Logo

Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 30.06.2020ՍՊՈՐՏ
Բացառիկ
Gevorg Gharibyan European championships gold medal match14 - Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Հայ ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը VNews.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ մարզիկները այս օրերին բավական բարդ շրջանի միջով են անցնում, քանի որ տևական ժամանակ չեն կարողանում գորգային մարզումներ անցկացնել, այդ պատճառով մարզավիճակը պահելու համար շեշտը դնում են ֆիզիկական պատրաստվածության վրա։

«Հիմնականում բացօթյա մարզումներ ենք անցկացնում։ Թիմով չենք մարզվել, միայն այս վերջերս ենք սկսել փոքր խմբերով մարզվել։ Մանկական երկաթուղիում ֆիզիկական աշխատանքներ ենք անում, ֆուտբոլ ենք խաղում, որպեսզի մնանք մարզավիճակի մեջ։ Մեր խմբում են իմ անձնական մարզիչը, Սլավիկ Գալստյանը, Հայկ Մելիքյանը, Սահակ Հովհաննիսյանը։

Այո՛, բնության գրկում մարզումները նաև իր դրական կողմերն ունի։ Ուղղակի արդեն երկար ժամանակ է՝ մոտ 4 ամիս, գորգային մարզումներ չենք անցկացնում։ Կարծում եմ, որ դահլիճները արդեն պետք է բացվեն։ Ինձանից  2-3 ամիս կպահանջվի լավ մարզավիճակին մոտենալու համար։

Գիտեմ, որ Սերբիայի, Վրաստանի, Բուլղարիայի հավաքականները այս ընթացքում անցկացրել են ուսումնամարզական հավաքներ»։

68943904 1218670271638592 5615412565468250112 n - Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»
Արթուր Ալեքսանյան և Գևորգ Ղարիբյան. բացօթյա մարզումներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը նույնպես նույն կարծիքին էր հայտնել ու շեշտել, որ այլևս նահանջելու տեղ չունեն։ Հավաքականի մարզչական շտաբը պլանավորում է հուլիս ամսի 2-րդ կեսին անցկացնել ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում։

Իսկ մինչև ըմբիշները կսկսեն քայլ առ քայլ վերականգնել մարզավիճակը, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  (UWW) վերջնական որոշում կկայացնի աշնանը մրցաշարեր անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ։ Քանի որ 2020-ը Օլիմպիական էր, այս տարի աշխարհի առաջնություն պլանավորված չէր, սակայն UWW-ն դիտարկում է երկրներ, որտեղ անվտանգ պայմաններում կկարողանան անցկացնել աշխարհի առաջնություն։

«Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել։ Տարվա վերջում պետք է մի մրցաշար կազմակերպել, որովհետև դադարը շատ էր, այս ամենը շատ վատ է անդրադառնում մեզ վրա։

Օլիմպիական խաղերից առաջ նման տևական դադարը կարող է բացասական ազդել։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Ինձ թվում է՝ պետք է անցկացնել աշխարհի առաջնությունը, նույնիսկ՝ առանց հանդիսականների։ Հավատացած եմ, որ տարվա վերջում կլինի»։

Այդուհանդերձ, 2020-ը հավերժ կհիշվի Գևորգ Ղարիբյանի համար, քանի որ աշխարհի, Եվրոպայի մի քանի առաջնությունից առանց մեդալների վերադառնալուց, ծանր վնասվածքների ու վիրահատության միջով անցնելուց հետո, այս տարի Հռոմում նա բոլոր մրցակիցներին գլխիկոր ճանապարհեց գորգից, արժանիորեն դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով առաջին խոշոր մեդալը մեծահասակների գորգում։

Ղարիբյանի չեմպիոնությունը հայերի համար յուրահատուկ էր նաև այն պատճառով, որ իր ճանապարհին հաղթեց ադրբեջանցի ըմբիշին (Մուրադ Բազարով 0։8 Գևորգ Ղարիբյան), իսկ եզրափակիչում առավելության հասավ հաղթողի հավակնորդներից մեկի՝ թուրք Քերեմ Կամալի նկատմամբ (5:5):

Gevorg Gharibyan European championships gold medal match22 960x603 - Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»
Հռոմ, Իտալիա. Գևորգ Ղարիբյան – Կերեմ Կամալ – եզրափակիչ

Ղարիբյանը շատ լավ մարզավիճակ էր հավաքել ու պատրաստվում էր վարկանիշային մրցաշարին, սակայն ամեն ինչ գնաց բոլորիս հայտնի սցենարով։ Այնուամենայնիվ, հայ ըմբիշը շարունակում է լավատես մնալ, իսկ նպատակները մնում են նույնը։

«Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո երկար դադար եղավ, նպատակ ունեի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել։ Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ու խաղերի հետաձգումը ինձ համար այդքան էլ վատ չէր։ Հիմա արդեն տեսնում եմ սխալներս, որոնց վրա աշխատում ենք մարզչի հետ միասին։ Ժամանակը շատ է, պետք է որ ճիշտ մարզումների շնորհիվ լավ մոտենանք հետագա մրցումներին։

Հիմնական նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու խաղերում լավ ներկայանալ»,-եզրափակեց Ղարիբյանը։

Gevorg Gharibyan awarding ceremony8 960x640 - Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»
Հռոմ, Իտալիա. Գևորգ Ղարիբյանի պարգևատրումը Եվրոպայի 2020թ. առաջնությունում

Exclusive. Գևորգ Ղարիբյանի մեկնաբանությունը Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա