Logo

Այդ երեկոյից մեկ տարի անց. Մարկոս Լյորենտեի կարիերայի անհավանական շրջադարձը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1615279738 105249 1615280845 album normal - Այդ երեկոյից մեկ տարի անց. Մարկոս Լյորենտեի կարիերայի անհավանական շրջադարձը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:56

-

-

2020 թվականի մարտի 11. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. մրցաշարի գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունում է «Ատլետիկոյին», որին պարտվել էր դիմակայության առաջին խաղում՝ Սաուլի խփած միակ գոլով:

Մերսիսայդցիներն արդեն առաջին խաղակեսում կարողանում են հավասարեցնել դիմակայության հաշիվը: Առհասարակ, «կարմիրներն» ամբողջ խաղի ընթացքում ունեին բացարձակ առավելություն «Ատլետիկոյի» նկատմամբ, ու միայն Յան Օբլակն էր իր ֆանտաստիկ սեյվերով կարողանում դիմադրել Կլոպի թիմի գրոհներին: Հանդիպման 56-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեն կատարեց շատերի համար անհասկանալի, երկչոտ ու պաշտպանությանը միտված փոփոխություն: Խաղադաշտ մտավ հաստիքային հենակետային կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, որն մադրիդյան ակումբում իր առաջին մրցաշրջանի ընթացքում, առանձնապես չէր փայլել ՝ լինելով երկրորդական ֆիգուր:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Ռոբերտո Ֆիրմինոն, կարծես, վերջակետ դրեց դիմակայությանը՝ խփելով իր թիմի 2-րդ գոլը: Ամեն ինչ լավ էր, «Էնֆիլդում» բոլորը երջանիկ էին, բայց Սիմեոնեի «Ջոկերն» աշխատեց հենց այդ ժամանակ. Մարկոս Լյորենտեն ոչնչից վերցրեց ու երկու գոլ ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը (երկու դեպքում էլ՝ տուգանայինի սահմաններից դուրս) ու կոտրեց «Էնֆիլդ» կոչվող ամրոցը: Այդ խաղը, որը վերջին «նորմալ ֆուտբոլն» էր պանդեմիայից առաջ, նշանավորվեց Մարկոս Լյորենտեի սենսացիոն ելույթով ու անհավանական կերպարանափոխությամբ:

Ուղիղ 1 տարի է անցել «Էնֆիլդյան» այդ երեկոյից, որը շրջադարձային էր Լյորենտեի կարիերայում: Քչերը կարողան են մեկ տարում գրանցել այնպիսի առաջընթաց, ինչպիսին գրանցեց իսպանացի խաղացողը:

Փայլուն ֆիզպատրաստվածություն՝ կարանտինի ժամանակ

«Լիվերպուլի» դեմ խաղից հետո եկավ երկար դադարը, որի ընթացքում Դիեգո Սիմեոնեն անհատապես աշխատեց Մարկոս Լյորենտեի հետ՝ նրան ավելի լավ ֆուտբոլիստ դարձնելու համար: Արգենտինացին զրուցեց ֆուտբոլիստի հետ, ու նրանք հասկացան, որ Մարկոսը կարող է թիմին շատ ավելին տալ հարձակման գծում, քան հենակետայինի դիրքում, որտեղ նա խաղացել էր իր ամբողջ կարիերայում՝ «Ռեալի» ակադեմիայից մինչև «Ալավես»: «Ատլետների» 14 համարն ուշադիր հետևում էր Սիմեոնեի և ֆիզպատրաստվածության գծով մարզչի բոլոր ցուցումներին՝ ֆիզիկապես ավելի ամուր դառնալու և տակտիկապես ավելի ճկուն լինելու համար: Լյորենտեն մեկուսացման շրջանում, բացի մարզվելուց, հաճախ դիտել է նաև այլ հարձակվողների տեսանյութեր՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք տեղաշարժվում խաղադաշտում, ինչպես են հարվածային դիրքեր դուրս գալիս,  ինչ որակներ ու հատկանիշներ պետք է ավելացնի իր խաղին: Այս ամենի արդյունքը ֆուտբոլասերները շատ արագ նկատեցին:

maxresdefault 960x540 - Այդ երեկոյից մեկ տարի անց. Մարկոս Լյորենտեի կարիերայի անհավանական շրջադարձը

Կենտրոնական հարձակվող՝ «Սան Մամեսում»

«Ատլետիկոյի» համար ֆուտբոլը վերսկսեց 2020-ի հունիսի 14-ին, երբ Լա լիգայի շրջանակում թիմը հյուրընկալվեց «Ատլետիկին»: Սիմեոնեի սխեմայում գլխավոր նորությունը Լյորենտեի՝ կենտրոնական հարձակվողի դիրքում հայտնվելն էր: Չնայած նրան, որ Մարկոսը երբեք չէր խաղացել առջևի գծում, Սիմեոնեն համարձակվեց նրան դիրքավորել Դիեգո Կոստայի կողքին՝ որպես երկրորդ հարձավկող: «Սան Մամեսում» Լյորենտեն լավ տպավորություն թողեց՝ խաղալով նոր դիրքում:

Գերազանց խաղ նոր դիրքում՝ 3 օր անց

«Ատլետիկի» դեմ խաղից 3 օր անց «Ատլետիկոն» կարևոր խաղ ուներ անցկացնելու «Էլ Սադարում»՝ «Օսասունայի» հետ. պետք էր հաղթել՝ Չեմպիոնների լիգայի գոտում տեղը չկորցնելու համար: Սիմեոնեն ռոտացիա կիրառեց այդ խաղում՝ Լյորենտեին թողնելով պահեստայիններին: Բայց արդեն նախկին կիսապաշտպանը խաղադաշտ դուրս մտավ խաղի 63-րդ րոպեին ու գերազանց հանդիպում անցկացրեց՝ խփելով իր թիմի 3-րդ գոլը, ինչպես նաև գոլային փոխանցումներ կատարեց Մորատային ու Կարասկոյին:

Անձեռնմխելի՝ մեկնարկային կազմում

Կարանտինային շրջանից հետո խաղից խաղ Լյորենտեն ավելի ու ավելի մեծ դերակատարում էր ստանում Սիմեոնեի սխեմաներում. և դա շարունակվեց այնքան, մինչև որ Լյորենտեն վաստակեց իր անձեռնմխելի տեղը թիմի մեկնարկային կազմում:

Marcos Llorente Atletico 2 21 960x640 - Այդ երեկոյից մեկ տարի անց. Մարկոս Լյորենտեի կարիերայի անհավանական շրջադարձը

Իսպանիայի առաջնության ամենաճակատագրական հատվածում՝ 33-ից 37-րդ տուրերում Լյորենտեն 5 անընդմեջ խաղ անցկացրեց՝ լինելով մեկնարկային կազմում: Այդ ընթացքում իսպանացին օգնեց իր թիմին ապահովել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիրը: 1 խաղ հանգստանալուց հետո Լյորենտեն կրկին հայտնվեց մեկնարկային կազմում՝ ՉԼ-ի 1/4 եզրափակիչում, սակայն Սիմեոնեի թիմը պարտվեց «Լայպցիգին» 1-2 հաշվով ու դուրս մնաց մրցաշարից:

Առաջատարի դեր՝ ընթացիկ մրցաշրջանում

«Ատլետիկոն» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում շատ հաջող մեկնարկեց՝ «Գրանադային» հաղթելով 6-1 հաշվով:

Լյորենտեն թիմի աստղային տրանսֆերի՝ Լուիս Սուարեսի հետ իր հերթին էր սպասում պահեստայինների նստարանին: Երբ հաշիվն արդեն 3-0 էր, նրանք միասին մտան խաղադաշտ և ցույց տվեցին՝ ովքեր են այս թիմի առաջատարները: Խաղադաշտում անցկացրած 19 րոպեի ընթացքում Լյորենտեն Սուարեսի փոխանցումից հետո այս մրցաշրջանում բացեց իր գոլերի հաշիվն , իսկ հետո արդեն վերադարձրեց «պարտքը» Սուարեսին՝ գոլային փոխանցում կատարելով ուրուգվայցուն: Հենց այս խաղից սկսեց Իսպանիայի այս առաջնության լավագույն զույգերից մեկի ճանապարհը, որոնք միմյանց հասկանում են մեկ հայացքից:

Լյորենտեն ընթացիկ մրցաշրջանում կարողացավ նաև վերջնականապես դառնալ թիմի առաջատար ֆուտբոլիստ՝ երբեմն մեկնարկային կազմից դուրս թողնելով Ժոաու Ֆելիշի և Անխել Կոռեայի նման ֆուտբոլիստներին: Իսպանացին արդեն վաղուց այս մրցաշրջանի ընթացքում խաղադաշտում անցկացրել է ավելի շատ, քան նախորդում։ Լյորենտեն խաղացել է 2471 րոպե, մինչդեռ նախորդում խաղացել էր 1721 րոպե: Այս մրցաշրջանում Մարկոսը 4-րդ ամենաշատ խաղաժամանակ ունեցող ֆուտբոլիստն է թիմում՝ Օբլակից, Սավիչից ու Կոկեից հետո:

Մեր ընտրանին

Նորամուտը՝ Իսպանիայի հավաքականում

«Ատլետիկոյում» հրաշալի խաղը ստիպեց Լուիս Էնրիկեին՝ Մարկոս Լյորենտեին հրավիրել Իսպանիայի հավաքական:

2020-ի նոյեմբերի 11-ին Լյորենտեն իր նորամուտը նշեց ազգային հավաքականում՝ մի քանի րոպե խաղադաշտում անցկացնելով Նիդեռլանդների դեմ հանդիպմանը: Վնասվածքի պատճառով նա չկարողացավ մասնակցել Շվեյցարիայի ու Գերմանիայի ընտրանիների դեմ խաղերին, բայց ակնհայտ է, որ Էնրիկեն մեծ հույսեր է կապում նրա հետ: Լյորենտեն երազում է ԵՎՐՈ 2020-ին փայլելու մասին, և ակումբում իր խաղով ամեն ինչ անում է, որ հայտնվի Էնրիկեի վերջնական հայտացուցակում ու հետո նաև մեկնարկային կազմում:

Հիասքանչ զույգ՝ Լուիս Սուարեսի հետ

Լյորենտե – Սուարես զույգը ամենաարդյունավետներից է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Երկու ֆուտբոլիստների կատարմամբ Լա լիգայի այս խաղարկությունում գրանցվել է 27 գոլ: 18 գնդակ հեղինակել է Սուարեսը, 9 գնդակ՝ Լյորենտեն: Եթե «Ատլետիկոն» դառնա Իսպանիայի չեմպիոն (իսկ դա հավանական է՝ հաշվի առնելով, որ «Բարսելոնային» գերազանցում է 6, իսկ «Ռեալին»՝ 8 միավորով), ապա դա կլինի մեծ հավանականությամբ հենց այս  զույգի շնորհիվ: Մադրիդցին և ուրուգվայցին միասին խփել են «Ատլետիկոյի» գոլերի 54 տոկոսը, իսկ նրանց խփած այդ 27 գոլերն ավելին են, քան հեղինակել են Լա լիգայի 8 թիմեր՝ «Օսասունան», «Կադիսը», «Վալյադոլիդը», «Էլչեն», «Էյբարը», «Ալավեսը», «Խետաֆեն» և «Հուեսկան»:

3009533 61746388 2560 1440 960x540 - Այդ երեկոյից մեկ տարի անց. Մարկոս Լյորենտեի կարիերայի անհավանական շրջադարձը

Բացի գոլեր խփելը, Լյորենտեն օգնում է թիմակիցներին հասնել հաջողության: Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում նա լավագույն ասիստենտն է (8) «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասի հետ միասին: Իր վերջին գոլային փոխանցումը Լյորենտեն կատարեց խորհրդանշական խաղում՝ մադրիդյան դերբիում։ Գեղեցիկ գրոհի ժամանակ նա Սուարեսին գերճշգրիտ փոխանցմամբ մեն-մենակ դուրս բերեց Կուրտուայի դեմ՝ ցույց տալով «Ռեալին», թե ինչ են կորցրել նրանք՝ վաճառելով իրեն սկզբունքային մրցակցին:

Անհավանական բազմակողմանիություն

Բացի հարձակման գծում ցույց տված փայլուն խաղից, Լյորենտեն Սիմեոնեի ամենավստահելի զինվորներից է, որին նա կարող է օգտագործել բազմաթիվ դիրքերում: Արգենտինացին գիտի որ դիրքում էլ օգտագործի Լյորենտեին, նա կպատասխանի լավ խաղով:

Այս մրցաշրջանի ընթացքում Մարկոսը գործել է ոչ միայն կենտրոնական հարձակվողի, այլ նաև՝ կենտրոնական կիսապաշտպանի ու եզրային պաշտպանի դիրքերում: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լյորենտեն գործեց հենց պաշտպանության եզրում. այդ դիրքում նա իրեն հարմարավատ չի զգում, բայց միևնույն է՝ անում է ամեն ինչ իր թիմին լավագույն ձևով ծառայելու համար:

Երջանիկ ու ավելի մոտիվացված

Իր հարցազրույցներից մեկում Լյորենտեն խոստովանել է՝ որքան երջանիկ է ժամանակին ճիշտ որոշում կայացնելու, «Ատլետիկոն» ընտրելու, դժվարություններից չվախենալու և քրտնաջան աշխատելու համար:

«Մարզական առումով սա իմ լավագույն տարին էր, և հիմա արդեն ոչ միայն «Էնֆիլդի» երեկոյի համար, որն իմ կարիերայի ամենագեղեցիկ ու առանձնահատուկ խաղն է, այլ նաև այն ամենի, ինչ տեղի ունեցավ այդ երեկոյից հետո: Փոխվեց իմ դերը, ուժեղացանք՝ որպես թիմ. ես սուպերերջանիկ եմ «Ատլետիկոյում» ու չեմ զղջում ոչ մի բանի համար. ամեն ինչ դեռ առջևում է, շատ մեծ մոտիվացիա ունեմ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա