Logo

«Բարսելոնան» գտել է «նոր Ինիեստա». նա Youtube-ով դիտում է Անդրեսի խաղերը և փորձում է փրկել մեր մոլորակը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
as66as6666 - «Բարսելոնան» գտել է «նոր Ինիեստա». նա Youtube-ով դիտում է Անդրեսի խաղերը և փորձում է փրկել մեր մոլորակը

Երեք տարի առաջ «Բարսելոնայի» երկրպագուների համար ամենատխուր օրերից մեկն էր: 2018-ի մայիսի 20-ին թիմի ավագ Անդրես Ինիեստան վերջին խաղն անցկացրեց կատալոնական թիմի կազմում: «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպման 81-րդ րոպեին նրան փոխարինեցին, որպեսզի երկրպագուները ծափահարություններով ճանապարհեն հանճարին: Շատերը սկսեցին արտասվել տրիբունաներում, իսկ Ժորդի Ալբան հենց խաղադաշտում: «Բարսելոնան» իր լեգենդին հրաժեշտ տվեց շքեղ պերֆորմանսով, որում Ինիեստայի 8 համարը պատկերված էր կիսաշրջած, ինչի շնորհիվ վերածվել էր հավերժության նշանի:

Բայց այդ ժամանակ «Բարսայի» ղեկավարությունը տխրելու ևս մեկ պատճառ ուներ: Ակումբում չէին հասկանում, թե ո՞վ էր փոխարինելու Անդրեսին: Մինչև այդ նրանք ձեռք էին բերել Անդրե Գոմեշին, որի մասին հիշողությունը կարող է սրտի կաթվածի հասցնել «կուլեներին»: Մյուս թեկնածուն ակումբի պատմության ամենաթանկարժեք նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն էր, սակայն, ի սկզբանե, պարզ էր, որ որքան էլ բրազիլացին բարձրակարգ ֆուտբոլիստ է, նա չի կարող «Բարսային» տալ այն, ինչը թիմը ստանում էր Ինիեստայից:

«Բարսելոնայում» հետզհետե սկսեցին համակերպվել Ինիեստային փոխարինող չգտնելու հետ, ուստի որոշեցին գնալ հեշտ ճանապարհով. խաղի կազմակերպողի գործը «բարդել» Մեսիի վրա, «չէ՞ որ նա ամենազորն է, դա էլ թողնենք նրա վրա»…

Բայց հանկարծ տեղի ունեցավ անսպասելին. հայտնվեց մի ֆուտբոլիստ, ում նույնիսկ չէին դիտարկում գլխավոր թիմի համար: Կանարյան կղզիներից «Բարսելոնա» տեղափոխվեց 17-ամյա Պեդրին և երկրպագուներին ստիպեց հույսով նայել ապագային:

Կապտանռնագույն գույներով շրջապատված պատանեկություն

Պեդրին ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 25-ին: Այդ օրը գիտնականները հայտարարեցին, որ հատուկ աստղադիտակ են ստեղծելու, որի շնորհիվ կապացուցեն, որ Նիլ Ամրսթրոնգը եղել է լուսնի վրա: Բայց Կանարյան կղզիների փոքրիկ Տեգեստե քաղաքում, որտեղ ընդամենը 10 հազար մարդ է բնակվում, Գոնսալեսների ընտանիքին այլ բան էր հետաքրքրում. «Բարսելոնայի» երկրպագուների ընտանիքում ծնվել էր հերթական տղան, որին անվանեցին Պեդրո:

Պեդրիի պապը 1980-ականներին Կանարյան կղզիներում հիմնել էր «Բարսելոնայի» ֆան-ակումբը, իսկ 2000-ականներին այդ գործը փոխանցել էր իր որդուն՝ Ֆերնանդոյին:

«Ես «Բարսելոնայի» տասնյակ մարզաշապիկներ ունեմ: Մանուկ հասակից շրջապատված էի «բլաուգրանայի» տարբերանշաններով: Նույնիսկ մեր թեյնիկի ու ափսեների վրա «Բարսայի» լոգոն էր»,- 2020-ին պատմել է Պեդրին:

pedri laporta - «Բարսելոնան» գտել է «նոր Ինիեստա». նա Youtube-ով դիտում է Անդրեսի խաղերը և փորձում է փրկել մեր մոլորակը

Ֆերնանդոն 2009-ին որդուն կարողացավ լուսանկարել Չեմպիոնների լիգայի գավաթի  հետ, որն օրեր առաջ «Բարսելոնան» նվաճել էր Հռոմում: «Բարսան» գավաթով շրջայց էր կատարում իր երկրպագուների համար, որի ընթացքում փոքրիկ Պեդրին նույնիսկ ստորագրություն վերցրեց ու լուսանկարվեց Ժոան Լապորտայի հետ:

Գոնսալեսը մանուկ հասակից ֆուտբոլ էր խաղում, իսկ երբ 6 տարեկան էր, նրանց հարևան թաղամասից մեկ այլ կանարցի՝ Պեդրո Ռոդրիգեսը, սկսեց «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղալ: Համեմատությունն անխուսափելի էր: Բակում բոլորը սկսեցին պատանի Պեդրոյին Պեդրիտո ասել, ինչին ծնողները դեմ էին: Նրանք երեխային Պեդրի էին անվանում և նա այդ անունով էլ հայտնի դարձավ:

Պեդրին առաջին ֆուտբոլային քայլերը կատարեց Տեգեստեի համանուն ակումբի պատանեկան թիմում, իսկ երբ դարձավ 13 տարեկան, տեղափոխվեց տեղական մեկ այլ ակումբ՝ «Խուվենտուդ Լագունա»: Այնտեղ նա անմիջապես բոլորին հիացրեց իր հասուն խաղով, ուստի, սպասելի էր, որ 3 տարի անց տեղափոխվեց կղզիների գլխավոր ակումբներից մեկը՝ «Լաս-Պալմաս»: «Դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Պեպե Մելը վերջերս ասել է.

«Նա 16 տարեկանում այնպես էր խաղում, որ չէի կարող նրան մեկնարկային կազմում տեղ չհատկացնել: Նա իր թիմակիցներին ավելի լավն էր դարձնում»:

Մարզիչը թիմի ավագ Այտամի Արտիլեսին հրահանգեց հոգ տանել պատանու մասին: Երկու տարի անց Պեդրին Արտիլեսին «կնքահայր» անվանեց:

«Սարսափահար եղա, երբ Արտիլեսն առաջին անգամ ինձ նայեց հանդերձարանում: Վախենում էի նույնիսկ նստել նրա կողքին: Բայց հետո Այտամին սկսեց շփվել ինձ հետ: Հենց նա է ինձ բոլորից շատ օգնել»:

«Ռեալի» ու «Բարսելոնայի» թիրախը և ճակատագրական ձյուն

Երբ Իսպանիայում լուր տարածվեց, որ «Լաս-Պալմասում» նոր տաղանդ է հայտնվել, շատ ակումբներ տասնյակ սկաուտների ուղարկեցին նրա խաղը դիտելու: Ամենաակտիվը Մադրիդի «Ռեալն» էր: «Արքայական ակումբն» արագորեն մեկշաբաթյա փորձաշրջան կազմակերպեց իր ակադեմիայում, որպեսզի մարզիչները տեղում ստուգեն նրա կարողությունները:

Պեդրին դեմ էր Մադրիդ մեկնելուն: Նա առաջարկ էր սպասում «Բարսելոնայից», որը սակայն լռում էր: Ծնողները չէին ուզում, որ որդին «Բարսայի» նկատմամբ սիրո պատճառով զրկվի «Ռեալում» խաղալու և մեծ ֆուտբոլիստ դառնալու շանսից: Նրանք կիսապաշտպանին համոզեցին մեկնել փորձաշրջանի, բայց ճակատագրական պահին սկսեց ձյուն տեղալ: Վալդեդեբասում գտնվող «Ռեալի» ակադեմիայում պատանին մի քանի օր անցկացրեց սենյակում, մինչև ձյունը հալվեց: Արդյունքում, նա մասնակցեց ընդամենը մեկ մարզման.

«Մարզիչներն ինձ ասացին, որ «Ռեալի» սաների խաղամակարդակի չեմ: Նրանք դա բացատրեցին իմ վտիտությամբ, ինչպես նաև փոխանցումներ կատարելու չափազանց մեծ ցանկությամբ: Բայց ես շնորհակալ եմ նրանց, փրկեցին ինձ «Ռեալ» տեղափոխվելուց և հնարավորություն տվեցին սպասել իմ սիրելի թիմի առաջարկին: Իսկապես անդուր էր խաղալ «Ռեալի» մարզաշապիկով»:

Պեդրին վերադարձավ տուն, իսկ օրեր անց վերջապես առաջարկ ստացավ «Բարսայից»:  Իսպանացին առանց երկմտելու ընդունեց առաջարկը, իսկ «Լաս-Պալմասը» համաձայնեց 5 մլն եվրոյով վաճառել տաղանդի տրանսֆերը: Բայց, քանի որ «կղզիաբնակները»համոզված էին պատանու մեծ ապագայի հարցում, պահանջեցին գործարքում մեծ պարգևավճարներ ներառել, որոնց շնորհիվ տրանսֆերը կարող է հասնել մինչև 25 մլնի:

barca pedri 960x540 - «Բարսելոնան» գտել է «նոր Ինիեստա». նա Youtube-ով դիտում է Անդրեսի խաղերը և փորձում է փրկել մեր մոլորակը

Եվ չսխալվեցին. «Դեղիններն» արդեն ստացել են 11 մլն, իսկ շուտով այդ գումարը հասնելու է 20-ի, որովհետև Պեդրին հատեց կատալոնացիների կազմում 50 խաղի սահմանը:

«Երբ իմացա «Բարսելոնա» տեղափոխության մասին, նույնիսկ չէի հավատում: Դա իմ մանկության երազանքն էր: Բազմիցս էի ինձ պատկերացրել «Նոու Կամպում» խաղալիս»:

Վարձակալության փոխարեն՝ մեկնարկային կազմ

Կատալոնիա ժամանելուց հետո Պեդրին կարծում էր, որ 17 տարեկանում շանս չի ստանա խաղալ գլխավոր թիմում, ուստի, գործակալին խնդրել էր իր համար ժամանակավոր թիմ գտնել, որտեղ կշարունակի զարգանալ: Նրան գրավում էր Գերմանիայի տարբերակը, որտեղից առաջարկներ ուներ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» և նույնիսկ «Բավարիայից»: «Բլաուգրանան» էլ էր երիատասարդի համար հարմար տարբերակ գտնելուն, բայց ամեն ինչ փոխեց նրա առաջին մարզումը: Գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ապշած էր կիսապաշտպանի խաղով: Նա միանգամից սիրահարվեց իսպանացու խաղին և հետո հաճախ ստիպված էր բացատրել, թե ինչու է շանս տալիս Պեդրիին, այլ ոչ թե «կուլեների» սիրելի Ռիկի Պուչին: Հոլանդացին ամեն անգամ ընդգծում էր 17-ամյա ֆուտբոլիստի յուրահատուկ հասուն խաղը, դիմացկունությունը և բազմաֆունկցիոնալությունը:

«Հենց սկզբից լավ հարմարվեցի «Բարսելոնայի» կոլեկտիվին: Պատճառն այն է, որ հայտնվել էի այնպիսի թիմում, որտեղ միշտ երազել եմ խաղալ»:

pedri messi barcelona 960x540 - «Բարսելոնան» գտել է «նոր Ինիեստա». նա Youtube-ով դիտում է Անդրեսի խաղերը և փորձում է փրկել մեր մոլորակը

Պեդրին սկզբում ամենամտերիմը Ֆրանսիշկու Տրինկաուի հետ էր, որը նրա պես նորեկ էր, բայց հետո իսպանացին արագորեն մերվեց կոլեկտիվին և նույնիսկ հիանալի հարաբերություններ հաստատեց Լիոնել Մեսիի հետ: Իսպանացին նրան համեմատում է մուլտֆիլմերի սուպերհերոսների հետ:

«Բարսայում» իմ առաջին օրը Մեսին մոտեցավ ինձ և բարի գալուստ մաղթեց: Դա կարծես ամանորյա նվեր լիներ»: Նա միշտ խորհուրդներ է տալիս, իսկ երբ դա քեզ ասում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հարկավոր է հետևել դրանց»:

Կումանը Պեդրիին սկսեց օգտագործել բոլոր խաղերում: 2020/21 մրցաշրջանում նա իսպանացուն ասպարեզ դուրս բերեց 5 տարբեր դիրքերում և ամենուր այդ տղան իրեն հիանալի էր դրսևորում: Հոլանդացուն հատկապես հիացնում էր Պեդրիից ստացած օգուտը: Կիսապաշտպանը ոչ միայն խաղը կազմակերպելու հարցում կարևոր օղակ էր, այլև հսկայական աշխատանք էր կատարում պաշտպանողական գործողություններում: Ավարտված մրցաշրջանում Պեդրին ամենաշատ պրեսինգի գնացած խաղացողն է, նույնիսկ ավելի շատ, քան դե Յոնգը:

Իսպանացին փոքրամարմին է, սակայն իր ինտելեկտի և ունակությունների շնորհիվ ապշեցուցիչ ցուցանիշներ է գրանցում գնդակը խլելու գործողությունում: Օրինակ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում նա 12 անգամ գնդակը վերադարձրեց իր թիմին: Վերջին 13 տարում Լա Լիգայում որևէ 18-ամյա ֆուտբոլիստի դա չէր հաջողվել:

Խելահեղ դիմացկունություն

Պեդրին արագորեն դարձավ Կումանի ամենավստահելի ֆուտբոլիստներից մեկը: «Բարսելոնայի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում պատանին դարձավ թիմի ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստը՝ 52 հանդիպում:

Արդեն մարտին նա առաջին անգամ հրավիրվեց Իսպանիայի հավաքական, իսկ ԵՎՐՈ-2020-ին մեկնարկային կազմի բացահայտ ֆուտբոլիստ էր: Ձախ եզրում և կիսաեզրում Պեդրի-Ալբա զույգի համագործակցությունը դարձավ «ֆուրիա ռոխայի» գլխավոր զենքը: Շուտով նրանց միացավ նաև Բուսկետսը և «Բարսայի» ֆուտբոլիստներով սկսեցին կազմակերպել հավաքականի խաղը, որը գոլային պահեր ստեղծելու թվով առաջինն էր ԵՎՐՈ-2020-ում, սակայն հարձակվողների ցածր դիպուկության պատճառով շատ տուժեց: Բացաական հետևանքներից մեկը փլեյ-օֆֆում անընդհատ լրացուցիչ ժամանակ խաղալն է, որոնց, բնականաբար, մասնակցում էր նաև Պեդրին: Իսկ առջևում նաև Օլիմպիական խաղերն են, որոնց մասնակցելու պատճառով իսպանացին կդառնա Եվրոպայում մեկ տարում ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստը:

«Չեմ հոգնում ֆուտբոլից: Բոլորի պես սիրում եմ խաղալ, և որքան մրցավեճերը շատ են, այնքան լավ: Ես կարող եմ ամբողջ տարին խաղալ»:

Մեր ընտրանին

Այժմ Պեդրին շաբաթվա ընթացքում մարզասրահում 3 լրացուցիչ մարզում ավելին է անցկացնում, որպեսզի մկանային մասսան ավելացնի: Այդուհանդերձ, անչափ խիտ գրաֆիկն անհանգստացնում է «Բարսելոնայի» երկրպագուներին, որոնք վախենում են, որ կկրկնվի Անսու Ֆատիի օրինակը, երբ «Բարսայում» և Իսպանիայի տարբեր հավաքականներում խիտ գրաֆիկով խաղալուց հետո ծանր վնասվածք ստացավ: Բայց Պեդրին հանգստացնում է ֆաներին՝ իր մասին կարևոր տեղեկություն հայտնելով:

«Երբ երիտասարդ էի, զբաղվում էի աթլետիկայով, դա ինձ դիմացկունություն տվեց: Կարճ տարածություններ վազելիս երբեք առաջինը չէի լինում, բայց բոլորին հաղթում էի երկար տարածություններում»:

Պեդրին այս պահին ԵՎՐՈ-2020-ի ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստն է՝ 76,1 կմ: Եթե Իսպանիան դուրս չմնար պայքարից, կասկած չկա, որ հենց նա էր այդ ցուցանիշով լինելու մրցաշարի առաջատարը:

barca pedri 1 - «Բարսելոնան» գտել է «նոր Ինիեստա». նա Youtube-ով դիտում է Անդրեսի խաղերը և փորձում է փրկել մեր մոլորակը

Վաղաժամ փառքի վտանգը

ԵՎՐՈ-2020-ի Իտալիա – Իսպանիա խաղից հետո Լուիս Էնրիկեն ասաց, որ երբեք չի տեսել ֆուտբոլիստի, որը 18 տարեկանում Պեդրիի մակարդակի ֆուտբոլ ցուցադրի, նույնիսկ 18-ամյա Ինիեստան: Նույն կարծիքին է նաև Ֆաբիո Կապելոն:  Մինչև այդ Ալվարո Մորատան ասել էր, որ Պեդրին 18 տարեկանում 30 տարեկանի նման հասուն խաղ է ցուցադրում, և դառնալու է Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Բայց կան հեղինակություններ, որոնք կոչ են անում չշտապել: Բրազիլացի լեգենդ Ռիվալդոն կարծում է, որ մարդիկ կարող են խորտակել Պեդրիի կարիերան, եթե շարունակեն նրա վրա ճնշում գործադրել: Նա «Բարսայի» վետերան ֆուտբոլիստներին կոչ էր արել ուշադիր լինել և օգնել նրան:

Ֆիլիպե Կոուտինյոն այն ֆուտբոլիստներից մեկն է, որը շատ է տուժել Ինիեստայի հետ համեմատությունից:

«Ինձ անհանգստացնում է, երբ ֆուտբոլիստներին համեմատում են Անդրեսի հետ: Նա պարզապես հանճար է: Ինիեստան այնպիսի վարպետություն ունի, որ կարծես անընդհատ իր կարիերայի գագաթնակետում է: Նրան հավասարվելու համար պետք է անընդհատ կատարելագործվեի»,- խոստովանել է Կոուտինյոն:

Ինիեստայի ու Պեդրիի տարբերությունը հենց վաղաժամ փառքի մեջ է: Անդրեսը դեռ 14 տարեկանում արդեն «Լա Մասիայի» թիվ մեկ տաղանդն էր համարվում և ակումբում բոլորը համոզված էին, որ նա դառնալու է թիմի լեգենդը: Բայց Անդրեսը միայն 24 տարեկանում դարձավ «Բարսայի» ու Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում իր տեղն ապահոված ֆուտբոլիստ: Դա տեղի ունեցավ 2008-ին, երբ Դեկուն հեռացավ ակումբից: Իսկ Պեդրին 17-18 տարեկանում արդեն այնպիսի առաջընթաց է գրանցել, որ հետագայում կատարելագործվելը դժվար կլինի: Բայց նա ունի ապավեն, որի վրա կարող է հույս դնել, «կնքահայրը»՝ «Լաս-Պալմասից»:

«Դիտում եմ նրա բոլոր խաղերը: Շատ ուրախ եմ, որ «Բարսայում» ֆուտբոլիստներն ընդունեցին նրան, և որ մենք չսխալվեցինք նրա տաղանդի հարցում: Նա երբեք չի հանձնվում: Նրան ընդամենը մեկ բան եմ խնդրել. «ամենածանր պահին զանգահարի ինձ, միշտ կօգնեմ քեզ»,- ասել է Արտիլեսը:

Բնավորության գիծ, որը նրան ամենաշատն է նմանեցնում Ինիեստային

Խաղային նմանություններից բացի Պեդրին Ինիեստային նման է նաև իր համեստությամբ: Դա գլխավոր արժեքներից մեկն է Լա Մասիայում, սակայն Պեդրին այն ստացել է իր ծնողներից:

Պեդրին օրինակ է, թե ինչպես պետք է իրենց պահեն պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստները: «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ նա «Նոու Կամպ» մարզադաշտ ժամանեց տաքսիով, որովհետև մեքենա վարել չգիտի: Նա ամաչում է ոչ թե պարզ իրեր օգտագործելուց, այլ ճոխերն ունենալուց: Իսպանացին մեկ ուրիշ անգամ ստադիոն էր ժամանել սուպերմարկետից գնած տոպրակով, որում դրել էր իր իրերը:

«Նա միլիոնատեր է, որը դա դեռ չի գիտակցում»,- այդ դեպքերից հետո ասաց Պեպե Մելը:

Շուտով «Բարսելոնան» որոշեց վարորդ վարձել պատանի տաղանդի համար, քանի որ Պեդրիի եղբայրը տեղի ռեստորաններից մեկում խոհարար է, և ասել էր, որ զբաղվածության պատճառով այլևս չի կարող իր եղբորն ուղեկցել իր մեքենայով:

pedri 1 1 - «Բարսելոնան» գտել է «նոր Ինիեստա». նա Youtube-ով դիտում է Անդրեսի խաղերը և փորձում է փրկել մեր մոլորակը

Պեդրիի կուռքը Ինիեստան է, որը բոլորին հայտնի է իր մարդկային հիանալի հատկանիշներով ու համեստությամբ:

«Ես ամեն ինչով փորձում էի նմանվել Ինիեստային: Նրա որևէ խաղ բաց չեմ թողել: Youtube-ում չկա Ինիեստայի խաղի մասին հոլովակ, որը տեսած չլինեմ»,- վերջերս խոստովանեց Պեդրին:

Իսպանացին նաև մաքուր բնության՝ «Kick Out Plastic» արշավի մասնակից է:

«Ծնողներս ինձ այնպես են դաստիարակել, որ ամեն անգամ, երբ գնում լողափ եմ կամ լեռներ, գտնում եմ պլաստմասե 3 իր և դրանք աղբամանը նետում: Մենք պետք է փրկենք մեր մոլորակը:

Ես շատ զգայուն եմ դառնում, երբ գործը հասնում է բնության պաշտպանությանը: Միգուցե, պատճառն այն է, որ ես Կանարյան կղզիներից եմ, որը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ: Ես մեծացել եմ լեռների ու լողափների շրջապատում: Դրանք չափազանց գեղեցիկ վայրեր են, այնտեղ չպետք է աղբ լինի»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա