Logo

Կարեն Ասլանյանը՝ Օլիմպիական խաղերից առաջ. «Շատ հանգիստ եմ»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Untitled 1 1 - Կարեն Ասլանյանը՝ Օլիմպիական խաղերից առաջ. «Շատ հանգիստ եմ»

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Կարեն Ասլանյանը Օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց՝ վերջին վարկանիշային մրցաշարում: VNews-ին Կարենը պատմեց՝ ինչպես հաջողվեց նվաճել ուղեգիր ու ինչպես է զգում իրեն իր կարիերայի կարևորագույն մրցումից առաջ:

Ասլանյանը ելույթ է ունենալու օգոստոսի 3-ին:

Ինչպե՞ս ստացվեց ձեռք բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Պատրաստվեցի, տրամադրվեցի ու ստացվեց ամեն ինչ: Մրցաշարը շատ լավ անցավ, քանի որ լավ պատրաստված էինք: 3 գոտեմարտ անցկացրի ու ուղեգիր ձեռք բերեցի: Եզրափակիչ գոտեմարտին մրցակիցս չներկայացավ ու նվաճեցի ոսկե մեդալը:

Ո՞ր գոտեմարտն առավել բարդ ստացվեց:

Այդպես չեմ կարող ասել՝ որն էր առավել բարդ: Վերջին հնարավորությունն էր վարկանիշ ձեռք բերելու, բոլոր մրցակիցներն էլ ուզում էին հաղթել: Ոչ մեկն էլ հեշտ չստացվեց:

Հաղթանակից հետո ճկույթով ժեստ արեցիք, ի՞նչ էր դա խորհրդանշում:

Ես ու Հայկ Հովհաննիսյանը այդ ժեստը արեցինք միասին (Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ, որը նույնպես ուղեգիր ձեռք բերեց այդ մրցաշարում-խմբ): Մենք պայմանավորվել էինք, որ եթե դուրս գանք եզրափակիչ ու նվաճենք ուղեգիր այդ ժեստն ենք անելու: Դա ընկերական ժեստ էր: Այն խորհրդանշում էր ուժ ու պայքար: Ուրախ էի, որ կարողացա նվաճել այդ ուղեգիրը: Արտառոց էմոցիաներ չկային:

karen aslanmyan - Կարեն Ասլանյանը՝ Օլիմպիական խաղերից առաջ. «Շատ հանգիստ եմ»

67 կգ քաշային կարգում մրցակցություն կար Օլիմպիական ուղեգրի համար՝ Ձեր ու Սլավիկ Գալստյանի միջև: Նա չկարողացավ ուղեգիր նվաճել եվրոպական վարկանիշային մրցաշարում: Դուք շանս ստացաք համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Ինչպե՞ս էր այդ մրցակցությունն ազդել Ձեր վրա:

Այդ մրցակցությունը միայն մեզ ավելի ուժեղացրել է: Գորգի մեջ երկուսս էլ ուզում ենք հաղթել, բայց գորգից դուրս ընկերներ ենք: Իմ կարծիքով՝ շատ լավ է, որ մրցակցություն կա ու դու ամեն պահի զգում ես մրցակցիդ շունչը գորգում տվյալ պահին: Այդպես, աշխատում ես ավելի լավ անել ամեն ինչ ու ավելի լավը դառնալ:

Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում Օլիմպիական խաղերից առաջ:

Շատ լավ եմ ինձ զգում, շատ հանգիստ:

Մեր ընտրանին

Հավանաբար ծանոթ եք բոլոր մրցակիցներին Օլիմպիական խաղերում:

Այո, նրանց ուսումնասիրելու կարիք չկա, բոլորի հետ էլ հանդիպել եմ, գոտեմարտել, գիտեմ՝ ով ինչպես է մարտը վարում ու պատրաստ եմ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա