Logo

«Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 04.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
6sa6s6s - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:20

-

-

Էրլինգ Հալանդի տրանսֆերային սագան ամենևին էլ պարզ գործընթաց չի լինելու: Փորձենք հասկանալ՝ երբ կկայանա հավանական տրանսֆերը, որ ակումբներն ունեն նորվեգացուն գնելու իրական շանսեր և այդ գործարքում ովքեր են ունենալու ամենակարևոր դերակատարությունը:

Նրա մուտքը ֆուտբոլում հանկարծակի էր, բայց նույնքան սենսացիոն ու շռնդալից: Նորվեգացին երկրպագուների լայն զանգվածին հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայում իր նորամուտով՝ «Գենկի» դեմ ձևակերպեց հեթ-տրիկի շնորհիվ: Այդ խաղից հետո բոլորն ուշադրությամբ հետևում են Էրլինգի խաղին, իսկ նորվեգացի հսկան չի հիասթափեցնում. ՉԼ-ի այդ խաղից հետո Հալանդի արդյունավետությունը միայն աճում է: Մրցակիցը, մրցաշարը և իր թիմի անունը նշանակություն չունի, Հալանդը զգում է գոլը փակ աչքերով, զգում է դարպասի հոտը մի քանի կմ հեռավորությունից. նա ի ծնե օժտված է գոլ խփելու բացառիկ տաղանդով: Ունենալով 1.94 սմ հասակ՝ գոլի մեքենան ունի նաև բարձր արագություն, գնդակի հետ վարվելու կարողություն, կոմբինացիոն խաղաոճ:

2020-ի հունվարին Հալանդը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որտեղ ևս շարունակեց խոցել բոլորին (45 խաղ, 43 գոլ): Մբապեի հետ միասին Հալանդը արդեն հիմա համարվում է ապագայի 2 կարևորագույն դեմքերից մեկը (ինչպես Մեսին ու Ռոնալդուն) և արդեն հիմա գրանդ ակումբներն իրար հերթ չեն տալիս ու ցանկանում են գնել նորվեգացուն:

Մեր ընտրանին

Հանս-Յոահիմ Վացկե

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն իր վերջին հարցազրույցում «հույս է տվել» գրանդ ակումբներին՝ Հալանդի տրանսֆերի վերաբերյալ:

«Կորոնավիրուսի համաճարակը մեզ լուրջ հարված հասցրեց: Հալանդը, բնականաբար, մեր ծրագրերում է և իրեն շատ լավ է զգում այստեղ, բայց ոչինչ չեմ ցանկանում բացառել համաճարակի պայմաններում: Եթե հաջորդ մրցաշրջանում նույնպես խաղանք առանց հանդիսատեսի, շատ հնարավոր է՝ ստիպված լինենք վաճառել մեր աստղերից մեկին: Մեր առաջատարներից բաժանվելուց խուսափելու համար հաստատ բանկերից ահռելի վարկեր չենք վերցնելու», – հայտարարել է Վացկեն Handelsblatt-ին տված հարցազրույցում:

Screenshot 2 960x549 - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Հալանդի տրանսֆերային իրավիճակը հետևյալն է. երբ «Բորուսիան» 2020-ին բոլորից արագ և խելացի գտնվեց՝ գնելով Հալանդին, ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ պայմանավորվեց սահմանել հրաժարագին՝ 75 միլիոն եվրո, որը գործելու է 2022 թվականից: Առաջիկա ամռանը Հալանդը հրաժարագին չի ունենալու. ակումբները, որ կցանկանան գնել 20-ամյա հարձակվողին, պետք է բանակցեն դորտմունդցիների հետ: «Մեղուներն» էլ 120 միլիոն եվրոյից ավելի ցածր առաջարկ չեն ընդունի:

Միխայիլ Ցորկ

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը Հալանդի հարցում այլ դիրքորոշում ունի: «Հալանդին վաճառելու ոչ մի մտադրություն չունենք: Երջանիկ ենք, որ նա խաղում է մեր ակումբում», – հայտարարել էր Ցորկը:

Ցորկը հարցին նայում է մարզական տեսանկյունից. ըստ մարզական տնօրենի՝ ֆինանսական ճգնաժամը կարելի է հաղթահարել ակումբի՝ վերջին տարիներին իրականացրած թոփ գործարքների շնորհիվ (միայն Դեմբելեի ու Պուլիշիչի վաճառքից ակումբը ստացել է մոտ 200 միլիոն եվրո), և պետք չէ որևէ գնով հրաժարվել Հալանդից: «Բորուսիան» իր կազմում այլ «ադամանդ» ևս ունի՝ Ջեյդոն Սանչոն, որի արժեքը նույնպես գերազանցում է 100 միլիոն եվրոն:

Այստեղ է կայանում Վացկեի ու Ցորկի տարակարծությունը. «Բորուսիան» գնեց Հալանդին «Զալցբուրգից» ընդամենը 20 միլիոն եվրոյով ու կարող է վաճառել 120-ով, բայց կարող է պահել իր ռմբարկուին՝ ֆուտբոլային խաղադաշտում ավելի մեծ հեռանկարներ ունենալու ակնկալիքով:

Մինո Ռայոլա

Այստեղ հայտնվում է Հալանդի սուպերգործակալը՝ Մինո Ռայոլան, որը հնչեղ գործարքների մեծ երկրպագու է: Իտալացին, անկասկած, Հալանդի տրանսֆերը հենց այս ամռանն իրականացնելու կողմնակիցն է:

107384026 raiola2 960x540 - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Խորամանկ իտալացին դորտմունդցիների հետ պայմանավորվածության ժամանակ հստակ գիտակցում էր, որ 2021-ին «Բորուսիան» կարող է չդիմանալ գայթակղությանն ու հրաժարագնից մոտ երկու անգամ ավելի բարձր գնով վաճառել նորվեգացուն, իսկ որքան մեծ է գործարքի արժեքը, այդքան մեծ է միջնորդավճարը: Չմոռանանք, որ միայն Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից Ռայոլան վաստակեց 20 միլիոն եվրո ու գնեց Ալ Կապոնեի շքեղ առանձնատունը: Իսկ ինչո՞ւ հիմա չգնել ևս մեկ շքեղ առանձնատուն:

Ալ-Ինֆե Հալանդ

Ֆուտբոլիստի հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը, նույնպես մեծ ազդեցություն ունի իր որդու ապագայի հարցում: Ըստ գերմանական մամուլի՝ Հալանդ-ավագը որդու՝ «Բորուսիա» տրանսֆերից կլորիկ գումար է ստացել: Իսկ մարզական առումով Ալֆ-Ինգեն մեծ հեռանկարներ է տեսնում որդու համար Անգլիայում և Իսպանիայում. «Լա լիգան շատ լավ առաջնություն է որդուս համար», – հայտարարել էր Ալֆին շաբաթներ առաջ:

Screenshot 3 - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Ստացվում է, որ Ալֆ-Ինգե Հալանդ-Ռայոլա-Վացկե եռյակը պետք է համոզի Միխայիլ Ցորկին Հալանդին այս ամռանը վաճառելու հարցում. հեշտ չի լինելու, բայց եռյակն ունի հիմնավոր պատճառներ, իսկ գրանդներն իրենց առաջարկներով ավելի կսեղմեն օղակը:

Ո՞ր ակումբներն ունեն Հալանդին գնելու իրական շանսեր

«Մանչեսթեր Սիթի». անսահման փող, Ալֆ-Ինգե Հալանդ, Գվարդիոլա…

«Մանչեսթեր Սիթին», ըստ Bild-ի, ինչպես Ֆորմուլա 1-ում են ասում, pole position-ում է: «Երկնագույնները» պատրաստ են վճարել ոչ միայն այն գումարը, որ կպահանջի «Բորուսիան», այլ նաև այն աշխատավարձը, որ կպահանջի Հալանդը (դե լավ, Ռայոլան): Բացի դրանից, Հալանդը «Սիթիում» ունենալու է առաջատարի դեր և մեկնարկային կազմում տեղ առաջին իսկ րոպեից: Սերխիո Ագուերոն, կարծես, հեռանալու է մրցաշրջանի ավարտից հետո, իսկ Հալանդը կդառնա արգենտինացու երկարաժամկետ փոխարինողը:

e6fbgalah8c51 - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Հալանդի՝ «Սիթիում» հայտնվելուն հաստատ կողմ կարտահայտվի նրա հայրը, որը 3 տարի անցկացրել է «քաղաքաբնակների» կազմում: Հալանդին կարող է գրավել նաև Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորությունը:

«Սիթիի» տեսանկյունից էլ Հալանդին գնելը չափազանց շահավետ կլինի. պլան բ-ն Հարի Քեյնն է, բայց Հալանդն ավելի երիտասարդ է և ունի գրեթե նույն տրանսֆերային արժեքը:

«Ռեալ». Պերես-Վացկե լավ հարաբերություններ

Հալանդին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից է «Ռեալը»: «Արքայական ակումբի» գլխավոր հաղթաթղթերից է նախագահ Ֆլորենտինո Պերեսի և Հանս-Յոահիմ Վացկեի լավ հարաբերությունները:

Երկու ակումբները միմյանց միջև տրանսֆերներ իրականացնելու փորձ ունեն (Նուրի Շահին, Աշրաֆ Հաքիմի, Ռեինիեր), և ըստ Bild-ի՝ եթե «Բորուսիան» որոշում կայացնի վաճառել Հալանդին, այդ մասին առաջինը կիմանա «Ռեալը»: Իհարկե՝ դա վճռորոշ հանգամանք չէ, բայց առավելություն է մյուս ակումբների նկատմամբ: Մադրիդում հասկանում են, որ չեն կարող առաջարկել Հալանդին այնքան աշխատավարձ, որքան կառաջարկեն մյուս ակումբները, բայց Ֆլորենտինո Պերեսն ունի ֆուտբոլիստներին համոզելու մեծ տաղանդ: Տրանսֆերին կարող է նպաստել նաև Ռայոլան, որը երբեք լուրջ օպերացիա չի իրականացրել «Ռեալի» հետ:

Screenshot 4 1 960x504 - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

«Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուից հետո գոլ խփելու լուրջ խնդիր ունի, և Հալանդը կարող է լուծել այդ խնդիրը: Հալանդը, ի տարբերություն Մբապեի, («Ռեալի» մյուս տրանսֆերային թիրախի) ունի ավելի ցածր ֆինանսական պահանջներ: «Ռեալը» վերջին 3 տրանսֆերային պատուհանների ժամանակ ոչ մի տեղափոխություն չի իրականացնել. գուցե՝ հենց Հալանդը դառնա մադրիդցիների «նոր գալակտիկոսը»:

«Մանչեսթեր Յունայթեդ». Սուլշերն ու «հին ընկերությունը»

«Մանչեսթեր Յունայթեդը» Հալանդի համար սերենադ է երգում դեռ այն ժամանակներից, երբ նրան ոչ ոք չէր ճանաչում: Մանկունիանցիներն ամենից շատն են փորձել գնել նորվեգացուն, բայց՝ ապարդյուն. սկզբում՝ «Մոլդեից», հետո՝ «Զալցբուրգից», իսկ հիմա արդեն «Բորուսիայից»:

Մանչեսթերում Հալանդի խաղի գլխավոր երկրպագուն Ուլե Գունար Սուլշերն է: Նորվեգացի մասնագետը կարող է դառնալ նաև «Յունայթեդի» հաղթաթուղթը՝ Հալանդին ձեռք բերելու հարցում: Սուլշերը Հալանդի հայրենակիցն է ու շատ լավ գիտի նրան՝ «Մոլդեում» միասին աշխատելուց հետո. «Էրլինգի հետ մշտական կապի մեջ եմ: Ինձ համար շատ հաճելի է տեսնել՝ ինչպես է նա փոխվել ու զարգացել որպես ֆուտբոլիստ: Նա «Բորուսիայի» խաղացող է, բայց տեսնենք՝ ինչ կբերի ապագան իր հետ», – նշել էր Սուլշերն իր վերջին ասուլիսներից մեկում:

Ole Gunnar Solskjaer and Erling Braut Haaland 960x480 - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Հալանդը կարող է դառնալ այն աստղը, որի գալուց հետո «Յունայթեդը» կրկին կպայքարի բոլոր տիտղոսների համար:

«Չելսի». «գերմանական կլանն» ու գրավիչ նախագիծը

Անգլիական մեկ այլ ակումբ՝ «Չելսին» նույնպես Հալանդի՝ կարիերան շարունակելու լավ տարբերակ է:

Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վերադարձրել է հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ ու կրկին սկսում է մեծ գումարներ ներդնել «Չելսիի» ապագայի համար: «Ազնվականներն» ունեն նոր՝ հեռանկարային նախագիծ, և որ ամենահետաքրքիրն է՝ իրենց ներուժը կառուցում են Բունդեսլիգայից եկած կադրերի վրա. Վերներ, Հավերց… նրանց միացավ նաև գերմանացի մասնագետ Տոմաս Տուխելը: Այս շրջապատում Հալանդը կարող է ավելի հեշտ հարմարվել՝ հաշվի առնելով, որ հաջողությամբ խաղում է Բունդեսլիգայում:

«Բավարիա». արդյո՞ք մյունխենցիները դուրս են եկել մրցավազքից

«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն օրեր առաջ հայտարարեց, որ «Բորուսիայի» հետ ակումբն ունի ասպետական համաձայնություն՝ Հալանդին գնելու փորձեր չանելու շուրջ: «Կարող եմ հստակ նշել, որ Հանս-Յոահիմ Վացկեի հետ լավ հարաբերություններ ունեմ, և Լևանդովսկիի նման գործարք այլևս չի լինի», – նշել էր Ռումենիգեն:

Շատերն էին կանխատեսում, որ Հալանդը «նոր Լևանդովսկին» կդառնա ու կտեղափոխվի «Բավարիա». Բունդեսլիգա, հարմարավետության գոտի, տիտղոսներ… Հալանդի համար «Բավարիան» կարող էր կարիերայի հաջող շարունակություն լինել: Կպահե՞ն մյունխենցիներն իրենց համաձայնությունը, թե՞, այնուամենայնիվ, կմիանան պայքարին:

1284442872.0 960x640 - «Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը

Դժվար է լինել Էրլինգ Հալանդի դերում: Այսպիսի տարբերակների ու ընտրության հնարավորության դեպքում որոշում կայացնելու պատասխանատվությունը չափազանց մեծ է: Ժամանակը ցույց կտա՝ որտեղ կհայտնվի Էրլինգը, և դրանից է կախված, թե արդյոք կկարողանա՞ Հալանդը կարիերան շարունակել այնպես փառահեղ, ինչպես սկսել է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա