Logo

Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 21.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Roman Abramovich Champions League Winners Che 2966361 - Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

Կան ակումբներ, որոնք պատկանում են մի քանի անձանց կամ ընկերությունների, կան ակումբներ, որոնք երկրպագուներինն են, կան նաև այնպիսիք, որոնց ղեկին կանգնած է մեկ մարդ կամ կազմակերպություն. հենց դրանք են ֆուտբոլում առաջացնում ամենամեծ ռեզոնանսը ու ընկնում քննարկումների, քննադատությունների ալիքի տակ: VNews-ի նոր շարքը հենց այդպիսի ակումբների ու սեփանականատերերի մասին է:

21-րդ դարի սկզբում Անգլիայի Պրեմիեր լիգան իր հեղինակությամբ զիջում էր Իսպանիայի ու Իտալիայի առաջնություններին, բայց վերջին 20 տարում թանկացել է բիտկոինների արագությամբ: Այդ սրընթաց արագության հիմքը դարձան արտասահմանցի մեծահարուստների ներդրած գումարները: Բայց բացումն արեց Ռոման Աբրամովիչը, որը 2003 թվականին գնեց «Չելսին» և տակնուվրա արեց տրանսֆերային շուկան:

Արագ հարստացավ և սիրահարվեց  ֆուտբոլին

Ռոման Աբրամովիչը բավականին վաղ է հարստացել, ինչը բարդ չէր 90-ականների Ռուսաստանում: Նախագահ Բորիս Ելցինի հետ մտերիմ հարաբերություններ հաստատելուց հետո ռուս գործարարն 33 տարեկանում արդեն միլիարդատեր դարձավ: Նա օգնեց Ելցինին վերընտրվել 1996 թվականի նախագահական ընտրություններում՝ ֆինանսավորելով նրա նախընտրական արշավը: Հետագայում Աբրամովիչը ամրապնդեց իր դիրքերը՝ դառնալով Չուկոտկայի նահանգապետ, որտեղ տեղակայված էին նավթի արտադրության նրա ընկերությունները:

2000-ականների սկզբին ռուս մեծահարուստների համար երկրորդ հայրենիք դարձավ Անգլիան, որտեղ նրանք տեղափոխում էին իրենց բիզնեսները, արձակուրդներն էին անցկացնում կամ նույնիսկ փախչում հետապնդումից: Աբրամովիչը Ռուսաստանի նոր իշխանության հետ լավ հարաբերություններ պահպանեց, ինչի հետևանքով Անգլիա միայն զվարճանալու համար էր գնում: Այդպիսի մի զվարճանք դարձավ 2002/03 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» պատասխան խաղը, որին նրան հրավիրել էին ընկերները: Աբրամովիչը, մինչև այդ, ֆուտբոլի հանդեպ կիրք չուներ, բայց «Օլդ Թրաֆորդում» դիտած այդ խաղից հետո սիրահարվեց աշխարհի ամենատարածված խաղին: Ռոմանին հեշտ է հասկանալ: Յուրաքանչյուր մարդ, ով տեսել է այդ փառահեղ հանդիպումը, չի կարող մոռանալ, թե ինչպես Ռոնալդոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Դևիդ Բեքհեմը փոխարինման մտնելով 4:3 հաշվով հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին (բայց կիսաեզրափակիչ անցավ «Ռեալը»՝ Մադրիդում տոնած հաղթանակի շնորհիվ՝ 3:1):

Մարզադաշտից դուրս գալով, Աբրամովիչը որոշեց, որ պետք է իր սեփական ակումբն ունենա և նույնպես մասնակից դառնա այս ֆուտբոլային հեքիաթին:

abramovic 960x540 - Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

Ինչպես ընտրեցին «Չելսին»

Լոնդոնյան ակումբը մեծ հաղթանակների անցյալ չուներ, սակայն վերջին տարիներին 6-րդ տեղից ցածր չէր իջնում: Թիմում էին եվրոպական ֆուտբոլի վետերաններ Մարսել Դեսային, Ջանֆրանկո Ձոլան և Ջիմի-Ֆլոյդ Հասելբայնկը, երիտասարդ ու խոստումնալից Ֆրենկ Լեմպարդը և Ջոն Տերին, իսկ թիմը գլխավորում էր պարոն համեստություն Կլաուդիո Ռանիերին: Բայց «Չելսին» գնելու գլխավոր պատճառը դա չէր, այլ 2002/03 մրցաշրջանի արդյունքով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը:« Չելսին» ու «Լիվերպուլը» պայքարում էին չորրորդ տեղի համար և վերջին տուրում հանդիպեցին միմյանց: Թոշակառուներին նույնիսկ ոչ-ոքին էր ձեռնտու, սակայն նրանք կամային հաղթանակի (2:1) հասան Դեսայիի ու Յեսպեր Գրոնկյաերի գոլերի շնորհիվ: Դա «Չելսիի» սեփականատեր Սեմ Բեյթսի համար փրկություն էր: Նա 1882 թվականին ակումբը գնել էր խորհրդանշական 1 ֆունտի դիմաց, բայց մարել էր 1,5 մլնի պարտքեր: Հետագայում նա վերանորոգել էր «Ստեմֆորդ Բրիջը», սակայն ծախսերը չափազանց մեծ են եղել, և ակումբը խոշոր պարտքեր էր կուտակել: Չեմպիոնների լիգայում չհայտնվելու դեպքում նա ստիպված էր լինելու մի քանի առաջատար ֆուտբոլիստների վաճառել: Բայց Բեյթսը չգիտեր, որ «Լիվերպուլի» դեմ խաղը ոչ միայն օգնելու էր ակումբին, այլև նրան մեծահարուստ էր դարձնելու:

Ռոման Աբրամովիչը «Օլդ Թրաֆորդից» Ռուսաստան վերադառնալուց հետո հավաքեց իր խորհրդականներին և հրահանգեց իր համար անգլիական ակումբ գտել, որում ներդրումներ կատարելուց հետո հնարավոր կլինի անմիջապես պայքարել բոլոր տիտղոսների համար: Վերջնական ցուցակում էին «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: ՄՅՈւ-ն գնելու համար երկարատև ու բարդ բանակցություններ էին սպասվում, այդ պատճառով լոնդոնյան թիմերից ընտրվեց այն, որը պետք է խաղար Չեմպիոնների լիգայում:

«Ամեն ինչ շատ արագ կատարվեց: «Չելսին» 18 ամիս ներդրող էր փնտրում, այնպես որ պատկերացրեք, թե որքան մարդկանց ենք հանդիպել, որոնք անիմաստ վատնում էին մեր ժամանակը: Ռոմանը միանգամից իրեն դրսևորեց այնպիսի մարդու նման, որը զբաղվում է նրան իսկապես հետաքրքրող գործերով»,- ավելի ուշ պատմեց «Չելսիի» տնօրեն Մարկ Թեյլորը:

Աբրամովիչը նույնիսկ չէր եղել «Ստեմֆորդ Բրիջում», իսկ երբ ուղղաթիռով անցնում էր Լոնդոնի վրայով, նրան թվաց, որ «Չելսիի» ստադիոնը «Կրեյվեն Կոտեջն» է («Ֆուլհեմի» մարզադաշտը), որի խոտը հանվել էր ամառային արձակուրդների պատճառով:

«Ինչպես թե, ես սա՞ եմ գնում»: «Ասացի ոչ, ոչ, ոչ, մեր ստադիոնը մի փոքր ավելի հեռու է և ավելի լավը»,- պատմել է Աբրամովիչի խորհրդական Եվգենի Տենենբաումը:

roman and the legends 960x720 - Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

Գործարք և արագ ներդրումներ

Անգլիայում չէին ճանաչում Աբրամովիչին: Նրա իրավաբանները «կապույտների» ղեկավարության հետ հանդիպման համար նույնիսկ «Ֆորբս» ամսագրի վերջին համարն էին տարել, որպեսզի ցույց տային, որ Աբրամովիչն այդ պահին աշխարհի 15-րդ ամենահարուստ մարդն է:

Գործարքը կազմեց 140 մլն ֆունտ: Այդ գումարից 60-ը փոխանցվեց Բեյթսին, իսկ 80 մլնով վճարվեցին ակումբի պարտքերը:

«Ինձ սպասարկող բանկում իրարանցում էր: Չէ՞ որ նրանց հաճախորդի հաշվին 60 մլն ֆունտ գումար էր փոխանցվել: Ես զանգահարեցի Քենին, որը հյուրանոցում էր և ասացի. «Հենց նոր 60 մլն փոխանցվեց իմ հաշվին, իսկ ես տաքսիով գնում եմ օդանավակայան: Տարօրինակ զգացում էր»,- հիշել է Թեյլորը:

Գործարքը ձևակերպեցին հուլիսի մեկի երեկոյան: Աբրամովիչն անմիջապես սկսեց «Չելսին» համալրելու գործընթացը: Տրանսֆերներով զբաղվում էր հանրահայտ գործակալ Պինի Զահավին:

Մեր ընտրանին 

«Չելսիի» կիսապաշտպան Գրոնկյաերը պատմել է. «Արձակուրդս անցկացնում էի Դանիայում գտնվող իմ ամառանոցում, երբ լսեցի ակումբի սեփականատիրոջ փոփոխության մասին: Այն ժամանակ մտածեցի, որ դա ձևական փոփոխություն է և բացարձակ պատկերացում չունեի, թե մեր ակումբում ինչպիսի մեծ ներդրումներ են կատարվելու»:

6 օրում «Չելսին» ձեռք բերեց Դեմիեն Դաֆին, Ուեյն Բրիջին, Ժերեմիին ու Գլեն Ջոնսոնին: Այդ տրանսֆերների համար Չելսին ծախսեց 37 մլն ֆունտ: Համեմատության համար նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «կապույտները» մեկ նորեկ էին ունեցել, այն էլ ազատ գործակալի կարգավիճակով: Անցավ մեկ ամիս և լոնդոնցիները գնեցին նաև Խուան Սեբաստիան Վերոնին, Ադրիան Մուտուին, Ջո Քոուլին և Ալեքսեյ Սմերտինին (Ռուսաստանում լրացուցիչ աջակցության համար PR քայլ): «Չելսին» իր պատմության տրանսֆերային ռեկորդը թարմացնում էր ամեն շաբաթը մեկ: Օգոստոսի վերջին օրերին նոր աստղեր ավելացան. Կլոդ Մակելելեն և Էրնան Կրեսպոն: Ակումբը երկու ամսում ծախսեց 155 մլն եվրո: Մեր օրերում էլ դա մեծ գումար է, իսկ 2003 թվականին դա պայթեցրեց տրանսֆերային պատուհանը:

Ցանկացած ակումբ կրկնակի բարձր գումար էր պահանջում «Չելսիից», որովհետև գիտեր. Աբրամովիչը կնախընտրի շուկայական գնից բարձր վճարել, այլ ոչ թե շաբաթներով բանակցել:

veron cole 960x651 - Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

10 տարվա ծրագիր

Ռուս միլիարդատերը շատ լուրջ ծրագրեր ուներ: Նա ակումբի տնօրինության առջև հետևյալ նվազագույն խնդիրը դրեց հաջորդ 10 տարվա համար.

ԱՊԼ-ի 5 չեմպիոնություն

Չեմպիոնների լիգայի 3 գավաթ

Չնայած կատարված հսկայական փոփոխություններին, Աբրամովիչը որոշեց գլխավոր մարզչի պաշտոնում թողնել Կլաուդիո Ռանիերիին, սակայն պայմանով, որ թիմը պայքարելու է չեմպիոնության համար: Ակումբում ոչ բոլորն էին պատրաստ նման ճնշմանը, բայց կային մարդիկ, որոնք ճիշտ ընկալեցին ազդանշանը: Նրանցից մեկը կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն էր:

«Հիշում եմ՝ ինչպես Աբրամովիչը վայրէջք կատարեց և եկավ մեզ հետ զրուցելու: Հենց այդ պահին իմ գլխում փոխվեց «Չելսիի» մասին պատկերացումը, հայտնվեց իմ ունակությունները զարգացնելու ձգտում: Կատարելության այդ պահանջը հայտնվեց Աբրամովիչի շնորհիվ, որն իսկապես ուզում էր, որ մենք դառնանք լավագույնն աշխարհում»:

Թարմացված «Չելսին» Պրեմիեր լիգայում գրավեց երկրորդ տեղը՝ 11 միավորով զիջելով պատմության ամենաուժեղ ու անպարտելի «Արսենալին»: Չեմպիոնների լիգայում «կապույտները» պայքարից դուրս թողեցին նույն «Արսենալին», սակայն կիսաեզրափակիչում անսպասելիորեն պարտվեցին «Մոնակոյին»:

Ռանիերին պաշտոնանկ արվեց և սկիզբ դրեց «Չելսիի» այդ ավանդույթի սկզբին: Հետագա 17 տարում Ռոմանը ևս 13 գլխավոր մարզչի պաշտոնանկ արեց՝ ընդհանուր առմամբ փոխհատուցման համար վճարելով ավելի քան 100 մլն ֆունտ:

2004 թվականին գլխավոր մարզիչ նշանակվեց «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգան հաղթած Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացու պահանջները բավարարելու համար ակումբը ևս 155 մլն եվրո ծախսեց, և դա վերջապես արդյունք տվեց: «Չելսին» 50 տարվա ընդմիջումից հետո դարձավ Անգլիայի չեմպիոն, իսկ հաջորդ տարի կրկնեց այդ նվաճումը: Թվում էր, թե Աբրամովիչի պահանջած 10 տարում 5 չեմպիոնությունն այդքան էլ չափազանցություն չէ, բայց ակումբն այդպես էլ չէր կարողանում տիտղոս նվաճել Չեմպիոնների լիգայում:

Արդյունքում, Մոուրինյուն հեռացվեց, հետո նաև Սկոլարին, Անչելոտին, Վիլաշ-Բոաշը.. և հանկարծ ժամանակավոր գլխավոր մարզիչ նշանակված Ռոբերտո դի Մատեոն 2011/12 Չեմպիոնների լիգայում «Չելսիին» հաղթանակ պարգևեց այն պահին, երբ թվում էր, թե «կապույտները» վերջին 9 տարվա իրենց ամենաթույլ խաղն են ցուցադրում: Եվս մեկ անգամ նրանք մոտ էին Եվրոպայի ուժեղագույն թիմը դառնալուն 2008 թվականին, երբ կրկին մարզիչ ժամանակավոր պաշտոնակատար էր (Աբրահամ Գրանտ), բայց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի որոշիչ պահին սայթաքեց Ջոն Տերին:

drogba 960x589 - Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

Ի վերջո «Չելսին» չկարողացավ արդյունքներով համապատասխանել սեփականատիրոջ հավակնություններին: «Չելսին» 5 անգամ է ԱՊԼ-ի չեմպիոն դարձել այս 18 տարում, իսկ Չեմպիոնների լիգան՝ ընդամենը 1 անգամ: Բայց ակումբը ընդհանուր 18 տիտղոս է նվաճել: Համեմատության համար նշենք, որ «թոշակառուները» մինչև ռուս միլիարդատերի գալն իրենց պատմության 98 տարում 11 տիտղոս ունեին:

Հաղթանակի այլ տեսակ

Աբրամովիչը չկարողացավ իր ծրագրերի համաձայն «Չելսիին» Եվրոպայի թիվ մեկ ակումբը դարձնել, բայց կարողացավ այլ մեծագույն արդյունքի հասնել, որը, միգուցե, ավելի կարևոր է: Նա «Չելսիին» դարձրեց այնպիսի գրանդ, որը ժամանակի հետ դարձավ ինքնաֆինանսավորվող:

2007 թվականին« Չելսին» բացեց աշխարհի լավագույն մարզաբազաներից մեկը: Այն Կոբեմում է, որտեղ 30 խաղադաշտ կա: Այնտեղ են մարզվում գլխավոր թիմը, կանանց թիմը, մանկապատանեկան բոլոր թիմերը: «Կապույտները» նաև ստեղծեցին սկաուտային նոր համակարգ, որը աշխարհի բոլոր վայրերից խոստումնալից պատանիների է գտնում և հրավիրում ակումբի ակադեմիա: «Չելսին» նաև հնարեց մեծաթիվ վարձակալությունների սխեման, որի շրջանակում ակումբը պայմանագիր էր կնքում մոտ 50-60 ֆուտբոլիստի հետ, որոնցից 40-ն ուղարկվում էին վարձակալության: Նրանց ելույթներին հետևում էին հատուկ աշխատակիցներ, որոնք լավագույններին խորհուրդ են տալիս հրավիրել գլխավոր թիմ:

Սկաուտային աշխատանքի ամենավառ օրինակներից է Կևին դե Բրույնեի, Ռոմելու Լուկակուի և Մոհամեդ Սալահի տրանսֆերները, որոնք սակայն իրական շանս չստացան գլխավոր թիմում և աստղ դարձան այլ ակումբներում:

chelsea 960x540 - Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

«Չելսին» նաև հիանալի աշխատանք տարավ համաշխարհային բրենդ դառնալու ուղղությամբ: 2015 թվականին կատարված հսկայածավալ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ «Չելսին» անգլիական ամենաճանաչված ակումբն է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Բրազիլիան, Մեքսիկան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Չեխիան, Բելգիան, Սաուդյան Արաբիան, Կամերունը, Գանան, Ղազախստանը և ուրիշներ:

2003 թվականին Աբրամովիչը 140 մլն վճարեց «Չելսին» գնելու համար, հիմա «Forbes» ամսագրի գնահատմամբ ակումբն արժե 2,5 միլիարդ: Ընդ որում՝ 2012 թվականից սկսած «Չելսին» պահպանում է ֆինանսական «արդար խաղի» կանոնները, այսինքն՝ ծախսում է այնքան, որքան վաստակում է:

Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» արդեն նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, իսկ առջևում տարվա ամենակարևոր խաղն է՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այնտեղ մրցակիցը Պեպ Գվարդիոլայի հզոր «Մանչեսթեր Սիթին» է, բայց «Չելսին» գավաթը նվաճելու շատ լավ շանս ունի, չէ՞ որ կրկին մրցաշրջանի ընթացքում փոխել է մարզչին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա