Logo

Խելահեղ արդյունավետություն Հայաստանում. որքան և ինչպիսի գոլեր են գրանցվել VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 04.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 22 scaled 1 - Խելահեղ արդյունավետություն Հայաստանում. որքան և ինչպիսի գոլեր են գրանցվել VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում

Հայաստանում կարոտել էին գոլերին: Նախորդ՝ «տխուր» մրցաշրջանից հետո VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնությունը մեկնարկեց գոլային հրավառությամբ:

Անցկացված 5 խաղում գրանցվեց 25 գոլ: Միջինը մեկ խաղում արձանագրված 5 գոլը Հայաստանում այնքան վաղուց չէր եղել, որ կարելի է նորույթ համարել:

Բացառապես խոշոր հաշիվներ

Բացման խաղում զգալի համալրված «Փյունիկը» 4:0 հաշվով ջախջախեց VBET լիգայի նորեկ ԲԿՄԱ-ին, որը համալրված է 18-20 տարեկան հայ երիտասարդներով:

Երկու օր հետո՝ օգոստոսի 1-ին, երկու խաղ կայացավ, որոնք ավարտվեցին միևնույն՝ 3:0 հաշվով: «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժեղ էր «Նորավանքից», իսկ չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ զիջեց «Արարատ-Արմենիային»:

Բայց դրանք ընդամենը արդյունավետության փոքր ակնարկներ էին հաջորդ օրը կայացած խաղերի ֆոնին: Օգոստոսի 2-ին կայացած երկու մրցավեճում գրանցվեց ապշեցուցիչ արդյունք՝ 15 գոլ: Մրցաշարի նորեկ «Սևանը» 5:2 հաշվով հաղթեց «Վանին», իսկ «Արարատը» 7:1 հաշվով ջախջախեց փոխչեմպիոն «Նոային»:

Զարմացնող թվեր

Համեմատությունը գրեթե միշտ ճիշտ պատկերն է ներկայացնում: Այսպես, VBET Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում մեկ խաղում գրանցվել է միջինում 2,13 գոլ: Դա Հայաստանի առաջնությունների պատմության ամենացածր ցուցանիշն է (տեխնիկական հաղթանակները հաշվարկված չեն):

VNews.am-ը հաշվարկել է, որ նախորդ առաջնության 106 խաղում գրանցվել է 226 գոլ: Նոր մրցաշրջանի արդեն առաջին տուրում գրանցվեց նախորդ խաղարկության ընդհանուր գոլերի 9 տոկոսը: Իսկ առջևում դեռ 35 տուր կա…

Ավելի պատկերավոր օրինակի համար համեմատենք 2020/21 մրցաշրջանի առաջին տուրի հետ: Այն ժամանակ 4 խաղում գրանցվեց 8 գոլ: Հետագայում «Վանի» հաղթանակը «Գանձասար-Կապանի» նկատմամբ (2:1) չեղարկվեց և մնացինք 3 խաղում գրանցված 5 գոլով: Այդ տուրում չկայացավ «Ուրարտուրի» և «Լոռիի» միջև հանդիպումը, որում վանաձորցիներին տեխնիկական պարտություն գրանցվեց:

01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 20 scaled 1 960x640 - Խելահեղ արդյունավետություն Հայաստանում. որքան և ինչպիսի գոլեր են գրանցվել VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում

Ռեկորդային տեմպ

Բնականաբար, շատ քիչ է հավանականությունը, որ արդյունավետության այս տեմպը կշարունակվի ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Այդուհանդերձ, արդեն ռեկորդային գրաֆիկի նշույլներ կան:

Վիճակագիր Աշոտ Հայրապետյանից տեղեկանում ենք, որ Հայաստանի առաջնությունների պատմության միջին արդյունավետության ռեկորդը գրանցվել է անդրանիկ մրցաշրջանում՝ 1992 թվականին: Այն ժամանակ 400 խաղում արձանագրվել է 1725 գոլ: Միջին արդյունավետությունը այդ տարի կազմել է մեկ խաղում 4,31 գոլ:

1992-ին մրցաշարին մասնակցում էին 24 թիմեր: Այդ ժամանակ առաջատարների և հետնապահների միջև որակական հսկայական տարբերություն կար, ինչի հետևանքով բազմաթիվ խոշոր հաշիվներ էին գրանցվում: Բացի դրանից, որոշ թիմեր կիսասիրողական էին: Հիմա բոլորը պրոֆեսիոնալ են, և կասկած չկա, որ առաջին տուրում խոշոր հաշիվներով պարտված բոլոր 5 թիմերը շատ շուտով սկսելու են ավելի որակյալ խաղ ցուցադրել:

8 ֆուտբոլիստի բենեֆիս

Արդյունավետ տուրերը դժոխային են շատ դարպասապահների և պաշտպանների համար, բայց կիսապաշտպաններն ու հարձակվողները կարող են գոհ լինել: Այդպես, միանգամից 8 ֆուտբոլիստ մեկից ավելի միավոր է վաստակել գոլ+ասիսիտ հաշվարկում:

Ամենաբարձր ցուցանիշն ունի «Արարատի» հարձակվող Յակուբա Սիլուեն, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ինչպես նաև մեկ գոլային փոխանցում կատարեց: Բացի դրանից, իվուարցին  մասնակցեց ևս մեկ արդյունավետ գրոհի, երբ Սերժ Դեբլեի գոլի ժամանակ գնդակը հնարամտորեն ոտքերի արանքով բաց թողեց: Այդ որոշման համար նա արժանի կլիներ ևս մեկ ասիսիտի, եթե պաշտոնապես այն գրանցելու հնարավորություն լիներ:

3-ական գոլային գործողություն են կատարել «Սևանի» հարձակվող Կլաուդիր Մարինին, նույն թիմի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն, ինչպես նաև «Արարատի» վինգեր Ալիկ Առաքելյանը:

228406973 222854486512084 5075821321533298976 n 960x960 - Խելահեղ արդյունավետություն Հայաստանում. որքան և ինչպիսի գոլեր են գրանցվել VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում

«Գոլ + գոլային փոխանցում» հաշվարկը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրից հետո.

Յակուբա Սիլուե («Արարատ»)՝ 3+1

Անդրե Մենսելաո («Սևան»)՝ 3+0

Կլաուդիր Մարինի («Սևան»)՝ 2+1

Ալիկ Առաքելյան («Արարատ»)՝ 1+2

Սերժ Դեբլե («Արարատ»)՝ 2+0

Էդգար Մովսեսյան («Փյունիկ»)՝ 1+1

Էդգար Մալաքյան («Արարատ»)՝ 1+1

Վահագն Այվազյան՝ («Վան»)՝ 0+2

Անսովոր գոլեր

Արդեն կարող ենք փաստել, որ Հայաստանում շատ հեռահար հարվածներ են կատարում, ինչի հետևանքը բազմաթիվ գոլերն են տուգանային հրապարակից դուրս տարածությունից կատարած հարվածներով:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում միանգամից 8 գոլ է գրանցվել հեռահար հարվածներով: Հատկապես գեղեցիկ ստացվեցին Արտյոմ Ավանեսյանի, Անդրե Մենսելաոյի և Յակուբա Սիլուեի գոլերը: Հատկապես հիշատակման արժանի է Ուրարտուն, որի խաղում «ընդամենը» 3 գոլ գրանցվեց, որոնցից 2-ը հեռահար հարվածներով էին:

Հեռահար գոլեր՝ 1-ին տուրում.

Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)

Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»)

Նարեկ Գրիգորյան («Ուրարտու»)

Իգոչուկվու Իվու («Ուրարտու»)

Կլաուդիր Մարինի («Սևան»)

Անդրե Մենսալաո («Սևան»)

Պավել Կիրիենկո («Նոա»)

Յակուբա Սիլուե («Արարատ»)

Նման գոլային հրավառությունից հետո կրկնակի հետաքրքիր են դարձել երկրորդ տուրի խաղերը: Հետաքրքիր է՝ արդյոք 3 միավոր վաստակած թիմերը կկարողանա՞ն զարգացնել հաջողությունը, իսկ պարտված ակումբները հետևություններ արե՞լ են նախորդ անհաջողությունից:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. 2-րդ տուր

Օգոստոսի 6. «Նորավանք» – «Փյունիկ» (17:00)

Օգոստոսի 6. «Արարատ-Արմենիա» – ԲԿՄԱ (19:00)

Օգոստոսի 7. «Ուրարտու» – «Սևան» (20:00)

Օգոստոսի 8. «Վան» – «Արարատ» (17:00)

Օգոստոսի 8. «Նոա» – «Ալաշկերտ» (19:00):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա