Logo

Ստեղծման ու զարգացման երկար ճանապարհ. Հայաստանում կանանց ֆուտբոլը՝ ռենեսանսից առաջ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.02.2021Հայկական ֆուտբոլ
IMG 0434 scaled - Ստեղծման ու զարգացման երկար ճանապարհ. Հայաստանում կանանց ֆուտբոլը՝ ռենեսանսից առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:20

-

-

Հայաստանում կանանց ֆուտբոլի ստեղծման պատմությունը յուրահատուկ սկիզբ է ունեցել։ Երկու հայ մարզիչները պատվի համար կազմավորեցին թիմ մի մարզաձևից, որը միայն տղամարդկանց համար էր: Հայ կանանց ֆուտբոլային էպոպեայի ոդիսականը, պատերազմը ու ներհանրային կարծրատիպերն բացահայտել է VNews.am-ը:

«Մայրս ինձ բոլորից թաքուն էր տանում ֆուտբոլի: Հայրս ու եղբայրս տեղյակ չէին: Երբ իմացան… ամենաագրեսիվը եղբայրս էր, որը ոչ մի կերպ չէր համակերպվում և հանդուրժում: Հայրս ինձ հետ խոսելուց հետո հասկացավ, որ շատ եմ սիրում ֆուտբոլը: Ասաց «Եթե այդպես սիրում ես, զբաղվիր, բայց խորհուրդ չէի տա»: Եղբայրս էլ ժամանակի հետ համակերպվեց»,- պատմում է Հայաստանի Մ19 հավաքականի և«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը:

Լիանան՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը, ցավոք, ո՛չ վերջինն է, ո՛չ էլ առաջինը, որը ստիպված է եղել լսել նույն խոսքերը՝ «ֆուտբոլը աղջկա մարզաձև չէ»: Եվ նպատակ դրել է կոտրել այս կարծրատիպը:

Բայց եղել են նաև բացառություններ փաստում է հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից Հասմիկ Ղարիբյանը, որը սկզբում թերահավատորեն է վերաբերվել ֆուտբոլին, սակայն «Նաիրի» ստադիոն այցելությունը ճակատագրական է դարձել.

Մարզչի՝ ընկեր Օնիկի, վերաբերմունքից ապշած էի մնացել: Որքա՜ն լավ էր վերաբերվում ու մարզում աղջիկներին, մինչդեռ բասկետբոլի մարզիչը մեզ հետ միշտ կոպիտ էր

Պատվի համար

Հայաստանում կանանց ֆուտբոլի հիմքերը գցվել են 1987-ի հոկտեմբերին: Նախաձեռնողը մականախաղի (խոտի հոկեյ) երկու մարզիչներ էին՝ ընկեր Օնիկը (Օնիկ Թովմասյան ) և Վլադիմիր Տերյանը: Նրանք իրենց ուժերը փորձել են մեծ ֆուտբոլում, սակայն, ինչպես նշում է ընկեր Օնիկը. «Այն ժամանակ, եթե դու «Արարատում» չէիր, ուրեմն ֆուտբոլիստ չէիր»:

Պատվախնդրությունը պատճառ դարձավ, որպեսզի երկու մարզիչները ստեղծեն կանանց ֆուտբոլի առաջին թիմը: «Թուրքը Բաքվում կանանց ֆուտբոլի թիմ ուներ: Վրաստանը թիմ ուներ: Ասացի. «Վովա, ամոթ է, մենք էլ պետք է ունենանք»,- ոգևորված վերհիշեց Թովմասյանը:

Ինչպես թիմ կազմավորեց մի մարզաձևի համար, որը երկրում գոյություն չուներ

Հայկական կանանց ֆուտբոլը իր առաջին քայլերի համար պարտական է մականախաղին: Օնիկ Թովմասյանը դեռ 1981-ին լավ կապեր էր հաստատել մանկավարժական համալսարանում: «Մտա ռեկտորի մոտ, շատ լավ ընդունեց: Նա ամբիոնի վարիչին ասաց՝ որ մարզուհուն ընտրեմ, թույլ կտան իմ թիմ վերցնել: Աղջիկների համար խորթ էր: Հարցնում էին՝ ի՞նչ խոտի հոկեյ: Ասացի՝ կարող եք ֆիզկուլտուրայի դասերին չգնալ, ձեզ դրական գնահատական կնշանակեն: Այդպես, թիմին տարա արտասահման՝ մրցումների, որտեղ էլ չեմպիոն դարձանք: Դրանից հետո դիմողների պակաս չկար»:

IMG 0427 960x723 - Ստեղծման ու զարգացման երկար ճանապարհ. Հայաստանում կանանց ֆուտբոլը՝ ռենեսանսից առաջ

Մականախաղով զբաղվող մարզուհիներից ստեղծվեց կանանց ֆուտբոլի առաջին թիմը՝ «Նաիրին»: «Ավելի ուշ, սկսեցի նաև աթլետ փնտրել, խաղացողներ հրավիրել բասկետբոլից, ըմբշամարտից, հանդբոլից, մարմնամարզությունից… նրանց մոտ լավ էր ստացվում, ճկուն էին:

Հիմա ծնողներն են բերում երեխաներին, բայց այն ժամանակ ես էի փնտրում դպրոցներում, գնում ֆիզկուլտուրայի դասերին: Արագությանն էի նայում, ուսումնասիրում՝ գնդակի հետ ինչպես են վարվում: Եթե ունակ էր լինում, խոսում էի հետը: Կողմ էր լինում՝ ասում էի ծնողիդ կանչի»:

Առաջին ելույթները

«Հրազդան» մարզադաշտում՝ տղամարդկանց ֆուտբոլի խաղի ընմիջման ժամանակ կանայք հանդիսատեսի առաջ ցուցադրական հանդիպում են անցկացրել: Դա առաջին դեպքերից է եղել, երբ կանանց այդպիսի հնարավորություն է տրվել: Նրանք 15-րոպեանոց խաղում նույնիսկ հասցրել են փոխարինում կատարել:

1988-ից «Նաիրին» արդեն Վլադիմիր Տերյանի գլխավորությամբ սկսել է հանդես գալ ԽՍՀՄ մրցաշարերում: Մեկ տարի անց թիմին միացել է Հասմիկ Ղարիբյանը և զգալի ուժեղացրել թիմը: Նրա ժամանումից որոշ ժամանակ անց «Նաիրին» արդեն հանդես էր գալիս Բարձրագույն խմբի առաջնությունում: Այդ տարի նորաթուխ ակումբը մասնակցել է Դնեպրոպետրովսկում անցկացվող «Կաշվե գնդակի» մրցումներին.

«Ուկրաինական թիմին «սարքեցին» չեմպիոն, երկրորդ տեղն «տրվեց» Մոսկվայի թիմին: Մի կերպ կարողացանք մեր տեղը պահել մրցանակային եռյակում: Հասմիկ Ղարիբյանը 8 գոլով դարձավ լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստուհի: Այդտեղ էլ ստորություն արեցին՝ երկու մրցանակներից միայն մեկը տվեցին»,- պատմեց ընկեր Օնիկը:

Այլ խոչընդոտներ էլ են եղել: Օրինակ՝ մեկ օրում երկու հանդիպում են նշանակել. թիմի ժամանման օրը՝ ճաշելուց անմիջապես հետո, մեկ այլ մրցավեճ…

Հասմիկը թիմի ավագն էր, ասաց կխաղանք: Մտանք և 3:1 հաշվով հաղթեցինք «Կրանսայա Զարյային»: Աղջիկների թասիբը տղաներինից ավելի մեծ է

Այդ ժամանակ Երևանի «Արարատը» արտագնա խաղ է ունեցել «Դնեպրի» դեմ: Հայ ֆուտբոլիստներն աղջիկներին շնորհավորել են հենց մարզադաշտում՝ ծաղիկներ նվիրելով:

Այս հաջողությունը զարգացել է 91-ին, երբ հայերն արդեն երկու թիմով էին մասնակցում ԽՍՀՄ առաջնությանը: Նոր սերունդը նույնպես տաղանդավոր է եղել. Լիանա Հայրապետյան, Նելլի Ստեփանյան, Քնարիկ Գրիգորյան և այլոք:

«91 թվականին ԽՍՀՄ-ի երիտասարդական հավաքականի կազմում մեկնեցի ԱՄՆ: Միայն ես էի հայ: Այնտեղ բոլորին հաղթում էինք 12:0, 6:1 և այլ խոշոր հաշիվներով»,- պատմեց Հասմիկ Ղարիբյանը:

Հայաստանում աղջիկները նաև տղաների թիմերի դեմ են խաղացել: Նույնիսկ հաղթել են ավելի ցածր տարիքայիններին:

IMG 0438 960x649 - Ստեղծման ու զարգացման երկար ճանապարհ. Հայաստանում կանանց ֆուտբոլը՝ ռենեսանսից առաջ

Ֆուտբոլային վերջին տարին և պատերազմի հետևանքը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգային մրցումները շարունակվել են. 92-ին «Նաիրին» հաջողացրել է 2 անգամ մեկնել Ավստրիա, որտեղ էլ մի անգամ ուշագրավ դեպք է գրանցվել. Նելլի Ստեփանյանին գցել են տուգանային հրապարակում և նրա ձեռքը կոտրվել է: Նա կոտրված ձեռքով անվրեպ 11-մետրանոց է իրացրել, հետո նոր փոխարինվել և տեղափոխվել հիվանդանոց:

Նայում էիր, մերոնք պուճուր, իսկ ավստրացինք այնքան բոյով, որ մերոնց վրայով էին անցնում: Բայց խաղում էինք, չէինք զիջում»,-նշեց մարզիչ Թովմասյանը, որը Տերյանի օգնականն էր

Մերոնց վերադարձի ճանապարհը արկածներով լի է ստացվել: Բանն այն է, որ նրանք անցել են Վրաստանի  Մարնեուլ գյուղի մոտով, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ էին բնակվում, ինչպես սպասելի էր, մերոնց կանգնեցրել են: Մարզիչն էլ զինվորական համազգեստով է եղել, քանի որ Ավստրիա մեկնելուց առաջ նոր է վերադարձած եղել ռազմակաճակատից:

«Վարորդին ասացի. «Եթե մի բան լինի, դուք գնացեք, ես կմնամ: Հանկարծ էրեխեքիս բան չպատահի: Լավ է՝ այնտեղ ռուս կար: Ասացի՝ ինչ իրավիճակ է: Նա խոսեց թուրքերի հետ: Նրանք չկարողացան ձայն հանել»:

1992-ից պատերազմը ազդեցությունը թողեց նաև կանանց ֆուտբոլի վրա: Ակումբի ֆինանսական ծախսերը հոգացող «Նաիրիտ» գործարանը փակվեց: Այդ ժամանակ Թովմասյանը սկսում է առաջարկներ ստանալ Ղրիմից ու Մոլդովայից

«Տալիս էին տոմս, առաջարկում տուն ու գումար: Բայց մտածեցի՝ երկիրը պատերազմի մեջ, ինչպե՞ս կարող եմ հեռանալ: Թիմն էլ ես եմ ստեղծել, չեմ կարող նրանց թողնել: Հրաժարվեցի»:

Հետագայում կանանց թիմ պահելը ավելի դժվար է դարձել, հատկապես առանց հովանավորի: Այդ պատճառով ընկեր Օնիկը պայմանավորվել է Մալաթիայի մարզադպրոց տեղափոխվելու շուրջ:

92-93 թվականին ամեն ինչ անում էինք, որ կանանց ֆուտբոլը չմահանա, բայց արդեն անկման էր գնում». Ղարիբյան

Հետպատերազմյա շրջան և 21-րդ դար 

90-կանների երկրորդ կեսին ֆեդերացիան սկսեց կանանց ֆուտբոլը վերականգնման առաջին քայլերը: Թիմերը սկսեցին մարզվելու համար խաղադաշտեր փնտրել. Կիլիկիայի մարզադպրոց, ՖԻՄԱ-ի խաղադաշտ, Շենգավիթի մարզադպրոց, Մալաթիա մարզադպրոց: 99-ին առաջնությանը 4 թիմ էր մասնակցում՝ «Նաիրին», «Քանաքեռ-Զեյթունը», «Դավիթաշենը» և «Փարոսը»: «Նաիրին» մրցակցությունից դուրս էր, նույնիսկ գոլ բաց չթողեց: Նելի Ստեփանյանը դարձավ լավագույն ռմբարկու:

Հետագայում հայկական կանանց ֆուտբոլում նոր գերիշխող է դարձել «Քոլեջը»: Հայաստանում հաջողությունների հասնելուց հետո Նոր-Նորքում հանգրվանած ակումբը դարձել է առաջինը, որը Հայաստանից մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

«Մեզ տներից հավաքեցին, ու արագորեն նախապատրաստվեցինք Չեմպիոնների լիգային»,- պատմեց Լիանա Հայրապետյանը:

IMG 0436 960x758 - Ստեղծման ու զարգացման երկար ճանապարհ. Հայաստանում կանանց ֆուտբոլը՝ ռենեսանսից առաջ

«Քոլեջը» հիմք դարձավ նաև պատմական որոշմանը: Հենց այդ ակումբի բազայի վրա 2003 թվականին ստեղծվեց Հայաստանի պատմության առաջին հավաքականը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հովանավորչությամբ և «Քոլեջ» ակումբի նախագահ Հրաչ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմավորվեց ազգային ընտրանի:

«Ես Քաշաթաղի շրջանում էի բնակվում: Հրավեր ստացա՝ գալ և օգնել նոր կազմված թիմին: Բավականին մեծ փորձություն էր փնտրել ու գտնել նախկին ֆուտբոլիստուհիների և համոզել նրանց: Շատերը վաղուց ավարտել էին կարիերան»:

Նման պայմաններում սպասելի էր խոշոր հաշվով պարտություններ ընտրական փուլում: Առաջին պաշտոնական խաղն Ավստրիայի դեմ էր՝ 2003 թվականի մայիսի 10-ին: Ցավոք, գրանցվեց 0:11 հաշվով պարտություն, որը մինչ օրս ամենախոշորն մեր հավաքականի պատմության մեջ:

Հետագայում Հայաստանի հավաքականը մասնակցել է նաև Եվրոպայի ընտարական փուլերի երեք և Աշխարհիմեկ առաջնության ընտրական փուլի: Բոլորում անհաջողություններ ուղեկցել են մեր թիմին:

Կյանքի կարևորագույն խաղը

Այդ ընթացքում Ուկրաինայում կայացել է պատմական խաղ: ՈւԵՖԱ-ն զարմանալիորեն թույլ է տվել Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականներին նույն խմբում հայտնվել: Հանդիպումը կայացել է 2007-ին Ուկրաինայում և արձանագրվել է 2:2 հաշիվ:

«Իմ կարիերայի ամենալարված խաղն էր: Հայրենասիրությունը թույլ չէր տալիս, որ պարտվեինք: Նրանց դեպքում էլ նույնը: Դրանից էլ բխում էր անզիջում, կոպիտ խաղը: Եվ այդպես 90 րոպե»,- կիսվեց Անի Ղուկասյանը, որն այդ պահին ընդամենը 17 տարեկան էր:

Միակ հաջողությունը

Եվրո-2013-ի ընտրական փուլում գրանցվեց միջազգային ասպարեզում Հայաստանի կանանց հավաքականի միակ լուրջ նվաճումը: Վաղարշակ Ասլանյանին գլխավորած թիմը կարողացավ հաղթահարել առաջին խմբային փուլի արգելքը և դուրս գալ Էլիտ-ռաունդ: Հայ ֆուտբոլիստուհիները կարողացան առաջ անցնել Վրաստանի, Ֆարերյան Կղզիների և Մալթայի հավաքականներից:

ՈՒԵՖԱ-ի կայքի հետ զրույցում ասել էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Աննա Կարապետյանը շատ էմոցիոնալ էր:

Իսկապես չեմ կարող հավատալ այս ամենին

armenia celebrate in ta qali - Ստեղծման ու զարգացման երկար ճանապարհ. Հայաստանում կանանց ֆուտբոլը՝ ռենեսանսից առաջ

Հայաստանի այդ հավաքականը հիմնականում կազմված էր երիտասարդ տարիքի աղջիկներից, որոնք հետագա տարիներին պետք է ավելի զարգացնեին հաջողությունը: Այդ թիմն շատ խոստումնալից խաղացողներ ուներ, բայց…

Անսպաեսելի որոշում

2012 թվականին Ռուբեն Հայրապետյանի կողմից որոշում կայացվեց լուծարել հավաքականը: Որոշումն անսպասելի էր ու դաժան, հատկապես այն պատճառով, որ թիմը վերջապես դրական արդյունքի էր հասել:

«Մենք շատ լավ հավաքական ունեինք՝ երիտասարդներով կազմավորված: Ցանկություն չունեցան ֆինանսավորել: Մինչև այդ՝ չունենալով առաջնություն և փորձ, մենք կարողացել էինք հաջորդ փուլ անցնել: Սոցիալական հարցեր լուծելու ցանկություն չունենալու պատճառով մեր այդ լավ կորիզը մնաց առանց ֆուտբոլի: Եթե այդ թիմը չլուծարվեր, հիմա շատ ուժեղ հավաքական կունենայինք»,- ափսոսանքով հիշեց Լիանա Հայրապետյանը:

Մինչև այդ էլ կանանց ֆուտբոլի համար պայմանները լավը չեն եղել: «հիմնականում հայրենասիրությունից դրդված էինք մասնակցում խաղերին: Լավ պայմաններ չէին ստեղծում: Անգամ գիտեին, որ Ադրբեջանի հետ ենք խաղալու, բայց հավաքներ չկազմակերպեցին»,- շեշտեց Անի Ղուկասյանը:

Կյանքը լուծարումից հետո

Հայաստանի հավաքականի հետ լուծարվեց նաև ակումբային ֆուտբոլը: Փաստացի, Հայաստանում կանանց զրկեցին լուրջ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից: Ոմանք կարիերան շարունակելու ելքը գտան արտասահմանում, մյուսները՝ մասնագիտություն փոխելով:

«Լուծարումից հետո խաղացել եմ Ուկրաինայում, Բելառուսում: Բայց ամենածանրն առանց ազգային հավաքական մնալն էր: Չէի համակերպվում դրան»,- պատմեց Անի Ղուկասյանը:

Հասմիկ Ղարիբյանն ավելի շուտ է ավարտել կարիերան. «Դեռ 2003 թվականից միջազգային կարգ ստացա ու դարձա մրցավար: Մինչև 2018 թվականն այդ աշխատանքն էի կատարում: Սկզբում դժվար էր: Խաղին նայում էի որպես ֆուտբոլիստուհի: Նույնիսկ տարվում էի երբեմն: Շատ բարդ, պատասխանատու և հոգնացնող աշխատանք է: Հատկապես, եթե ընտանիք ու երեխաներ ունես»:

Լիանա Հայրապետյանն էլ դարձավ մարզիչ: Երբ նրան առաջարկ են կատարել, շատ է զարմացել, որովհետև ընդհանրապես նման փորձ և նույնիսկ մտադրություն չի ունեցել: Այդուհանդերձ, հաջող մարզչական կարիերա ունի:

IMG 0432 960x666 - Ստեղծման ու զարգացման երկար ճանապարհ. Հայաստանում կանանց ֆուտբոլը՝ ռենեսանսից առաջ

Այսքան շատ դժվարություններ տեսած կանանց ֆուտբոլում աշխատող մարդիկ, զարմանալիորեն, չեն հեռացել ֆուտբոլից: Նրանց համար ամեն ինչ շատ հեշտ բացատրելի է:

«Ծնողին հասկացնում էի, որ ֆուտբոլը միայն գնդակին հարվածելը չէ: Երեխան շուտով կարող է հավաքականի անդամ դառնալ, աշխարհ տեսնել: Բացի դա էլ առողջություն կունենան, չէ՞ որ նիստուկաց եմ սովորեցնում, մեծերին հարգել, փոքրերին օգնել: Կոլեկտիվի մեջ են մտնում, հասկանում են դրա նշանակությունը: Կյանքի ընկերներ են դառնում, իսկ թիմը դառնում է նրանց տունը: Երբ տեսնում եմ, որ աղջիկները չթողեցին ֆուտբոլը և հիմա ինչերի՜ են հասել, սեփական մեքենաներ ունեն, դրանից եմ ամենաշատն եմ ուրախանում»,-հպարտությամբ նշեց ընկեր Օնիկը:

Անի Ղուկասյանը մոտիվացվում է ազգի մտածելակերպի փոփոխությամբ. «Քանի որ շատ ավանդապաշտ ազգ ենք, չեմ կարող մեղադրել ծնողներին աղջիկներին ֆուտբոլ խաղալ արգելելու համար: Պարզապես պետք է հասկանան, որ ֆուտբոլն էլ սպորտ է: Մեր տանը, եղբայրներս ինձ ավելի ոգևորել են, որ ֆուտբոլով զբաղվեմ: Հիմա աղջիկներ կան, որ նրանց հայրերն են բերում մարզումների»,- նշեց Ղուկասյանը:

Բոլորից պատկերավորը ներկայացրեց Հասմիկ Ղարիբյանը. «Տարբեր մարզաձևերով եմ զբաղվել. լող, վոլեյբոլ, բասկետբոլ… բայց իմ տեղը չէի գտնում: Ֆուտբոլում գտա իմ ամեն ինչը, կարծես, ապրելակերպ լիներ: Թիմային խաղ, որտեղ բոլորն օգնում էին միմյանց: Հետագայում որպես մրցավար շատ խաղեր եմ սպասարկել աշխարհում: Անգամ ոչ զարգացած երկրներում կանանց ֆուտբոլ ունեին: Ինչո՞ւ պետք է նրանց զիջենք: Ինչո՞ւ պարսիկները կարող են չալմայով խաղալ, իսկ հայը՝ ոչ: Ֆուտբոլն էլ այնպիսի խաղ է, որ մագնիսի նման ձգում է բոլորին»:

Հ.Գ.

2018 թվականին ՀՖՖ-ում կատարված փոփոխություններից հետո սկսվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի ռենեսանսը: Այդ մասին կարդացեք հաջորդ մասում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա