Իմ կողմից բոլոր փորձերը եղել են Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելու ու զրուցելու համար, սակայն խաղացողը չցանկացավ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում անցկացվում է ուկրաինացի մասնագետի առաջին ասուլիսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Ասուլիսից առաջ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց Հայաստանի հավաքականի կազմը։
Մարզիչն անդրադարձավ նաև իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն ավարտել է ելույթները Հայաստանի հավաքականում։
«Առաջին օրը գալով այստեղ՝ ցանկացա հանդիպել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ղեկավարությանն ու բոլորին խնդրեցի, որ կազմակերպեն հանդիպում, քանի որ ցանկանում էի անձամբ զրուցել նրա հետ։ Նույնիսկ հետաքրքրվել եմ «Շախտյորում» նրա նախկին թիմակիցներից։ Սակայն նա մերժեց՝ ասելով, որ նորմալ է վերաբերվում ինձ և կայացրել է որոշում, որն անփոփոխ է։ Ես նաև իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի խոսել նրա հետ։ Հետո Ռոմանն ինձ ասաց, որ Հենրիխն ասել է, որ ավարտել է ելույթները հավաքականում։ Նաև այլ մարդկանց եմ խնդրել հանդիպում կազմակերպել նրա հետ և պատրաստ էի մեկնել Միլան, որպեսզի պարզապես զրուցենք, սակայն նա չցանկացավ հանդիպել։ Այնպես որ իմ կողմից բոլոր փորձերը եղել են, սակայն խաղացողը չցանկացավ զրուցել ինձ հետ և կայացրել է որոշում։ Կարծում եմ, որ պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը։ Նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է։ «Շախտյորի» խաղացողներից լսել եմ, որ նա լավ մարդ է, անձամբ չեմ ճանաչում նրան»,- նշեց մարզիչը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղացել է 2007-2021 թվականներին՝ անցկացնելով 95 հանդիպում։ 34-ամյա կիսապաշտպանը 32 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հայաստանի հավաքականն Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Թուրքիայի թիմին։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: