Logo

Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 01.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
16140902616049 - Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:57

-

-

Կորոնավիրուսի համաճարակը փոխեց ֆուտբոլի կանոնները: Իսկ նոր ֆուտբոլում, կարծես, նոր կարգեր ու բարքեր են առաջ գալիս. ավարտվում է մի ամբողջ ժամանակաշրջան ու սկսում նորը՝ նոր առաջատարներով:

Եվրոպական թոփ (ու ոչ միայն) առաջնություններում այս մրցաշրջանում փոխվել են առաջատարները, փոխվել է պատկերը. «Ռեալն» ու «Բարսելոնան» միմյանց միջև չեն կիսել առաջին հորիզոնականը, «Յուվենտուսը» նստած չէ իտալական գահին, ՊՍԺ-ն, ի տարբերություն նախորդ տարիների, փետրվարից չի ապահովել չեմպիոնությունը… հայտնվել են թիմեր, որոնք «սպառնում» են վերջ դնել իրենց երկրի ներքին առաջնությունում արդեն երկար տարիներ հաստատված «բռնապետությանը»:

«Ատլետիկո» (Իսպանիա)

«Ատլետիկոն» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում գրանցեց իր պատմության լավագույն մեկնարկը՝ առաջին 19 խաղում վաստակելով 50 միավոր, ինչը թույլ տվեց Դիեգո Սիմեոնեի թիմին միայնակ գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ նույնիսկ անմիջական մրցակիցների համեմատ մեկ խաղ քիչ անցկացնելով. «հնդկացիները» 5 միավորով գերազանցում են «Բարսելոնային», 6-ով՝ «Ռեալին»:

«Ատլետիկոյի» հավանական չեմպիոնության գլխավոր պատճառներից մեկը Սիմեոնեի՝ տակտիկական նոր լուծումներն են (3 կենտրոնական պաշտպանով խաղալը), իսկ մյուսը՝ Լուիս Սուարեսի տրանսֆերը, որը հաջողությամբ հարմարվեց թիմին ու Իսպանիայի առաջնությունում խփել է 16 գոլ: Դարպասապահ Յան Օբլակը, իր հերթին, գերազանց է գործում իր դիրքում. վերջին 10 խաղում նա բաց է թողել 6 գոլ, իսկ մրցաշրջանում՝ 23 խաղից 16 գոլ:

EvQoDU8WQAAf5SN 960x540 - Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է

«Ատլետիկոն» 7 տարվա դադարից հետո կարող է կրկին նվաճել երկրի չեմպիոնությունը՝ վերջ դնելով «Ռեալի» ու «Բարսելոնայի» չեմպիոնություններին: Կատալոնական ակումբն այս ընթացքում 4 անգամ է դարձել չեմպիոն, մադրիդցիները՝ 2:

«Ինտեր» (Իտալիա)

Անտոնիո Կոնտեն կառուցեց չեմպիոնական «Յուվենտուսը», որը բացարձակ գերիշխանություն է հաստատել Իտալիայում (9 չեմպիոնություն անընդմեջ) ու հիմա կարող է հենց ինքը կարող է վերջ դնել թուրինցիների չեմպիոնական ընթացքին: Կոնտեի «Ինտերը» հրաշալի մարզավիճակ է հավաքել, այս պահին 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 10 միավորով գերազանցելով «Յուվենտուսին» (թուրինցիները 1 խաղ քիչ են անցկացրել) 4 միավորով էլ գերազանցում է «Միլանին»՝ «դերբի դելա Մադոնինայում» հաղթելուց հետո:

«Ներաձուրիներն» առաջնությունում ունեն ամենաարդյունավետ ու հզոր հարձակման գիծը (խփել են 60 գոլ), իսկ թիմի առաջատար Ռոմելու Լուկակուին գերազանցում է միայն Կրիշտիանու Ռոնալդուն. բելգիացին խփել է 18 գոլ, պորտուգալացին՝ 19: Կոնտեն փորձառու ֆուտբոլիստներից ու երիտասարդներից հրաշալի խառնուրդ է ստացել, և ունի բոլոր շանսերը Սկուդետոն նվաճելու համար. դա կլինի «Ինտերի» առաջին չեմպիոնությունը 2009/10 մրցաշրջանից հետո:

EuNxE2vXIAAdfof 960x640 - Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է

Չի բացառվում նաև «Միլանի» չեմպիոնությունը, ինչը նույնպես հեղափոխության պես մի բան կլինի. միլանցիներն էլ վերջին անգամ 2010/11-ին են նվաճել Սկուդետոն, երբ թիմի առաջատարը Զլատան Իբրահիմովիչն էր: Զլատանը հիմա էլ է «Միլանում» ու հիմա էլ թիմի առաջատարն է:

«Լիլ» (Ֆրանսիա)

Նասեր Ալ-Հելաիֆիի ժամանակաշրջանում միայն 2 թիմի է հաջողվել դառնալ Ֆրանսիայի չեմպիոն՝ ՊՍԺ-ից բացի. առաջինը «Մոնպելյեն» էր՝ 2011/12-ին, իսկ երկրորդը՝ Կիլիան Մբապեն ու ընկերները՝ «Մոնակոն» 2016/17 մրցաշրջանում: Մնացած բոլոր դեպքերում Լիգա 1-ի տիտղոսն ուղևորվել է Փարիզ:

Վերջին տարիներին, առհասարակ, չեմպիոնության պայքար չկար. թիմերը միայն մրցակցում էին եվրագավաթային տեղերի, կամ էլ՝ բարձրագույն դիվիզիոնում իրենց տեղը պահելու համար, քանի որ ՊՍԺ-ն առաջնության մեկնարկից 2-3 տուր հետո «զավթում» էր առաջին հորիզոնականն ու այլևս բաց չէր թողնում ձեռքից: Սակայն այս մրցաշրջանում կարող է կրկին բացառություն լինել: Պայքարը բավական թեժ ու անզիջում է մրցաշարային աղյուսակի վերին հատվածում. միանգամից 4 թիմ հավակնում են չեմպիոնությանը. 55 միավոր ունի «Մոնակոն», 56՝ «Լիոնը», 57՝ ՊՍԺ-ն, իսկ 59 միավորով աղյուսակը գլխավորում է «Լիլը»:

Desktop 2021 UK L1 Lille goal celebration 960x497 - Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է

«Լիլն» իր պատմության լավագույն մեկնարկն է գրանցել և ունեն առաջնության լավագույն պաշտպանությունը. Մայք Մայնանը ընդամենը 16 գոլ է բաց թողել: «Լիլը» 2010/11 մրցաշրջանից հետո առաջին անգամ կարող է դառնալ Ֆրանսիայի չեմպիոն. այդ ժամանակ թիմում խաղում էր Էդեն Ազարը: ՊՍԺ-ի հեգեմոնիային կարող է վերջ դնել նաև «Լիոնը», որը 2002-ից 2008 թվականներին 7 անգամ անընդմեջ դարձել էր չեմպիոն:

«Սպորտինգ» (Պորտուգալիա)

Պորտուգալիայում նույնպես իրավիճակ է փոխվել: «Պորտուի» ու «Բենֆիկայի»՝ վերջին տարիների չեմպիոնական շարքը ցանկանում է ընդհատել «Սպորտինգը»:

21 տուրից հետո լիսաբոնյան ակումբը վաստակել է 56 միավոր ու Պրիմեյրայի ընդգծված առաջատարն է՝ 2-րդ հորիզոնականում գտնվող «Բրագայի» նկատմամբ ունենալով 10 միավորովի առավելություն: «Սպորտինգի» առաջատարը թիմի հարձակվողը չէ, այլ՝ կիսապաշտպան Պեդրո Գոնսալվեշը, որն արդեն 14 գոլի հեղինակ է դարձել: Գոնսալվեշին, ի դեպ, ակումբում դիտարկեցին որպես Բրունու Ֆերնանդեշի փոխարինող, և լիսաբոնցիների խաղադրույքն աշխատեց:

AP21032853731476 960x640 - Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է

Թիմի պաշտպանությունն էլ բավական ամուր է՝ բաց թողած ընդամենը 10 գոլ: Այսպիսի ցուցանիշներով գրեթե անհնար է, որ «Սպորտինգը» ձեռքից բաց թողնի չեմպիոնությունը, որը վերջին անգամ նվաճել է հեռավոր 2002 թվականին:

«Ռեյնջերս» (Շոտլանդիա)

2010/11 մրցաշրջանում Շոտլանդիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո «Ռեյնջերսը» նահանջեց 4-րդ դիվիզիոն՝ հսկայական պարտքեր ունենալու պատճառով: «Սելթիկն» օգտվեց իրավիճակից, շատ լավ օգտագործեց իր սկզբունքային մրցակցի բացակայությունն ու Շոտլանդիայի չեմպիոնությունը դարձրեց մենաշնորհ. 9 չեմպիոնություն վերջին 9 տարվա ընթացքում:

«Բողոքականները», սակայն, վերակառուցվեցին՝ որպես թիմ և հանեցին զենքերը «կաթոլիկների» դեմ: 10 տարվա դադարից հետո Գլազգոյում ու Շոտլանդիայում կրկին իշխում է «Ռեյնջերսը». Սթիվեն Ջերարդի թիմը ֆանտաստիկ ցուցանիշներ է գրանցում: Առաջնության 30 տուրում «Ռեյնջերսը» անպարտելի է (26 հաղթանակ, 4 ոչ-ոքի) և 18 (!!!) միավորով գերազանցում է «Սելթիկին»: Այս մրցաշրջանում անցկացրած 41 խաղում «Ռեյնջերսը» կրել է միայն 1 պարտություն, այն էլ՝ Լիգայի գավաթի խաղարկությունում: Սթիվեն Ջերարդն անհավանական աշխատանք է կատարում ու նրան արդեն տեսնում են «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ Յուրգեն Կլոպից հետո:

SNS 15415803 Rangers Train.jpg e1537442897898 960x586 - Հին Էպոխայի ավարտը. գահակալներն ու գահերի խաղը փոխվում է

 

«Դինամո Կիև» (Ուկրաինա)

Միրչա Լուչեսկուի իրավիճակը շատ նման է Անտոնիո Կոնտեի իրավիճակին: Ռումինացի մասնագետը ժամանակին «Շախտյորի» ղեկին կարողացավ նոր ժամանակաշրջան սկսել ուկրաինական ֆուտբոլում: Հայ երկրպագուները լավ են հիշում՝ ինչ թիմ էր կառուցել Լուչեսկուն, որտեղ փայլուն խաղաց նաև Հենրիխ Մխիթարյանը:  «Շախտյորը» վերջին 4 տարիներին անընդմեջ դարձել է Ուկրաինայի չեմպիոն, իսկ վերջին 11 տարվա ընթացքում՝ 9 անգամ:

Լուչեսկուն շատերի համար անսպասելիորեն «փոխեց շարֆի գույնն» ու տեղափոխվեց թշնամու ճամբար, և հիմա կարող է գահընկեց անել արդեն իր նախկին թիմին: Լուչեսկուի «Դինամո Կիևը» 16 տուրից հետո վաստակել է 37 միավոր ու գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մայրաքաղաքային թիմն ունի տաղանդավոր երիտասարդներ, որոնք չեմպիոնական հույսեր են ներշնչում երկրպագուներին. Շարապենկո, Ցիգանկով, Պոպով, Միկոլենկո…

Մեր ընտրանին

«Բրոնդբյու» (Դանիա)

Դանիայի 10-ակի չեմպիոնի՝ «Բրոնդբյուի» համար վերջին տարիները չափազանց անհաջող էին: Դանիական ֆուտբոլի ամենահարուստ պամտություն ունեցող ակումբը, որի կազմում խաղացել են Լաուդրուպ եղբայրները, Շմեյխելը, Ագերը, Մյոլերը, Քրիստենսենը, Սանդը և Էլմանդերը, վերջին անգամ երկրի չեմպիոն է դարձել 2004/05 մրցաշրջանում, սակայն այս մրցաշրջանում կարող են վերադարձնել գահը: Վերջին 6 խաղարկություններում չեմպիոն են դարձել «Միդտյուլանն» ու «Կոպենհագենը»՝ 3-ական անգամ

«Բրոնդբյուն» Դանիայի առաջնության 18-րդ տուրում ցավալի պարտություն կրեց «Միդտյուլանից»՝ զիջելով առաջատարի դիրքը, սակայն պահպանում է չեմպիոն դառնալու շանսերը. միավորները տարբերությունն ընդամենը 2 է: «Բրոնդբյունն» առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկն է՝ խփած 34 գոլով, իսկ հարձակվող Մայքլ Ուհրը և կիսապաշտտպան Յեսպեր Լինդստրոմը գլխավորում են լավագույն ռմբարկուների ցանկը, որոնք խփել են 9 գոլ:

Այլ առաջնություններ

Եվրոպական այլ երկրների առաջնություններում նույնպես փոփոխության միտումներ կան. կիրպոսյան «Օմոնիան» («Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության որակավորման փուլում) 2009/10 մրցաշրջանից հետո առաջին անգամ կարող է դառնալ երկրի չեմպիոն, իսրաելական «Մաքքաբի Հաիֆան» 10 տարվա դադարից հետո կրկին կարող է զգալ չեմպիոնությունը, Ռումինիայում չեմպիոնության է հավակնում FCSB-ն (նախկին «Ստյաուան», որ վերջին անգամ չեմպիոն է դարձել 2014/15-ին), Նորվեգիան արդեն ունեցավ նոր չեմպիոն. այնտեղ առաջնությունն ավարտվել է նոյեմբերին: Իր պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Բոդո/Գլիմտը»:

2021-ը ֆուտբոլում կարող է բեկումնային կետ դառնալ: Նոր տասնամյակը սկսում է նոր կանոններով և ուժերի նոր դասավորվածությամբ: Գահակալներն ու գահերի խաղը փոխվում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա