Logo

Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 01.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 3 - Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:59

-

-

Խոակին Խեսուս Կապառոս Կամինո: Ընկերների համար՝ Խոակին Կապառոս, իսկ ֆուտբոլում՝ պարզապես Կապառոս: Մեզ արդեն քաջ հայտնի, հարազատ դարձած Կապառոսը իսպանական մարզչական դպրոցի լավագույն արտադրանքներից է: Փորձառու մասնագետը Լա լիգայում՝ որպես մարզիչ, ամենաշատ խաղեր անցկացրածներից է: Իսպանիայի առաջնությունում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում անցկացրած խաղերի քանակով (510 խաղ):

Կապառոսի հետ Հայաստանի հավաքականը ցույց է տալիս արդյունքներ, որոնց մասին երազել չէինք կարող: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի ու հայկական ֆուտբոլի մասին փոխվում է բոլորի կարծիքը, այդ թվում՝ միջազգային մամուլի: Իսկ ո՞վ է Կապառոսը, ինչպե՞ս է նա տեսնում ֆուտբոլը, ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում և ի՞նչ ճանապարհ է անցել:

Փիլիսոփայությունը

Կապառոսն ուրույն մոտեցումներ ու պատկերացումներ ունի ֆուտբոլի մասին: Ինչպես գրեթե միշտ երևացել է իր թիմերում և ինչպես հենց ինքն է նշել՝ ֆուտբոլն այս մասնագետի համար ինտենսիվություն բառի հոմանիշն է. «Յուրաքանչյուր խաղից առաջ ես պետք է վստահ լինեմ, որ ֆուտբոլիստներս խաղադաշտում են թողնելու իրենց էներգիայի վերջին կաթիլը»:

Կապառոսի համար ֆուտբոլը ջանք է և անվերջանալի աշխատանք, որովհետև նրա բառարանում հանգստություն բառը բացակայում է. ագրեսիվություն, բարձր պրեսինգ ու արագություն: Կապառոսի թիմերը միշտ ունեցել են/ունեն բնավորություն, որոնք մարտնչում են մինչև վերջ: Նրանք չեն ճանաչում հեղինակություն ու իրենց խաղն են թելադրում՝ անկախ նրանից, թե որ թիմի դեմ են խաղում: 2003/04 մրցաշրջանում հենց Կապառոսի «Սևիլիան» հուժկու ապտակ հասցրեց «գալակտիկոսյան» «Ռեալին». Զիդանի, Ռաուլի, Ռոնալդոյի ու Բեքհեմի թիմին անդալուզցիները ջախջախեցին 4-1 հաշվով:


Կապառոսի համար ֆուտբոլում հաղթում է կոլեկտիվն ու թիմային խաղը, այլ ոչ թե անհատականությունները: Նա այն մարզիչներից չէ, որի թիմերն ունեն հարձակվողական տոտալ խաղաոճ կամ պաշտպանողական ու հակագրոհային: Կապառոսն այնպես է աշխատում, որ իր թիմը կարողանա պաշտպանվել կամ հարձակվել՝ ըստ իրավիճակի: Նա չի հիմնվում ինչ-որ ֆուտբոլիստի անհատական վարպետության վրա: «Ինձ համար ֆուտբոլը հավասարակշռությունն է հարձակման ու պաշտպանության միջև: Եթե ուժեղ է միայն ձեր հարձակումը, կամ միայն պաշտպանությունը, ուրեմն չեք հաղթի», – ասում է Կապառոսը:

Մեթոդները

Կապառոսը շատ է աշխատում ֆուտբոլիստների անհատական որակները բարելավելու ուղղությամբ: Նա ամեն ինչ անում է, որ զարգացնի տվյալ ֆուտբոլիստի ուժեղ կողմը, իսկ ժամանակի ընթացքում փորձի ուղղել նաև բացերը: Այս ամենի համար նա ունի գործընկեր, որը կնկարահանի բոլոր մարզումները, ինչից հետո նա դիտում է մարզումն ու քննարկում ֆուտբոլիստների հետ անհատապես: «Ֆուտբոլիստի առջև պետք է մեծ պահանջներ դնել, բայց նաև պետք է թույլ տալ նրան սխալվել»:

Կապառոսն իր թիմերի հետ առանձին մարզում է անցկացնում ու աշխատում տակտիկայի, տեխնիկայի ու ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ: Հանդիպումներից առաջ Կապառոսը ֆուտբոլիստների հետ ուսումնասիրում է մրցակից թիմին, հասկանում նրանց ուժեղ ու թույլ կողմերը: Խաղի ավարտից հետո Կապառոսը ֆուտբոլիստների հետ քննարկում է տվյալ հանդիպման ամենաառանցքային դրվագներն ու մատնանշում խաղացողների սխալները:

Մեր ընտրանին

Ֆուտբոլիստների աճը

Կապառոսը երբեք չի զլանում ուսումնասիրել նոր, երիտասարդ ֆուտբոլիստների, որոնց շանս է տալիս ու օգնում իրացնել ներուժը, ինչն արդեն տեսնում ենք Հայաստանի հավաքականի օրինակով (Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան և այլոք): Ֆուտբոլիստները, որոնց ոչ ոք նախկինում չէր ճանաչում, անցնում են Կապառոսի «ձեռքի տակով» և դառնում աստղեր, հրավիրվում հավաքական, միլիոնների դիմաց տեղափոխվում այլ ակումբներ:

Այս առումով հիշարժան է Կապառոսի՝ «Սևիլիայում» անցկացրած էտապը 2000-ից 2005 թվականներին: Կապառոս-Մոնչի տանդեմն այդ տարիներին փոխեց անդալուսիական ակումբի պատմությունը՝ այդ թվում կադրերի ճիշտ ընտրությամբ: Մոնչիի գլխավորությամբ սկաուտական թիմը գտնում էր լավ երիտասարդների, իսկ Կապառոսն առավելագույնը քաղում նրանցից: Այդպես՝ բրազիլական «Բահիա» ակումբից «Սևիլիա» տեղափոխվեց Դանի Ալվեսը, որը հետագայում դառնալու էր 21-րդ դարի լավագույն աջ պաշտպաններից մեկը: 2003-ին ակումբը պայմանագիր է կնքում Ժուլիո Բապտիստայի հետ, որը Կապառոսի թեթև ձեռքով կենտրոնական կիսապաշտպանից դառնում է ռմբարկու և տեղափոխվում «Ռեալ»:

Caparros6  960x546 - Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

Կապառոսը նաև բացահայտում է Սերխիո Ռամոսին, Խեսուս Նավասին, Անտոնիո Պուերտային, որոնք հենց իսպանացի մասնագետի օրոք են նշում իրենց նորամուտը: «Սևիլիայում» իր վերջին մրցաշրջանում Կապառոսը մեկ այլ «հրաշք» է գործում. այս անգամ ասպարեզ է դուրս գալիս Ռենատոն, իսկ ակումբը մարզչի ցուցումով գնում է Ադրիանոյին: Կապառոսի փայլուն աշխատանքի շնորհիվ «Սևիլիայի» բյուջեն այդ տարիներին համալրվում է 100 միլիոն եվրոյով, իսկ թիմը՝ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոններով:

Բնավորությունը

Խոակին Կապառոսը պարզապես ստրատեգ չէ. նա խարիզմատիկ կերպար է, որի կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել: Իսպանացի մասնագետն ունի բնավորության առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կարողանում է ստեղծել հզոր թիմեր:

65-ամյա մասնագետը թիմում ամենից շատ գնահատում է հարգալից մթնոլորտն ու միասնականությունը: Արդեն հասցրեցիք համոզվել, թե ինչ տոնախմբություն է կազմակերպվում Կապառոսի թիմի հանդերձարանում, երբ կա հաղթանակ: «Մալյորկայում» աշխատելու տարիներին Կապառոսը ֆուտբոլիստներին նույնիսկ լիցքաթափվելու իր տարբերակներն է առաջարկել. «Եթե հոգնածություն եք զգում, հիշեք Իբիցայի խնջույքների, գարեջրի մասին»:

Caparros 10 1030x686 1 960x639 - Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

Կապառոսը նաև լավ հումոր ունի: Եղավ մի շրջան, երբ «Սևիլիայի» ֆուտբոլիստների բախտը չէր ժպտում մրցակցի դարպասի դիմաց. «Վստահ եմ՝ այս տարի մեզ համար հատուկ մրցանակ են հորինելու՝ դարպասաձողերի մրցանակը, որը մենք հաղթելու ենք մեծ առավելությամբ», – կատակել էր Կապառոսը:

Իսպանացի մասնագետը, սակայն, չի հանդուրժում անարդար վերաբերմունքն ու մամուլի տարածած սխալ տեղեկությունները: 2014-ին, երբ նա «Գրանադան» էր գլխավորում, «Ռեալի» դեմ խաղից առաջ հարցազրույց էր տվել Marca պարբերականին: Հեղինակավոր պարբերականն իր համարի գլխավոր էջում սխալ էր վերնագրել Կապառոսի խոսքերը. «Միայն խնդրում եմ, որ «Ռեալը» վրաերթի չենթարկի իմ թիմին»: Նախախաղային մամուլի ասուլիսում Կապառոսը չզսպեց իր զայրույթը:

«Իմ փորձը միշտ հուշում է, որ երբեք չպետք է հետևեմ լրատվամիջոցներին ու կարդամ թերթեր: Ես այդպես էլ անում եմ: Բայց սա ի՞նչ վերնագիր է. միայն խնդրում եմ, որ «Ռեալը» վրաերթի չենթարկի իմ թիմի՞ն: Ինչպե՞ս կարող եմ այս հայտարարությամբ մոտիվացնել իմ թիմին, մեր երկրպագուներին: Ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ես նույնիսկ սեփական հորս, որին բոլորից շատ եմ սիրում աշխարհում, ոչինչ հենց այնպես չեմ նվիրի», – ասաց Կապառոսն ու հենց ասուլիսի ժամանակ պատռեց Marca-ի այդ համարը:

Անցած ճանապարհն ու նվաճումները

Կապառոսը, որը ծնունդով Անդալուսիայի Ուտրերա քաղաքից է. այստեղ ամենուր ֆլամենկո էր, կիթառ, պալմաներ ու պարեր, բայց մանկության տարիներից Կապառոսը հասկացել է, որ իր գլխավոր կիրքը ֆուտբոլն է: «11 տարեկան էի, երբ ընկերներս լսեցին ինձ ու խաղացին այնպես, ինչպես ես էի ասել նրանց: Նրանք կիրառեցին իմ առաջին տակտիկան: Այդ պահին հասկացա՝ որն է լինելու իմ մասնագիտությունը», – պատմում է Կապառոսը:

Իսպանացին, այնուամենայնիվ, սկսում է իր ուժերը փորձել որպես ֆուտբոլիստ: Սկզբում ընդունվում է տեղի ակադեմիա, այնուհետև տեղափոխվում «Ռեալի» կանտերա: Բայց 26 տարեկանում նա հասկանում է, որ թոփ ֆուտբոլիստ չի դառնա, և սկսում է իր մարզչական երկար ճանապարհը:

Նույնիսկ պարտությունները պետք է վայելել. Կապառոս

Մի քանի տարի հանրությանը ոչինչ չասող թիմեր մարզելուց հետո («Մոտիլյա», «Մանսանարես», «Ալկասար», «Կոնկենսե» և այլն) Կապառոսը 1996-ին գլխավորում է իր առաջին պրոֆեսիոնալ ակումբը՝ «Ռեկրեատիվոն», որտեղ աշխատում է 3 տարի: Կապառոսի գլխավորությամբ «Ռեկրեատիվոն» Սեգունդա Բ-ից բարձրանում է Սեգունդա: 44-ամյա Կապառոսը պատրաստ էր ավելի մեծ թռիչքի՝ ավելի պատասխանատու ակումբում աշխատելուն:

Caparros consiguio categoria temporada Huelva 1450665125 119171176 1200x675 960x540 - Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

1999-ին նա գլխավորում է «Վիլյառեալը»՝ ակումբը, որը միակն է, որտեղ Կապառոսը ձախողել է: Այդ տարի «դեղին սուզանավը» իջնում է Սեգունդա:

Կապառոսի հաջորդ կանգառը «Սևիլիան» էր՝ իր քաղաքի գլխավոր ակումբը, որը Կապառոսը երազում էր մարզել: «Սանչես Պիսխուանի» պահեստայինների նստարանին լինելով՝ Կապառոսը «Սևիլիային» բարձրացնում է Լա լիգա, ու միանգամից դարձնում թիմ, որը պայքարում է եվրագավաթների համար: 2 անգամ նա թիմի համար նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթի ուղեգիր: Կապառոսը «Սևիլիայի» երկրպագուների համար լեգենդ դարձավ, «Սևիլիան» էլ մնաց իր սրտում. Կապառոսը որտեղ էլ գնում է, երբեք չի մոռանում անդալուսիական ակումբի մասին:

Caparros8 960x638 - Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

2005-ին մասնագետի պահանջարկն ավելանում է, նրա հետ ցանկանում են պայմանագիր կնքել «Դեպորտիվոն» ու «Վալենսիան»: 2 տարի «Դեպորտիվոյում» աշխատելուց հետո Կապառոսը գլխավորում է արդեն Բիլբաոյի «Ատլետիկը», որտեղ նրա թիմը խաղային մեծ աճ է գրանցում: Նա կրկին բացահայտում է որակյալ երիտասարդների (Խավի Մարտինես, Սուսաետա, Ֆերնանդո Լյորենտե) և բասկյան թիմին 2009-ին հասցնում Իսպանիայի գավաթի եզրափակիչ (25 տարվա դադարից հետո)՝ կիսաեզրափակիչում մրցաշարից դուրս թողնելով «իր» «Սևիլիային»:

Կապառոսը հետագայում շարունակեց աշխատել իսպանական տարբեր ակումբներում՝ «Լևանտեում», «Մալյորկայում», «Գրանադայում» և «Օսասունայում»: Կապառոսը նաև մարզել է արտասահմանյան երկու ակումբ՝ շվեյցարական «Քսամաքսը» և կատարական «Ալ Ահլին»: Կապառոսը դեռ կարող է ևս մեկ աշխատանքային այց կատարել Կատար:

2016-ին Կապառոսը շատ մոտ էր Իսպանիայի հավաքականը գլխավորելուն: Վիսենտե դել Բոսկեի հեռանալուց հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրություն էր կատարում հենց Կապառոսի և Խուլեն Լոպետեգիի միջև: Ի վերջո՝ Իսպանիայի հավաքականը գլխավորեց Լոպետեգին, բայց այդ պատմությունն այնքան էլ լավ ավարտ չունեցավ:

2019-ին Կուենկա քաղաքը ներկայացնող «Կոնկենսե» թիմը, որտեղ Կապառոսը խաղացել է ու մարզել այդ ակումբը, իր տնային մարզադաշտը՝ «Լա Բենեֆիսենսիան» անվանափոխեց Կապառոսի պատվին: Այն այժմ կոչվում է «Խոակին Կապառոս Կամինո»: Կապառոսն այդ քաղաքում ֆուտբոլի զարգացման գործում շատ մեծ ներդրում է ունեցել:

Joaquin Caparros municipal Cuenca autoridades 1362474100 104636116 1200x675 960x540 - Խոակին Կապառոս. ով է լեգենդար մարզիչը, որ խոստանում է Հայաստանի հավաքականին հասցնել Կատար

Այսպիսին է Խոակին Կապառոսը՝ Եվրոպայի մասշտաբներով բարձրակարգ ու փորձառու մասնագետ, որ սիրում է նոր մարտահրավերներ, սիրում է իր հետքը թողնել այն թիմերում, որ մարզել է,  սիրում է ուժեղացնել ու նոր խաղամակարդակի վրա բարձրացնել իր թիմերին: Կապառոսը տառապում է լեիկեմիա հիվանդությամբ, բայց նրա մեծագույն հիվանդությունը ֆուտբոլն է:

«Կապառոսյան». Marca-ի օրիգինալ արձագանքը՝ Հայաստանի հավաքականի հաղթանակին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա