Logo

Իրենց «ճոխություն» թույլ տվողները. 5 աստղեր, որոնք մարզիչների որոշմամբ չեն մասնակցի ԵՎՐՈ-2020-ին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 03.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Sergio Ramos Spain - Իրենց «ճոխություն» թույլ տվողները. 5 աստղեր, որոնք մարզիչների որոշմամբ չեն մասնակցի ԵՎՐՈ-2020-ին

Հունիսի 1-ը վերջին օրն էր ԵՎՐՈ-2020-ին վերջնական հայտացուցակները ներկայացնելու համար: Արդեն հայտնի են կազմերը, բայց գլխավոր անակնկալները գրանցվել էին ավելի վաղ, երբ հայտնի էին դարձել նախնական կազմերը:

Թոփ հավաքականների մարզիչները որոշել են ավելի թույլ թիմերին ի ցույց դնել, թե ինչպիսի որակյալ ֆուտբոլիստների կարող են չհրավիրել, այն դեպքում, որ ուրիշները ստիպված են նույնիսկ ակումբներում քիչ խաղաժամանակ ստացողներին հրավիրել:

VNews.am-ը ներկայացնում է 5 աստղային ֆուտբոլիստների, որոնք մարզիչների որոշմամբ չեն հրավիրվել ազգային հավաքականներ և չեն մասնակցելու ԵՎՐՈ-2020-ին:

Սերխիո Ռամոս (Իսպանիայի հավաքական)

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կայացրեց ԵՎՐՈ-2020-ի հայտացուցակների վերաբերյալ ամենասենսացիոն որոշումը և ազգային ընտրանի չհրավիրեց թիմի ավագ Սերխիո Ռամոսին: 35-ամյա ֆուտբոլիստի համար 2020/21 մրցաշրջանն ամենաանհաջողն էր Մադրիդի «Ռեալի» կազմում: Պաշտպանը 7 տարբեր պատճառներով շարքից դուրս մնաց, որոնցից 5-ը վնասվածքներ էին, մեկը՝ կորոնավիրուս, իսկ մյուսը՝ փորացավ: Արդյունքում, Ռամոսը մասնակցեց ընդամենը 21 խաղի:

Այդուհանդերձ, մրցաշրջանի վերջում նա ապաքինվել էր և կարող էր 2-3 շաբաթում լավ մարզավիճակ հավաքել, քանի դեռ ԵՎՐՈ-ն չի մեկնարկել, բայց Լուիս Էնրիկեն զրկեց նրան այդ հնարավորությունից: Մարզիչը չցանկացավ Ռամոսին հրավիրել նույնիսկ որպես թիմին մոտիվացնող ավագ, որը կարող է մնալ պահեստայինների նստարանին, բարդ իրավիճակում կարևոր խոսքեր ասել և ոգևորել թիմին:

Այդուհանդերձ, Լուիս Էնրիկեն կարողացավ այնպես դուրս գալ իրավիճակից, որ Սերխիոյի հետ լուրջ կոնֆլիկտ չլինի, այլ խոստացավ նրան հավաքական հրավիրել, երբ աշնանը վերսկսվեն ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերը:

Դայո Ուպամեկանո (Ֆրանսիա)

Դիդյե Դեշամն այս օրերին այն մարզիչն է, որը գլխացավ կարող է ունենալ միայն ընտրության առատությունից: Աշխարհի չեմպիոնի գլխավոր մարզիչն այնպիսի ահռելի ընտրություն ունի կենտրոնական պաշտպանի դիրքում, որ կարող է իրեն «ճոխություն» թույլ տալ և Իսպանիային «նվիրել» Էմերիկ Լապորտին: Բայց նույնիսկ Լապորտի բացակայության դեպքում նա «համարձակվեց» հավաքական չհրավիրել Դայո Ուպամեկանոյին, ֆուտբոլիստի, որը այնքան մեծ քայլերով է զարգանում, որ արդեն «Բավարիան» գնել է նրա տրանսֆերը և մտադիր է դարձնել թիմի հենասյուներից մեկը:

Մեր ընտրանին

Չնայած նրան, որ Ուպամեկանոն վերջին տարիներին կայուն կերպով խաղում էր «ՌԲ Լայպցիգի» մեկնարկային կազմում, մասնակցում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին և իր հասուն խաղով հիացնում շատերին, միևնույն է Դեշամը նրան քիչ շանս է տալիս: «Եռագույնների» կազմում Ուպամեկանոն ընդամենը 3 խաղ է անցկացրել և հասցրել է գոլ խփել, սակայն դա բավական չէր մարզչի համար:

22-ամյա ֆուտբոլիստին չհրավիրելը հատկապես զարմանալի է այն պատճառով, թե ովքեր են նրա փոխարեն խաղալու ԵՎՐՈ-ում: Դեշամը կենտրոնական պաշտպանի դիրքում հրավիրել է Ռաֆայել Վարանին, Պրեսնել Կիմպեմբեին, Կլեման Լանգլեին, Կուրտ Զումային, ինչպես նաև հայտացուցակում է Լյուկա Էրնանդեսը, որը կարող է խաղալ ձախ և կենտրոնական պաշտպանների դիրքում: Բոլորն էլ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են, բայց դժվար է միանշանակ ասել, որ բոլորն էլ իրենց  խաղով գերազանցում են Ուպամեկանոյին:

Dayot Upamecano France scaled 1 960x632 - Իրենց «ճոխություն» թույլ տվողները. 5 աստղեր, որոնք մարզիչների որոշմամբ չեն մասնակցի ԵՎՐՈ-2020-ին

Մարկո Ռոյս (Գերմանիայի հավաքական)

Ինչ ասես՝ չի խանգարել Մարկո Ռոյսին չմասնակցել խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերին: Հիմնականում եղել են վնասվածքներ, որոնցից ամենահայտնին հայ ֆուտբոլիստ է հասցրել գերմանացուն, բայց այս անգամ Դորտմունդի «Բորուսիայի» աստղը վնասվածք չուներ:

Ավելին, անհավանական է թվում, բայց Մարկո «վնասվածք» Ռոյսն ավարտված մրցաշրջանում մասնակցել է «Բորուսիայի» բոլորից շատ խաղերին (49): Նա հիանալի մարզավիճակում էր՝ խփել է 11 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: Ամեն ինչ հուշում էր, որ եկել է խոշոր մրցաշարում «բունդեսթիմի» առաջատարը դառնալու ժամանակը և սեփական անունը գերմանական ֆուտբոլում հավերժացնելու պահը: Բայց Ռոյսը Յոահիմ Լյովին խնդրեց իրեն չհրավիրել հավաքական, որպեսզի ծանր մրցաշրջանից հետո լավ հանգստանա և պատրաստվի նոր մրցաշրջանին: Հիշո՞ւմ եք, որ Խոակին Կապառոսն ասում էր, որ Հայաստանի հավաքականի առավելությունը մյուսների համեմատ այն է, որ ֆուտբոլիստները մեծ ոգևորությամբ են գալիս հավաքական: Ահա մեկ օրինակ, որ հաստատում է դա:

Վստահաբար կարելի է ասել, որ մարզիչներից ֆուտբոլիստները հաճախ են հանգստի հնարավորություն խնդրում և շատ հազվադեպ են դա ստանում: Այդուհանդերձ, Լյովը համաձայնեց, չպնդեց, չասաց, որ սա նրա հրաժեշտի մրցաշարն է և Մարկոն շատ կօգներ նրան։

https bvbbuzz.com wp content uploads getty images 2017 07 1132203230 960x655 - Իրենց «ճոխություն» թույլ տվողները. 5 աստղեր, որոնք մարզիչների որոշմամբ չեն մասնակցի ԵՎՐՈ-2020-ին

Ջեյմի Վարդի (Անգլիայի հավաքական)

Անգլիայի հավաքականը աստղերի քանակով մրցաշարի թոփ-3 թիմերից մեկն է, բայց կրկին հիմնական թեման չհրավիրված ֆուտբոլիստներն էին: Գարեթ Սաութգեյթը հավաքական հրավիրեց  4 աջ պաշտպանի, բայց դեռ մարդիկ կային, որ հարցնում էին՝ ինչու հայտացուցակում չկա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Աարոն Ուան-Բիսական: Ոմանց զարմացրեց «Վեսթ Հեմում» ֆանտաստիկ մարզավիճակ հավաքած Ջեսի Լինգարդի բացակայությունը, իսկ ուրիշներին, թե ում կհրավիրեն վնասվածք ստացած Մեյսոն Գրինվուդի փոխարեն:

Բայց ամենից զարմանալին «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի բացակայությունն է: Իհարկե, Անգլիայի հավաքականում 34-ամյա ֆուտբոլիստն այնպես չի փայլում, ինչպես «Լեսթերում», բայց նման որակներով հարձակվողը շատ օգտակար կարող էր լինել «առյուծներին»:

Կենտրոնական հարձակվողներից Սաութգեյթը հրավիրել է Հարի Քեյնին, որը հարձակման բացահայտ առաջատարն է և Դոմինիկ Կալվերտ-Լյունին, որը հատկապես լավ է խաղում երկրորդ հարկում և գրոհները եզրափակելիս: Սպասվում է, որ կենտրոնական հարձակվողի դիրքում կխաղան նաև Մարկուս Ռեշֆորդը և Ռահիմ Ստեռլինգը, բայց դա ավելի շատ կախված կլինի անգլիացիների ընտրած մարտավարությունից: Նման իրավիճակում իսկապես Վարդին կարող էր շատ օգտակար լինել թիմին, հատկապես հանդիպումների երկրորդ կեսերում, երբ մրցակիցը հոգնած կլիներ: Հարձակվողն իր հրթիռային արագությամբ կարող էր տարբերություն ստեղծել:

Ուշագրավ է, որ Վարդին որքան էլ ֆուտբոլային վետերանի տարիքում է, միևնույն է նրա արդյունավետությունը չի նվազում: Անգլիայի ավարտված առաջնությունում նա 15 գոլ խփեց ու 9 գոլային փոխանցում կատարեց:

skysports jamie vardy england 4403620 960x540 - Իրենց «ճոխություն» թույլ տվողները. 5 աստղեր, որոնք մարզիչների որոշմամբ չեն մասնակցի ԵՎՐՈ-2020-ին

Սաուլ Նիգես («Ատլետիկո»)

Իսպանիայի հավաքականում կիսապաշտպանությունում երկար տարիներ անբաժան էին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Չավին և Ինիեստան: Նրանք էին «ֆուրիա ռոխայի» թիմի դեմքը, մարդիկ, ովքեր ճանաչելի են դարձնում ակումբի ու հավաքականի ոճը: Ժամանակի ընթացքում նրանք էստաֆետան զիջեցին «Ատլետիկոյի» խաղացողներ Կոկեին ու Սաուլին: Մադրիդցիները ամենևին չունեին «Բարսայի» լեգենդների փոխանցումներով ու տեխնիկայով խաղը կառավարելու ունակությունները, սակայն շատ մեծ ծավալի աշխատանք էին կատարում և օժտված էին ժամանակակից ֆուտբոլիստին անհրաժեշտ բոլոր առավելություններով:

Հետզհետե Կոկեն ավելի ամրապնդվեց գլխավոր թիմում, իսկ Սաուլը՝ դուրս մնաց նրա կազմից: 2020 թվականից կիսապաշտպանը «ֆուրիա ռոխայի» կազմում չի խաղում: Բայց դա Սաուլին հնարավորություն տվեց կենտրոնանալ «Ատլետիկոյի» ելույթների վրա և օգնել թիմին Լա լիգայի չեմպիոն դառնալ: Սաուլն «Ատլետիկոյի» ամենաունիվերսալ ֆուտբոլիստներից է: Իսպանացին գործում է փլեյմեյքերի, հենակետային կիսապաշտպանի, ձախ կիսապաշտպանի և նույնիսկ ձախ պաշտպանի դիրքերում: Ամենուր նա շատ հուսալի է:

GIXTQPS4DFBHZGMBYRDOQYC4E4 960x540 - Իրենց «ճոխություն» թույլ տվողները. 5 աստղեր, որոնք մարզիչների որոշմամբ չեն մասնակցի ԵՎՐՈ-2020-ին

Իսպանիայի հավաքականին Սաուլն օգնել էր նվաճել ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր՝ մասնակցելով 4 խաղի և 4-ում էլ մնալով պահեստայինների թվում: Բայց Լուիս Էնրիկեն որոշեց, որ եզրափակիչ փուլում կարող է խնդիրներ լուծել առանց նման ունիվերսալի:

Մարզչի որոշումը հատկապես զարմանալի է այն պատճառով, որ ՈւԵՖԱ-ն թույլատրել է հայտավորել 26 ֆուտբոլիստի, իսկ նա որոշել է բավարարվել 24-ով: Սաուլը նույնիսկ ազատ մնացած տեղում մարզչին պետք չեկավ…

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա