Logo

Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 29.03.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
165897055 1676757952530233 942645743531937582 o - Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:07

-

-

Հայաստանի հավաքականը մեծ ուրախություն պարգևեց հայ ժողովրդին՝ մեզ համար այս ծանր ժամանակներում: Մեր ընտրանին կարողացավ իր պատմության լավագույն մեկնարկը գրանցել Աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ առաջին 2 խաղում մեկնարկելով անընդմեջ հաղթանակներով, այն էլ՝ չոր հաշիվներով: Հաջողությունները, սակայն, կարող են չեզրափակվել Իսլանդիայով: Ներկայացնում ենք 5 պատճառ, թե ինչու կարող ենք և ՊԵՏՔ Է երազենք պատմություն կերտելու և Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին:

Կազմ, որ նման է նման է «ոսկե թիմին»

Նայելով մեր ընտրանու կազմին՝ հասկանում ենք, որ ի տարբերություն նախորդ 2-3 տարիների՝ գրեթե բոլոր օղակները լավ վիճակում են: Այս թիմը հիշեցնում է մեր «ոսկե թիմին»՝ Վարդան Մինասյանի գլխավորած կազմին, որը շատ մոտ էր ԵՎՐՈ 2012-ի գոնե անցումային խաղերին մասնակցելուն:

Դարպասապահի դիրքում լուծումը, կարծես, գտնվել է: Հիմա էլ, ինչպես այն տարիներին Բերեզովսկին էր, մեր դարպասապահը փորձառու է ու բավական բարձրակարգ. Դավիթ Յուրչենկոն վստահություն է հաղորդում: 35-ամյա ֆուտբոլիստը Լիխտենշտեյնի դեմ հանդիպման ժամանակ անելիք չուներ, սակայն Իսլանդիայի դեմ խաղում հնարավորություն ունեցավ իր որակները ցույց տալու: Երկրորդ խաղակեսում, երբ հաշիվը դեռ 1-0 էր, Ջոն Բոդվարսոնի հարվածի ժամանակ Յուրչենկոն փրկեց թիմին, ինչն այս խաղի առանցքային պահերից մեկն էր: Յուրչենկոյի հետ կարող ենք ճանապարհ գնալ:

Մեր ընտրանու պաշտպանությունը նույնպես տպավորեց. 2 խաղում գոլ բաց չթողնելն արդեն ամեն ինչ ասում է: Լիխտենշտեյնի խաղը, եթե ուզում եք, կարող ենք չհաշվել, բայց իսլանդացիների դեմ խաղում մեր թիմն աչքի ընկավ թիմային քանակական լավ պաշտպանությամբ և անհատների անձնուրաց գործողություններով: Պետք է առաջինն ընդգծել Վարազդատ Հարոյանի անունը, որը բառի բոլոր իմաստներով Իսլանդիայի դեմ խաղի ավագն էր: Հարոյանը ոչ միայն վստահ խաղ ցույց տվեց պաշտպանությունում՝ մի շարք դրվագներում վնասազերծելով մրցակիցներին ու նրանց գրոհները, այլ նաև ցույց էր տալիս առաջատարի բարձր որակներ: Թոփ հանդիպում անցկացրին նաև Կամո Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանն ու Հովհաննես Համբարձումյանը:

166191861 10165228790185247 454627283822478268 o 960x662 - Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

«Մեզ պետք էր հանգիստ ու հավասարակշռված խաղ կենտրոնում, այդ պատճառով էլ խաղաց Ուդոն և հրաշալի արեց իր գործը», – նշեց Կապառոսը Իսլանդիայի դեմ խաղից առաջ՝ խոսելով Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում իր՝ Սոլոմոն Ուդոյին վստահելու որոշման մասին: Ուդո – Արտակ Գրիգորյան զույգը իսլանդացիների դեմ էլ հրաշալի արեցին իրենց աշխատանքը: Նրանք, ինչպես բնորոշում են Իսլանդիայի հավաքականի տարբեր ներկայացուցիչներ, իսկապես կռվում էին խաղադաշտում և փակում մրցակցի հարվածները, գրոհները, անցումների փորձերը: Նրանց խաղը հիշեցնում է Կառլեն Մկրտչյանին:

Հարձակման գծում այս թիմում մեծ թարմություն կա: Խորեն Բայրամյան, Սարգիս Ադամյան, Բրիասկո Բալեկյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան… այսպիսի ընտրությունը Կապառոսին տալիս է տարբեր մարտավարություններով խաղալու տարբեր հնարավորություններ, և սա էլ դեռ մեր ամբողջ զինանոցը չէ: Չէին խաղում Մխիթարյանը, Ղազարյանը, դեռ իրենց հնարավորությունը կստանան երիտասարդներ Բիչախչյանը, Շաղոյանը: Այս հարձակման գիծը որոշակիորեն հիշեցնում է այն տարիներին, երբ Դանիային ու Սլովակիային 4 գոլ էինք խփում, բայց նաև պետք է փաստենք, որ դեռ չունենք Յուրա Մովսիսյանի նման «մարդասպան» հարձակվողի, այլապես, օրինակ՝ Լիխտենշտեյնին կհաղթեինք շատ ավելի խոշոր հաշվով ու չէինք մնա մրցակցի ինքնագոլի «հույսին»:

Մեր ընտրանին

ՀՖՖ «տրանսֆերային» քաղաքականությունը

ՀՖՖ-ն իրականացնում է արմատական ու խորը տրանսֆերային քաղաքականություն՝ տարբեր օղակներում: Նախ՝ ՀՖՖ-ն հզորացնում է իր ենթակառուցվածքները: Առաջին լուրջ ձեռքբերումը Խինես Մելենդեսի ժամանումն էր Հայաստան. Մելենդեսն ունի հսկայական փորձ իսպանական ֆուտբոլում, որտեղ երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել: Նրա հետ եկան նաև «Սևիլիայի» լեգենդար մարզիչ Խոակին Կապառոսը, ֆիզպատրաստվածության մարզիչ Խավիեր Մինյանոն, որը նույնպես հարուստ փորձ ունի, և աշխատել է Վիսենտե դել Բոսկեի շտաբում՝ թե՛ «Ռեալում», թե՛ Իսպանիայի հավաքականում: Անցկացվեցին մարզչական դասընթացներ, կիրառվեցին արտասահմանյան մեթոդներ, փոխվեց մոտեցումը հանրության շրջանում ֆուտբոլի հանդեպ:

cCrwzkcH0Huw0G5DKveUYThn8X 960x729 - Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

Կազմի թարմացումն էլ մեծապես կախված է հենց այս «տրանսֆերային» քաղաքականության հետ. հրավիրվեցին Յուրչենկոն, Բայրամյանը, Կորյանը ու Սպերցյանը: Ու հիմա էլ շարունակվում են հայազգի ֆուտբոլիստների փնտրտուքները: Շատ է խոսվում Արգենտինայում խաղացող Լուկաս Սելարայանի մասին: Նրան Հայաստանի հավաքական հրավիրելը լուրջ հզորացում կլինի:

Եթե Կապառոսի թիմը շարունակի հաջողությունների շարքը, Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելն ավելի գրավիչ կլինի արտասահմանում խաղացող մեր մյուս հայրենակիցների համար:

Կապառոս. ամենաբարձրակարգ մարզիչը երբևէ

2020-ի մարտի 10-ին Խոակին Կապառոսը նշանակվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ օրն իսկապես մեր հավաքականի համար նոր էջ բացվեց, և այդ էջը բացվելու էր՝ անկախ նրանից՝ ինչ կազմ էինք ունենալու և ինչ ֆուտբոլիստներ էին հրավիրվելու: Կապառոսն իր փորձով ու կարգով լավագույնն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ. նա իր տրամադրության տակ ունեցած կազմով ինչ-որ նվաճման հաստատ հասնելու էր:

Կապառոսի նշանակումից անցել է ավելի քան մեկ տարի: Իսպանացի մասնագետը հասցրել է նվաճել հայ երկրպագուների սրտերն իր կատարած աշխատանքով:

  • Կապառոսը նշանակվելու պահից սկսած լուրջ մոնիթորինգ իրականացրեց ներքին և արտասահմանյան տիրույթում: Նա դիտում էր/է VBET Պրեմիեր լիգայի ու Առաջին խմբի խաղերը:
  • Հիմնվելով իր տեսած ֆուտբոլիստների խաղի, տեսանյութերի, ինչպես նաև իրեն հատկացված տեղեկության վրա՝ Կապառոսն ընտրություն է կատարում:
  • Իսպանացի մասնագետը չի վախենում շանս տալ երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց մեջ հեռանկարներ է տեսնում: Նրա օրոք հավաքականում 10 ֆուտբոլիստ (Սոլոմոն Ուդո, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Արշակ Կորյան, Սերոբ Գրիգորյան, Դավիթ Յուրչենկո, Յուրի Գարեգինյան, Հակոբ Հակոբյան, Ժիրայր Շաղոյան,) նշել է իր նորամուտը, իսկ ընտրական առաջին խաղերի համար նրա ընդլայնված հայտացուցակում ընդգրկվեցին 17-ամյա Էրիկ Սիմոնյանին ու 20-ամյա Էդուարդ Սպերցյանին:
  • Կապառոսն իր տակտիկական տարատեսակ մոտեցումներով կարողանում է պատրաստ լինել ցանկացած տեսակի խաղի և ընտրել իրարից տարբերվող մարտավարություններ:
  • Ի վերջո, իսպանացին ցույց է տալիս արդյունք. Հայաստանի հավաքականը հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում, հաղթեց ԱԱ ընտրական այս մրցաշարի առաջին երկու խաղում: Միայն վերջին 7 խաղից 5-ում Հայաստանը հաղթել է, 2-ում՝ ոչ-ոքի անցկացրել:
  • Կապառոսը կարողանում է համախմբել բոլորին ու թիմային մթնոլորտ ստեղծել: Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո նա խնդրեց հնչեցնել ՀՀ օրհներգը, իսկ Իսլանդիայի դեմ խաղից առաջ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լիխտենշտեյնին հաղթելու համար: Կապառոսը ոչ միայն մարզում է, այլ նաև զգում է Հայաստանը:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 5 960x640 - Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

«Մեր հիմնական նպատակը Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելն է, որին Հայաստանի հավաքականը երբեք չի մասնակցել», – հայտարարել էր Կապառոսը: Այժմ բոլորը հավատում են նրան:

Իսկ ո՞վ է «նոր Հենոն»: Ավելի ուժեղ Հենոն է

Հավաքականի այս վերելքի ֆոնին անչափ կարևոր է, որ ավագն ու առաջատարը՝ Հենրիխ Մխիթարյանը նույնպես լավ ժամանակներ է անցկացնում:

Մխիթարյանի գործերն ակումբային կարիերայում հաջող ընթացքի մեջ են: Գոնե անհատական առումով դա այդպես է: Հենրիխը հեռացավ Պրեմիեր լիգայից ու իրեն վերգտավ Ա սերիայում, գրանցում է հրաշալի ցուցանիշներ (33 խաղ, 11 գոլ, 11 գոլային փոխանցում), ինչպես նաև ցուցադրում ավելի հասուն խաղ, քան տարիներ առաջ: Մխիթարյանը միաձուլել է իր խաղային բոլոր առավելությունները՝ մեծ ծավալի աշխատանք, ավելի լավ ֆիզիկական պատրաստվածություն, արդյունավետ խաղ հարձակման գծում, որին նախորդ տարիների համեմատ գումարվել է նախաձեռնողականությունն ու փորձի հետ ձեռք բերված հասունությունը: Այս ամենը Հենոն ցույց է տալիս «Ռոմայում», ու այն կտեղափոխի նաև հավաքական: 32-ամյա Մխիթարյանն այն նավապետն է, որ կարող է առաջնորդել մեր հավաքականին դեպի Կատար:

121323123 10164505487040247 5749210340067209949 o - Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

Բարենպաստ խումբ

J խումբը մեզ համար ամենաբարենպաստն է, որտեղ կարող էինք հայտնվել ընտրական այս փուլում:

Իրատես լինենք ու խոստովանենք, որ ոչ մի դեպքում չէինք կարող հավակնել առաջին հորիզոնականին: Մենք պետք է միայն պայքարենք 2-րդ հորիզոնականի համար, իսկ այդ դեպքում մեզ պետք է վառ ընդգծված ֆավորիտ հավաքական ու համեմատաբար ավելի հեշտ մրցակիցներ՝ 2-րդ տեղի պայքարում: Դա այն է, ինչ մենք ունենք մեր խմբում: Առաջինը Գերմանիան է՝ լավագույն հավաքականներից մեկն աշխարհում, որ տեսականորեն կարող է բոլոր թիմերին հաղթել մեր խմբում: 2-րդը Ռումինիան է. 2-րդ զամբյուղից մեզ կարող էին բաժին հասնել Սերբիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Թուրքիան, Ավստրիան, Սլովակիան, Ուելսը և Լեհաստանը: Համաձայնեք, որ Ռումինիան նրանցից «ամենաընդունելի» տարբերակն է:

Նույնը կարող ենք ասել նաև Իսլանդիայի մասին: 3-րդ զամբյուղում կային ավելի ուժեղ թիմեր՝ Ռուսաստան, Իռլանդիա, Չեխիա, Հունգարիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Հյուսիսային Իռլանդիա: Իսլանդիան իր փառքի էտապից՝ 2016-ից հետո զգալիորեն թուլացել է, ինչը շատ լավ երևաց նաև «Հանրապետական» մարզադաշտում:

Բայրամյան 960x640 - Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

Ընտրական փուլից դեռ երկու տուր է անցել: Բոլորը դեռ տաք են ու ցնծում են: Պետք չէ ժամանակից շուտ երկինք հասնել ու գնել Կատարի տոմսերը, բայց, ինչպես հասկացանք, ունենք բավարար պատճառներ՝ պատմական նվաճման մասին գոնե երազելու համար: Իսկ երազելը մեծ ճանապարհ անցնելու փոքրիկ, բայց առաջին քայլն է:

Ռոբերտ Արզումանյան. «Գովելի է, որ Կապառոսը չի վախենում փոփոխություններից»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա