Logo

«Ամբիցիոզ, բայց համեստ երիտասարդը». որտեղից «ծլեց» Սանչոն և ուր հասավ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
5472 - «Ամբիցիոզ, բայց համեստ երիտասարդը». որտեղից «ծլեց» Սանչոն և ուր հասավ

Ջեյդոն Սանչոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 85 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով անգլիացի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը (Հարի Մագուայրից հետո):

Սանչոն նոր է մուտք գործում միջազգային ֆուտբոլ. նրան երկրպագուների լայն զանգվածը սկսեց ճանաչել 2017-ից, երբ նա տեղափոխվեց «Բորուսիա» (որտեղ էլ, ի դեպ, տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթիից»): 21-ամյա ֆուտբոլիստը վերջին 2-3 տարիներին խաղային անկասելի և կայուն աճի շնորհիվ արդեն համարվում է Եվրոպայի ամենացանկալի ու հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:

Սանչոյի անցած ճանապարհը

«Չնայած կարիերայի թռիչքային զարգացմանն ու միանգամից թոփ ֆուտբոլիստի կարգավիճակն ունենալուն՝ Սանչոն եղել և մնում է շատ համեստ մարդ: Մենք երբեմն PlayStation ենք խաղում ու միասին զրուցում ենք՝ ինչպես հին, նորմալ ընկերներ: Նրա հայրը միշտ ասել է իրեն, որ ոտքերը պահի հողին և հիշի՝ որտեղից է գալիս», – ասում է Սանչոյի նախկին թիմակից Դևիդ Սիսեյը, որը Ջեյդոնին ճանաչում է արդեն 9 տարի, երբ նա դեռ խաղում էր «Ուոթֆորդի» Մ13 տարիքային խմբում: Սանչոն ընտանիքի հետ ապրում էր Լոնդոնի Քենինգթոն թաղամասում ու հաճախ էր այցելում Սիսեյի տուն:

Սանչոն «Ուոթֆորդին» միացել է 7 տարեկանում և խաղացել ավելի բարձր տարիքային խմբում՝ իր խաղով համոզելով մարզչին, որ շուտով աստղ է դառնալու: «Ուոթֆորդի» մարզիչը՝ Լուիս Լանքեսթրը, միանգամից տպավորվել է երիտասարդ վինգերի անհատական որակներով. «Հիշում եմ՝ առաջին անգամ, երբ դիտեցի նրա խաղը, շատ արագ հասկացա, որ այս տղան մեծ հավակնություններ ունի և շատ քաջ է: 13 տարեկան Ջեյդոնին մի անգամ հարցրի՝ ի՞նչ ես ցանկանում: Նա շատ հանգիստ հայացքով նայեց ինձ ու ասաց՝ «ցանկանում եմ ներկայացնել Անգլիան ու ընտանիքիս հպարտության զգացում պարգևել: Ցանկանում եմ խաղալ եվրոպական թոփ ակումբում»:

Jadon Sancho's coach reveals how the talented Borussia Dortmund star and Man Utd target rose to become a Bundesliga hero

Սանչոն մեծացել է իր տան մատույցներում, ցեխոտ փողոցներում ֆուտբոլ խաղալով: «Այն միջավայրը, որ ստեղծում են երեխաները փողոցային ֆուտբոլներում, երբեմն ավելի ուսուցողական են դառնում ֆուտբոլիստների համար, քան ակադեմիաները: Սանչոյի խաղային ու անհատական որակները ձևավորվել են հենց այդ օրերին: Ջեյդոնն ինձ մի անգամ պատմեց, որ մի օր բակում չափազանց շատ էին ֆուտբոլ խաղացող երեխաները. գեթ մեկ սխալ փոխանցում, ու դու այլևս չես խաղա և տեղդ կզիջես մյուսին: Այ դա ճնշում է», – ասում է Լանքեսթրը:

Սանչոն սկսել է փայլել «Ուոթֆորդի» Մ14 և Մ15 թիմերում՝ չնայած, որ գրեթե բոլորից 1 կամ 2 տարով ավելի փոքր էր: Այդ տարիներին նա 2 շեդևրալ գոլ խփեց՝ նախ խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով գրավելով «Ռեդինգի» դարպասը, ապա աչքի ընկավ «Սաութենդի» դեմ խաղում՝ մի քանի ֆուտբոլիստ ի շրջանցելուց հետո դառնալով գոլի հեղինակ: «Կարծում եմ՝ ինքնավստահությունն է, որ Սանչոյին առանձնացնում է մյուսներից: Շատ վաղ տարիքում արդեն ակնհայտ էր, որ Սանչոն մեծ աստղ է դառնալու», – նշում է Սիսեյը:

Մեր ընտրանին

Սանչոյի հոր կարևորությունը՝ որդու կարիերայում

Սանչոյի կյանքում ու կարիերայում չափազանց մեծ է եղել նրա հոր դերակատարությունը: Սինն ապրել է որդու խաղով, երբեմն նրան ու թիմակիցներին տարել է Անգլիայի երիտասարդական խաղերը դիտելու, առիթը բաց չի թողել Ջեյդոնին ու նրա խաղընկերներին ինչ-որ բան սովորեցնելու. «Նա մեզ շատ էր վստահություն փոխանցում: Երբ Ջեյդոնն ինչ-որ հաջող գործողություն էր կատարում մարզման ժամանակ, նա մոտենում էր որդուն ու ասում՝ իսկ դու կարո՞ղ ես նույնը անել խաղի ժամանակ: Նրա հայրը միշտ դիտում էր մեզ, գալիս էր մեր բոլոր խաղերին ու մոտիվացնում բոլորիս», – ասում է Սիսեյը:

Մարզիչն էլ՝ Լանքեսթրը պատմում է, որ Սինը ճիշտ է դաստիարակել որդուն, ինչը շատ է օգնել նրա զարգացման հարցում. «Նրա հայրն անհավանական մարդ է: Սինը հանգիստ է ու այդ հանգստությունը փոխանցում է որդուն: Ընդ որում՝ նաև օգնում է Սանչոյին որոշումներ կայացնել վճռորոշ պահերին»:

«Բորուսիա» տեղափոխվելու ճակատագրական/հեղափոխական որոշումը

Սանչոն 14 տարեկանում լքում է «Ուոթֆորդն» ու համալրում «Մանչեսթեր Սիթին»: Շատերին, որոնք հետևում էին երիտասարդ Ջեյդոնի խաղին, զարմացրեց նրա՝ ընդամենը 2 տարի անց «Բորուսիա» տեղափոխվելը: Սանչոյին չհավատացին Մանչեսթերում, մինչդեռ նա խոստանում էր դառնալ «Սիթիի» ապագա աստղը: Սանչոն չընդգրկվեց Գվարդիոլայի՝ միջմրցաշրջանային հայտացուցակում և որոշեց տեղափոխվել Դորտմունդ, որտեղ նա խաղային պրակտիկայի խնդիր չէր ունենա:

Manchester City 'made plans to pay £225k to support Jadon Sancho's family' | Sport | The Times

2017-ի ամռանը Սանչոն փայլում է արդեն Անգլիայի Մ17 տարիքային հավաքականում, որի կազմում 3 գոլ է խփում ու դառնում աշխարհի Մ17 տարիքայինների չեմպիոն:

«Բորուսիայում» Սանչոն սկսում է իր պրոֆեսիոնալ կարիերան, առաջին մրցաշրջանում 21 խաղ է անցկացնում Դորտմունդում, իսկ 2018/19-ից դառնում է հիմնական կազմի ֆուտբոլիստ ու ցնցող ելույթներ ունենում: Բունդեսլիգայում անցկացրած 3 մրցաշրջանում Սանչոն դառնում է 37 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ: Սանչոն «Բորուսիա» տեղափոխությամբ ու այնտեղ գրանցած հաջողություններով դառնում է հրաշալի օրինակ անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստների համար: 13 երիտասարդ անգլիացի գնացել է Սանչոյի հետքերով ու խաղացել Բունդեսլիգայում: Սանչոն կոտրեց այն կարծրատիպը, որ կար Անգլիայում. «Եթե չես խաղում հայրենիքումդ, ուրեմն կործանված ես»:

Խաղաոճի կատարելագործումն ու նոր որակներ ձեռք բերելը

«Բորուսիայում» Սանչոն ոչ միայն ֆանտաստիկ վիճակագրություններ, գոլեր ու ասիստներ թողեց, այլ նաև կատարելագործեց իր խաղային որակները. ավելի մեծ արագություն, ավելի հղկված տեխնիկա, հրաշալի ֆիզիկական վիճակ ու 21 տարեկանին ոչ հատուկ խաղային հասունություն: Բայց Գերմանիայում Սանչոն սովորեց նաև պաշտպանվել. «Ինձ համար ամենազարմանալին Սանչոյի պաշտպանվելն է, քանի որ մենք, երբ Սանչոն խաղում էր «Ուոթֆորդում», երբեք չենք աշխատել պաշտպանության վրա: Ջեյդոնն այդ ամենը սովորել է Դորտմունդում: Նա ճիշտ դիրք է ընտրում մրցակցի գրոհների ժամանակ, սահանկումներ անում ու մեծ ծավալի աշխատանք կատարում թիմի համար՝ բացի իր բուն պարտականություններից: Ու նորից հիշենք փողոցի դպրոցը. Սանչոն հենց այնտեղից է սովորել իր թույլ կողմերի վրա աշխատելն ու կազմում իր տեղը փրկելը:

jadon-sancho-borussia-dortmund-1569174248-25946-min - Vbet News

Ջեյդոնն ունի հաղթողի անհատականություն: Նա ծնված է ռեկորդներ գերազանցելու համար: Երբ նրան ասում ես, որ ոչ ոք այս մրցաշրջանում 20 գոլ չի խփել, նա կշրջվի ու կասի, որ հենց դա էլ իր նպատակն է: Կասկած չունեմ, որ ինքն իր առաջ նպատակ է դրել մի օր նվաճել «Ոսկե գնդակը», և կասկած չունեմ, որ նա հասնելու է իր այդ նպատակին ևս», – ասում է Լանքեսթրը:

«Մանչեսթեր Յունայթեդ». ինչպե՞ս Սանչոն կտեղավորվի Սուլշերի սխեմաներում

«Ցանկանում եմ խաղալ եվրոպական թոփ ակումբում», – Սանչոյի այս ցանկությունն իրականություն դարձավ 2021-ի հուլիսի 1-ին, երբ նա դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Սանչոն «չմեծացավ» հայրենիքում, այլ իր երկիր եկավ գործուղումից՝ որպես ավելի կայուն ֆուտբոլիստ: Ամեն ինչ ավելի խորհրդանշական է դառնում, երբ հիշում ենք, որ Սանչոյին չէին հավատացել «Սիթիում»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մոտիվացված կխաղա նա «քաղաքաբնակների» դեմ:

Բայց մինչև նպատակներն ու մարտահրավերները՝ հասկանանք, ինչպես Սանչոն կտեղավորվի «Յունայթեդի» սխեմաներում:

«Յունայթեդին» պակասում էր նոմինալ աջ վինգերը երկար տարիներ, հենց այդ պատճառով էլ Սուլշերի համար ստրատեգիական ու կարևոր նշանակություն ուներ Սանչոյի տրանսֆերը: Նախորդ մրցաշրջանում այս դիրքը զբաղեցնում էր Մեյսոն Գրինվուդը, որը վատ չէր կատարում իր պարտականությունները, բայց նա ավելի շատ նախընտրում է խաղալ կենտրոնում և տեղաշարժվելու ազատություն ունենալ: Սանչոյի տրանսֆերը Սուլշերին թույլ կտա Գրինվուդին տալ այդ ազատությունը, իսկ եթե կենտրոնում նա տեղ չունենա, Սուլշերը գոնե կիմանա, որ պահեստայինների նստարանին ունի խաղադաշտում եղանակ փոխող ֆուտբոլիստ:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Սանչոն կարող է խաղալ նաև ձախից՝ թեև ավարտված մրցաշրջանում «Բորուսիայում» նա հաճախ չէր գործում ձախից՝ հաշվի առնելով, որ դորտմունդցիները խաղում էին 3-4-3 սխեմայով ու ձախ եզրում էր Պաուլո Գերեյրոն: «Յունայթեդում» էլ կա Ռեշֆորդ, և նրա սիրելի եզրը ձախն է: Այնուամենայնիվ՝ Սանչոն կարող է խաղալ ձախ եզրում, եթե լինի դրա անհրաժեշտությունը:

Եվ վերջապես կա խաղարկողի դիրքը, որտեղ մեծ հաջողությամբ կարող է խաղալ Սանչոն: «Բորուսիայում» նա գործում էր ինսայդերի՝ խաղարկողի ու վինգերի միքսի դիրքում (օրինակ՝ Մխիթարյանի դիրքը «Ռոմայում»): Մասնագետները նշում են, որ Սանչոյի արագությունն ու դրիբլինգն ափսոս է՝ նրան կենտրոնում օգտագործելու համար, բայց Բրունու Ֆերնանդեշի բացակայության դեպքում Սանչոն կարող է խաղալ կենտրոնական հարձակվողի թիկունքում և իր կրեատիվությամբ կոտրի մրցակցի դիմադրությունը:

Որ դիրքում էլ որ Սանչոն խաղա, նրա հետ «Յունայթեդն» ավելի ուժեղ ու վախեցնող հարձակման գիծ ունի (և ավելի ուժեղ կազմ, առհասարակ, եթե գա նաև Վարանը): Ֆերնանդեշը կստեղծի ազատ տարածություններ, Սանչոն արագացումներ կանի, կշրջանցի ֆուտբոլիստներին, իսկ Ռեշֆորդը կեզրափակի գրոհները: Պրեմիեր լիգայի պաշտպանները նախանձելի վիճակում չեն լինի «Յունայթեդի» դեմ խաղերին:

աս6 - Սուպերաստղ ու թոփ պաշտպան. ում է գնելու «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա