Logo

«Գվարդիոլան թոփ մարզիչ է, բայց նրա փոխարեն ես կամաչեի». ինչպես Կլասիկոյի 18 օրը ցնցեց աշխարհը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 03.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
tumblr p1w9fswl7V1wnzah8o3 1280 - «Գվարդիոլան թոփ մարզիչ է, բայց նրա փոխարեն ես կամաչեի». ինչպես Կլասիկոյի 18 օրը ցնցեց աշխարհը

Ուղիղ 10 տարի առաջ այս օրերին ֆուտբոլի պատմության մեջ յուրահատուկ էջ գրվեց: Ամեն ինչ այնպես դասավորվեց, որ այդ ժամանակ աշխարհի երկու ուժեղագույն թիմերը՝ Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնան» ու Ժոզե Մոուրինյոյի «Ռեալը» ընդամենը 18 օրվա ընթացքում միմյանց դեմ խաղացին 4 անգամ 3 տարբեր մրցաշարերում՝ Լա լիգայում, Իսպանիայի գավաթի եզրափակիչում ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: 18 օր ֆուտբոլասերների միակ թեման Կլասիկոներն էին:

Բուռն կիրք, տարբեր խաղաոճերի բախում, լարվածություն ու սկանդալներ: Ահա այն ամենը, ինչ տեղի ունեցավ այդ 18 խենթ օրերի ընթացքում: Այժմ վերհիշենք այդ անմոռանալի էտապի բոլոր դետալները՝ հստակ ժամանակագրությամբ:

Ապրիլի 16. Հարաբերական անդորրը՝ Լա լիգայում

Ամեն ինչ սկսվեց Լա լիգայում կայացած Կլասիկոյից, որն ավելի խորհրդանշական ձևով չէր կարող ավարտվել: Հանգիստ, առանց որևէ մարզական ու ոչ մարզական ինտրիգների խաղում ոչինչ չէր որոշվում. «Բարսելոնան» ապահովել էր չեմպիոնությունը, իսկ այդ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: Թիմերի կազմում գոլերի հեղինակ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսին, երկուսն էլ՝ 11-մետրանոց հարվածով:

Գավաթի եզրափակիչն ու «Ռեալի» հանդերձարանի «առնետը»

Այս «պատերազմում» իրական պայքարը սկսվեց Լա լիգայի Կլասիկոյից 4 օր անց, երբ թիմերը հանդիպեցին Իսպանիայի գավաթի եզրափակիչում:

Լարված իրադրությունը սկսվեց արդեն խաղից ժամեր առաջ: Marca-ի լրագրող Խուան Իգնասիո Գարսիա-Օչոան պատմում է՝ ինչպես սկսվեց ամեն ինչ. «Մենք այդ ժամանակ բավական լավ կապեր ունեինք «Ռեալի» հանդերձարանում՝ ֆուտբոլիստների հետ: Նրանք մեզ միշտ կարևոր տեղեկություններ էին հաղորդում խաղերից առաջ, բայց այս անգամ այդ տեղեկությունը չափազանց շուտ ունեցանք:

Screenshot 2 - «Գվարդիոլան թոփ մարզիչ է, բայց նրա փոխարեն ես կամաչեի». ինչպես Կլասիկոյի 18 օրը ցնցեց աշխարհը

Կլասիկոն մեկնարկելու էր ուշ երեկոյան, բայց այդ օրն առավոտյան նամակ ստացա. «Մոուրինյոն նոր հակախաղ է գտել «Բարսելոնայի» համար: Ավանդական՝ 4-2-3-1 սխեմայի փոխարեն լինելու է 4-3-3, իսկ Պեպեն խաղալու է հենակետայինի դիրքում: Մենք գիտեինք, որ կազմը խաղից մոտ 8 ժամ շուտ հրապարակելու դեպքում փոթորիկ է սկսելու, գիտակցում էինք, որ այդպես բացահայտում ենք «Ռեալի» ամբողջ պլանն այդ խաղի համար, ես էլ, անկեղծ ասած, վախենում էի, քանի որ «Ռեալի» մարզիչը Մոուրինյոն էր: Այդուհանդերձ՝ մենք հրապարակեցինք «Ռեալի» կազմը: Այդ ժամանակ, մեր տվյալներով, Մոուրինյոն ոչինչ չի ասել ֆուտբոլիստներին, բայց խաղից անմիջապես առաջ նա «պայթեցրել» է հանդերձարանն ու Ռեդ Բուլի շշեր նետել՝ պարզելու իր ծրագիրը բացահայտող «առնետին», – նշում է լրագրողը:

«Ռեալի» հաղթանակն ու սավառնող գավաթը

«Առնետի» թեման մոռացվեց՝ «Ռեալի» հաղթանակից հետո: «Արքայական ակումբը» հաղթեց այդ երեկոյին, քանի որ Մոուրինյոյի ծրագիրն աշխատեց:

2010/11 մրցաշրջանը լավագույններից էր, եթե ոչ լավագույնը «Բարսելոնայի» պատմության մեջ: Կատալոնական ակումբն այդ մրցաշրջանում առաջնության առաջին խաղում հասցրել էր մի լավ ապտակ հասցնել Մոուրինյոյի «Ռեալին»՝ հաղթելով 5-0 հաշվով: Այդ պարտությունից դասեր քաղած Ժոզեն որոշել էր կանգնեցնել մրցակցի տիկի-տական իր հագեցած պաշտպանությամբ, ագրեսիվ խաղով ու հակագրոհներով, իսկ ամենաառանցքային ֆիգուրը պետք է լիներ Պեպեն: «Մեստալիայում» Պեպեն վնասազերծեց «Բարսայի» գրոհները այնքան, որքան կարողացավ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի՝ գլխով խփած գոլը դարձավ հաղթական: «Ռեալը» նվաճեց գավաթը, բայց…

Բայց ամենազավեշտալին տեղի ունեցավ խաղից հետո: «Ռեալի» ֆուտբոլիստները «Սիբելեսի» հրապարակում տոնում էին հաջողությունը, երբ հանկարծ թվաց, որ ինչ-որ բան այն չէ. «Ես նայում էի ավտոբուսին, բայց գավաթը չէի տեսնում: Ակնթարթներ անց ավտոբուսը կանգնեց: Սկսեցին խոսակցություններ, որ գավաթն ընկել է, և իսկապես, Սերխիո Ռամոսը ձեռքից գցել էր գավաթը», – պատմում է մեկ այլ իսպանացի լրագրող Սերխիո Ֆերնանդեսը: Խեղճ գավաթն այդ վթարից հետո այս տեսքն ընդունեց:

BliQ6weIAAAywDJ - «Գվարդիոլան թոփ մարզիչ է, բայց նրա փոխարեն ես կամաչեի». ինչպես Կլասիկոյի 18 օրը ցնցեց աշխարհը

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» վազանցն ու մրցավարի սկանդալային որոշումը

Գավաթային եզրափակիչից 7 օր անց դիմակայությունը տեղափոխվեց Եվրոպա՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Հիշարժան ստացվեց դիմակայության առաջին՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղը: Գավաթային հաջողությունից ոգևորված՝ Մոուրինյոն ոչ միայն ավելի պաշտպանողական կազմ մտցրեց խաղադաշտ, այլ նաև իր ֆուտբոլիստներին հանձնարարել էր ավելի քիչ հարձակվել ու փակվել սեփական կիսադաշտում: Ունենալով 3 նոմինալ հարձակվող (Բենզեմա, Հիգուային, Ադեբայոր)՝ Ժոզեն խաղաց առանց հարձակվողի՝ առջևում թողնելով միայն Կրիշտիանու Ռոնալդուին: Առաջին կեսում «Բարսելոնան» շատ պահեր չստեղծեց, բայց հանգիստ վերահսկում էր գնդակը, իսկ Ռոնալդուն միայն պրեսինգ էր կիրառում, որը ոչ մի արդյունք չէր տալիս՝ Պույոլ-Պիկե-Մասկերանո-Բուսկետս կարուսելի մեջ:

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» մնաց 10 հոգով, քանակական առավելություն ստացած «Բարսելոնան» էլ գտավ մրցակցի պաշտպանության ճեղքերը, երկու դեպքում էլ՝ իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացնող Մեսիի շնորհիվ: Արգենտինացին, նախ, առաջին գնդակն ուղարկեց Կասիլյասի ոտքերի արանքով, իսկ րոպեներ անց, արդեն շրջանցեց «Ռեալի» մի քանի պաշտպանի ու կրկնապատկեց հաշիվը՝ վճռելով դիմակայության ելքը:


Բայց խաղի ամենաաղմկահարույց դրվագը «Ռեալի»՝ 10 հոգով մնալն էր: 2-րդ խաղակեսն էր, երբ դեռ հաշիվը չէր բացվել. Պեպեն բաց ոտքով գնաց դեպի Դանի Ալվեսը. բրազիլացին գալարվեց խոտածածկին, իսկ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Պեպեին:

Պայքարը՝ ասուլիսի սրահում. Մոուրինյոյի մեղադրանքներն ու Պեպի պատասխանը

Աղմկոտ խաղից հետո հիշարժան է Ժոզե Մոուրինյոյի տված հարցազրույցը, որում «Առանձնահատուկը» չզսպեց իրեն ու ասաց այն, ինչ մտածում է:

«Ես չեմ հասկանում՝ ինչու՞ այսքան ուժեղ թիմն ունի այն բանի կարիքը, որը մենք բոլորս տեսանք: Ինձ մի հարց է տանջում, որի պատասխանը, հուսով եմ, մի օր կստանամ: Ինչո՞ւ. ինչո՞ւ Օվրեբո, ինչո՞ւ դե Բլեկերե, ինչո՞ւ Ստարկ… (նշում է այն մրցավարների անունները, որոնք վիճահարույց որոշումներ են կայացրել՝ հօգուտ «Բարսելոնայի», – խմբ.) իսկապես չեմ հասկանում՝ ինչու՞ է այսպես: Մենք 3 ժամ էլ կարող էինք խաղալ, բայց մրցավարը մեզ թույլ չտվեց անել դա: Այսպիսի պայմաններում մենք չենք կարող հաղթել «Բարսելոնային»:

Յուրաքանչյուր տարի նույն բանն է կատարվում: Խոսում ենք ֆանտաստիկ թիմի մասին, բայց ինչո՞ւ «Չելսին» 2009-ին չխաղաց եզրափակիչում, ինչո՞ւ «Ինտերը» մնաց 10 հոգով նախորդ տարի: Գուցե՝ Unicef-ը կապ ունի այս հարցում, գուցե՞ կատալոնական ակումբի ազդեցությունն է ՈւԵՖԱ-ում, գուցե՞ նրանց ՈւԵՖԱ-ն համակրում է. չեմ հասկանում: «Բարսելոնային» հաղթելը ոչ թե դժվար է, այլ անհնար: Նրանք ցանկանում են հասնել եզրափակիչ և հասնում են: Եթե մենք պատասխան խաղում էլ գոլ խփենք, միևնույն է, մեզ թույլ չեն տա հաղթել:

718814 21321315 2560 1440 960x540 - «Գվարդիոլան թոփ մարզիչ է, բայց նրա փոխարեն ես կամաչեի». ինչպես Կլասիկոյի 18 օրը ցնցեց աշխարհը Գվարդիոլան հրաշալի մարզիչ է, բայց ես նրա փոխարեն կամաչեի նման հաղթանակներ տանելու համար: Նախ՝ նա հաղթեց «Սթեմֆորդ Բրիջի» սկանդալով, իսկ հիմա, եթե չեմպիոն դառնա, կլինի «Բեռնաբեուի» սկանդալը», – հայտարարեց արդեն որակազրկված պորտուգալացին:

Պեպ Գվարդիոլան բավական հակիրճ պատասխանեց Մոուրինյոյի ասուլիսին. «Այս դահլիճում դու ես շեֆը, դու ես հաղթում, դու ամենից լավ գիտես այս աշխարհի մասին, ու ես նույնիսկ մեկ ակնթարթ չեմ կարող մրցակցել քեզ հետ»:

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին էլ կտրուկ հայտարարություններով ավելի թեժացրեց մթնոլորտը. «Ռեալի» պահվածքը ցավալի է: «Բարսելոնան», օրինակ, ունի օրինակելի վարքագիծ ու միշտ հարգանք է դրսևորում բոլորի հանդեպ: Այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին, ցավալի է: 

Մենք խաղում ենք դիտարժան, գրավիչ, հարձակվողական ֆուտբոլ: Երկրպագուները ցանկանում են տեսնել գոլային պահեր, ներկայացում, ոչ թե թիմ, որ փակվում է պաշտպանությունում: Գեղեցիկ խաղից շահում է միայն ֆուտբոլը», – հայտարարեց Չավին պատասխան խաղից առաջ, որն ավարտվեց 1-1 հաշվով: «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ՝ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու նվաճեց Չեմպիոնների լիգան:

Մեր ընտրանին

Պատերազմ, որ գրեթե ոչնչացրել էր Իսպանիայի հավաքականը

2010-ից 2012 թվականներին ֆուտբոլում իշխում էր տիկի-տական, իսկ աշխարհի ուժեղագույն հավաքականն ուներ Իսպանիան: «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև այդ թշնամական մթնոլորտը կարող էր զգալիորեն թուլացնել նաև «Լա Ռոխայի» հիմքերը:

Marca-ի լրագրող Միգել Անխել Լարան ներկայացնում է իրավիճակը. «Իսպանիայի հավաքականի համար բարդ ժամանակներ էին: Վիսենտե դել Բոսկեի թիմը մեկնում էր ԱՄՆ-ի ու Վենեսուելայի դեմ խաղերին անչափ տհաճ մթնոլորտում: Կային ֆուտբոլիստներ, որ չէին խոսում միմյանց հետ: Պիկեն, օրինակ, ամբողջ շրջագայության ժամանակ միայնակ էր: Նա հավաքականից ոչ ոքի հետ չէր շփվում:

Մենք լավ ենք հիշում, որ Իկեր Կասիլյասը և Չավին հեռախոսազրույց էին ունեցել՝ իրավիճակը հարթելու համար, բայց Իսպանիայի հավաքականի հանդերձարանի միավորման հարցում մեկ այլ դրվագ ունեցավ շատ ավելի կարևոր նշանակություն: Չիլիի հետ ընկերական խաղում՝ մրցակցի ֆուտբոլիստները վեճի բռնվեցին Արբելոայի հետ ու հարձակվեցին նրա վրա, իսկ Բուսկետսը միջամտեց ու պաշտպանեց «Ռեալի» ֆուտբոլիստին: Այդ պահից հետո «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հարաբերությունները շտկվեցին», – նշում է լրագրողը:

Screenshot 3 960x398 - «Գվարդիոլան թոփ մարզիչ է, բայց նրա փոխարեն ես կամաչեի». ինչպես Կլասիկոյի 18 օրը ցնցեց աշխարհը

Screenshot 4 960x398 - «Գվարդիոլան թոփ մարզիչ է, բայց նրա փոխարեն ես կամաչեի». ինչպես Կլասիկոյի 18 օրը ցնցեց աշխարհը

Հիմա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» է՝ Մոուրինյոն, առհասարակ, առանց թիմ է մնացել։ Իսպանիայի հավաքականն այդ օրերից հետո դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ երկու թիմերում այժմ շատ քիչ ֆուտբոլիստներ են մնացել այդ ժամանակներից: 18-օրյա պատերազմից անցել է արդեն 10 տարի, բայց այդ խաղերը, պայքարը, թեժ մթնոլորտն ու ներկայացումները ոչ ոք չի մոռանում:

«Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա