Logo

2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 18.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
121655861 10164516268345247 3947898666599112819 n - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

2 տարի ֆուտբոլից կտրված և զինծառայություն անցած Յուրի Գարեգինյանը՝ տարիներ անց արդեն որպես «Նոայի» ֆուտբոլիստ, անցած տարվա թեժ պատերազմական օրերի ընթացքում իրականացրեց կյանքի գլխավոր երազանքը՝ խաղաց Հայաստանի ազգային հավաքականում: Ազգերի լիգայի մրցաշարում Վրաստանի ընտրանու դեմ կայացած հանդիպումը (2-2) շատ քննարկումներ առաջացրեց, ու ֆուտբոլիստի համար նորամուտը դարձրեց անմոռանալի թե՛ բացասական, թե՛ նաեւ դրական իմաստով:

Յուրի Գարեգինյանը VNews․am-ին տված հարցազրույցում պատմել է «Փյունիկի»՝ իրեն չհավատալու, զինծառայությունից հետո «Արարատում» Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ խաղալու, հայկական ակումբային ֆուտբոլ ներխուժած և արդեն շատ բանի հասած «Նոայի» հաջողության գաղտնիքի մասին: Մանրամասնորեն խոսել է նաև Հայաստան – Վրաստան հանդիպման ընթացքում ու դրանից հետո ունեցած ապրումների, Խոակին Կապառոսի նշանակության, Հենրիխ Մխիթարյանի կողքին մարզվելու, խաղալու և այլ հետաքրքիր թեմաների մասին:

Անցած տարվա հոկտեմբերին առաջին անգամ հրավիրվեցիք ազգային հավաքական: Մինչև այդ ասել էիք, որ ընտրանուն միանալը Ձեր գլխավոր նպատակն է: Այդ պահին պատերազմական իրավիճակ էր: Հաջողվե՞ց լիարժեք ուրախանալ այդ հրավերով:

Բոլորիս համար դժվար ժամանակներ էին: Չեմ կարող ասել, թե ընդհանրապես չեմ ուրախացել, բայց այդ ժամանակ այնպիսի վիճակ էր, որ բոլոր անձնական հաջողությունները դառնում էին երկրորդական: Բոլորիս գլխում ուրիշ հարց էր: Եվ քանի որ ես նույնպես ծառայել եմ, լավ պատկերացնում էի այդ իրավիճակում մեր զինվոր տղաների ապրումները: Ամեն դեպքում, կար ոգևորվածություն, որ պետք է միանայի հավաքականին:

Սեպտեմբերի 21-ին հարցազրույց էիք տվել «Նոայի» մամուլի ծառայությանն ու կարծիք հայտնել, որ հավաքական հրավիրվելու համար ակումբում ավելի շատ խաղային պրակտիկա պետք է ստանաք: Նշեցիք նաև, որ խոսել եք Խոակին Կապառոսի հետ, ու նա ասել է, որ համբերատար սպասեք Ձեր շանսին: Ակնկալո՞ւմ էիք, որ արդեն առաջիկա հավաքին մասնակցելու հրավեր կստանաք:

Ոչ, անակնկալ է եղել: Կարծում էի՝ պետք է ավելի շատ խաղամ ու ամրապնդվեմ թիմում, բայց Կապառոսը ցույց տվեց, որ եթե տեսնում է՝ ֆուտբոլիստն արժանի է, նրան հրավիրում է հավաքական: Այդ ժամանակ այնպես չէ, որ ակումբում բոլոր հանդիպումներին ամբողջությամբ մասնակցում էի, բայց ունեի խաղային պրակտիկա, մասնակցում էի մրցավեճերին: Հրավերն ինչ-որ չափով անսպասելի էր, ինչ-որ չափով էլ՝ սպասելի, քանի որ սեպտեմբերյան հանդիպումների ժամանակ էլ եղել էի ընդլայնված հայտացուցակում:

50472427997 e35452f6e9 o 960x584 - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

«Հայաստան – Վրաստան խաղից հետո հասկացա, որ հեռախոսս ինչ-որ ժամանակ պիտի մի կողմի վրա թողնեմ»

Փոխարինման մտաք Ազգերի լիգայի Հայաստան – Վրաստան հանդիպման 67-րդ րոպեին՝ 1-1 հաշվի ժամանակ: Ի՞նչ էիք զգում այդ պահին: Թեպետ 26 տարեկան էիք, բայց ո՛չ հավաքականների, ո՛չ ակումբային մակարդակով միջազգային խաղերի փորձ ընդհանրապես չունեիք: Եվ ի՞նչ ասաց Կապառոսը:

Հանդիպումը ցույց տվեց, որ դժվար էր առանց փորձի միանգամից մասնակցել այդպիսի հանդիպման: Բայց սուտ կլինի, եթե ասեմ, թե լարված կամ վախեցած եմ մտել խաղադաշտ: Վստահ էի իմ ուժերին, հավատքով մտել էի խաղադաշտ: Առաջադրանք կար ավելացնել աշխատանքը կենտրոնում, թարմություն էր պետք: Հարկավոր էր խլումներ իրականացնել, նաև Կապառոսի փիլիսոփայության մեջ շատ կա այն ուղղությունը, որ պետք է պրեսինգ լինի միջին հատվածում: Պետք է նաև փոխանցումների միջոցով խաղ կառուցեի:

Իսկ հոգեբանական ինչ-որ աշխատանք եղա՞վ նրա կողմից:

Հիմա դժվարանում եմ հիշել, բայց նախքան մրցավայր մեկնելը՝ այստեղ կայացած մարզումների ժամանակ և դրանցից հետո, մի քանի անգամ խոսել է ինձ հետ ու ցույց տվել, որ վստահում է ինձ: Զգացել եմ, որ երևի խաղաժամանակ կստանամ: Նկատել, զգացել եմ վստահություն նրա կողմից: Ինձ համար անսպասելի չէր, որ փոխարինման մտա:

Կենտրոնում կորցրիք գնդակը, և Վրաստանը հակագրոհի շնորհիվ գոլ խփեց: Դրանից հետո կա՞ր ընկճվածություն: Թիմակիցները քաջալերեցի՞ն:

Անցյալում միշտ լսել էի, որ հավաքականում լավ մթնոլորտ է տիրում, այնտեղ ուրիշ է, ակումբում՝ ուրիշ: Դա զգացի հենց այդ հանդիպման ավարտից հետո: Երևի չի եղել այնպիսի մի ֆուտբոլիստ, որ ինձ չմոտենար, չաջակցեր, ամեն մեկն իր խորհուրդն էր տալիս: Հենց այդ պահերին ես հասկանում, որ հավաքականը լրիվ ուրիշ հասկացություն է, այնտեղի մթնոլորտը լրիվ այլ է: Բոլորն էլ ֆուտբոլիստներ են, հասկանում էին, որ սխալը ֆուտբոլի մի մասն է, ու խաղացողները բոլորով են սխալ թույլ տալիս: Այնտեղ հասկացա՝ թիմն ինչ բան է: Դրա համար պատահական չէ, որ այսօր մեր հավաքականը խաղադաշտում նման թիմային ֆուտբոլ է ցուցադրում:

Շատերը գուցե ուշադրություն չդարձրին, բայց մեր երկրորդ ու պատասխան գոլը ծնվեց հենց առավելապես Ձեր ջանքերով: Դուք ակտիվ պրեսինգ կիրառեցիք, ստիպեցիք մրցակցին կորցնել գնդակը, ինչից հետո էլ հնարավոր եղավ 11-մետրանոց վաստակել: Ի՞նչ եք հիշում այդ դրվագի մասին:

Հաշիվն արդեն 1-2 էր, ու պետք էր ռիսկի դիմել: Իմ ցանկությունն էլ շատ մեծ էր, որ այդ սխալից հետո մի լավ բան անեմ թիմի համար, ինչ-որ բան փոխվի խաղի մեջ: Փառք Աստծո, ստացվեց, և չպարտվեցինք: Բայց բոլորն ավելի շատ հիշում են բաց թողած գոլի դրվագը (ժպտում է-խմբ․): Երկրորդ գոլը քիչ մարդիկ են հիշում:

Հավաքականի խաղերը միշտ երկրպագուների խոշորացույցի տակ են հայտնվում, համացանցում բուռն քննարկումներ են ծավալվում: Հետևե՞լ եք, թե Ձեզ հետ կապված ինչ արձագանքներ են եղել, ի՞նչ ապրումներ եք ունեցել:

Այդ հանդիպումից հետո հասկացա, թե ինչ բան է հավաքականում խաղալը, ինչպիսի մեծ ճնշում է գործադրվում: Հասկացա, որ հեռախոսս ինչ-որ ժամանակ պետք է մի կողմի վրա թողնեմ ու համացանցին քիչ հետևեմ: Բացասական արձագանքները շատ էին: Բայց նաև հասկանում եմ, որ երկրպագուներ են, ցավում են ֆուտբոլի համար, և նրանք չեն կարող պրոֆեսիոնալ ձևով ընդունել ու հասկանալ այդ ֆուտբոլային դրվագը: Իրենց դժգոհությունն էին հայտնում տարբեր միջոցներով: Սակայն եթե հասել ես այդ մակարդակին ու հավաքականի կազմում նման կարևորության մրցավեճերի ես մասնակցում, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես այդ ամենին: Սխալներն օգնում են ավելի ուժեղանալ, պնդանալ:

Ինձ միշտ ասում են՝ եթե բանակ չգնայիր, հիմա ավելի լավ տեղ կխաղայիր, ֆուտբոլում ավելի շատ բանի հասած կլինեիր: Այո, ֆուտբոլային առումով 2 տարի կորցրել եմ, բայց այդ հատվածը որպես մարդ ինձ շատ բան է տվել: Դժվար հատված է եղել իմ կյանքում, բայց ես շատ եմ պնդացել, ուժեղացել ու շատ բաների միջով եմ անցել այդ հատվածում: Այդ ժամանակ ես հասկանում, որ ինչի միջով էլ անցնես, պետք է լավատես լինես, ինչը կօգնի ավելիին հասնել՝ անկախ նրանից՝ այդ պահին ինչ դժվարության մեջ ես:

0K2A7490 960x640 - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

Ենթադրում եմ՝ Հենրիխ Մխիթարյանի հետ մարզվելն ու խաղալը նույնպես երազանք կամ ժամանակի ընթացքում գուցե արդեն նպատակ է եղել:

Մխիթարյանի մարզումներից, փոխանցումներից և գործողություններից միանգամից երևում էր նրա բարձր կարգը։ Հենրիխի հետ մարզվելը լրիվ ուրիշ՝ շատ լավ զգացողություն է: Բայց ինձ համար ավելի զարմանալի էր նրա՝ խաղադաշտից դուրս մարդկային տեսակը: Նա շատ մարդամոտ, անմիջական անձնավորություն է։ Տեսնելով Մխիթարյանի՝ խաղադաշտում ու խաղադաշտից դուրս վարքագիծը՝ միայն լավ օրինակ կարող ես վերցնել: Երբ առաջին անգամ միացա հավաքականին, միանգամից աջակցություն զգացի նրա կողմից՝ որպես ավագի:

Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում Ազգերի լիգայի այդ 2 հանդիպումներից հետո:

Ինձ նոր շարժառիթ է տվել, որ պետք է ավելի շատ աշխատեմ: Պատահական ոչինչ չի լինում: Եթե այդ պատասխանատու խաղին այդպես ստացվեց, ուրեմն ինչ-որ մի բան պետք է փոխվեր: Պետք է ավելի շատ աշխատեմ, ավելի շատ նվիրվեմ, որ երկրորդ շանսն ավելի լավ օգտագործեմ: Չեմ սիրում ասել՝ բախտս չբերեց, չստացվեց, ոչ, սխալները միշտ իմ մեջ եմ փնտրում: Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ուրեմն ես ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հարցում թերացել եմ: Ես հասկացել եմ, որ ֆուտբոլում ոչինչ պատահական չի լինում․ ինչ վերաբերմունք ես ցույց տալիս ֆուտբոլին, նույն պատասխանն էլ ստանում ես:

121186002 10164494880650247 5228413665917797349 n 960x638 - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

«Բանակից հետո էլ՝ մոտավորապես 6 ամիս, չէի կարողանում կողմնորոշվել ապագայիս շուրջ»

Դուք «Փյունիկի» սան եք: Այդուհանդերձ, Բարձրագույն խմբում սկսել եք խաղալ «Արարատի» կազմում, երբ արդեն 22 տարեկան էիք: Ինչո՞ւ չհաջողվեց ամրապնդվել «Փյունիկում», որն այն ժամանակ հիմնականում սեփական կադրերով էր խաղում:

Չմնացի այնտեղ, քանի որ պետք է զորակոչվեի բանակ: Բանակից հետո փոխեցի թիմս ու սկսեցի խաղալ «Արարատի» երկրորդ թիմում: «Փյունիկն» ինձ շատ բան է տվել: Մոտ 10 տարի մարզվել եմ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ (այժմ Խոակին Կապառոսի օգնականն է Հայաստանի ազգային հավաքականում-խմբ․), և անձամբ նրանից էլ շատ բան եմ սովորել: Նրանում, որ հիմա ֆուտբոլ եմ խաղում, «Փյունիկն» իր մեծ ներդրումն ունի: Բայց այդ կարևոր պահին այնպես ստացվեց, որ բանակի խնդիր եղավ: Բանակից հետո էլ պետք էր արդեն թիմ փոխել:

Այսինքն, 2 տարի ֆուտբոլի հետ որևէ առնչություն չե՞ք ունեցել:

Այո, ընդհանրապես չեմ զբաղվել: Բանակից հետո էլ՝ մոտավորապես 6 ամիս, չէի կարողանում կողմնորոշվել ապագայիս շուրջ: 2014 թվականի ամռանն ավարտել եմ ծառայությունս, 2015 թվականի հունվարից նոր սկսել եմ մարզվել «Արարատի» երկրորդ թիմում:

18157104 1887898091451301 5450793481101565647 n - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

Իսկ երբ վերադարձաք ծառայությունից, «Փյունիկը» այլևս ցանկություն չի՞ հայտնել Ձեզ ներգրավել թիմ:

Անկեղծ ասած, արդեն չեմ էլ հետաքրքրվել: Ցանկանում էի ուրիշ թիմում խաղալ: Միայն անհրաժեշտ փաստաթղթերն եմ վերցրել ու հեռացել: Բնականաբար, կար նաև հիասթափություն, որ ակումբն ինձ այն ժամանակ չէր ցանկացել պահել իր կազմում:

«Նազարյանն այնպիսի հարաբերություններ է ստեղծում, որ ֆուտբոլիստը ցանկանում է հենց մարզչի համար խաղալ»

«Արարատում» երկար ժամանակ աշխատել եք Արկադի Անդրեասյանի հետ: Ի՞նչ եք սովորել նրանից:

Նրա հետ աշխատելն ինձ շատ բան է տվել: Անդրեասյանի մարզումները մի փոքր ավելի հին մեթոդներով էին կազմակերպվում: Շեշտն առավելապես դրվում էր ֆիզիկականի վրա, ինձ էլ այդ պահին ավելի շատ հենց դա էր պետք, քանի որ 2 տարի էի կորցրել, ֆիզիկականի տեսանկյունից շատ էի հետ ընկել: Նրա հետ աշխատելով՝ շատ գործոններում բարելավվեցի: Արկադի Անդրեասյանը ֆուտբոլիստին անհատապես շատ լավ էր զարգացնում: Նա նույնիսկ այդ տարիքում չէր զլանա, մարզումից հետո կես ժամ, մեկ ժամ կմնար, քեզ հետ անհատապես կաշխատեր ու կօգներ աճել:

Հետո միացաք «Արցախին» (ներկայիս «Նոա»), որտեղ աշխատեցիք Ռաֆայել Նազարյանի հետ: Շատ ֆուտբոլիստներ են պատմում, որ այդ մասնագետին հաջողվում է նպաստել խաղացողների անհատական աճին: Իրո՞ք այդպես է:

Նա բարձրակարգ մարզիչ է: Նազարյանը կարողանում է իր թիմերում շատ լավ մթնոլորտ ձևավորել, իր գաղափարները փոխանցել խաղացողներին: Ֆուտբոլիստի հետ ստեղծում է այնպիսի հարաբերություններ, որ ֆուտբոլիստը ցանկանում է հենց մարզչի համար խաղալ․ դա ամենակարևոր բաներից մեկն է: Ճիշտ է, կես տարի եմ աշխատել նրա հետ, բայց շատ բան եմ սովորել: Ֆուտբոլիստին շատ է օգնում հոգեբանական տեսանկյունից: Նազարյանը թիմում միշտ բարձր հոգեբանական մթնոլորտ է ստեղծում, շարժառիթ է տալիս: Նրա խաղային ձեռագիրը ևս լրիվ համապատասխանում է ժամանակակից ֆուտբոլին: Հուսով եմ՝ ապագայում կլինի նրա հետ աշխատելու ևս մեկ շանս:

0K2A7510 960x640 - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

«Արցախը», համալրված գրեթե բացառապես հայ ֆուտբոլիստներով, առաջնությունում գրավեց նախավերջին տեղը: Հաջորդ մրցաշրջանում, երբ գերակշիռ մասը լեգեոներներ էին, և ակումբն էլ արդեն կոչվում էր «Նոա», այն դարձավ փոխչեմպիոն, նվաճեց գավաթն ու սուպերգավաթը: Մի տեսակ ծայրահեղությունից ծայրահեղություն է ստացվում․․․

Ֆուտբոլում մանրուքներ չկան: Շատերը կասեն՝ այդ ժամանակ կազմը փոխվեց, գլխավոր մարզիչը փոխվեց, դրա համար լավ արդյունքներ եղան, բայց տվյալ հատվածում նաև փոխվեց ակումբի բոլոր անդամների մտածելակերպը՝ ադմինիստրատորից մինչև նախագահ: «Նոայում» բարձր պրոֆեսիոնալիզմ կա: Ակումբի ցանկացած աշխատակից իր պրոֆեսիոնալ մոտեցումով նպաստեց նրան, որ հաղթանակներ լինեն:

Ձեր խաղում բավականին աճ նկատվեց Իգոր Պիկուշչակի աշխատանքի ժամանակաշրջանում: Թիմը նաև որակյալ ֆուտբոլ էր խաղում ու տիտղոսներ նվաճեց: Ո՞րն էր Պիկուշչակի հաջողության գաղտնիքը: Չէ՞ որ նա նույնիսկ պաշտոնապես գլխավոր մարզիչ չէր համարվում, որովհետև չուներ ՊՐՈ կարգի արտոնագիր:

Նա մարզչական մեծ փորձ չուներ, առաջին անգամ էր պրոֆեսիոնալ թիմ գլխավորում: Բայց Պիկուշչակն իր աշխատանքով ցույց տվեց, որ իրեն մարզչական մեծ ապագա է սպասվում: Սկսնակ մարզչի համար հեշտ չէ նոր երկրում, նոր առաջնությունում առաջին իսկ մրցաշրջանում այդպիսի արդյունքի հասնելը:

Ի՞նչ առանձնահատկություններ ուներ այդ մասնագետը:

Պիկուշչակն ավելի շատ հարձակողական ֆուտբոլ էր դավանում: Թիմը նախորդ առաջնությունում նախավերջին տեղն էր գրավել, և այդ մասնագետին հաջողվեց հաղթողի հոգեբանություն հաղորդել ֆուտբոլիստներին: Նա հենց սկզբից հասկացրեց խաղացողներին, որ մենք ոչ թե վերջին կամ նախավերջին տեղերի, այլ չեմպիոնության համար պայքարող թիմ պետք է լինենք: Մենք նույն սխեմայով և մոտեցմամբ էինք ելույթ ունենում թե՛ առաջին, թե՛ վերջին տեղի թիմի դեմ: Պիկուշչակը մեզ հասկացնում էր, որ կարող ենք «առաջին համարով»՝ նախաձեռնությամբ խաղալ ցանկացած թիմի հետ:

18.08.2019 NOAH 1 2 Ararat Armenia 13 960x640 - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

Նախորդ առաջնությունում 23 հանդիպման եք մասնակցել, այս տարի՝ ընդամենը 11, միայն 6 անգամ եք եղել մեկնարկային կազմում: Ինչո՞ւ այդքան քիչ: Չէ՞ որ դարձաք նաև ազգային հավաքականի թեկնածու:

Ինձ այս մրցաշրջանում կորոնավիրուսն էլ խանգարեց, քանի որ 5-6 մրցավեճ բաց թողեցի: Եթե ընդհանուր դիտարկենք, վերջին 5-6 հանդիպումներում է, որ համարյա չեմ խաղում: Եկավ նոր գլխավոր մարզիչ, մրցակցությունն է մեծացել, նա էլ այս պահին իմ դիրքում այլ ֆուտբոլիստների է վստահում: Առաջնության ավարտին դեռ 2 հանդիպում կա, պետք է ամեն մարզմանը 100 տոկոսով նվիրվեմ աշխատանքիս ու սպասեմ իմ շանսին: Դեռ կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա, իսկ մնացածը կերևա արդեն դրա ավարտից հետո:

Ե՞րբ է ավարտվում թիմի հետ պայմանագրի ժամկետը:

Այս մրցաշրջանի ավարտից հետո: Իմ գլխավոր նպատակն ազգային հավաքականում ամրապնդվելն է, ուստի բոլորս հասկանում ենք, որ խաղաժամանակ ստանալն առաջնային է: «Նոան» շատ հարազատ թիմ է ինձ համար, ակումբում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն եմ, բայց պետք է որոշում կայացնեմ ի շահ իմ կարիերայի: Դա կերևա ամռանը, իսկ հիմա կենտրոնացած եմ թիմի առաջիկա անելիքների վրա: Ինչքան խաղաժամանակ կստանամ, կփորձեմ օգնել «Նոային»:

«Նոան» վերջին հաջող ելույթների շնորհիվ դարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար: Ինչի՞ հաշվին փոքր-ինչ անկայուն խաղից հետո նման թափ հավաքեցիք:

Սկզբում խաղակցվածության խնդիր ունեինք, հիմա կայունացել է թիմի խաղը: Բազմաթիվ նոր ֆուտբոլիստներ համալրեցին թիմը, խաղակցվածությունը բարելավվեց, ու թիմը հիմա լավ ռիթմի մեջ է, ավելի լավ է զգում խաղը: Մնացել է ամենակարևոր հատվածը: Ունենք 2 հանդիպում: «Նոան» լավ մարզավիճակում է գտնվում, ու կարծում եմ՝ չեմպիոն դառնալու շատ մեծ շանսեր ունի:

22.09.2020 Urartu 0 3 Noah 36 960x640 - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

«Հավատում եմ, որ իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել հավաքականում»

Ընդգրկվել էիք 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին 3 հանդիպումների ընդլայնված հայտացուցակում, բայց հավաքին չմասնակցեցիք: Ի՞նչ ապրումներ ունեցաք՝ կողքից հետևելով գրանցված 3 հաղթանակներին:

Քեզ հպարտ ես զգում, որ թեկուզ լինում ես ընդլայնված հայտացուցակում: Կապ չունի՝ հրավիրվում ես, թե ոչ, դա ազգային հավաքականն է, բոլորովս ենք թե՛ հաղթում, թե՛ պարտվում: Մեր ազգին, մանավանդ, վերջին դժվարին փուլերից հետո շատ էին պետք այս 3 հաղթանակները: Բոլորս ուրախացանք, ինչ-որ մի պահ կտրվեցինք մեր հոգսերից: Հաղթանակներն ավելի շատ թիմային ոգու, հավաքականում տիրող մթնոլորտի շնորհիվ էր: Շատ մեծ է նաև մարզչական շտաբի դերակատարությունը:

Խոակին Կապառոսի գործոնն արտահայտվում է ավելի շատ տակտիկակա՞ն, թե՞ հոգեբանական աշխատանքով։

Այնպես չէ, որ մարզչական շտաբը կենտրոնանում է միայն մեկ ճյուղի վրա: Ուշադրություն են դարձնում տարբեր ուղղությունների՝ թե՛ տակտիկային, թե՛ մարզումային գործընթացին, թե՛ մրցակցի խաղի վերլուծությանը: Նրանք իրենց գործը պրոֆեսիոնալ կերպով են կատարում, դրա համար էլ արդյունքներ կան: Նրանք հոգեբանական մեծ աշխատանք են իրականացնում, շարժառիթ հաղորդում ֆուտբոլիստներին: Կապառոսի օգնականների դերը նույնպես շատ մեծ է:

50437497148 c479307df2 o 1 960x707 - 2 տարի բանակում՝ առանց ֆուտբոլի, իսկ հետո՝ Կապառոսից հրավեր ազգային հավաքական․ Յուրի Գարեգինյանի ուշագրավ ճանապարհը

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր առաջնությունում եք խաղում: Ավելի ընդհանրական հարց: Տեսնո՞ւմ եք պատճառ, թե ինչո՞ւ են ակումբները տարեցտարի կարծես ավելի քիչ սկսում հավատալ հայ ֆուտբոլիստներին, երիտասարդներին համարյա շանս չընձեռել: Նրանք այդքա՞ն էլ մրցունակ չեն, թե՞ այլ խնդիր կա:

Հիմա հայկական ֆուտբոլի իրավիճակը նպաստում է նրան, որ հայ խաղացողները հիասթափվեն ֆուտբոլից ու ավարտեն կարիերան: Այսօր նույնիսկ հավաքականի թեկնածուների համար դժվար է լինում ակումբ գտնելը, որովհետև թիմերի մեծ մասը վստահում է լեգեոներներին: Կողմ եմ առողջ մրցակցությանը, բայց սա Հայաստանի առաջնությունն է, ու պետք է վստահել և տեղ տալ հայ ֆուտբոլիստներին, ինչը ես շատ քիչ եմ տեսնում: Այսօր հայ երիտասարդ ֆուտբոլիստների համար չեն ստեղծվում պայմաններ, որոնք կնպաստեն նրանց աճին: Իսկ ֆուտբոլիստն աճում է խաղալով, ֆուտբոլիստը հետ է ընկնում, երբ խաղաժամանակ չի ստանում: Այդ առումով ակումբն ու թիմի մարզիչը պետք է նույն մտածելակերպն ունենան, որպեսզի ինչ-որ բան ստացվի, այլապես կողմերից մեկի՝ այլ կարծիքի լինելը ոչնչի չի հանգեցնի:

Առաջիկա ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև:

Իմ առաջնային նպատակը հավաքականում ամրապնդվելն է: Պետք է անեմ ամեն ինչ, որ ևս մեկ շանս ստանամ և այն օգտագործեմ: Հավատում եմ, որ իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել հավաքականում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա