Logo

Ներկայիս կազմից 2 ֆուտբոլիստ. 21-րդ դարում «Ինտերի» լավագույն 10 տրանսֆերները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 04.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
inter - Ներկայիս կազմից 2 ֆուտբոլիստ. 21-րդ դարում «Ինտերի» լավագույն 10 տրանսֆերները

«Ինտերը» փոխեց անվանումը և «Ինտերնացիոնալեի» փոխարեն այժմ արդեն կոչվում է «Ինտեր Միլան»: բայց «Ինտերնացիոնալեն» պատմականորեն միշտ համապատասխանել է նրա անվանմանը, քանի որ ակումբը մշտապես տարբեր ազգերի բազմաթիվ ֆուտբոլիստներ է հրավիրել ու հրաժեշտ տվել: Այդ տրանսֆերային անվերջանալի ալիքի ընթացքում եղել են նաև բավականին հաջող գործարքներ:

VNews.am-ը շարունակում է 21-րդ դարում տարբեր ակումբների պատմության լավագույն տրանսֆերների շարքը: Այս անգամ մենք անդրադառնում ենք Իտալիայի նոր չեմպիոնին՝ «Ինտերին»:

10. Նիկոլո Բարելա՝ «Կալյարիից». 39 մլն եվրո (2019 թվական)

Ի տարբերություն այս ցանկի մյուս ֆուտբոլիստների, իտալացին դեռ մեծ նվաճումների չի հասել, սակայն արդեն երևում է հսկայական պոտենցիալ: Նիկոլոն ընդամենը 24 տարեկան է և կարող է ևս 10 տարի խաղալ «Ինտերում»: Սակայն միայն պոտենցիալը բավական չէր լինի իտալացու տրանսֆերը լավագույնների շարքում ընդգրկելու համար: Բարելան այս երկու տարում արդեն դարձել է միլանցիների կիսապաշտպանության առաջատարը, ինչպես նաև հրավիրվել Իտալիայի հավաքական և այնտեղ նույնպես դարձել առաջատարը: Այժմ Բարելան այնպիսի մեծ նշանակություն ունի թիմի համար, որ եթե ակումբը որոշի անձեռնմխելի 1-2 ֆուտբոլիստի առանձնացնել, նա հաստատ կլինի դրանցից մեկը:

barella 960x640 - Ներկայիս կազմից 2 ֆուտբոլիստ. 21-րդ դարում «Ինտերի» լավագույն 10 տրանսֆերները

9. Մաուրո Իկարդի` «Սամպդորիայից». 13 մլն եվրո (2013 թվական)

Երբ արգենտինացին նոր էր ժամանակ «Ինտեր», թվաց թե դա լավագույն տրանսֆերներից մեկն է, որ հնարավոր էր: Ընդամնեը 13 մլն եվրո, այն դեպքում, որ այդ տղան գոլեր խփելու մեքենա էր դարձել: Հետագայում անձնական կյանքի հետ կապված սկանդալները, երկրպագուների հետ վիճաբանությունները և վերջապես մարզիչների հետ կոնֆլիկտները բերեցին նրան, որ «Ինտերի» ղեկավարները առանց տատանման հրաժեշտ տվեցին հարձակվողին: Բայց եթե դա մի կողմ դնենք և հաշվի առնենք միայն Մաուրոյի խաղը, ապա այն իսկապես տպավորում է:

Իկարդին «Ինտերի» կազմում անցկացրած 219 խաղում 128 գոլ խփեց և 28 գոլային փոխանցում կատարեց: Նա նաև 2 անգամ դարձավ Ա սերիայի լավագույն ռմբարկու և մեկ անգամ լավագույն ֆուտբոլիստ: 2019 թվականի սեպտեմբերին Իկարդին վարձակալությամբ ուղարկվեց ՊՍԺ, իսկ մեկ տարի անց 50 մլն եվրո գումարով վաճառվեց նաև տրանսֆերը: Արդյունքում, «Ինտերն» ունեցավ փայլուն ռմբարկու, որի վաճառքից նաև խոշոր գումար ստացավ:

icardi 1 960x540 - Ներկայիս կազմից 2 ֆուտբոլիստ. 21-րդ դարում «Ինտերի» լավագույն 10 տրանսֆերները

8. Էստեբան Կամբիասո՝ «Ռեալից». անվճար (2004 թվական)

Միշտ հեշտ է հասկանալ, թե ինչ է ֆուտբոլիստը զգում, երբ հայտնվում է Մադրիդի «Ռեալի» պես մեծ ակումբում, բայց քիչ է խոսվում այն մարդկանց մասին, որոնք ստիպված են սպասվածից շուտ հեռանալ: Էստեբան Կամբիասոն վատ կարիերա չուներ Մադրիդում, սակայն նրա հետ նոր պայմանագիր չկնքեցին և արգենտինացին տեղափոխվեց «Ինտեր»: Միլանում հավատացին նրան և չսխալվեցին: Իտալիայում կիսապաշտպանը 441 խաղ անցկացրեց, 4-ական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն:

cambiasso - Ներկայիս կազմից 2 ֆուտբոլիստ. 21-րդ դարում «Ինտերի» լավագույն 10 տրանսֆերները

Մեր ընտրանին.

7. Մայկոն՝ «Մոնակոյից». 6,8 մլն եվրո (2006 թվական)

Բրազիլացու տեղափոխությունը Իտալիա համընկավ «Կալչիոպոլիի» հետ, որից հետո սկսվեց «Ինտերի» հեգեմոնիան: «Ներաձուրին» հեշտությամբ 4 անգամ դարձավ Ա սերիայի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող: Այդ ամբողջ ժամանակահատվածում Մայկոնը ոչ միայն «Ինտերի», այլ ամբողջ աշխարհի լավագույն աջ պաշտպաններից մեկն էր: Նրա փայլուն խաղը հասավ այն մակարդակի, որ Մայկոնը կարողացավ որոշ ժամանակ Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմից դուրս թողնել Դանի Ալվեսի, միգուցե բոլոր ժամանակների լավագույն աջ պաշտպանին: Մայկոնն «Ինտերում» 249 խաղ անցկացրեց, որոնցում 50 գոլային փոխանցում կատարեց: Այսինքն՝ գրեթե ամեն հինգերորդ խաղում, ինչը շատ տպավորիչ ցուցանիշ է: Հետագայում լատերալը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» և «Ռոմա», բայց նրա կարիերայի լավագույն տարիները (25-31) անցան հենց «Ինտերում»:

6. Սամիր Հանդանովիչ՝ «Ուդինեզեից». 15 մլն եվրո (2012 թվական)

Երբ 2012 թվականին Ժոզե Մոուրինյոյի վարկածով աշխարհի լավագույն դարպասապահ Ժուլիո Սեզարը հեռանում էր «Ինտերից», նրան փոխարինելու հրավիրեցին Սամիր Հանդանովիչին: Սլովենացին իրեն հիանալի էր դրսևորել «Ուդինեզեում», բայց քչերը կարող էին հավատալ, որ նա կարող է բրազիլացուն արժանի փոխարինող դառնալ: 9 տարի անց նրանք կարող են փաստել: Այո, Սամիրին դա հաջողվեց: Հանդանովիչը 9 տարի շարունակ «Ինտերի» անփոփոխ հիմնական դարպասապահն է և այս ընթացքում 386 խաղի է մասնակցել, որոնցից 139-ում սեփական դարպասն անառիկ է պահել: Հանդանովիչը նախորդ կիրակի իր կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց, այն էլ՝ 36 տարեկանում, բայց նա պատմությունում կմնա ևս մեկ պատճառով. սլովենացին հետ է մղում գրեթե 50 տոկոս 11 մետրանոցները, ինչը Եվրոպայում վերջին 10 տարիների լավագույն արդյունքն է:

5. Ուեսլի Սնեյդեր՝ «Ռեալից». 15 մլն եվրո (2007)

Ամենախոստումնալից հոլանդացի տաղանդներից մեկը վաղ տարիքում հայտնվեց «Ռեալում», բայց չկարողացավ դառնալ առանցքային ֆուտբոլիստ, ինչից հետո տեղափոխվեց «Ինտեր»: Թվում էր՝ կարիերան արդեն 23 տարեկանում սկսեց նահանջ ապրել, սակայն Սնեյդերն Իտալիայում ցուցադրեց իր լավագույն խաղը: Դժվար թե Մադրիդում հասկանում էին, թե ինչպիսի ֆուտբոլիստի են բաց թողնում, այն էլ` 15 մլնի դիմաց: 2009/10 մրցաշրջանը դարձավ հոլանդացու տրիումֆը: Նա թրեբլ նվաճեց «Ինտերի» հետ՝ լինելով նրա առաջատարը: Իսկ թրեբլ ասելով, բնականաբար, նկատի ունենք նաև Չեմպիոնների լիգան, տիտղոս, որը «ներաձուրիները» չէին նվաճել 45 տարի: Մեկ ամիս անց Սնեյդերը Նիդերլանդների հավաքականի հետ հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվեց Իսպանիային: Մինչև օրս կա լայն տարածված կարծիք, որ 2010-ին «Ոսկե գնդակը» պետք է ստանար Սնեյդերը, այլ ոչ թե Լեո Մեսին:

Մի քանի տարի անց, Սնեյդերը կատարեց ֆուտբոլի պատմության ամենատարօրինակ տրանսֆերային որոշումներից մեկը և «Ինտերից» տեղափոխվեց «Գալաթասարայ»: Այդ պահին նա 28 տարեկան էր…

4. Դիեգո Միլիտո՝ «Ջենոայից». 28 մլն եվրո (2009 թվական)

Ֆուտբոլում բախտը նաև մեծ նշանակություն ունի այն տեսանկյունից, թե դու որտեղ ես ծնվել: Օրինակ, կարող ես ծնվել Արգենտինայում և քո բախտը չբերի վաղ տարիքում հայտնվել եվրոպական թոփ-ակումբում, այլ ստիպված լինես միջակ թիմերում ապացուցել քո կարգը: Դա երկար ժամանակ է պահանջում, որովհետև գրանդները ֆուտբոլիստ հիրավիրելիս առաջին հերթին մտածում են՝ նա կհարմարվի՞ այստեղի ֆուտբոլին ու ճնշմանը, թե՞ ոչ:

Դիեգո Միլիտոն Եվրոպա է տեղափոխվել, երբ արդեն 25 տարեկան էր, ևս 5 տարի անցկացրել է «Սարագոսայում» ու «Ջենոայում» և միայն 30 տարեկանում հրավեր է ստացել «Ինտերից»: Միլանում առաջին իսկ մրցաշրջանը հեքիաթային ստացվեց: Միլիտոն դարձավ Չեմպիոնների լիգայի գլխավոր հերոսը: Նա 1/8 եզրափակիչում գոլ խփեց «Չելսիի» դարպասը, քառորդ եզրափակիչում՝ ԲԿՄԱ-ին, կիսաեզրափակիչում՝ «Բարսելոնային» և ամենակարևորը՝ հաղթական դուբլ «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղում (2:0):

3. Ժուլիո Սեզար՝ «Ֆլամենգոյից». 2,45 մլն եվրո

Երբ քո թիմի դարպասապահը հռչակավոր Ֆրանչեսկո Տոլդոն է, լուրջ չես մտածում նրան փոխարինող գտնելու մասին: Այդուհանդերձ, «Ինտերը» 2005 թվականին ձեռք բերեց Ֆլամենգոյի 25-ամյա դարպասապահ Ժուլիո Սեզարին, որպեսզի լավ պահեստային ունենա: Հետզհետե բրազիլացին սկսեց խաղաժամանակ ստանալ և պարզվեց, որ «ներաձուրիները» ջեքփոթ են շահել: Սեզարը մեկնարկային կազմից դուրս թողեց Տոլդոյին և սկսեց մեկը մյուսի հետևից տիտղոսներ հավաքել: Հենց Սեզարի արտակարգ խաղը թույլ տվեց Ժոզե Մուորինյուին պաշտպանողական ամրոց կազմել «Ինտերի» ֆուտբոլիստներից, իսկ պաշտպանները դարպասապահի խաղը տեսնելով՝ մեծագույն վստահություն ստացան, քանզի նրանց հետևում կանգնած էր անսխալ բրազիլացին: Սեզարն «Ինտերում» ուղիղ 300 խաղ անցկացրեց, որոնցից գրեթե կեսում սեփական դարպասն անառիկ պահեց:

2. Դեյան Ստանկովիչ՝ «Լացիոյից». 4 մլն եվրո (2004 թվական)

Երբ չեմպիոնական «Լացիոն» մի քանի տարի անց սկսեց քանդվել, Ստանկովիչը տեղափոխվեց «Ինտեր»: Այդ ակումբ ավելի լուրջ հավակնություններ ուներ և տարբեր հարցումներով Իտալիայի ամենասիրելին էր: Եթե երկրի ամենասիրելի ակումբում դառնում ես ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը, դա մեծագույն պատիվներից մեկն է և հավերժ երախտագիտություն է երկրպագուներից: Դեյանը 9 տարի անցկացրեց «Ինտերում» և հարազատ դարձած ակումբում ավարտեց կարիերան:

Սերբը կայունության խորհրդանիշ էր: Նա միշտ որոշակի խաղամակարդակից ցածր չէր իջնում: Կիսապաշտպանը 326 խաղ անցկացրեց «Ինտերում», խփեց 42 գոլ և կատարեց 51 գոլային փոխանցում: Հատկապես հիշարժան էին Դեյանի կրակոցը «Կիևիոյի» ու «Միլանի» դեմ խաղերում, ինչպես նաև կիսադաշտից խփած գոլը Մանուել Նոյերի դարպասը՝ Չեմպիոնների լիգայում:

Հիմա Ստանկովիչը «Ցրվենա Զվեզդայի» մարզիչն է, որին երկրորդ տարին անընդմեջ դարձրեց Սերբիայի չեմպիոն: Միգուցե, հենց Դեյանն է ապագայում գլխավորելու «Ինտերը»: «Ջուզեպե Մեացայում» նրան չեն մոռացել և միշտ ուրախ կլինեն վերադարձին:

1. Զլատան Իբրահիմովիչ՝ «Յուվենտուսից». 25 մլն եվրո (2006 թվական)

«Ինտերի»՝ տարատեսակ դրական կողմերից լավագույն տրանսֆերը: Զլատանը 2006 թվականին «Կալչիոպոլիից» հետո տեղափոխվեց «Ինտեր» և դարձավ «Յուվենտուսի» խորտակման խորհրդանիշներից մեկը: Թուրինցիների նոր գերաստղը տեղափոխվեց ակումբ, որը մինչև օրս կասկածվում է «կալչիոպոլին» կազմակերպելու մեջ: Դա մեծագույն իմիջային հարված էր «ծեր սինյորային» և հաղթանակ միլանցիներից: Բայց Զլատանից ստացած օգնությունը դրանով միայն սկսվում էր: Շվեդը երեք անգամ անընդմեջ թիմին օգնեց նվաճել Ա սերիայի չեմպիոնի կոչումը:

Հատկապես նշանակալի էր 2008/09 մրցաշրջանում: Վերջին տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Պարմային» և ընդամենը 1 միավորով էր առաջ երկրորդ տեղում ընթացող «Ռոմայից»: Ռոբերոտ Մանչինին զարմանալիորեն որոշել էր Զլատանին թողնել պահեստայինների նստարանին, բայց արագորն հասկացավ իր սխալը և 51-րդ րոպեին նրան խաղադաշտ դուրս բերեց: Իբրահիմովիչը 10 րոպե անց գոլ խփեց, որը հետագայում չեմպիոնական դարձավ: Խաղավերջում նա դուբլի հեղինակ դարձավ և ամրապնդեց իր թիմի հաղթանակը (2:0): Ամռանն ակումբ եկավ Ժոզե Մոուրինյուն, որի հետ ևս մեկ Սկուդետո նվաճեցին: «Ինտերը» ցանկանում էր թիմում պահել Զլատանին, իր նոր առաջատարին, սակայն շվեդը որոշել էր տեղափոխվել «Բարսելոնա» և ամեն ինչ արեց դրա համար: Միլանցիներն այդքան հեշտ հանձնվող չէին, նրանք հիշում էին, որ Զլատանը «Յուվենտուսի» նկատմամբ ստրատեգիական հաղթանակի խորհրդանիշն է և այդ պատճառով «Բարսելոնայից» անհնարին գին պահանջեցին՝ 45 մլն եվրո ու Սամուել Էտո՛oին: Որքան էին նրանք ապշել, որ կատալոնացիները համաձայնեցին նման անհավական փոխանկաման գնալ, չէ որ Էտո՛oն ինքինին ոչնչով պակաս չէր շվեդից: Եվ կամերունցին դա ապացուցեց՝ անմիջապես «Ինտերի» հետ նվաճելով թրեբլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա