Logo

«Լա Դեսիմայի» պապիկը վերադառնում է. 4 խնդիր, որ պետք է լուծի Անչելոտին «Ռեալում»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
المدرب الإيطالي أنشيلوتي - «Լա Դեսիմայի» պապիկը վերադառնում է. 4 խնդիր, որ պետք է լուծի Անչելոտին «Ռեալում»

«Ամեն նորը լավ մոռացված հինն է»: Այսպես «Ռեալը» կողմնորոշվեց գլխավոր մարզչի ընտրության հարցում: Ֆլորենտինո Պերեսը Զիդանին փոխարինողների իր ցանկում չուներ կատարյալ տարբերակ. Ալեգրին որակի ու փորձի առումով համապատասխանում էր պահանջներին, բայց ուներ խաղային այլ փիլիսոփայություն, ու նա էլ չսպասեց «Ռեալին» և պայմանագիր կնքեց «Յուվեի» հետ: Յոահիմ Լյովը շատ պարզ կերպով ինքնաբացարկ հայտարարեց: Ռաուլը հեռանկարային է, բայց դեռ պատրաստ չէ «Ռեալի» նման թիմ մարզել: Անտոնիո Կոնտեն էլ ուներ չափազանց բարձր ֆինանսական պահանջներ, իսկ նրա սկանդալային կերպարը ոչ մի լավ ապագա չէր խոստանում:

Ո՞վ մնաց: Հին ու բարի Պապա Կառլոն, որին բոլորը ճանաչում են, որին բոլորը սիրում են, որն ինքը լավ գիտի «Ռեալը», որն ամեն ինչով համապատասխանում է ակումբին, ու միայն բարդ իրավիճակը և հնարավոր լճացումն է, որ սպառնում է իտալացի մասնագետի նոր հաջողությանը Մադրիդում: Վերհիշենք Անչելոտիի առաջին էտապը «Ռեալում», զուգահեռներ անցկացնենք այդ ու այս իրավիճակների միջև, և հասկանանք՝ ինչ խնդիրներ ունի իտալացին իր առաջ:

«Դեսիմայի» պապիկը. ինչ արեց Կառլոն 2013-ից 2015 թվականներին

Երբ Անչելոտին առաջին անգամ գլխավորեց «Ռեալը»՝ 2013-ին բավական բարդ իրավիճակ էր. կազմը լավն էր, բայց թիմը հոգեբանորեն ընկճված էր, ավարտված մրցաշրջանը բավական անհաջող էր ստացվել՝ առանց տիտղոսի, Մոուրինյոն էլ փոթորիկ էր արել հանդերձարանում՝ վատ հարաբերություններ ունենալով մի շարք առաջատար ֆուտբոլիստների հետ:

Անչելոտին իսկական օրինակ ցույց տվեց՝ ինչպես կարելի է փոխել թիմի ներսում ամեն ինչ ընդամենը մեկ տարվա ընթացքում:

  • Կառլետոն, նախ, վերադարձրեց ժպիտն ու ուրախությունը հանդերձարանում: Չկար գոնե մեկ ֆուտբոլիստ, որ խնդիր ունենար մարզչի հետ, որ չունենար վստահություն, որ դժգոհեր թիմում իր կարգավիճակից:
  • Անչելոտին լուծեց դարպասապահի դիրքում առաջացած խնդիրը՝ ճիշտ ռոտացիա կիրառելով Կասիլյասի ու Դիեգո Լոպեսի միջև:
  • Իտալացին թիրախային փոփոխություններ արեց կազմում՝ վաճառելով «անպիտաններին» ու գնելով «բանալի» ֆուտբոլիստների, որոնք կարևոր դեր էին ունենալու թիմում. հեռացան Ալբիոլը, Կալյեխոնը, Հիգուայինը, Օզիլը, իսկ թիմ եկան Կարվախալը, Իսկոն ու Բեյլը:
  • Նոր շունչ տվեց ֆուտբոլիստների, որոնք կորցրել էին վստահությունը Մոուրինյոյի օրոք. Ռամոս, Պեպե, Մարսելո, Մոդրիչ, Բենզեմա…
  • Ընտրեց շատ ճիշտ մեկնարկային կազմ՝ չդավաճանելով իր ոճին. Անչելոտին կիրառեց «տոնածառ» սխեման՝ 3 կիսապաշտպանով (Ալոնսոն՝ հենակետային, եզրերում՝ Մոդրիչ և դի Մարիա), իսկ առջևում «ծնվեց» BBC լեգենդար եռյակը:
  • Կառլոն նաև ավելի շատ սկսեց շանս տալ երիտասարդներին, որոնք թիմի պահեստայինների նստարանն ավելի որակյալ դարձրին: Խեսեն վառ օրինակ է:
  • Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ «Ռեալի» խաղում հայտնվեց խաղային բալանսը՝ հավասարակշռությունը. թիմը լավ պաշտպանվում էր ու լավ հարձակվում:

Արդյունքում՝ Անչելոտին «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում անհավանական նվաճումների հասավ: Գլխավորը՝ հաղթեց երկար սպասված «Լա Դեսիման»՝ «Ռեալի» 10-րդ ՉԼ գավաթը, որին «Արքայական ակումբի» երկրպագուները սպասել էին 12 տարի: «Ռեալը» նվաճեց նաև «Արքայական գավաթը» (Բեյլի հայտնի մարաթոնյան վազքը), իսկ հետագայում արդեն Եվրոպայի Սուպերգավաթն ու Աշխարհի ակումբային գավաթը:

Carlo Ancelotti, el entrenador de la Décima | Real Madrid CF

Հաջորդ մրցաշրջանում Անչելոտիի թիմից հեռացան Խաբի Ալոնսոն ու Անխել դի Մարիան: Եկան Կեյլոր Նավասը, Խամես Ռոդրիգեսն ու Տոնի Կրոսը: «Ռեալի» խաղը որակապես ավելի բարձր մակարդակի վրա էր 2014/15 մրցաշրջանում: Անչելոտիի թիմը մրցաշրջանի առաջին հատվածում հաղթում էր ամեն ինչ ու բոլորին՝ ընդ որում դա անելով շատ գեղեցիկ և վստահ խաղով: Անչելոտին Մոուրինյոյից յուրացրել էր հակագրոհային խաղը, բայց դրան ավելացրել էր նաև հարձակվողական ֆուտբոլն ու գնդակը երկար վերահսկելու կարողությունը:

Խոսենք թվերով: 2014-ի սեպտեմբերից մինչև 2015-ի հունվարը «Ռեալը» միայն հաղթում էր. 22 անընդմեջ հաղթանակ բոլոր մրցաշարերում, որը հետագայում կարողացավ գերազանցել Ֆլիկի «Բավարիան» (23) ու չկարողացավ գերազանցել Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» (21): 10 տնային հաղթանակ, 12՝ արտագնա: 6 հաղթանակ ՉԼ-ում, 2՝ ԱԱԱ-ում, 2՝ Իսպանիայի գավաթում ու 12՝ Լա լիգայում: Խփած 80 գոլ ու բաց թողած 10 գոլ:

Ամեն ինչ փոխվեց 2015-ի հունվարին, երբ որոշ առաջատար ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացան, թիմն էլ ֆիզիկապես հոգնեց ու հագեցավ այդ հաղթարշավից: Մարտ-ապրիլ ամիսներին «Ռեալը» հերթով տանուլ տվեց բոլոր մրցաշարերում. սկզբում կորեց գավաթը, հետո՝ առաջնությունը, իսկ ՉԼ կիսաեզրափակիչում, չնայած խաղային մեծ առավելությանը, «սերուցքայինները» պարտվեցին «Յուվենտուսին»:

Չնայած՝ Անչելոտիի օրոք «Ռեալը» 2 հրաշալի մրցաշրջան անցկացրեց, հաղթեց տիտղոսներ ու երկրպագուներին գոհացրեց լավ ֆուտբոլով, Ֆլորենտինո Պերեսը որոշեց հեռացնել Անչելոտիին՝ այդ ժամանակ իր որոշումը բացատրելով թիմի՝ նոր իմպուլսի անհրաժեշտությամբ: Իսկ երեկ, երբ նրան հարցրին՝ ինչն էր Անչելոտին սխալ արել, որ նրան հեռացրել էր 2015-ի մայիսին, Պերեսը շատ պարզ պատասխան էր տվել. «Չգիտեմ»:

Մեր ընտրանին

Անչելոտի II. Ինչ խնդիրներ ունի Կառլետոն հիմա

Անչելոտին «Ռեալի» ղեկը ստանձնում է կրկին ծանր իրավիճակում: Կարելի է ասել, որ հիմա ամեն ինչ շատ ավելի բարդ է. խնդիրներն ավելի շատ են՝ կազմը ոտքից գլուխ պետք է փոխել, իսկ ճնշումն ու պատասխանատվությունն ավելի մեծ. «Լա Դեսիման» նվաճած մարզչից սպասումներն ավելի մեծ են: Իսկ հիմա ավելի կոնկրետ. ինչ խնդիրներ ունի Անչելոտին՝ «Ռեալին» կրկին օլիմպ բարձրացնելու համար:

Ռամո՞ս, թե՞ Վարան

Սերխիո Ռամոսի ու Ռաֆայել Վարանի ապագան ավելի քան մշուշոտ է «Ռեալում»: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռամոսի ու ակումբի միջև բանակցություններն արդեն ավարտվել են ու սևիլիացին հեռանալու է Մադրիդից հաջորդ ամիս: Վարանն էլ իր ժամանակահատվածը «Ռեալում» ավարտված է համարում ու նոր թիմ է փնտրում, «Ռեալն» էլ պատրաստ է բաժանվել ֆրանսիացուց՝ լավ առաջարկի դեպքում: Վարանին շահավետ պայմանագրեր են առաջարկել ՄՅՈւ-ն ու ՊՍԺ-ն, և այդ առաջարկների հետ «Ռեալը» չի կարող մրցակցել:

OptaJean on Twitter: "1 - Real Madrid have not played a Champions League game without both Raphael Varane and Sergio Ramos since December 2018 against CSKA Moscow (0-3 defeat). This is the

Նույնիսկ Ալաբայի ձեռքբերումը չի լրացնի Ռամոսի ու Վարանի կորուստները: Ուստի՝ իտալացի մասնագետը պետք է խոսի երկուսի հետ էլ ու հասկանա՝ որին է կարողանում համոզել մնալ: Ռամոսը 35 տարեկան է, ու նրա հետ երկարաժամկետ հույսեր կապել հնարավոր չէ, բայց Վարանի վաճառքից էլ թիմը կլորիկ գումար կարող է ստանալ:

Առաջիկա 20-25 օրերի ընթացքում պարզ կդառնա՝ որ ֆուտբոլիստն է մնում, որը՝ հեռանում:

«Մաքրել» կազմը. բա ո՞ւմ «փրկել»

Ակնհայտ է, որ «Ռեալի» այս կազմը վերջնականապես սպառել է իրեն, ու այս իրավիճակում նույնիսկ երիցուկով թեյը չի փրկի թիմին: Մարսելո, Յովիչ, Մարիանո, Իսկո, Ասենսիո: Բոլորը ենթակա են վաճառքի, քանի որ վերջին 2 մրցաշրջաններում գրեթե ոչինչ չեն տվել թիմին: Յովիչին ու Մարիանոյին Կառլետոն կարող է վաճառել՝ առանց աչքը թարթելու, բայց Մարսելոյի ու Իսկոյի հետ իտալացին ունի ջերմ հիշողություններ ու լավ հարաբերություններ, կարճ ասած՝ ունի նույն խնդիրը, ինչն ուներ Զիզուն՝ կազմը «մաքրելու» հետ կապված: Այս ֆուտբոլիստների, ինչպես նաև Ասենսիոյի հարցով Անչելոտին դեռ կմտածի:

Real Madrid Outcast Isco Has Most Talent of Any Player at Club, Says Marcelo | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Պարզ չէ նաև, թե ինչ է որոշելու իտալացին Բեյլի ու Ազարի մասով: Նրանք չափազանց թանկ են նստում ակումբի վրա, բայց ակումբին չեն տալիս ոչինչ: Բեյլն ու Ազարը, ըստ իսպանական մամուլի տվյալների, ստանում են 15-ական միլիոն եվրո: Նրանց իրավիճակները մի փոքր տարբեր են: «Ռեալը» սպասում է ԵՎՐՈ 2020-ի ավարտին՝ տեսնելու, թե ինչ կտա այդ մրցաշարը բելգիացուն. գուցե այն վերադարձնի՞ նրա վստահությունը: Բեյլն էլ, կարծես, մտադիր է ավարտել կարիերան, մնում է հասկանալ՝ հիմա՞, թե հաջորդ տարի:

Ի՞նչ անել վարձավճարով խաղացող ֆուտբոլիստների հետ

«Ռեալն» ունի ֆուտբոլիստների երկար ցանկ, որոնք խաղում են վարձավճարով տարբեր ակումբներում: Խեսուս Վալյեխո, Բորխա Մայորալ, Ռեինիեր, Բրահիմ Դիաս, Մարտին Էդեգոր և Դանի Սեբալյոս: Անչելոտին պետք է որոշի՝ նրանցից ով է գնում և ով մնում: Մեկ այլ գլուխկոտրուկ իտալացի մասնագետի համար:

Մեծ է հավանականությունը, որ այս ֆուտբոլիստներից Մադրիդ կվերադառնա միայն Էդեգորը, որը դեռ շատ երիտասարդ է և որի լավ ապագային շատ են հավատում ակումբի ղեկավարները: Նորվեգացին վերջին 6 ամիսն անցկացրեց «Արսենալում»:

PSG Mercato: Arsenal Fears the Potential Interest From Paris SG for Martin Odegaard - PSG Talk

Վարձավճարով խաղացող ֆուտբոլիստներից բացի Անչելոտին նաև պետք է հասկանա՝ որ ֆուտբոլիստներն են բարձրանալու առաջին թիմ «Կաստիլյայից»: «Ռեալի» երկրորդ թիմում ամենից լավ տպավորությունը թողնում են ձախ պաշտպան Միգել Գուտիերեսը, որը կարող է դառնալ Ֆեռլան Մենդիի փոխարինողը, եթե հեռանա Մարսելոն, և կենտրոնական կիսապաշտպան Բլանկոն: 31-ամյա Կրոսն ու 35-ամյա Մոդրիչն այլևս չեն կարողանա 50 խաղ անցկացնել մրցաշրջանում:

Ո՞վ է գալու. Մբապեն՝ առաջնահերթություն

Անչելոտին պետք է հասկանա՝ որ ֆուտբոլիստն է լինելու իր նոր նախագծի հիմնաքարը: Ամեն ինչ տանում է նրան, որ այդ ֆուտբոլիստը պետք է լինի Կիլիան Մբապեն:

«Ռեալը» լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում: Առհասարակ, ակումբին պետք է նոր սուպերտրանսֆեր, և էլ ո՞վ, եթե ոչ Մբապեն պետք է լինի Պերեսի նոր «գալակտիկոսը»: Անչելոտին պետք է դիտարկի նաև այլընտրանքային տարբերակներ, քանի որ ՊՍԺ-ի ձեռքից Մբապե փախցնելը հեշտ գործ չէ: Իտալացին պետք է նախ կողմնորոշվի՝ ինչ ֆուտբոլ է խաղալու իր «Ռեալը», հասկանա՝ ով է թիմում պակասում իր գաղափարներն իրականացնելու համար, կազմի տրանսֆերային ցանկ և այն ուղարկի Պերեսին:

Football news - PSG striker Kylian Mbappe has already agreed terms with Real Madrid - Paper Round - Eurosport

«Ռեալի» համար սկսում է նոր ժամանակաշրջան՝ հին դերակատարներով: Նոր կազմ, նոր խաղ ու նոր նպատակներ: 2015 թվականին աբսուրդային կհնչեր, բայց փաստը մնում է փաստ. Զիդանն արդեն «Ռեալի» անցյալն է, իսկ ապագան՝ Անչելոտին է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա