Logo

«Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 27.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
campos1 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Ֆուտբոլում տարիների ընթացքում հետզհետե պակասում են ավանդույթները: Ավագները դառնում են արտասահմանցիները, մարզիչը գլխավորում է նույն քաղաքի թշնամի թիմը, իսկ ակումբները գովազդ են տեղադրում իրենց մարզաշապիկների վրա և մարզադաշտի անվանման մեջ:

Սակավաթիվ ավանդույթներից է մնացել ֆուտբոլիստների խաղային համարները: Հատկապես դարպասապահների դեպքում երբեմն նույնիսկ օրենքով են ամրագրված: Օրինակ՝ Իսպանիայում ակումբներին թույլատրվում է հայտավորել 1-ից մինչև 25 համարով խաղացողներ, որոնցից 1 և 13 համարները նախատեսված են դարպասապահների համար: Ֆրանսիայում ավելի խիստ են: Դարպասապահները կարող են կրել 1, 16 և 30 համարները, իսկ ֆորս-մաժորային դեպքերում՝ 40:

Բայց եղել են դարպասապահներ, որոնք կոտրել են շաբլոնը և ընտրել օրիգինալ համարներ: VNews.am-ը ներկայացնում է 5 օրինակ, որոնք յուրահատուկ նախապատմություն ունեն:

Խորխե Կամպոս. համարը՝ 9

Լեգենդար մեքսիկացուն դժվար է նկարագրել առանց արտասովոր բառն օգտագործելու: Կապմոսը պատանեկան տարիքում հարձակվող էր, բայց «Պումասի» ակադեմիայում նրան դարպասապահ են դարձրել: Համաշխարհային ֆուտբոլում հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ այլ դիրքի ֆուտբոլիստը հետագայում դարձել է դարպասապահ կամ հակառակը: Բայց Կամպոսի դեպքում այդ որոշումը տարօրինակ կարող էր թվալ, որովհետև նրա հասակը 168 սմ էր: Բայց դա նրան չխանգարեց դառնալ Մեքսիկայի հավաքականի հիմնական դարպասապահը, մասնակցել 3 աշխարհի առաջնությունների (1994, 1998, 2002) և «ացտեկների» կազմում 130 պաշտոնական հանդիպում անցկացնել: Նա համարվում է Մեքսիկայի պատմության լավագույն դարպասապահը:

Կարիերայի սկզբում Կամպոսին դուր չէր գալիս լինել պահեստային դարպասպաահ և նա մարզչին խնդրեց խաղալ հարձակվողի դիրքում: «Պումասի» մարզիչն ընդառաջեց զարմանալի խնդրանքին և չսխալվեց: Խորխեն 14 գոլ խփեց, ինչի շնորհիվ քիչ էր մնում Մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկու դառնար:

Երկու տարի հարձակվող լինելուց հետո նա վերադարձավ դարպասապահի դիրք և «Պումասին» դարձրեց չեմպիոն: Նա կարող էր ձեռքերով վերցնել գնդակը, նետել ոտքի առաջ և միանալ գրոհին:

Կամպոսը դարպասապահի դիրքում խաղալիս հոգու խորքում մնում էր հարձակվող, իսկ հարձակվողի դիրքում՝ դարպասապահ: Հենց այդ պատճառով նա հարձակվող էր խաղում 1-ին համարով և դարպասապահ՝ 9-ով:

campos 960x540 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Էմիլիանո Վիվիանո. համարը՝ 2

«Սամպդորիայում» անցկացրած իր արդեն երկրորդ մրցաշրջանում նա թիմին օգնեց Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: Իտալացին որոշեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո մրցաշարերից առաջ զարմացնել Եվրոպային և սկսել ելույթ ունենալ 2 համարով: Միգուցե, այլ դարպասապահներ դա վիրավորական կհամարեին, բայց ոչ Վիվիանոն:

Շուտով նա տեղափոխվեց «Սպորտինգ», որտեղ նրանից պահանջում էին 1-ին համարը կրել, բայց Լիսաբոնում կարիերան հաջող չդասավորվեց և Էմիլանոն վերադարձավ Իտալիա: ՍՊԱԼ տեղափոխվելուց հետո նա կրկին հիշեց իր սիրելի համարը և նորից սկսեց խաղալ 2-րդ համարի մարզաշապիկով:

Այժմ իտալացին խաղում է Թուրքիայում, որտեղ նույնպես վերցրել է 2-րդ համարը:

Vivianojpg 960x640 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Ռուի Պատրիսիու. համարը՝ 11

Պորտուգալիայի հավաքականի դարպասապահն ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից է: Նրանից քմահաճույքներ չես տեսնի, ուստի շատերը զարմացան, երբ 12 տարի «Սպորտինգում» անցկացնելուց հետո և «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուց հետո նա ընտրեց 11 համարը, որը հատուկ է հարձակվողներին: Բայց «Ռոմայի» նորեկի քայլը հարգանքի է արժանի։

Նրանից առաջ «գայլերի» դարպասը 1-ին համարով երկար տարիներ պաշտպանել էր Կառլ Իկեմեն, որի մոտ 2017-ին արյան քաղցկեղ էին ախտորոշել և նա մեկ տարի բուժման ծանր կուրսեր էր անցնում: Ապաքինվելուց հետո նա 2018-ին ավարտեց կարիերան:

Նույն տարի Պատրիսիուն տեղափոխվեց անգլիական ակումբ և Իկեմեի պատվին որոշեց չվերցնել նրա 1-ին համարը, որը նա երկար ժամանակ կրել էր Պորտուգալիայում:

Ուշագրավ էր, որ այդ՝ 2018/19 մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» դարպասապահները գեղեցիկ հաջորդականությամբ էին ընտրել համարները։

Ռուի Պատրիսիու՝ 11

Ջոն Ռեդի՝ 21

Ուիլ Նորիս՝ 31:

rui patricio 960x638 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Գիլերմո Օչոա. համարները՝ 6 և 8

Եթե հիշում եք, ԱԱ-2014-ը դարձավ դարպասապահների բենեֆիսը: Փայլեցին Մանուել Նոյերը, Կեյլոր Նավասը, Դավիդ Օսպինան, առանձնացավ նաև Գիլերմո Օչոան: Մեքսիկացիների դարպասապահը հատկապես շշմեցնող խաղ ցուցադրեց Բրազիլիայի ընտրանու դեմ խաղում, երբ 8 սեյվ կատարեց և սեփական դարպասն անառիկ պահեց: Դա Մունդիալի լավագույն անհատական ելույթներից մեկն էր:

Մունդիալի հերոսն այդ ամռանը տեղափոխվեց «Մալագա», սակայն չկարողացավ հաղթել Կառլոս Կամենիի հետ մրցակցությունում: 2016-ին նա ուժերը փորձեց «Գրանադայում», որտեղ մեկ տարում ռեկորդային՝ 82 գոլ բաց թողեց, սակայն նաև թոփ-5 լիգաների ամենաշատ սեյվերը կատարեց:

Հասկանալով, որ Իսպանիայում նրա խաղը չի ստացվում, Օչոան տեղափոխվեց Բելգիայի հեղինակավոր ակումբներից մեկը՝ «Ստանդարտ»: Այդ տրանսֆերում զարմանալին ոչ թե ընտրած երկիրն էր, այլ խաղաշապիկի համարը՝ 8:

Բայց այս դեպքում բացատրությունն օրիգինալ է: Օչոայի անվանումից եթե հանենք «ա» տառը, կստացվի Օչո՝ իսպաներեն 8 թիվը:

Մեր ընտրանին

Բելգիայում իր երկրորդ մրցաշրջանում մեքսիկացին խաղաց 13 համարով, իսկ 2018-ին տեղափոխվեց հարազատ «Ամերիկա»: Մեքսիկական ակումբում Գիլերմոն երկրորդ անակնկալն էր պատրաստել: Թիմից հենց նոր հեռացել էր Ագուստին Մարչեսինը և 13 համարն ազատ էր, բայց դրա փոխարեն Օչոան ընտրեց 6 համարը: Այդպես նա պաշտպան Էմանուել Ագիլերին «ստիպեց» հրաժարվել 6 համարից և վերցնել 19-ը:

Հաջորդ մրցաշրջանում Օչոան սկսեց խաղալ դարպասապահների համար սովորական՝ 13 համարով, իսկ հետո կրկին վերադարձավ 6 համարին: Հիմա մեքսիկացին նորից կրում է 13 համարը, բայց նրանից նոր անակնկալներ դեռ կարելի է սպասել:

ochoa 960x537 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Կրիստիանո Լուպատելի. համարը՝ 11

Կոլորիտային տեսքով իտալացին համարները փոխելու մոլուցք ուներ: Իր կարիերայի ընթացքում նա 13 անգամ մրցաշրջանից առաջ փոխել է խաղաշապիկի համարը:

2001 թվականին նա «Ռոմայի» կազմում դարձավ Ա սերիայի չեմպիոն, այնուհետև տեղափոխվեց մրցաշարի նորեկի՝ «Կիևոյի» կազմ: Լուիջի Դելներիի թիմը դարձավ նոր մրցաշրջանի Եվրոպայի գլխավոր բացահայտումը՝ տևական ժամանակ գլխավորելով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Վերոնացիներին յուրահատուկ տեսք էր տալիս Լուպատելին, որը կրում էր 10 համարի մարզաշապիկը: Այդ համարն ամենալեգենդարն է ֆուտբոլում, այն կրել են Պելեն, Մարադոնան, Մեսին և այլ գերաստղեր, բայց Իտալիայում այն երկու տարով դարձավ դարպասապահի համարը:

lupatelli - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Լուպատելին այսպես բացատրեց իր որոշումը.

«Իրականում ամեն ինչ սկսվեց կատակից: Ընկերներիս գրազ պարտվեցի, որից հետո ստիպված էի ընտրել 10 համարը: Կարծում եմ՝ դա հաճելի ու զավեշտալի դեպք էր»:

Ավանդույթներին մեծ նշանակություն տվող մարդկանց համար «10» դեռ երկար կմնա թիմի առաջատարի և գլխավոր աստղի համարը, բայց ինչ կլինի, եթե այդ կարգավիճակին համապատասխանի դարպասապահը: Այդ ժամանակ, միգուցե, տեսնենք նոր Լուպատելի կամ սպասենք հերթական գրազ պարտվողին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա