«Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը հայկական արմատներ ունի: Նա ծնվել է Վլադիկավկազում, սակայն նրա նախնիներն այդ քաղաքում են հայտնվել Մեծ Եղեռնի ժամանակ՝ Արևմտյան Հայաստանից տեղահանվելուց հետո:
VNews.am-ի հետ զրույցում 31-ամյա ֆուտբոլիստը պատմեց հայկական արմատների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և ազգային հավաքական հնարավոր հրավերի մասին:
Տեղյակ ենք, որ հայկական արմատներ ունեք: Կպատմե՞ք այդ մասին։
1915 թվականին իմ նախնիները բնակվել են Կարսի մարզի Բլագոդարնոյե գյուղում։ Նրանք մոլոկաններ են եղել։ Մեծ Եղեռնի ժամանակ նրանք ստիպված են եղել փախչել դեպի արևելք` Երևան, այնուհետև՝ Վլադիկավկազ։ Այդ ճանապարհին նրանք հանդիպել են հայ երեխաների, որոնց ծնողներին սպանել էին թուրքերը: Այդպես, երեխաներին թաքցնելով արկղերի մեջ՝ հասցրել են Վլադիկավկազ: Այնուհետև, նրանք որդեգրել են նրանցից մեկին, որը հետագայում դարձել է իմ պապիկի մայրը:
Ի՞նչ էր նրա անունը:
Կատյա Հակոբի Բաբայան: Հետագայում նա ամուսնացել է իմ մեծ պապի հետ, որը ռուս էր, և վերցրել է նրա ազգանունը` դառնալով Եկատերինա Բուչնևա: Նա նույնպես ապրել է մոլոկանների հետ և նրա անունը դրել են Կատյա՝ ի պատիվ իր ռուս ընկերների։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Ձեզ հետ կապ հաստատե՞լ են՝ ազգային հավաքական հրավերի հարցով:
Անձամբ ինձ հետ՝ ոչ։ Բայց նրանք կապ են հաստատել «Փյունիկի» ղեկավարության հետ և ասել, որ դիտարկում են ինձ հավաքական հրավիրելու տարբերակը:
Եթե լինի հրավեր, կընդունե՞ք։
Իհարկե: Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել թիմին, միշտ պատրաստ եմ: Յուրաքանչյուր մարդու համար հպարտություն է խաղալ ազգային հավաքականի կազմում: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ ինձ լիարժեք հայ եմ զգում, բայց հայկական արյուն ունեմ և դրանով հպարտանում եմ։
Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք խոսել դրա մասին։
Ազգությամբ հայ է իմ պապիկի մայրը, և ես չէի մտածում, որ հնարավոր է ստանալ Հայաստանի անձնագիր ու իրավունք խաղալու Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ թեմայով խոսակցություն ունեցա «Փյունիկի» տեխնիկական տնօրեն Արտուշ Մկրտչյանի հետ, և նա ասաց, որ դա բավարար հիմք է Հայաստանի հավաքականում խաղալու համար։
Ի՞նչ փուլում է ՀՀ անձնագիր ստանալու աշխատանքը:
Ըստ օրենքի` սկզբում անձնագիր պետք է ստանա իմ հայրը, որովհետև նրա տատիկն է հայ եղել: Դրանից հետո նոր միայն ես կարող եմ հայկական անձնագիր ստանալ: Հիմա աշխատանք է տարվում այդ ուղղությամբ:
Դիտե՞լ եք Հայաստանի հավաքականի հանդիպումները, ծանո՞թ եք թիմի խաղին:
Այո՛, ընդ որում՝ ոչ միայն ես: Հիմա ամբողջ աշխարհն է դիտում Հայաստանի հավաքականի խաղերը, այն բանից հետո, երբ ընտրական փուլում թիմը մեկնարկեց 100-տոկոսանոց արդյունքով: Հավաքականը մեծ աղմուկ է բարձրացրել, Հայաստանի արդյունքը Եվրոպայում ընդամենը մի քանի թիմ է կրկնել: Շատ լավ ֆուտբոլիստներ կան տարբեր առաջնություններից, հետագա խաղերում մնում է հաստատել բարձր կարգը: Դրանից բացի, հավաքականում է խաղում իմ մոտ ընկերը` Խորեն Բայրամյանը, որի հետ 2 տարի խաղացել եմ «Վոլգարի» կազմում: Խորենի հետ մշտական կապի մեջ եմ:
Բայրամյանին պատմե՞լ եք հայկական Ձեր արմատների մասին:
Այո՛, նա գիտի դրա մասին:
Հայաստանի հավաքականի ներկայիս հիմնական դարպասապահը Դավիթ Յուրչենկոն է: Եթե հրավեր ստանաք, կկարողանա՞ք նրան արժանի մրցակցություն ցույց տալ:
Դավիթը շատ լավ է խաղում, հաճախ փրկում է թիմին, բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է պայքարել մյուսի հետ: Ամեն ինչ կախված է մարզչական շտաբի որոշումից, թե ում մեկնարկային կազմում դուրս կբերի: Յուրչենկոյի հետ թիմը հաղթում է, և հիմա դարպասապահին փոխելու անհրաժեշտություն չկա: Բայց ֆուտբոլում լինում են վնասվածքներ և որակազրկումներ, նման դեպքերի համար մարզիչները ցանկանում են 3-4 լավ դարպասապահ ունենալ, որպեսզի մեկ խաղացողից կախվածություն չունենան: Հայաստանի հավաքականի մարզիչներն էլ անչափ բարձր մակարդակի են` Կապառոսը, Բերեզովսկին, Մինյանոն ու Չախալյանը: Նրանք կորոշեն, թե ինչն է թիմի համար ավելի նպատակահարմար:
Ի՞նչ տպավորություն ունեք հայկական ակումբային ֆուտբոլից:
Երբ տեղափոխվում էի Հայաստան, գիտեի, որ այստեղի ֆուտբոլը զարգանում է, իսկ ժամանելուց հետո համոզվեցի դրանում: Լավ խաղամակարդակի տեղացի և արտասահմանցի ֆուտբոլիստներ կան, ինչպես նաև որակյալ մարզիչներ: Բոլոր թիմերը եվրագավաթներում հայտնվելու նպատակ ունեն: Ինձ դուր է գալիս պայքարել ամենաբարձր տեղերի համար: «Փյունիկում» ինձ առաջին օրվանից ջերմ ընդունեցին և մինչև այսօր ամեն ինչում օգնում են: Դրա համար ադապտացիան լավ անցավ: Կարելի է ասել՝ իմ հոգու մի մասը միշտ այս ակումբի հետ կլինի:
Հայաստանում կյանքին արա՞գ հարմարվեցիք:
Այն առանձնապես չի տարբերվում Վլադիկավկազից, որտեղ ծնվել եմ: Երկու տեղերում էլ մարդիկ պահպանել են բարձր արժեքները. հարգում են մեծերին և օգնում միմյանց: Լեզվական խնդիրներ էլ գրեթե չկան: Միայն նոր սերնդի ներկայացուցիչներից եմ տեսել, որ ռուսերենին լավ չտիրապետեն: Բնակչության 60-70 տոկոսն ազատ խոսում է ռուսերեն:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները