Logo

«Մեսի Սեն Ժերմեն». 3 խնդիր, որոնց կբախվեն ՊՍԺ-ն ու Լեոն

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 11.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
glavni - «Մեսի Սեն Ժերմեն». 3 խնդիր, որոնց կբախվեն ՊՍԺ-ն ու Լեոն

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ն նման էր սիրուհու, որը վերցրել էր հարուստ օլիգարխ սիրեկանի բանկի անսահմանափակ քարտն ու ցունամի արել Եվրոպայի ամենանորաձև քաղաքների բուտիկներում։ Միլանից Փարիզ եկավ Ջիջի Դոնարուման, Մադրիդից՝ Ռամոսը։ Կատալոնիայի սրտից էլ կատարցի շեյխերը պոկեցին Լեո Մեսիին։ Արգենտինացի հանճարին մի փոքր դժվար է պատկերացնել այլ թիմի մարզաշապիկով, բայց մի պահ փորձեք։ Ստացվե՞ց։ Իսկ հիմա պետք է փակել աչքին ու տեսնել՝ ինչ դիրքում է խաղալու Մեսին։ Այստեղ էլ գալիս են գլխավոր խնդիրները։

Դեռևս կովիդային եվրամրցաշրջանի ժամանակ, երբ ֆրանսիական գրանդը հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու պարտվել «Բավարիային», ակումբի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կտրուկ արտահայտվեց թիմի մասին՝ բերելով չոր, բայց ճշգրիտ բացատրություններ։ «ՊՍԺ-ն ունի թոփ ֆուտբոլիստներ՝ Նեյմար, Մբապե, դի Մարիա։ Բայց թիմում կա բալանսի պակաս։ Կերերն ու Գեյեն լավ ֆուտբոլիստներ են, սակայն նրանց հետ Եվրոպայում չես հաղթի։ Թիմին պետք են լուրջ խաղացողներ», – ասել է Բլանը։

Շեյխերը նախորդ մրցաշրջանում չկրկնեցին նույն արդյունքն ու որոշեցին գնել բոլորին։ Ռամոսի ու Ջիջիի տրանսֆերին ավելացրեք նաև Վեյնալդումին և, իհարկե, Մեսիին ու կստանաք հետևյալ պատկերը։ Յուրաքանչյուր դիրքում մեկական ուժեղացում։ Ռամոսի հետ կապված հավանական խնդիրների մասին մենք արդեն գրել ենք։ Դոնարումայի ու Վեյնալդումի պարագայում ոչ մի հարց չի ծագի։ Փոխարենը, Մեսիի հարցում արդեն հիմա կարելի է կանխատեսել մի քանի խնդիր։

Մեսի – Իկարդի

Այն օրը, երբ հատնի դարձավ, Լեո Մեսին մոտ է Փարիզ տեղափոխվելուն, միանգամից պարզ դարձավ, այդ քաղաքում այլևս չի խաղալու Վանդա Նարայի ամուսինը։ Մաուրո Իկարդիի ու Լեոյի «չքնաղ» հարաբերությունների մասին հայտնի է բոլորին։ Եվրոպական ինսայդերները գրում են, որ Իկարդիին սպասում են Ապենինյան թերակղզում։ Առնվազն 3 թիմ նրան հիանալի պայմաններ կառաջարկի՝ «Ինտեր», «Ռոմա», «Յուվենտուս»։ Ընտրությունը պետք է կատարի Նարան։

b0af0b0d30f34090a59347ba2ce20432 960x540 - «Մեսի Սեն Ժերմեն». 3 խնդիր, որոնց կբախվեն ՊՍԺ-ն ու Լեոն

Եթե նույնիսկ ենթադրենք, որ Մեսին ու Իկարդին ունեն իսկապես չքնաղ հարաբերություններ, միևնույնն է՝ «տատուախեղդ» հարձակվողին Փարիզում պարզապես տեղ չի լինի։ Նեյմար, Մբապե, Դի Մարիա, Մեսի, Սարաբիա ու Իկարդի։ Ակումբում ավելի շատ կընտրեն Սարաբիային Իկարդիի փոխարեն, քանի որ իսպանացի ֆուտբոլիստն ավելի մոբիլ է ու կարող է փակել ցանկացած դիրք հարձակման գծում (ինչպես Մեսին), իսկ Իկարդին միայն տուգանայինի հարձակվող է։ Մի խոսքով, Au revoir, Մաուրո Իկարդի։

Մեր ընտրանին

Հեղինակություն

Որտեղ երբևէ Մեսին խաղացել է, եղել է անվիճելի առաջատար ինչպես հանդերձարանում, այնպես էլ խաղադաշտում։ ԱԱ-2018-ի ժամանակ գրանցված դեպքերից մեկը դրա ուղիղ վկայությունն է։

Արգենտինայի հավաքականը Խորվաթիային 0-3 հաշվով պարտվելուց հետո ավելի քան 40 րոպե դուրս չէր գալիս հանդերձարանից: 50+ լրագրող աշխարհի տարբեր անկյուններից սպասում էր հարավամերիկացիների գեթ մեկ մեկնաբանության։ Երբ բացվեցին խառը գոտու միջանցքի դռներն ու հայտնվեցին արգենտինացիները, տեսարանը հիշեցնում էր բանակի շարային ստուգատես. ֆուտբոլիստները, շարված ըստ ծոծրակի, սպասում էին Մեսիի հրամանին։ Նրանք քայլեցին միայն դրանից հետո, ու ոչ-ոք կանգ չառավ ու խոսք նույնիսկ չասաց։ Խղճալով լրագրողներին, Մասկերանոն փորձեց մի քանի բառ ասել լրագրողներից մեկին, երբ նկատեց կանգ առած թիմին ու Մեսիի ոչնչացնող հայացքը։ Հաջորդ վայրկյանին Մասկերանոն շարք վերադարձավ ու միացավ թիմակիցներին։

Սա խոսում է Մեսիի ազդեցության մասին։ Մամուլում շրջանառվող լուրերն, որ «Բարսայում» մարզիչները նշանակվում էին Լեոյի կարծիքը հաշվի առնելուց հետո, թեպետ չունեն ոչ մի պաշտոնական ապացույց, բայց ծուխն առանց կրակի չի լինում։ Փարիզում այդ հարցը չի ծագելու, քանի որ նա է այնտեղ հյուրը, այլևս չի լինելու կամք թելադրող։ Երևի։

lionel messi psg mauricio pochettino 960x540 - «Մեսի Սեն Ժերմեն». 3 խնդիր, որոնց կբախվեն ՊՍԺ-ն ու Լեոն

Մարզչի հետ հարբերությունները պետք է որ լավ դասավորվեն. «յուրաքանչյուր մարզիչ երազում է լավագույններին մարզելու մասին։ Մեսին նրանցից մեկն է։ Մեծ պատիվ կլինի նրա մարզիչը լինելը», – ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։ Եթե այս խոսքերին գումարենք նաև Պոչի՝ արգենտինացի լինելու հանգամանքը, ամեն ինչ ավելի է հեշտացնում։ Մեսին Պեպից հետո վերջապես կունենա մարզիչ, որին ոչինչ չի սովորեցնի ու չի արհամարհի։

Բայց հեղինակության հետ կապված կլինեն հարցեր դաշտի սահմաններում ու հանդերձարանում։ Այս թիմում արդեն կա «ասիչ», ու մեկի փոխարեն՝ մի քանիսը։ Թիմի ավագ Մարկինյոսին, փոխավագ Կիմպեմբեին, Նեյմարին ու Մբապեին մի քանի շաբաթ առաջ գումարվեց նաև Ռամոսը։ Հիմա էլ Լեոն։ Իհարկե, ոչ ոք չի մոռանում Մեսիի ու Ռամոսի անառողջ մրցակցությունը Կլասիկոներում, բայց նրանք պրոֆեսիոնալներ են ու, իհարկե, կմոռանան դրանք։ «Իմ թիմում միշտ էլ տեղ է լինելու Մեսիի համար։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է», – ասել է Ռամոսը։

Դիրք

Փարիզում Մեսիի հայտնվելը, իհարկե, ֆանտաստիկ է Պոչետինոյի համար, սակայն հաճելիի հետ լինելու են նաև գլխացավեր։ Որտե՞ղ տեղավորել հանճարին։ Մի բան պարզ է՝ որտեղ էլ Պոչը տեղավորի, մեկը հաստատ տուժելու է։ «Բարսայում» Մեսին գործում էր հարձակման ամբողջ երկայնքով՝ եզրերում, կենտրոնական հարձակվողի կամ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։

Եթե Մեսիին Պոչը դրեց եզրում՝ դրանից տուժում է բացառապես Անխել դի Մարիան։ Մեսիի հայրենակիցը ընտիր է նայվում աջ թևում։ Նեյմարի դիրքը կասկած չի հարուցում։ Լեոն անհրաժեշտության դեպքում կարող է խաղալ նաև կեղծ/«9» համարի դիրքում, ինչը նշանակում է, աջ թևը կտրամադրվի Մբապեին, որտեղ ֆրանսիացի յանգստերն իրեն նույնպես զգում է ինչպես ձուկը ջրում։

Messi PSG Mbappe scaled e1628371875585 1024x684 1 960x641 - «Մեսի Սեն Ժերմեն». 3 խնդիր, որոնց կբախվեն ՊՍԺ-ն ու Լեոն

Եթե Պոչետինոն գնա ռիսկի ու թողնի բոլոր 4-ին, Մեսին կամ դի Մարիան կարող են դիրքերով փոխվել ու հաջողությամբ խաղալ «10» համարի դիրքում։ Բայց դա առաջացնելու է խնդիրներ։ Նշածս 4 ֆուտբոլիստներից ոչ մեկը չի սիրում նահանջել կամ գնալ պրեսինգի։ Ենթադրաբար, հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում պետք է լինի մեկը, որը կիջնի ու կօգնի պաշտպաններին։ 35 տարեկան Մեսիին այդ դերում մի տեսակ դժվար է պատկերացնել։

Ամեն դեպքում, որտեղ էլ խաղա Լեոն, այս տրանսֆերով ՊՍԺ-ն մի ակնթարթում դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթողի թիվ 1 ֆավորիտ։ Այս թիմից բոլորը սարսափահար են լինելու։ Արգենտինացին հենց այն փարիզյան հսկա տորթի պակասող բալն էր։ Ու եթե Մեսիի հետ էլ չհաջողվեց նվաճել ականջավոր գավաթը, շեյխերը պետք է մեղադրեն միայն իրենք իրենց, քանի որ միշտ չէ, որ շատ փողը արդյունք է ապահովում։ Նույնիսկ, եթե քո թիմում խաղում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա