ընկերական հանդիպումներ, որոնցից 4-ում գրանցվել է ոչ-ոքի: Սաուդյան Արաբիայի նախորդ պաշտոնական հանդիպումը Ավստրալիայի հավաքականի հետ էր, որտեղ Ռենարի թիմը նվազագույն հաշվով առավելության է հասել: Պաշտոնական խաղերում վերջին պարտությունը եղել է Ճապոնիայի հետ խաղում 0-2 հաշվով: Դրանք որակավորման փուլի մրցաշարի հանդիպումներ էին:
Հատկանշական է, որ Մունդիալ-2018-ին Սաուդյան Արաբիան մրցաշարն ավարտեց Եգիպտոսի հավաքականի նկատմամբ հաղթանակով: Նախորդ Մունդիալում նրանք պայքարը սկսեցին ընդունող երկրի հետ խաղում, այս անգամ մրցակիցը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից է: Չես նախանձի Սաուդյան Արաբիային:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը