Logo

Հայաստան, Պորտուգալիա և մտափոխվող ակումբներ. կայունություն փնտրող Սարգիս Շահինյանը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
asdas66d - Հայաստան, Պորտուգալիա և մտափոխվող ակումբներ. կայունություն փնտրող Սարգիս Շահինյանը

Շատ քչերին է հաջողվում Հայաստանից տեղափոխվել Պորտուգալիայի պես ֆուտբոլային երկիր, այն էլ պատանի տարիքում: «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանն անցել է այդ ճանապարհը և հասկացել հայկական ու եվրոպական ֆուտբոլի նկատմամբ մոտեցումների տարբերությունները: 26-ամյա ֆուտբոլիստը նաև առաջարկներ է ստացել ուժեղ թիմերից, բայց մեկ վնասվածքը փոխել է նրա կարիերան:

VNews.am-ի հետ զրույցում Շահինյանը խոսեց հայկական ֆուտբոլում փոխարինման մտնելու բարդ պայմանների, իր ակումբի լավագույն լեգեոների անվախ խաղի, Հայաստանի հավաքականում խաղալուն շատ մոտ լինելուն և այլ հետաքրքիր թեմաների մասին:

Սկսենք Ձեր կարիերայի ամենակարևոր փուլերից մեկից՝ «Բրագա» տեղափոխությունից: Ինչպե՞ս «Միկայի» սանը հայտնվեց պորտուգալական հանրահայտ ակումբում:

16 տարեկան էի, երբ «Միկայի» հետ Կիպրոսում ընկերական խաղ էինք անցկացնում: Հանդիպմանը գործակալ էր ներկա, որի մասին տեղյակ չէի: Նա մեր մարզիչ Ժոլտ Հոռնյակի ընկերն էր և եկել էր՝ այլ ֆուտբոլիստի խաղ դիտելու: Հավաքից հետո վերադարձանք Երևան, մի քանի օր անցավ և Հոռնյակն ասաց, որ իր ընկերը գործակալ է, հավանել է իմ խաղը և ուզում է ինձ համար փորձաշրջան կազմակերպել «Բրագայում»: Ասացի՝ բնականաբար կողմ եմ: Մոտ 10 օր մարզվեցի «Բրագայում»: Մեկ դիրքի համար պայքարում էի ես և մի իսպանացի ֆուտբոլիստ: Այդ տարիներին էլ (2010-2011 թթ.-խմբ) Իսպանիան գերիշխում էր համաշխարհային ֆուտբոլում, և այդ ազգության խաղացողներին սկսել էին բարձր գնահատել՝ անկախ նրանց խաղամակարդակից: Այդուհանդերձ, կարողացա մրցակցությունը հաղթել և «Բրագան» ինձ ընտրեց ակումբում պահելու համար:

Փորձաշրջանից հետո վերադարձա Հայաստան և քիչ անց նրանք նամակ ուղարկեցին, որ ցանկանում են պայմանագիր կնքել: «Բրագան» մեկ տարով վարձակալեց իմ տրանսֆերը՝ այն ամբողջությամբ գնելու հնարավորությամբ, և ես մեկնեցի Պորտուգալիա:

Ինչո՞ւ մեկ տարի անց չդարձաք «Բրագայի» լիիրավ ֆուտբոլիստ:

Ես խաղում էի Մ19 թիմում, բայց «Բրագան» ուզում էր ինձ ձեռք բերել «Բրագա Բ-ի» համար: Այդ ժամանակ էլ առաջարկ ստացա եվրոպական բարձրակարգ երկու ակումբների գլխավոր թիմերից, այդ պատճառով որոշեցի այդ ակումբներից մեկը տեղափոխվել:

Որո՞նք էին այդ ակումբները:

Բրատիսլավայի «Սլովանը» և Պլզենի «Վիկտորիան»: Նրանք արդեն առաջարկ էին կատարել «Միկային» և համաձայնություն էին ստացել: Այդ երկու թիմեր գնալու էի փորձաշրջանի և եթե հաջողության չհասնեի, տեղափոխվելու էի Սլովակիայի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցնող «Սինիցա»: Ցավոք, Երևանում դեսպանատուն մտնելու նախորդ օրը՝ մարզման ժամանակ, ծնկի վնասվածք ստացա, որի պատճառով գրեթե երկու տարի ֆուտբոլ չխաղացի:

Ինչո՞ւ այդքան երկար ժամանակ:

Պարզվեց՝ բուժումն են սխալ նշանակել, ինչի պատճառով շարք վերադառնալուց հետո կրկին վնասվածք էի ստանում: Ի վերջո, «Փյունիկն» ինձ ուղարկեց Գերմանիա, որտեղ ճիշտ բուժում նշանակեցին, և ես ապաքինվեցի:

Այսինքն՝ «Բրագայում» չմնացիք, որովհետև չէիք ուզում ակումբի երկրորդ թիմի կազմում խաղա՞լ:

Ոչ: Այդ մրցաշրջանում մենք «Բրագայի» հետ չեմպիոն դարձանք, բայց մինչև այդ կորցրի տեղս մեկնարկային կազմում հավաքական մեկնելու պատճառով: Հայաստանի պատանեկան հավաքականը հրավեր ուղարկեց ՖԻՖԱ-ի օրացույցից դուրս հավաք անցկացնելու համար, որի շրջանակում մրցելու էինք հայկական ակումբների հետ: Ես 3 շաբաթով եկա Հայաստան, և այդ ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը, որին դուրս էի թողել մեկնարկային կազմից, սկսեց խաղալ և հրավիրվեց Պորտուգալիայի Մ19 հավաքական: Իսկ Պորտուգալիայում մտածելակերպն այլ է. այնտեղ, եթե ֆուտբոլիստը խաղում է որևէ տարիքային հավաքականում, ապա նրան խոչընդոտներ չեն ստեղծում, որպեսզի հետագայում կարողանան վաճառել տրանսֆերը:«Բրագայի» մարզիչն ուղիղ ասաց, որ ինձ համարում է թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց չի կարող մեկնարկային կազմում տեղ տալ, որովհետև իմ դիրքում հավաքականի թեկնածու է խաղում:

Այդպես որոշեցի չմնալ Պորտուգալիայում, չնայած նրան, որ խոստանում էին «Բրագա Բ-ում» տեղ տալ: Ես էլ այդ պահին առաջարկներ ունեի եվրագավաթներին մասնակցող թիմերից, այդ պատճառով հեռացա: «Վիկտորիա Պլզենում» էլ Չեխիայի հավաքականի կեսն էր խաղում, թիմը մի քանի տարի շարունակ մրցում էր «Բարսելոնայի» հետ, իսկ գլխավոր մարզիչ Պավել Վրբան անձամբ հետաքրքրված էր իմ տրանսֆերով:

Նո՞ւյն գործակալն էր կազմակերպել փորձաշրջանը Չեխիա և Սլովակիա:

Այո, բայց հետո, երբ վնասվածք ստացա այդ մարդն անհետացավ: «Բրագա» տեղափոխությանս շնորհիվ նա մեծ գումար էր աշխատել, բայց հետո, երբ օգնության կարիք ունեի, նա կորավ: Այդ պատմության մեջ ամենացավալին հենց դա էր, այլ ոչ թե վնասվածքը: Այդպիսի մարդկանց աշխատում եմ չհիշել:

Ձեզ հետ Պորտուգալիայում խաղացած ֆուտբոլիստներից հիմա ո՞վ է լուրջ հաջողությունների հասել ֆուտբոլում:

«Բրագայի» ֆուտբոլիստներից Ժիլ Դիաշը, որը «Մոնակոյից» է, բայց վարձակալությամբ խաղում է «Ֆամալիկանում»: Երբ մենք երիտասարդական լիգայի չեմպիոն դարձանք, նա առաջարկ ստացավ «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմից: Բայց նա ընտրեց «Մոնակոյի» առաջին թիմը, որտեղ սակայն քիչ մնաց:

Մեր թիմի դարպասապահն էր Տյագո Սան, որը հիմա ակումբի պահեստային դարպասապահն է, սակայն նախորդ մարզչի օրոք մեկնարկային կազմում էր: Ընդհանրապես «Բրագայի» դարպասապահների դպրոցը լավագույնն է համարվում Պորտուգալիայում: Այդ երկրի հավաքականի նախկին դարպասապահ Էդուարդուն գալիս էր և տեսական դասեր էր անցկացնում մեր դարպասապահների հետ:

Իսկ Ձեր մրցակից թիմերից…

Այն ժամանակ Անդրե Սիլվան էր խաղում «Պորտուի» կազմում, հետո տեղափոխվեց «Միլան», իսկ վերջերս «Այնտրախտի» կազմում դարձավ Բունդեսլիգայի երկրորդ ռմբարկուն: Ժելսոն Մարտինշը «Սպորտինգում» էր, իսկ հիմա «Մոնակոյից» է: «Պորտուից» էր նաև Ռուբեն Նևեշը, որը հիմա ներկայացնում է «Վուլվերհեմփթոնը»:

Երբ իրենց հետ խաղում էիք, երևո՞ւմ էր, որ այդքան բարձր մակարդակի կհասնեն:

Կասկած անգամ չկար: Ակնհայտ էր, որ նրանք մեզ մոտ` երիտասարդական լիգայում շատ քիչ են մնալու, հատկապես, որ իրենց ակումբները` «Պորտուն», «Բենֆիկան» և «Սպորտինգը» լավ առաջարկ ստանալուն պես, միանգամից վաճառելու են նրանց՝ առանց երկար մտածելու: Բացի իրենց գործակալը Ժորժե Մենդեշն էր, որի դեմ ակումբները չէին կարող գնալ:

Որո՞նք են Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլի ակադեմիաների հիմնական տարբերությունները:

Օրինակ, այնտեղ չկա մարզումային ժամանակի սահմանափակում: Այնպես չէր, որ մարզումը սկսվում էր ժամը 16:00-ին և պետք է ավարտվեր 18:00-ին: Նրանք որոշում էին, թե այդ օրն ինչի վրա ենք աշխատելու և մինչև ամբողջությամբ չէինք կատարում պահանջները, չէինք ավարտում մարզումը:

Պայմաններն էլ էին շատ հարմար: Խաղադաշտի մոտ ճաշարանն էր, իսկ դրա կողքը «ննջասենյակները»: Մենք ամբողջ օրը կենտրոնացած էինք միայն ֆուտբոլի վրա: Կային շատ լավ ֆիզիոթերապևտներ, բժիշկներ, որոնք ցանկացած պահի օգնում էին վերականգնվել: Շատ տեղ էին տալիս նաև տակտիկային, գնդակով խաղին, արագությանը ու խաղային ինտելեկտին: Չի եղել այնպիսի դեպք, որ ֆուտբոլիստը մյուսներից թույլ լինի ու նրան ասեն գնա այնտեղ միայնակ աշխատի: Ոչ, նա մարզվում էր բոլորի հետ: Մեկ այլ օրինակ` երբ հանգստյան օրերին որոշ ֆուտբոլիստներ մնում էին պահեստայինների թվում, ակումբն անպայման ընկերական խաղ էր կազմակերպում, որպեսզի այդ ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանային: Դրանից հետո կարող էր այնպես լինել, որ մարզիչը 3 ամիս մեկնարկում չընդգրկված ֆուտբոլիստին հանկարծ ասպարեզ էր դուրս բերում, ու այդ խաղացողը միշտ լավ մարզավիճակում էր լինում, մարզիչն էլ կարողանում էր նրանից արդյունք պահանջել:

Հայաստանում այդպես չէ՞ր:

Ոչ: Մեր երկրում ֆուտբոլիստին կարող են 2-3 ամիս շանս չտալ կամ 10 րոպե ժամանակ տալ, հետո վատ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստին ասպարեզ դուրս բերել, այն պարագայում, որ նա չի կարող իր լավագույն խաղը ցուցադրել և վերջում նրան ասել՝ «ընձեռնված շանսը չօգտագործեց»:

Իսկ ֆուտբոլային առումով Հայաստանում ինչպե՞ս է:

Ճիշտն ասած` Հայաստանում միայն «Միկայի» ակադեմիայում եմ եղել և կարող եմ ասել, որ այն լրիվ ուրիշ աշխարհ է: Մարզիչներից սկսած մինչև ղեկավարություն շատ լավ, «մաքուր» մարդիկ էին: Նրանք սրտացավ էին ֆուտբոլիստների հանդեպ, հատկապես, եթե ակումբի սան էիր: Նրանք ամեն ինչով օգնում էին, և կարող եմ ասել, որ «Միկայում» միայն լավն եմ տեսել: Հետո, երբ մեծանում ես, այլ ակումբներում խաղում և վատ բաներ տեսնում, ցնցվում ես, կարծես գլխիդ սառը ջուր լցնեն: «Միկայում» միշտ հոգատարություն եմ տեսել, իսկ երբ այլ ակումբներում այդ վերաբերմունքը չի եղել, ստիպված ես ամեն ինչ զրոյից անել, որպեսզի դրան արժանանաս:

Մեր ընտրանին

Վերադառնալով մեր օրեր՝ «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչը դարձավ Դմիտրի Գունկոն: Ի՞նչ եք սպասում այդ մարզչի հետ աշխատանքից:

Շատ լավ եմ վերաբերվում, որովհետև Հայաստանում նրան շատ լավ են ճանաչում իր կատարած աշխատանքի շնորհիվ: Ռուսաստանում նա չեմպիոն է դարձել «Սպարտակի» հետ, երբ Մասիմո Կարերայի օգնականն էր: Այն, որ նման մասնագետն իր օգնականի պաշտոնը վստահել է Գունկոյին, խոսում է վերջինիս բարձր մակարդակի մասին: Անձամբ ինձ տպավորել է Գունկոյի աշխատանքը «Նոայում»:

Ի՞նչ տարբերություն էիք տեսնում նրա թիմի և Իգոր Պիկուշչակի «Նոայի» միջև:

Պիկուշչակի ժամանակ «Նոան» ավելի ուղղահայաց էր խաղում, դրվագներով ուժային ֆուտբոլ էր դավանում, հակագրոհներն էին ավելի շատ, իսկ Գունկոյի ժամանակ ավելի ինտենսիվ էին գործում, պրեսինգի էին դիմում, փորձում գնդակը շուտ խլել, կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ և դոմինանտ լինել:

Ձեզ այդ երկուսից ո՞ր ոճն է ավելի հոգեհարազատ:

Գունկոյինը: Ես սիրում եմ գնդակի վերահսկմամբ, առաջ փոխանցումներով խաղը, բայց այսօր ֆուտբոլում պետք է բազմաֆունկցիոնալ լինես, որպեսզի չկորես մրցակցությունում:

Նշեցիք բազմաֆունկցիոնալությունը և դա այն դեպքում, որ ավելի շատ եք սիրում գնդակով լինել: Ունե՞ք տվյալներ՝ որքան եք միջինը վազում մեկ խաղի ընթացքում:

Իմ ակումբներից միայն «Արարատ-Արմենիան» է ունեցել այնպիսի սարքեր, որոնք հաշվում են կատարած աշխատանքը: Ըստ այդ տվյալների՝ ամենաշատը վազել եմ «Լոռիի» դեմ մրցավեճում՝ 12,8 կմ: Հայաստանում խաղամակարդակը հետզհետե բարձրանում է և խաղային տեմպը նույնպես:

Վաղուց եք Հայաստանում խաղում: Ե՞րբ եղավ պահը, երբ ֆուտբոլի մակարդակը նկատելիորեն սկսեց աճել:

Երբ ակումբները որակյալ լեգեոներներ սկսեցին հրավիրել: Ժամանակին լեգեոներները սպասում էին մինչև տրանսֆերային պատուհանի վերջը, և երբ իրենց համար թիմ չէին գտնում, նոր գալիս էին Հայաստան: Այդ ընթացքում չէին մարզվում և վատ մարզավիճակով էին միանում մեր թիմերին: Մինչև նորմալ մարզավիճակի էին գալիս, 4 ամիս անցնում էր, հետո 4-5 խաղ լավ էին խաղում, օգուտ էին տալիս և հեռանում էին: Հաճախ հանդիպող այլ օրինակներից է, երբ լեգեոներները վնասվածքներից հետո թիմ չէին գտնում և Հայաստան էին գալիս մարզավիճակ հավաքելու համար: Հիմա մեր ակումբներն ավելի ճիշտ սելեկցիա են անում, հրավիրում են որակյալ ֆուտբոլիստների, որոնք ուզում են մեր առաջնությունում հաջողության հասնել, ինչպես նաև իրենց դրսևորել եվրագավաթներում: Այդ որակյալ լեգեոներների կողքին հայ ֆուտբոլիստներն աճ են գրանցում:

14.08.2020 Alashkert 0 0 Ararat Armenia 1 960x640 - Հայաստան, Պորտուգալիա և մտափոխվող ակումբներ. կայունություն փնտրող Սարգիս Շահինյանը

Շատերը համարում են, որ «Արարատ-Արմենիայի» լեգեոներները շատ բարձր մակարդակի են: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման ֆուտբոլիստներով թիմը VBET Պրեմիեր լիգայում հինգերորդ տեղը գրավեց:

Հայաստանում կա չգրված օրենք. յուրաքանչյուր խաղում հաղթում է այն թիմը, որը մրցակցից ավելի շատ է նվիրվում խաղին: Դա վերաբերում է ցանկացած թիմերի հանդիպմանը: Ամբողջ աշխարհում էլ առաջին պլան է մղվել հոգեբանությունը: Այն թիմը, որը հոգեբանորեն ավելի լավ է պատրաստ, նա էլ արդյունքի է հասնում: Միայն դրանից հետո է գալիս խաղացողների վարպետության գործոնը:

Հայաստանում բարձր վարպետությունը քիչ բան է որոշում, որովհետև մեր առաջնությունը բարձր կոնտակտային է: Քեզ ժամանակ չեն տալիս գնդակ ընդունելու, մտածելու, շրջվելու, անընդհատ պրեսինգի տակ ես: Օրինակ, «Վանին» մենք պարտվեցինք 2:3 հաշվով, բայց այդ խաղում նրանք մրցաշարային որևէ նպատակ չէին հետապնդում, բայց հայկական բոլոր թիմերի պես նրանք էլ պատիվ ունեն և իրենց պատվի համար էին խաղում: Յուրաքանչյուր թիմ և ֆուտբոլիստ իր հավակնություններն ունի: Ուզում են ցույց տալ, որ մեզ կամ ուրիշներին չեն զիջում, որպեսզի հետագայում, միգուցե, հայտնվեն ավելի բարձր մակարդակի ակումբում:

«Արարատ-Արմենիայի» լեգեոներներից ո՞վ է ամենաբարձրակարգը:

Ինձ համար Յոան Գուֆրանը, բայց մեր մյուս բոլոր լեգեոներներն էլ բարձր մակարդակի են: Ես ավելի շատ խաղում եմ Գուֆրանի կողքին, այդ պատճառով ավելի լավ եմ տեսնում նրա դրական կողմերը: Առաջին հերթին Յոանը մեծամիտ չէ, չի ասում՝ «Ես «Նյուքասլում» եմ խաղացել», իսկ դուք՝ ոչ: Շատ համեստ է, շփվող, կատակասեր, բայց ունի նաև առաջատարի հատկանիշներ: Երբ պահը գալիս է, հանդերձարանում կամ խաղադաշտում լուրջ խոսքեր է ասում, մոտիվացնում բոլորիս: Նա նաև շատ է օգնում մյուսներին խաղադաշտում, երբ գնդակը քեզ մոտ է, երբեք չի թաքնվի մրցակցի թիկունքում, այլ միշտ պատրաստ է ստանալ գնդակը: Երբ գիտես՝ քո կողքին այդպիսի ֆուտբոլիստ կա, քեզ ավելի վստահ ես զգում:

Մրցաշրջանի սկզբում Դուք մեկնարկային կազմի ֆուտբոլիստ էիք համարվում, լավ էիք խաղում, սակայն ձմեռային ընդմիջումից հետո սկսեցիք շատ քիչ խաղաժամանակ ստանալ: Ի՞նչն է պատճառը:

Մարզչական փոփոխություն եղավ: Ինձ համար 5-10 րոպե խաղաժամանակ ստանալը դա չխաղալուն հավասար բան է: Մանավանդ, ես հարձակվող չեմ, որ 5-10 րոպեում ինչ-որ բան փոխեմ: Բացի այդ, Հայաստանում շատ դժվար է փոխարինման մտնել:

Ինչո՞ւ:

Դա վերաբերում է հատկապես կիսապաշտպաններին: Եթե խաղավերջում փոխարինման ես մտնում, ու քո թիմը հաշվի մեջ զիջում է, հիմնական գործդ դառնում է մրցակցի հակագրոհները կասեցնելը, որովհետև բոլորն առջևում են լինում, որպեսզի գոլ խփեն: Իսկ երբ գնդակը քեզ մոտ է, հիմնական գործողությունդ դառնում է կենտրոնով մեկ եզրից մյուսը գնդակը տեղափոխելը, մինչև հարմար առիթ լինի, և եզրային խաղացողները բարձրից փոխանցում կատարեն տուգանային հրապարակ:

Մեկ այլ օրինակ է, երբ թիմը հաշվի մեջ առաջ է լինում, և ֆուտբոլիստը փոխարինման է մտնում: Նման դեպքերում մարզիչները հրահանգում են ավելի շատ կենտրոնանալ պաշտպանողական գործողությունների վրա, նույնիսկ հարձակվողական ոճի ֆուտբոլիստներին: Այդ ժամանակ էլ լավագույն որակները դրսևորել չի ստացվում: Այդ ամենի պատճառով ամենահաջող փոխարինումները հավասար հաշվի ժամանակ է, բայց դա հազվադեպ է լինում:

24.09.2020 Ararat Armenia 1 0 Celje 6 960x640 - Հայաստան, Պորտուգալիա և մտափոխվող ակումբներ. կայունություն փնտրող Սարգիս Շահինյանը

Անատոլի Բայդաչնին ինչպե՞ս էր բացատրում Ձեզ քիչ խաղաժամանակ տրամադրելը:

Զրուցել եմ նրա հետ այդ հարցով: Նա ասաց, որ ցանկանում է ունենալ մեկ մեկնարկային կազմ: Մարզիչը կարծում էր, որ թիմում խաղակցվածության խնդիր կար, և ճիշտ է համարում նույն մեկնարկային կազմով խաղալ, որպեսզի ֆուտբոլիստները ավելի լավ հասկանան միմյանց: Ինձ համար դա անընդունելի էր այն պատճառով, որ թիմը 3-4 օրը մեկ հանդիպում էր անցկացնում, իսկ ֆուտբոլիստները ռոբոտ չեն, որ դիմանային այդ գրաֆիկին: Հատկապես Հայաստանում դժվար է այդ գրաֆիկին դիմանալ, որովհետև տեմպը շատ բարձր է. գնդակը մի քանի վայրկյանում մեկ տուգանայինից հասնում է մյուսը:

Եթե եվրոպական ֆուտբոլում շատ թիմեր նախընտրում են գրոհները կոմբինացիաներով զարգացնել, ապա Հայաստանում շատերը գնդակը խլելուն պես այն երկար փոխանցումով ուղարկում են հարձակվողներին: Այդ դեպքում կարևոր չէ, քո թիմակիցն է հաղթում մենապայքարը, թե ոչ, դու պետք է երկար տարածություն վազելով անցնես, որպեսզի փորձես տիրել «երկրորդ գնդակին»: Այդպես ստացվում է, որ լրացուցիչ տարածություն ես հաղթահարում:

Դավիդ Կամպանյան «Լոռիից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո Ձեզ հրավիրեց չեմպիոն դարձած թիմ: Նրա հետ աշխատելը հե՞շտ է:

Շատերին թվում է, թե Կամպանյայի հետ 1-2 տարի եմ աշխատել, բայց «Լոռիում» միասին 2 ամիս ենք անցկացրել, որից հետո եղավ կորոնավիրուս, և նա գնաց Իսպանիա: Հետո արդեն հանդիպեցինք «Արարատ-Արմենիայում»:

Կամպանյան շատ է տեղ տալիս թեորիաներին, ֆուտբոլիստներին բացատրում է, թե ինչ պետք է անեն խաղադաշտում, որտեղ լինեն, ինչ դիրք գրավեն, պաշտպաններին բացատրում է, թե ինչպես դիմավորեն մրցակցին, եզրից փոխանցման ժամանակ պաշտպանն ինչ պետք է անի, որպեսզի մրցակցի հարձակվողը չդիպչի գնդակին, իսկ կիսապաշտպաններն ինչպես պետք է արձագանքեն հետ եկած գնդակներին: Այդ պատճառով աշնանը ընդամենը 3 գոլ էինք բաց թողել: Կամպանյան նաև կարևորում է, որ ֆուտբոլիստը բազմակողմանի լինի, խաղա տարբեր դիրքերում: Նրա թիմում կարող ես խաղը սկսել կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ ավարտել որպես եզրային կիսապաշտպան: Իմ դեպքում հաճախ է այդպես եղել, նույնիսկ եղավ դեպք, երբ գործեցի ձախ պաշտպանի դիրքում, որտեղ երբեք չէի խաղացել:

Դուք ընդամենը 26 տարեկան եք, բայց արդեն 10 թիմ եք փոխել: Ինչպե՞ս կարող էր այդպես ստացվել:

Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Եղել է թիմ, որտեղից հեռացել եմ, որովհետև ինձ ասել են՝ քիչ խաղաժամանակ եմ ստանալու: Անուններ չեմ ուզում տալ, բայց ասել են, որ իմ դիրքում լեգեոներ է գալու, բայց ժամանակը ցույց է տվել, որ լեգեոների փոխարեն ուրիշի են խաղացրել: Ինձ էլ ասելով, որ գրեթե չեմ խաղալու, դրդել են փոխել թիմը, որովհետև ես երիտասարդ էի և չէի կարող երկար ժամանակով զրկվել խաղային պրակտիկայից:

Դա սուբյեկտիվ պատճառն էր: Իսկ օբյեկտի՞վը:

Օբյեկտիվն էլ այն դեպքերն են, երբ հենց ակումբն է որոշել բաժանվել ինձանից: Գտել են, որ իմ հետ ապագա չունեն և ես ստիպված փոխել եմ ակումբային գրանցումս, դա նորմալ երևույթ է: Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ ցանկացած ակումբից որտեղից անկախ պատճառից հեռացել եմ, ամենաուշը մեկ տարի անց ցանկացել են ինձ հետ վերադարձնել:

Alashkert vs Banants 20 960x640 - Հայաստան, Պորտուգալիա և մտափոխվող ակումբներ. կայունություն փնտրող Սարգիս Շահինյանը

Համաձայնեք՝ որքան էլ ֆուտբոլիստը տաղանդավոր և հեռանկարային լինի, այդքան շատ թիմեր փոխելը չի կարող օգնել նրա կարիերային:

Իհարկե, համաձայն եմ, ինձ էլ դուր չի եկել, որ այսպես է ստացվել: Հիմա եկել եմ մի փուլի, որ ինձ կայունություն է հարկավոր: Օրինակ, վերջին 2-3 ամիսը քիչ եմ խաղացել «Արարատ-Արմենիայում», և եթե նման բան լիներ նախկինում, ապա արագորեն կփոխեի թիմս, բայց հիմա որոշել եմ՝ պետք է այնքան մնամ, քանի դեռ պայմանագրիս ժամկետը գործում է: Դրանից հետո ակումբը կորոշի նոր առաջարկ կատարել, թե ոչ: Արդեն 26 տարեկան եմ և ինձ կայունություն է հարկավոր կյանքում ու ֆուտբոլում:

Ես նաև տեսնում եմ, որ «Արարատ-Արմենիայում» կարող եմ զարգանալ որպես ֆուտբոլիստ և մարդ: Այստեղ պահանջներն էլ ամենաբարձրն են: Ֆուտբոլիստի համար էլ կարևոր է խաղալ այնպիսի թիմում, որտեղ պահանջում են չեմպիոն դառնալ: «Արարատ-Արմենիայում» նաև աշխատում ես պրոֆեսիոնալ մասնագետների հետ, լինի դա մարզչական կազմը, թե ղեկավարությունը:

Մինչև ե՞րբ է գործում Ձեր պայմանագիրը:

2022 թվականի ամառը:

Նախորդ մրցաշրջանի սկզբում, երբ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում էիք, մասնակցում էիք եվրագավաթներին, թվում էր, թե Ձեզ շուտով հրավիրելու են Հայաստանի հավաքական: Դուք է՞լ էիք սպասում նորամուտին:

Այո, որովհետև այդպիսի իրական խոսակցություններ կային: Բոլոր ֆուտբոլիստները երազում են խաղալ իրենց ազգային հավաքականում, ես բացառություն չեմ: Իմ ֆուտբոլային գլխավոր երազանքը Հայաստանի հավաքականում խաղալն է: Ես ներկայացրել եմ մեր տարբեր տարիքային հավաքականները, իսկ Մ19 ընտրանու կազմում եղել եմ ավագ, ուստի շատ լավ գիտեմ, թե դա ինչ զգացմունք է, երբ ներկայացնում ես քո երկիրը:

Հրավեր այդպես էլ չստացա, բայց չեմ ընկճվում: Միգուցե, գլխավոր մարզիչն այդ պահին ցանկացել է ուրիշին փորձարկել, իսկ երբ ցանկացել է ինձ հրավիրել, ինձ մոտ արդեն մարզավիճակի անկում է եղել: Չգիտեմ: Ամեն դեպքում, շարունակելու եմ աշխատել, մինչև արժանանամ հրավերին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա