Logo

Ինժեները, որը գաղտնի էր ֆուտբոլի գնում․ Ով է Ալի Դաեին, որի՝ անհասանելի թվացող ռեկորդը կրկնեց Ռոնալդուն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
https s3 images.sportbible.com s3 content 42a6f9c660d43486a7becb410484333d - Ինժեները, որը գաղտնի էր ֆուտբոլի գնում․ Ով է Ալի Դաեին, որի՝ անհասանելի թվացող ռեկորդը կրկնեց Ռոնալդուն

Կրիշտիանու Ռոնալդուն Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ կրկնեց ազգային հավաքականներում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը․ նրա հաշվին 109 դիպուկ հարված է գրանցված:

Իրանցի Ալի Դաեին, որի ռեկորդը կրկնեց «Յուվենտուսի» ֆուտբոլիստը, արձագանքեց այսպես․ «Շնորհավորանքներս Կրիշտիանու Ռոնալդուին, որին մեկ գոլ է մնացել տղամարդկանց ազգային հավաքականներում գոլերի քանակով նոր ռեկորդ սահմանելու համար: Այն, որ այդ ռեկորդը պատկանելու է Ռոնալդուին, պատիվ է ինձ համար: Նա մեծագույն չեմպիոն և մարդ է, որը ոգեշնչում է մարդկանց ու ամբողջ աշխարհում ազդում նրանց կյանքի վրա»:

Կարճ՝ ով է Ալի Դաեին

Դաեին իրանցի հարձակվող է, որն իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է 90-ականների կեսերին և 2000-ականների սկզբին:

Հիմնականում նա ելույթ է ունեցել իրանական ակումբներում, բայց այդ առումով որոշակի փոփոխություններ էլ են եղել՝ «Ալ Սադ» (Քաթար, 1996-1997), «Արմինիա» (Գերմանիա, 1997-1998), «Բավարիա» (1998-1999), «Ալ Շաբաբ» (ԱՄԷ, 1999-2002):

01208739 - Ինժեները, որը գաղտնի էր ֆուտբոլի գնում․ Ով է Ալի Դաեին, որի՝ անհասանելի թվացող ռեկորդը կրկնեց Ռոնալդուն

Դաեին արտասահմանյան կարիերայի ընթացքում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի կոչումը, 2 անգամ դարձել Գերմանական լիգայի գավաթի հաղթող և հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (բոլորը՝ «Բավարիայի» կազմում): Սակայն նա իր գլխավոր նվաճումը համարում է Իրանի հավաքականում սահմանած ռեկորդը՝ 13 տարվա ընթացքում ընտրանու կազմում խփած 109 գոլը:

«Երբ ավարտեցի կարիերաս, ընտանիքս ասաց ինձ, որ մտել եմ սպորտի պատմության մեջ: Դա այդ ժամանակ լուրջ չընդունեցի: Սակայն հետո հասկացա․ բարձրակարգ մի շարք ֆուտբոլիստներ իրենց հավաքականներում ավելի քիչ են գոլի հեղինակ դարձել: Դա ինձ ստիպում է հպարտության զգացում ունենալ»:

Պատահականորեն է ֆուտբոլիստ դարձել․ մայրը գաղտնի կերպով էր տանում մարզումների

Դաեի մանկությունը գրեթե ամբողջապես լցված է եղել ուսումով: Մինչև ճաշը պատանին անցկացնում էր դպրոցում, ինչից հետո հաճախում էր մաթեմատիկայի լրացուցիչ պարապմունքների: Դաեիի կյանքում ինչ-որ պահի հայտնվեց ֆուտբոլը, սակայն հայրը խստորեն դեմ արտահայտվեց դրան․ «Հայրս մի օր ուղիղ ասաց ինձ․ «Ինչի՞դ է պետք այդ հիմարությունը: Պետք է ոտքերով գնդակին հարվածես, սակայն դրանով մարդկանց ավելի լավը չես դարձնի: Դու պետք է կյանքիդ ընթացքում մտածես ինչ-որ ավելի մեծ բանի մասին»: Ես, բնականաբար, համաձայն չէի նրա հետ»:

Դաեին ավարտեց դպրոցը և ստացավ մետաղագործական ինժեների դիպլում: Իսկ ինչպե՞ս ֆուտբոլիստ դարձավ նման խիտ գրաֆիկի պայմաններում: Ամեն ինչ պարզ է՝ օգնեց մայրը: Նա բազմաթիվ ստեր էր հորինում՝ իբր տղային տանում է այդտեղ, սակայն իրականում գաղտնի ուղեկցում էր մարզումների: Դաեին ասում է․ «Մի ժամանակ տանից դուրս էի գալիս առանց ֆուտբոլային մարզաշապիկի, և մայրս հայթայթեց այն ինձ համար, որպեսզի կարողանամ խաղալ»:

c1ebae8b fe33 4918 82a6 72f717683395 960x678 - Ինժեները, որը գաղտնի էր ֆուտբոլի գնում․ Ով է Ալի Դաեին, որի՝ անհասանելի թվացող ռեկորդը կրկնեց Ռոնալդուն

Հայրը որդու՝ ֆուտբոլային կարիերա սկսելու մասին իմացավ Ալիի՝ «Էսթեղլալի» կազմում ելույթներից մի քանի ամիս առաջ: Դաեին պատմում է․ «Հայրս շոկի մեջ էր, նա զայրացավ, որ խաբել ենք իրեն, սակայն ամեն ինչ հասկացավ: Նա խոչընդոտ չդարձավ երազանքիս իրականացման ճանապարհին: Դրա համար շատ շնորհակալ եմ նրան»:

«Բավարիայից» առաջարկ ստացավ Մունդիալ 98-ի խաղի ընդմիջմանը

Ֆրանսիայում կայացած 1998-ի աշխարհի առաջնությունը պատմական մրցաշար է Իրանի հավաքականի համար: Դա նրանց երկրորդ մասնակցությունն էր Մունդիալին և առաջինը՝ վերջին 10 տարվա ընթացքում: Դաեին մրցաշարին ներկայացավ իր հավաքականի գլխավոր աստղի կարգավիճակում, բայց ոչ մի գոլ այդպես էլ չխփեց:

Հետո հիշում է․ «Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Տուն վերադառնալիս օդանավակայանում մեզ դիմավորեց Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը և ծաղիկներ նվիրեց՝ ժպտալով ու գովաբանելով մեզ: Հենց դուրս եկանք օդանավակայանից, բոլորը սկսեցին բղավել․ «Ալի՛, դու հիմա՛ր ես, դու ոչնչությո՛ւն ես»: Գոլ չէի խփել, և նրանք կարող էին ինձ այդպես անվանել, ունեին դրա լրիվ իրավունքը: Սակայն մենք պայքարում էինք երկրի համար, ու իմ կարծիքով՝ Գերմանիայի, Հարավսլավիայի և ԱՄՆ-ի հետ միևնույն խմբում գտնվելիս 3-րդ տեղը գրավելը վատ արդյունք չէր»:

Մեր ընտրանին.

Ալին փաստացի «Բավարիա» տեղափոխվեց 1998 թվականի հուլիսի 1-ին: Սակայն առաջին շփումները տեղի էին ունեցել Հարավսլավիայի հավաքականի հետ մրցավեճի ընդմիջմանը: Իրանցիների մարզիչ Ջալալ Թալեբին Դաեին առաջին խաղակեսից հետո իր մոտ էր կանչել: Թալեբին հիշում է․ «Չէի ցանկանում, որ Դաեին շեղվեր մրցաշարից: Ինձ հետ մի քանի անգամ կապվել էին «Բավարիայի» ներկայացուցիչները, և ես խոստացել էի խոսել Ալիի հետ: Բայց մշտապես հետաձգում էի խոսակցությունը, երբեմն՝ մոռանում: Երբ Հարավսլավիայի հետ հանդիպմանը թունել ուղևորվելու ճանապարհին էի, ստադիոնի տրիբունայի առաջին շարքերում տեսա «Բավարիայի» տնօրեններից մեկին: Նա ինձ աչքով արեց․ դա Ալիի հետ խոսելու համար ակնարկ էր:

rrDDY8jgYwxTjkvYFPLVPo - Ինժեները, որը գաղտնի էր ֆուտբոլի գնում․ Ով է Ալի Դաեին, որի՝ անհասանելի թվացող ռեկորդը կրկնեց Ռոնալդուն

Ընդմիջմանը կանչեցի Ալիին և ուղիղ ասացի, որ ինձ հետ կապ է հաստատել «Բավարիան», այն ցանկանում է իրականացնել իր տեղափոխությունը: Նա ինձ պատասխանեց․ «Ես գիտեմ, մարզի՛չ: Նրանց խոստացել եմ որքան հնարավոր է արագ պատասխան տալ, բայց աշխարհի առաջնության պատճառով ուշացնում եմ: Մի՛ անհանգստացեք, դա ինձ վրա ոչ մի կերպ չի անդրադառնա»»:

2003 թվական․ Ալի Դաեիի հաշվին հավաքականում խփած արդեն 83 գոլ է գրանցված: 84-րդը կլիներ լեգենդար Ֆերենց Պուշկաշի արդյունքի կրկնությունը: Դաեի 84-րդ գոլն ակնկալվում էր Թեհրանում Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) դեմ կայանալիք խաղում: Իրանը երկրորդ խաղակեսում 11-մետրանոցի իրավունք ստացավ, ու Դաեին դարձավ գոլի հեղինակ: Քանի դեռ իրանցիները տոնում էին դարպասի գրավումը, ինչ-որ երկրպագու խաղադաշտ պայթուցիկ նետեց: Այն պայթեց անմիջապես հարավկորեացի խաղացողի կողքին:

Կորեացիները լքեցին խաղադաշտը՝ հայտնելով մրցավարին, որ հրաժարվում են շարունակել հանդիպումը: Կորեայի Հանրապետությանը 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց: Դաեի գոլն էլ չեղարկվեց:

Նա պատմական գոլը խփեց այդ մրցավեճից մեկ շաբաթ անց: Իրանը Բեյրութում հանդիպում անցկացրեց Լիբանանի հավաքականի հետ, և այնտեղ էլ Դաեին կրկնեց Պուշկաշի նվաճումը:

ali daei iran goal 960x539 - Ինժեները, որը գաղտնի էր ֆուտբոլի գնում․ Ով է Ալի Դաեին, որի՝ անհասանելի թվացող ռեկորդը կրկնեց Ռոնալդուն

Դաեին փորձեց հեղափոխել Իրանի հավաքականը, բայց ֆեդերացիան չհավատաց նրան

Մարզիչ Ալի Դաեին այնքան հաջողակ չէր, որքան Դաեի-ֆուտբոլիստը: 2008-ին՝ կարիերայի ավարտից մեկ տարի անց, ընդունեց Իրանի հավաքականը գլխավորելու առաջարկը և միանգամից հայտնվեց բարդ իրավիճակում: Նրան վստահեցին 2010թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի 5 հանդիպումներ: Իրանը հասցրել էր մինչ այդ ընդամենը 5 միավոր վաստակել: Դաեին այդ թիմին այսպես է գնահատում․ «Ունեինք հեղինակավոր մի շարք խաղացողներ, բայց նրանք այլևս չունեին հավաքականում մրցելու մակարդակ: Նախորդ մարզչական շտաբերը նրանց իներցիայով էին հրավիրում: Այդ հավաքականին թարմացում էր հարկավոր»:

Դաեին երիտասարդների հրավիրեց հավաքական, պարտվեց և հիասթափեցրեց երկրպագուներին: Նրանք մասնագետի հասցեին վիրավորանքներ էին ուղղում, նա էլ ասում էր, որ հարկավոր չէ հանդիպումներին հաճախել, եթե ֆուտբոլից ոչինչ չես հասկանում: Դաեիին ի վերջո հեռացրին պաշտոնից: Վերջինիս օգնական Հյուման Աֆազելին նշեց, որ Իրանում աշխատանքից ազատվեց վերջին տարիների լավագույն մարզիչը, քանի որ «ղեկավարությունը չաջակցեց նրա քայլերին՝ ուղղված զարգացմանն ու բարելավմանը»:

3638268 - Ինժեները, որը գաղտնի էր ֆուտբոլի գնում․ Ով է Ալի Դաեին, որի՝ անհասանելի թվացող ռեկորդը կրկնեց Ռոնալդուն

Դաեին այլ կերպ արձագանքեց․ «Ես հասկացա, որ դա իմ տեղը չէ, ու հեռացա: Ֆեդերացիայի հանդեպ վիրավորվածություն չունեմ: Յուրաքանչյուրը ցանկանում է հավաքականի համար միայն լավն անել: Դրա համար էլ բաժանվեցինք»:

Դաեին Իրանի հավաքականից հեռանալուց հետո 6 ակումբներում է աշխատել: Վերջինից («Սայպա») հետո արդեն 2 տարի է՝ առանց աշխատանքի է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա