Logo

Կարիմ Բենզեմա. ով է «Ռեալի» չհասկացված հանճարը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 24.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Untitled 35562 - Կարիմ Բենզեմա. ով է «Ռեալի» չհասկացված հանճարը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:09

-

-

Ավելի քան մեկ տասնամյակ, արդեն 12-րդ մրցաշրջանն է՝ «Ռեալի» 9 համարը պատկանում է Կարիմ Բենզեմային: «Արքայական ակումբում» 9 համարը կրելն ու թիմի կենտրոնական հարձակվողը լինելը չափազանց մեծ կշիռ ունի: Ներկայիս «Ռեալի» անձեռնմխելի ֆուտբոլիստի որակները քննարկման առարկա են դարձել իր՝ Մադրիդ ժամանելու պահից. նրա մասին հնչում են ամենահակասական կարծիքները:

Տարիներն անցնում են, մամուլում շրջանառվում են նոր հարձակվողների թեկնածուներ, բայց ամեն տարի «Ռեալը» սկսում է մրցաշրջանը Բենզեմայի հետ։ Նոր տրանսֆերի փոխարեն ակումբն ամեն անգամ թարմացնում է ֆրանսիացու պայմանագիրը: Հիմա, երբ Բենզեման ֆանտաստիկ արդյունավետություն է ցուցաբերում, հեշտ է գովերգել նրան: Բայց այսօր կհասկանանք Բենզեմայի՝ «Ռեալում» «երկարակեցության» գլխավոր պատճառները. ինչո՞ւ են բոլոր մարզիչները նրան ընդգրկում մեկնարկային կազմում, ինչո՞ւ են շատ մասնագետներ նրա խաղն այդքան բարձր գնահատում:

Եզակի ֆուտբոլիստ՝ տակտիկական առումով

Բենզեմայի մեծագույն «թշնամին» իր մարզաշապիկին գրված թիվն է՝ 9 համարը: «Ռեալում» 9 համարը կրել են ակումբի լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն և բրազիլացի Ռոնալդոն: Այս թիվը տեսնելով՝ երկրպագուներն ակնկալում էին, որ Կարիմը պետք է կանգներ տուգանային հրապարակում, սպասեր փոխանցման, գտներ պահն ու ամեն շաբաթ «մեշոկով» գոլեր խփեր: Բայց ոչ. Բենզեմայի խաղն այդ ամենի մասին չէ:

Հարձակվողը պետք է շատ բան անի խաղադաշտում, ոչ թե միայն գոլ խփի: Եթե ես գոլ խփեմ, բայց 90 րոպե չդիպչեմ գնդակին, նշանակում է՝ վատ եմ խաղացել. Բենզեմա

Իր խաղային բարձր ինտելեկտի, խաղը հասկանալու, կարդալու, թիմային ու կոմբինացիոն ֆուտբոլ խաղալու շնորհիվ Բենզեման քամելեոնի նման հարմարվում է ցանկացած տակտիկայի, ցանկացած մարտավարության: Նա միշտ կատարում է այն խնդիրը, որ դնում է մարզիչն իր առջև: «Ռեալ» տեղափոխվելով՝ Բենզեման փոխեց իր խաղաոճը՝ կենտրոնական հարձակվողից վերածվելով ենթահարձակվողի: Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալիս (պորտուգալացին մրցաշրջանում 60-70 գոլ էր խփում) Բենզեմայի խնդիրը «Ռեալում» եղել է կազմակերպել թիմի գրոհներն ու անել այնպես, որ Ռոնն ավելի արդյունավետ լինի: Բենզեման, իր էգոն ու անհատական ցուցանիշները մի կողմ դրած, խաղում էր/է միայն թիմի համար: Որպես օրինակ՝ նրա խաղային քարտեզն ամեն ինչ ասում է:

1 SrBZzU8vEgilajaRQUE1oQ 960x644 - Կարիմ Բենզեմա. ով է «Ռեալի» չհասկացված հանճարը

«Ռեալի» ոսկե տարիներին՝ 2014-ից 2018 թվականներին, երբ թիմը 4 անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, Կարիմը կարևորագույն օղակ էր: 4-3-3 սխեմայում, երբ կենտրոնում Կազեմիրո-Կրոս-Մոդրիչ եռյակն էր, իսկ հարձակման գծում՝ BBC-ն, թվում էր՝ չկա խաղարկող, բայց այդ տակտիկայում հենց Բենզեման էր խաղարկողը: Ֆրանսիացին նահանջում է, մանևրում տուգանային հրապարակի մատույցներում, կազմակերպում գրոհներ: Եթե պետք է կենտրոնում գնդակ պահել, Բենզեման օգնում է Մոդրիչին, եթե պետք է պրեսինգ կիրառել, Կարիմը Կրոսի հետ վազում է դեպի մրցակիցը, եթե պետք է դիրքային գրոհ ձեռնարկել, նա համագործակցում է եզրային պաշտպանների հետ, հարկ եղած դեպքում՝ տարածություններ բացում ու ճիշտ փոխանցումներ կատարում Ռոնալդուին կամ Բեյլին: Բենզեման ֆուտբոլիստ է, որն օգնում է իր թիմակիցներին ավելի լավը դառնալ: Նա «Ռեալի» պատմության ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է (141 ասիստ):

Մի եզրում հրթիռն էր, մյուսում՝ ռմբարկուն, իսկ կենտրոնում՝ ես, որ փորձում էի աշխատացնել ամեն ինչ. Բենզեման՝ BBC եռյակի մասին

«Չի կարողանում շատ գոլ խփել». հաստա՞տ

«Բենզեման թոփ չէ, նա չի կարողանում շատ գոլեր խփել, փչացնում է իր պահերը, ցանկացածն էլ նրանից լավ կխաղային»: Իսկապե՞ս. մի՞թե այդքանը չէին հասկանում Մոուրինյոյի, Անչելոտիի, Զիդանի նման մասնագետներն ու «Ռեալի» մյուս մարզիչները. բոլորի օրոք էլ Բենզեման խաղացել է, ու եղել է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Ճիշտ է՝ Կարիմը տարեկան 50 գոլ չի խփում, եղել են մրցաշրջաններ, որոնցում նա ցույց չի տվել այն արդյունավետությունը, որ պահանջվում է «Ռեալի» հարձակվողից, բայց այնպես էլ չէ, որ նա «կեղծ 9 համար է»: Բենզեման 9 համար է, պարզապես կարողանում է նաև անել ավելի մեծ ծավալի աշխատանք ու կենտրոնական հարձակվողներին հատուկ եսասիրություն չունի: Այդ պատճառով էլ Զիդանը կատակով ասում է, որ Բենզեման 9.5 համարի մարզաշապիկը պետք է կրեր:

Ֆրանսիացին «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 5-րդն է (272 գոլ) ու զիջում է միայն Ռոնալդուին, Ռաուլին, դի Ստեֆանոյին ու Սանտիլյանային: 5-րդն է նաև եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում՝ խփած 70 գոլով ու շուտով կշրջանցի Ռաուլին, որը խփել է 71 գոլ:

Screenshot 2 6 960x575 - Կարիմ Բենզեմա. ով է «Ռեալի» չհասկացված հանճարը

 

Բենզեման աչքի է ընկնում ոչ միայն գոլերի քանակով, այլ նաև՝ կարևորությամբ: Ֆրանսիացին խոցել է գրեթե բոլոր գրանդ ակումբներին, որոնց դեմ խաղացել է («Բարսելոնա», «Բավարիա», «Ատլետիկո», ՊՍԺ, «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Բորուսիա», «Ինտեր» և այլն): Նրան հաջողվել է աչքի ընկնել նաև ՉԼ եզրափակիչում՝ «Լիվերպուլի» դեմ խաղում: Վատ ցուցանիշներ չեն, չէ՞:

Կախարդանքը Կարիմի խաղում

Բացի տակտիկայից ու գոլերից, Բենզեմայի խաղում կա կախարդանք: Շնորհիվ իր կրեատիվ մտքի ու տեխնիկական հիասքանչ որակների՝ Բենզեման երբեմն կոտրում է մրցակցի ցանկացած տակտիկական պլան և նոր դռներ բացում «Ռեալի» համար: Նա կարող է մեկ շարժումով, մեկ փոխանցումով, մեկ որոշմամբ կամ իր անցումներով վճռել խաղերի ելքեր:

Հիշո՞ւմ եք Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի կիսաեզրափակիչը: «Ատլետիկոն» հաղթում էր 2-0 հաշվով ու վստահ քայլերով գնում քամբեք անելու («Ռեալն» առաջին խաղում հաղթել էր 3-0 հաշվով): «Արքայական ակումբի» մոտ ոչինչ չէր ստացվում, բայց Բենզեման վերցրեց գնդակն ու դիմային գծի վրայով շրջանցեց մրցակցի 3 պաշտպանի. այդ գրոհի ժամանակ «Ռեալը» գոլ խփեց ու անցավ եզրափակիչ: Լա լիգայի նախորդ խաղարկությունում՝ չեմպիոնական թեժ մրցավազքի ժամանակ՝ «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը, Բենզեման տուգանայինում ստացավ գնդակը  և կրունկով՝ մրցակցի ոտքերի արանքով գոլային փոխանցում կատարեց Կազեմիրոյին: Իսկ հիշո՞ւմ եք նրա շրջադարձ հարվածով գոլը «Այաքսի» դեմ խաղում կամ «Օսասունայի» դեմ անհավանական «վոլեյը» վան Բաստենի ոճով: «Եթե սիրում եք ֆուտբոլը, չեք կարող չսիրել Բենզեմայի խաղը. այն շքեղություն է բոլորի համար», – ասում էր Զիդանն ու չէր սխալվում:

«Ռեալի» առաջատար՝ Ռոնալդուի հեռանալուց հետո

Շատերի համար անսպասելիորեն Բենզեման սկսեց իր կարիերայի լավագույն խաղը ցուցադրել 30-ից հետո:

Կարիմի՝ արդյունավետության բարձրացումը պայմանավորված է մեկ հանգամանքով. Բենզեման դարձավ «Ռեալի» առաջատարը (գոնե հարձակման գծում) 2018-ից, երբ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»: Պատահական չէ, որ Կրիշտիանուի հեռանալուց հետո Բենզեմայի ցուցանիշները կտրուկ փոխվեցին. եթե 2017/18-ում Բենզեման խփել էր 12 գոլ, ապա դրա հաջորդ մրցաշրջանում՝ 2018/19-ում նա խփեց 30 գոլ, և առհասարակ, նա վերջին 3 տարում արդեն խփել է 80 գոլ (այս մրցաշրջանը դեռ ընթացքի մեջ է): Այս վիճակագրությունը վկայում է, որ Ռոնալդուի հեռանալուց հետո  Բենզեմայի դերը թիմում փոխվել է. նա այժմ «Ռեալի» հիմնական ռմբարկուն է:

Մեր ընտրանին

Բենզեմայի կարևորությունն ներկայիս «Ռեալում» առավել ընդգծում է նաև այն հանգամանքը, որ հարձակման գծի մյուս ֆուտբոլիստները, մեղմ ասած, չեն փայլում արդյունավետությամբ: Բենզեմայից հետո թիմի երկրորդ ռմբարկուն հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն է, որ 6 գոլ է խփել: Այս մրցաշրջանում իր խփած 23 գոլերից 14-ը (60.9 տոկոսը) Բենզեման խփել է այն ժամանակ, երբ «Ռեալը» պարտվելիս կամ ոչ-ոքի խաղալիս է եղել: «Ռեալը» պահպանում է Չեմպիոնների լիգան ու Լա լիգան նվաճելու հույսերը միայն Կարիմի շնորհիվ:

Բացի խփած գոլերից՝ 33-ամյա ֆրանսիացին շարունակում է հիացնել նաև իր խաղով: Նա ցույց է տալիս 21-22 տարեկանի մարզավիճակ ու արագություն: Բենզեման, նախ, փոխել է իր «մայնդսեթը»՝ ֆուտբոլային մտածողությունն ու հոգեբանությունը, և սխալներին ու քննադատություններին հանգիստ է վերաբերում: Բացի դա, Կարիմը բացառիկ աշխատասիրություն է ցուցաբերում՝ փոխելով իր կենսակերպն ու մարզումային ծրագիրը:

  • Բենզեման սկսել է մարզվել ավելի շատ, քան անում էր սովորաբար. նա լրացուցիչ մարզումներ է անցկացնում նաև տանը
  • Օգտագործում է վերականգնվելու հատուկ մեթոդ՝ չինական թերապիան, որն օգնում է արյան ավելի լավ շրջանառությանն ու մկանների արագ վերականգնմանը, ինչի շնորհիվ վնասվածքներ հազվադեպ է ստանում

Screenshot 1 6 - Կարիմ Բենզեմա. ով է «Ռեալի» չհասկացված հանճարը

Այսպիսին է Բենզեման՝ համեստ ֆուտբոլիստ, որ դիմացել ու հաղթահարել է մամուլի, երկրպագուների ու որոշ մասնագետների քննադատությունները, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում լսել սուլոցներ իր հասցեին, բայց չի հանձնվել: Նա միշտ մնացել է երկրորդ պլանում, իր գործակալին չի ուղարկել «Բեռնաբեուի» գրասենյակներ՝ աստղաբաշխական աշխատավարձ պահանջելու: Le Monsieur-ը, ինչպես ասում են նրան հայրենիքում, թերագնահատված լեգենդ է, բայց եթե նա լիներ այն ֆուտբոլիստը, որին ակնկալում էին տեսնել երկրպագուները, չէր լինի նա՝ եզակի Կարիմ Բենզեման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա