Logo

Նոր սերունդը թակում է դռները. 6 բացահայտում-ֆուտբոլիստներ, որոնք «ծնվեցին» 2020/21-ին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 07.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
fc barcelona v juventus group g uefa champions league 1 1 1 - Նոր սերունդը թակում է դռները. 6 բացահայտում-ֆուտբոլիստներ, որոնք «ծնվեցին» 2020/21-ին

Ֆուտբոլը յուրաքանչյուր մրցաշրջանում ինչ-որ մի պահ նմանվում է ծննդատան, որտեղ լույս աշխարհ են գալիս նոր աստղեր, նոր ֆուտբոլիստներ ու նոր մարդիկ, որոնց անունը լսում ենք ու որպես կանոն՝ այլևս երբեք չենք մոռանում:

2020/21-ն էլ հարուստ էր նոր դեպքերով ու դեմքերով: Հայտնվեցին մի շարք տաղանդավոր երիտասարդներ, որոնցից VNews-ը առանձնացրել է ամենամեծ հեռանկար ունեցող ֆուտբոլիստներին:

Մեր ընտրանին

Ֆլորիան Վիրց – «Բայեր»

«Բայերում» տաղանդավոր երիտասարդները քիչ չեն եղել: Նախորդ ամռանը թիմը «իրացրեց» իր լավագույն կադրերից մեկին՝ Կայ Հավերցին, որը 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի» ու իր առաջին մրցաշրջանում հերոսացավ՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթական գոլի հեղինակ:

Հավերցի բացը լևերկուզենյան ակումբը որոշ չափով լրացրեց, բայց ոչ թե Մուսա Դիաբիի կամ Լեոն Բայլիի, այլ «նոր Հավերցի»՝ Ֆլորիան Վիրցի շնորհիվ: Վիրցի մուտքը գերմանական ֆուտբոլում ստացվեց հանկարծակի, բայց նույնքան ցնցող: Նա «Բայերում» իր նորամուտը նշեց դեռ 2019/20 մրցաշրջանում՝ գերազանցելով մի շարք ռեկորդներ: 2020-ի մայիսին 17-ամյա ֆուտբոլիստը դարձավ «Բայերի» ամենաերիտասարդ նորամուտը նշող ֆուտբոլիստը՝ գերազանցելով Հավերցին, ինչպես նաև դարձավ Բունդեսլիգայում խաղացած 3-րդ ամենաերիտասարդը՝ զիջելով միայն Նուրի Շահինին ու Յան Աուրել Բիսեկին:

Նրա «փառքի» ժամը եկավ «Բավարիայի» դեմ խաղում, երբ գրավելով Նոյերի դարպասը՝ Վիրցը դարձավ Բունդեսլիգայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ գոլի հեղինակը, որը հետագայում գերազանցվեց «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի կողմից:

Արդեն այս մրցաշրջանում՝ 2020/21-ում Վիրցը դարձավ «Բայերի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, բոլոր մրցաշարերում միասին անցկացրեց 38 խաղ, դարձավ 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Խաղադաշտը և թիմակիցների շարժը տեսնելու յուրահատուկ կարողությունը, փոխանցումների շատ բարձր ճշգրտությունը նրան դարձրին գերմանական ֆուտբոլի մեծագույն տաղանդը: 18-ամյա ֆուտբոլիստը նաև փայլում է Եվրոպայի Մ21 տարիքայինների առաջնությունում, որի դուբլի շնորհիվ Գերմանիան հաղթեց Նիդերլանդների ընտրանուն ու դուրս եկավ եզրափակիչ: Վիրցի տրանսֆերային արժեքը մեկ տարվա ընթացքում բազմապատկվեց 4.5 անգամ՝ 10 միլիոն եվրոյից հասնելով 45 մլն-ի:

Պեդրի – «Բարսելոնա»

Թվում է՝ Պեդրիին ճանաչում ենք 3-4 տարի, բայց իրականում այս ֆուտբոլիստն ասպարեզում հայտնվեց մրցաշրջանի սկզբում միայն:

«Լաս Պալմասի» ակադեմիայի սանը «Բարսելոնայի» հետ պայմանագիր էր կնքել նախորդ մրցաշրջանից առաջ, բայց 1 տարի վարձավճարով անցկացրեց Կանարյան կղզիներում: 2020-ին Պեդրին վերջնականապես համալրեց «Բարսելոնայի» կազմը՝ ընդամենը 5 միլիոն եվրոյի դիմաց. կանցնեն տարիներ, ու կատալոնական ակումբի երկրպագուները ծիծաղով կհիշեն, որ այս ֆուտբոլիստի համար թիմը վճարել է ընդամենը 5 միլիոն:

Պեդրին մեծ արագությամբ ընդգրկվեց «Բարսելոնայի» սխեմաներում ու տակտիկաներում: Այստեղ պետք է բարձր գնահատել նաև Ռոնալդ Կումանի դերը, որը երիտասարդ ֆուտբոլիստներին, մեծապես՝ Պեդրիին հնարավորություն տվեց ինքնադրսևորվելու, 18-ամյա ֆուտբոլիստն էլ արժանի պատասխան տվեց միստերին: Պեդրին մի քանի շաբաթում արեց այն, ինչը տարիներով չէր կարողանում անել Կոուտինյոն:

Փոքրամարմին ֆուտբոլիստն իր խաղով ու ինտելեկտով հիշեցնում է Անդրես Ինիեստային: Պեդրին գնդակի հետ վարվում է անհավանական հանգստությամբ ու վարպետությամբ, երբ վրա են հասնում երկու մրցակիցներ՝ 0 նյարդայնություն, կտրուկ անցում և առաջ: Նրան հաջողվեց անել ամենակարևորը՝ գերազանց համագործակցել Մեսիի հետ: Պեդրին բացեց իր գոլերի հաշիվը Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում, թիմի հետ նվաճեց Արքայական գավաթը, և այդ ամենի հետ միասին ոտքերը պահեց հողի վրա՝ առանց ավելորդ մեծամտության, առանց աստղային հիվանդությունների: Մրցաշրջանի ավարտից հետո էլ Պեդրին, որպես պարգև, հրավեր ստացավ Իսպանիայի հավաքականից ու կխաղա ԵՎՐՈ 2020-ում:

Պեդրիի տրանսֆերային արժեքը մրցաշրջանից առաջ 15 մլն էր, հիմա՝ 75 մլն: Բայց այս թվերն անիմաստ են, քանի որ Պեդրին գտել է իր սրտի թիմը, «Բարսելոնան» էլ գտել է կիսապաշտպանի, որը, Բուսկետսի ու դե Յոնգի հետ միասին կարող է վերադարձնել գնդակի վերահսկումն ու Տիկի-Տական: Պեդրին հիշեցնում է «Բարսելոնային» ակումբի ինքնությունը:

Ռայան Չերկի – «Լիոն»

Ուղևորվենք Ֆրանսիա և ծանոթանանք ֆրանսիական ֆուտբոլի մեծագույն տաղանդներից մեկին, որը, բնականաբար, էլ որտեղ պետք է խաղար, եթե ոչ «Լիոնում»:

Ռայան Չերկին «Լիոնում» իր նորամուտը նշեց ու իր մասին լսեցրեց 2019/20-ին, բայց ալժիրյան ծագում ունեցող ֆրանսիացուն Եվրոպան ճանաչեց հենց այս մրցաշրջանում: Ընդամենը 17 տարեկանում Չերկին դարձել է «Լիոնի» հարձակման գծի առաջատարներից մեկը, և որ ամենակարևորն է՝ ունի խաղային մեծ ներուժ, մասնագետներն էլ նրան փայլուն ապագա են խոստանում:

Չերկին գերազանցեց նույնիսկ Կարիմ Բենզեմային, որը «Լիոնի» ակադեմիայի լավագույն սաներից մեկն է: Չերկին դարձավ «Լիոնի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ 16 տարեկան 140 օրում: Չերկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 խաղ, խփել 4 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: Նա խաղում հարձակման աջ եզրում, բայց կարող է գործել նաև ձախից կամ նույնիսկ կենտրոնից: Չերկին ունի անկրկնելի տեխնիկա և տիրապետում է հուժկու հարվածների: Այս ֆուտբոլիստին մոտ ապագայում կտեսնենք որևէ գրանդ ակումբներից մեկում:

Ջամալ Մուսիալա – «Բավարիա»

Ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Բավարիան» բարդ հանդիպում ունեցավ «Լայպցիգի» դեմ: Հանս-Դիտեր Ֆլիկը հասկանում էր, որ իր թիմի խաղը չէր ստացվում, մրցակիցն ակհայտորեն ավելի լավն էր: Գերմանացի մասնագետը որոշեց ոչ ստանդարտ քայլի գնալ ու խաղադաշտ դուրս բերել Ջամալ Մուսիալային՝ անուն, որի մասին նույնիսկ «Բավարիայի» երկրպագուներն էին քիչ լսել. «Խաղը դուրս էր եկել մեր վերահսկողությունից, բայց ամեն ինչ փոխվեց, երբ խաղադաշտ մտավ Ջամալը: Նա ինձ զարմացրեց իր ինքնավստահ խաղով, արագացումներով: «Լայպցիգի» պաշտպանները մի կերպ էին պաշտպանվում նրա դեմ: Մեծ տաղանդ ունենք», – խաղից հետո հայտարարեց Ֆլիկը, որը հենց այդ օրը հասկացավ՝ որքան արժեքավոր խաղացող կա թիմում:

Մուսիալան ճանապարհորդել է Անգլիայում ու Գերմանիայում: 8 տարեկանում խաղացել է «Չելսիի» ակադեմիայում, բայց 2019-ին համալրել է «Բավարիայի» երիտասարդական թիմերի շարքերը: Մյունխենյան ակումբում Մուսիալան լավ տպավորություն է թողնում արդեն Բունդեսլիգայի առաջին տուրում՝ գոլի հեղինակ դառնալով «Շալկեի» հետ խաղում: Խաղից խաղ Ջամալը ավելի շատ խաղաժամանակ է ստանում, նշում է իր նորամուտը նաև ՉԼ-ում: 1/8 եզրափակիչում՝ «Լացիոյի» դեմ խաղում Մուսիալան դառնում է նաև գոլի հեղինակ. «Ջամալն իր տարիքի համար ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Նա արդեն մեր թիմի կարևոր մասնիկն է», – նշում է Ֆլիկը:

Մուսիալան ավարտված մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 1 ասիստ: Նա կենտրոնական կիսապաշտպան է, բայց միտված է հարձակմանը: Նրան ունենալով՝ այդ դիրքում «Բավարիան» երկարաժամկետ լուծում ունի: Մրցաշրջանից առաջ նրա արժեքը 1 մլն էր, իսկ հիմա Transfermarkt-ը նրան գնահատում է 38 մլն:

18-ամյա Մուսիալան, ի դեպ, ընտրություն էր կատարում Անգլիայի ու Գերմանիայի հավաքականի միջև: Մուսիալան ընտրեց «Մանշաֆթը» և հրավիրվեց Գերմանիայի հավաքական՝ ԵՎՐՈ 2020-ին մասնակցելու:

Ջուդ Բելինգեմ – «Բորուսիա»

Բելինգեմն արդեն տպավորել էր անգլիացի երկրպագուներին՝ «Պորթսմութում» խաղալու ժամանակ, բայց այս ֆուտբոլիստն ավելի բարձր մակարդակում փայլեց միայն այս մրցաշրջանում:

«Բորուսիան» վարում է ցածր գնով ֆուտբոլիստներ ձեռք բերելու և հետո ավելի մեծ գումարով վաճառելու քաղաքականություն: Բայց դորտմունդցիները ռեկորդային գումար վճարեցին Բելինգեմի համար 23 մլն եվրո, որը դարձավ 17-ամյա ամենաթանկարժեք ֆուտբոլիստը պատմության մեջ: Միայն այս հանգամանքը բավարար է՝ հասկանալու, թե որքան մեծ է Բելինգեմի ներուժը: 17-ամյա ֆուտբոլիստն ամեն ինչ ապացուցեց խաղադաշտում՝ այս մեկ մրցաշրջանի ընթացքում:

Բելինգեմը բավական ունիվերսալ ֆուտբոլիստ է, որ կարող է գործել կենտրոնի տարբեր գոտիներում: Նա կարող է խաղալ հենակետայինի գոտում, կարող է լինել box to box, ու նույնիսկ կարող է լինել խաղարկող: Բայց նման ֆուտբոլիստ լինելու համար պետք է ֆիզիկապես լինել պատրաստված, հմտորեն տիրել գնդակին ու կարողանալ տեսնել խաղադաշտը: Բելինգեմն ունի այդ բոլոր հատկանիշները, ունի անհավանական հասունություն ու արդեն «Բորուսիայի» անփոխարինելի ֆուտբոլիստներից է. 46 խաղ, 4 գոլ (որոնցից մեկը՝ ՉԼ 1/4 եզրափակիչում, «Մանչեսթեր Սիթիին») և 4 ասիստ: Տրանսֆերային արժեքն էլ 11 մլն-ից սլացել ու դարձել է 55 մլն:

Բելինգեմն իր տեղն է գտել նաև Անգլիայի հավաքականում: Նա դարձել է 3-րդ ամենաերիտասարդ դեբյուտանտը հավաքականում՝ Ռունիից ու Ուոլքոթից հետո: Գարեթ Սաութգեյթը, անկասկած, նրան ընդգրկել է ԵՎՐՈ 2020-ի հայտացուցակում: Hey, Jude:

Ռայան Գրավենբերխ – «Այաքս»

Էլ ի՞նչ երիտասարդ տաղանդներ, էլ ի՞նչ բացահայտումներ՝ առանց «Այաքսի»:

Ռայան Գրավենբերխը «Այաքսի» ակադեմիա է ընդունվել 8 տարեկանում և դարձել ամստերդամյան ակումբի ներկայիս լավագույն կադրերից մեկը: Գնացին դե Լիխտը, դե Յոնգը, Զիեշն ու Վան դե Բեկը, բայց «Այաքսի» խաղը չկորցրեց փայլը կենտրոնում՝ շնորհիվ Գրավենբերխի: Նիդերլանդների երիտասարդ ներկայացուցիչը բավական մեծ նմանություն ունի Բելինգեմին. նա նույնպես կատարյալ ֆուտբոլիստ է, մեծ ծավալի աշխատանք է կատարում խաղադաշտում: Գրավենբերխին շատ են համեմատում Պոգբայի հետ, քանի որ նա նույնպես ունի երկար ոտքեր, բարձրահասակ է, բայց ունի արագություն, փայլուն փոխանցումներ ու հարվածներ, կարողանում է կասեցնել ամենաբարդ գնդակները, հաճախ հաղթող է դուրս գալիս միկրոմենամարտերում:

Այս մրցաշրջանում Գրավենբերխը մասնակցել է 47 խաղի, խփել 5 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: Նրա ծառայություններով, ըստ միջազգային մամուլի, արդեն հետաքրքրվում են «Բարսելոնան», «Ռեալը» և «Լիվերպուլը»:

Գրավենբերխը նաև այն ֆուտբոլիստներից է, որին պետք է ուշադիր հետևել ԵՎՐՈ 2020-ի ժամանակ՝ Նիդերլանդների կազմում: Խորամանկ Մինո Ռայոլան հենց այնպես չէր դառնա այս ֆուտբոլիստի գործակալը: Ինչպես հայտնի երգում է ասվում՝ Remember the name!

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա