Logo

«Մեսիի հարվածը կրկնելը վտանգավոր է». ինչպես Լեոն կատարելության հասցրեց տուգանայինները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 05.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
barc 1 - «Մեսիի հարվածը կրկնելը վտանգավոր է». ինչպես Լեոն կատարելության հասցրեց տուգանայինները

Կատակը, որ Մեսին ավելի լավ է տուգանային հարված իրացնում, քան 11-մետրանոցները, կրկին ակտուալ դարձավ, «Վալենսիայի» դեմ խաղում: Արգենտինացին վրիպեց 11-մետրանոցից, սակայն շքեղ ու հաղթական գոլ խփեց տուգանայինից: Բայց յուրաքանչյուր լավ կատակ որոշակի ճշմարտություն է ներառում, իսկ այս դեպքում նույնիսկ բազմաթիվ հիմնավորումներ ունի: Մեսին իսկապես ավելի լավ է իրացնում տուգանային հարվածները և ինքն էլ բացատրում է, թե ինչու: 10 տարի առաջ նա տուգանային հարվածներից գոլերով զգալի զիջում էր Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ հիմա՝ արդեն հավասարվել է: Հաշվի առնելով, թե արգենտինացին ինչ տեմպերով է առաջ գնում, հնարավոր է, որ շուտով առաջ պոկվի:

Լա Մասիայում չեն սովորեցրել տուգանային իրացնել

«Բարսելոնայի» ակադեմիայում տուգանային հարվածների վրա գրեթե չեն աշխատում: Հիմնականում մարզում են ֆուտբոլիստների տեխնիկան, թիմային խաղը, աշխատում են հոգեբանության և միասնականության, փիլիսոփայության ու մրցակիցների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև սեփական խաղաոճի հղկման շուրջ: «Լա Մասիայում» տուգանայիններն իրացնում էին շատ ֆուտբոլիստներ, բայց ոչ Մեսին.

«Մենք տուգանայինները գրեթե չէինք մարզում: Իհարկե, երբեմն նմանատիպ վարժություններ անցկացվում էին, մենք որոշ խորհուրդներ տալիս էինք, բայց կոնկրետ տուգանային հարվածները մարզելու խնդիր չէինք դնում: Մեսին ուրիշ տեղ է սովորել տուգանային իրացնել: Նա ինքն է աշխատել իր հարվածի վրա»,- ասել է «Լա Մասիայի» ակադեմիայի նախկին ղեկավար Ալբերտ Բենեգեսը:

Կարիերայի սկզբում Մեսին այնքան մահացու արագություն ու խաբքեր ուներ, որ թվում էր, թե նա կարիք չունի լրացուցիչ ինչ-որ բան ավելացնել իր խաղին, նա առանց այդ էլ անկասելի էր:  Միայն հետո նա պետք է բացահայտեր տուգանային հարվածով գոլի բերկրանքը:

Մարադոնայի խորհուրդը

Երբ Դիեգո Մարադոնան նշանակվեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ, նա նկատեց, որ Մեսին մարզումների ժամանակ փորձում է տուգանայիններ իրացնել, բայց նրա մոտ չի ստացվում: Այդ ժամանակ նա տվեց անգին խորհուրդ, որին Լեոն հետևում է մինչև հիմա: Այդ մասին պատմել է «ալբիսելեստեի» այն ժամանակվա ֆիզպատրաստության մարզիչ Ֆերնանդո Սինյորինին:

«2009 թվականին Մեսին մարզում էր տուգանային հարվածները, բայց նրա մոտ ոչինչ չէր ստացվում, ինչի պատճառով շատ տխուր էր: Մարադոնան հետևում էր այդ ամենին և հանկարծ մոտեցավ նրան. «Լեյտո, Լեյտո, արի այստեղ, բալիկ»:

Նա խնդրեց դարպասապահ Կարիսոյին կանգնել դարպասին և գնդակը դրեց նույն դիրքում, որտեղից հարվածում էր Լեոն: Դիեգոն մեկ հարվածով գնդակն անցկացրեց արհեստական պատի վրայով և այն ուղարկեց դարպասի անկյունը: Եվ հետո բացատրեց Մեսիին.

«Հարվածից հետո ոտքդ այդքան արագ մի հեռացրու, գնդակը չի հասկանա, թե դու ինչ ես ուզում: Ոտքդ պետք է գնդակի հետ շարունակի շարժումը և նրան ցույց տա ուղղությունը»:

Դա ֆանտաստիկ խորհուրդ էր, որն ամեն ինչ փոխեց: Նրանք այնպես էին խոսում, կարծես գնդակը զգացմունքներ ունի: Իմ ու ուրիշների համար դա կաշվի կտոր է: Բայց Դիեգոյի ու Լեոյի պես հանճարների համար գնդակն ավելին է»:

Խանգարող հանգամանքներ

2011 թվականի դրությամբ Մեսին երեք «Ոսկե գնդակ» ուներ, բայց տուգանային հարվածով ընդամենը 4 գոլ էր խփել: Նրան հերթ չէր հասնում: Արգենտինացու կարիերայի սկզբում «Բարսելոնայի» տուգանային հարվածներն իրացնում էր Ռոնալդինյոն ու Չավին, իսկ հեռահար հարվածները վստահվում էին Դանի Ալվեսին և նույնիսկ Զլատան Իբրահիմովիչին: Լեոն շատ աշխատեց տուգանային հարվածների վրա, որպեսզի հղկի իր վարպետությունը և թիմի կողմից վստահություն ստանա դրանք իրացնելու համար.

«Մենք հաճախ մնում ենք մարզումներից հետո և տուգանային ու հեռահար հարվածներ իրացնում: Հարվածները կրկնելով՝ գտնում ենք լավագույն լուծումը: Վերջիվերջո ամեն ինչ որոշում են պրակտիկան ու մարզումները»,- Marca-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:

Մեր ընտրանին

Աշխարհում լավագույնը

Մեսին վերջին 10 տարում դարձել է աշխարհում լավագույն տուգանայիններ իրացնողը: Եթե մինչև 2011 թվականը նա 4 գոլ էր խփել, ապա հաջորդ 10 տարում Լեոն աչքի է ընկել 52 անգամ:

Այժմ նա տուգանայիններից գոլ է խփում 8,8 տոկոս դեպքերում, այսինքն գրեթե ամեն 10-րդ հարվածից: Բայց դա ամբողջ կարիերայի ցուցանիշն է, իսկ եթե վերցնենք վերջին տարիները, ապա գոլերի ցուցանիշը՝ 13 տոկոս է: Օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուն տուգանայիններից գոլերի իր կարիերայի լավագույն մրցաշրջանում 13 տոկոս ցուցանիշ է գրանցել (2009/10): Իսկ ահա 2018/19 մրցաշրջանում Մեսին դրանք արդյունավետ իրացնում էր 18 տոկոս արդյունավետությամբ:

messi 960x670 - «Մեսիի հարվածը կրկնելը վտանգավոր է». ինչպես Լեոն կատարելության հասցրեց տուգանայինները

Բայց արգենտինացին հիմնականում իրացնում է պոռթկումներով: Օրինակ, մինչև «Վալենսիայի» դեմ նախորդ խաղը նա 20 հարվածից գոլ չէր խփել և վերջին անգամ աչքի էր ընկել հունվարի 31-ին՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ մրցավեճում: Մինչև այդ նա ևս 2 գոլ էր խփել: Մեսիի տուգանային հարվածները նույնպես մարզավիճակից են կախված: 2019 թվականի փետրվարին նա 3 անընդմեջ խաղում գոլ խփեց տուգանային հարվածով: Նույնիսկ Ժունինյո Պերնամբուկանոն նման խելահեղ ցուցանիշ չուներ: Լավ է հիշվում նաև տուգանային հարվածներով Մեսիի դուբլը «Սևիլիայի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:

Հարվածի փոփոխություն

Մարադոնան Մեսիին օգնեց հասկանալ հարվածող ոտքի շարժումը, բայց հենման ոտքի նոր մոտեցման շնորհիվ արգենտինացին հասավ կատարելության: Ֆիզիոթերապևտ Ռաջպալ Բրարը հետազոտել է Մեսիի հարվածների տեսակը և զարմանալի հետևություն կատարել.

«Երբ նա հարված է կատարում, նա հենման ոտքի ազդրը մի փոքր աջ է թեքում, որպեսզի հարվածային ոտքը կարողանա ավելի մեծ տարածություն ստանա: Ընդ որում՝ այդ պահին նա իր ամբողջ քաշը տեղափոխում է ներբանի արտաքին հատվածի վրա: Սովորական մարդկանց համար նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ «ոտքը դուրս կընկնի» կամ մկանների պատռվածք կստանան: Բայց Մեսին իր մարմնին սովորեցրել է այդ շարժմանը և կառավարում է այն»:

Աշխարհի 6-ակի լավագույն ֆուտբոլիստը նաև լրացուցիչ աշխատել է հարվածի տեսակի վրա: Նա ավելի հեշտ է սկսել գնդակն անցկացնել պատ կազմած ֆուտբոլիստների վրայով, որովհետև նոր միջոց է գտել: Marca-ն հետազոտել է արգենտինացու հարվածները և եկել այն եզրակացության, որ նախկինում Լեոն հարվածում էր գնդակի տակով, բայց ոտքը չափազանց ներքևից չէր մոտեցնում: Այժմ արդեն նա ոտքը մոտեցնում է գնդակի ամենաներքևի հատվածին: Բացի այդ, Մեսին սկսել է հարվածից առաջ ամբողջ մարմնով թեքվել դեպի գնդակը: Դա թույլ է տալիս տարատեսակ հարվածներ կատարել:

messi 2 960x555 - «Մեսիի հարվածը կրկնելը վտանգավոր է». ինչպես Լեոն կատարելության հասցրեց տուգանայինները

«Ինձ դուր է գալիս հարվածել պատի վրայով, բայց երբեմն սիրում եմ փոխել մոտեցումը, որպեսզի դարպասապահը չիմանա, թե ուր եմ ցանկանում հարվածել: Ես ուզում եմ, որ նա կասկածի, թե ուր է ընթանալու գնդակը, քանի դեռ հարված չեմ կատարել»,- պատմել է Լեոն:

Նախկինում Լիոնելը հաճախ էր գոլեր խփում պատի տակով, երբ ֆուտբոլիստները ցատկ էին կատարում: Հետագայում մարզիչները դրանից խուսափելու համար սկսեցին պատի հետևում պառկող ֆուտբոլիստի դեր հորինել (կամ միգուցե այդ միտքը «գողացան» Հարավային Ամերիկայից, որտեղ այն տարածված էր): Այժմ այդ մոտեցումը կիրառում են ամենուր:

«Տուգանային հարվածն իրացնելիս, որոշակի ծես եմ կատարում: Եթե հաջողվում է գոլ խփել, կրկնում եմ այն»,- խոստովանել է արգենտինացին:

Եվս մեկ ուշագրված գործոն, որ նկատել եմ անձամբ. երբ Մեսին հարվածի իրացումից առաջ նախապատրաստվելու համեմատաբար ավելի շատ ժամանակ է ունենում, հարվածը առնվազն ավելի վտանգավոր է ստացվում կամ վերածվում գոլի. այդ պատճառով դարպասապահները շտապում են որքան հնարավոր արագ կառուցել պատը:

Տուգանայինն ավելի է սիրում, քան 11-մետրանոցը

Փաստորեն դա իսկապես կատակ չէ: Մեսին ոչ միայն ավելի լավ է իրացնում տուգանայինները, այլ ավելի շատ է սիրում.

«Երբ տուգանային հարված ես իրացնում, մեծ ճնշում չկա: Դու կարող ես գոլ խփել, բայց նաև՝ վրիպել: 11-մետրանոցի ժամանակ դու ավելի շատ կորցնում ես, քան շահում: Դարպասապահն առավելություն ունի, որովհետև եթե նա գոլ բաց թողնի, դա նորմալ է, իսկ եթե հետ մղի հարվածը, ապա հերոս է: Իսկ հարված կատարողը պարտավոր է միայն գոլ խփել, այլ տարբերակ չի դիտարկվում»,- ասել է Մեսին:

Փորձը ցույց է տալիս, որ պատմության մեջ նույնպես մնում են չիրացված 11-մետրանոցները: Բոլորը հիշում են Մեսիի վրիպումները Չիլիի հետ Կոպա Ամերիկայի եզրափակիչում, ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի վերջին խաղում, ինչպես նաև «Չելսիի» դեմ ՉԼ-ի կիսաեզրափակիչում: Բայց քչերն են հիշում նրա վրիպումները տուգանային հարվածներից:

messi goals - «Մեսիի հարվածը կրկնելը վտանգավոր է». ինչպես Լեոն կատարելության հասցրեց տուգանայինները

Բացարձակ ռեկորդի հետևից

Տուգանային հարվածների գոլերով Լեոն արդեն շրջանցել է Սինիշա Միխայլովիչիչին (52 գոլ) և մոտեցել իր ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ցուցանիշին՝ 60 գոլ: Առջևում են Զիկոն (62), Մարադոնան (62), Ռոժերիո Սենին (64), Դևիդ Բեքհեմը (65), Ռոնալդինյոն (66), Պելեն (70) և Ժունինյո Պերնամբուկանոն (77):

Նման տեմպերով շարունակելու դեպքում Մեսին կարող է նույնիսկ պատմության ռեկորդակիրը դառնալ: Վերջին 6 տարում նա 38 գոլ է խփել տուգանային հարվածներով:

«Երբ Մեսին մոտենում է տուգանային հարվածներ իրացնելուն, մենք մտածում ենք միայն, թե ինչպես ենք տոնելու գոլը»,- մի քանի տարի առաջ խոստովանել էր Իվան Ռակիտիչը:

Մեկ այլ յուրահատուկ կարծիք «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Ռուբիից: «Թութակների» դարպասը Մեսին ամենաշատ գոլերն է խփել տուգանայիններից («Ատլետիկի» հետ մեկտեղ՝ 6).

«Մենք իսկապես մտածում ենք պատ չկանգնեցնել Մեսիի հարվածների ժամանակ, այլ բոլոր խաղացողներով կանգնել դարպասային գծի վրա: Մնացած ամեն ինչ փորձել ենք, չի օգնում»

Մեսին արդեն հասել է տուգանայիններն իրացնելու կատարելության, բայց այդպես շարունակելու համար նրան մրցակցություն և մոտիվացիա է հարկավոր: Ռոնալդուն վերջին 70 հարվածից ընդամենը 1-ում է գոլ խփել: 2014/15 մրցաշրջանից սկսած Մեսին տուգանայինից ավելի շատ գոլ է խփել, քան եվրոպական ցանկացած այլ ակումբ: Մեսիին ու բոլորիս անհրաժեշտ են տուգանայինների նոր հանճարներ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա