Logo

Պորտուգալիան անհամեմատ ավելի ուժեղ կազմով մտնում է պայքարի մեջ իր սիրելի մրցաշարում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
eurocombat202055 - Պորտուգալիան անհամեմատ ավելի ուժեղ կազմով մտնում է պայքարի մեջ իր սիրելի մրցաշարում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն անհամեմատ ավելի ուժեղ կազմով է մասնակցելու ԵՎՐՈ-2020-ին։ Պորտուգալացի երիտասարդ խաղացողները պարզապես գրավել են եվրոպական լիգաները։ Շարունակում են փայլել նաև հին գվարդիայի աստղային դեմքերը։ Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը երեկ հրապարակեց թիմի հայտացուցակը։ VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականներին ներկայացնելու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Պորտուգալիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերը ու հավանական մեկնարկային կազմը։

Անցած ճանապարհը

Պորտուգալիան մինչև ընտրական մրցաշարի օգնությամբ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելը գերազանց խաղաց ՈւԵՖԱ-ի ազգային հավաքականների նորամուծություն-մրցաշարում՝ Ազգերի լիգայում։ Սանտուշի թիմը դարձավ մրցաշարի առաջին հաղթողը։ Ա լիգայի իր խմբում մրցակիցներն էին Իտալիան ու Լեհաստանը։ Երկու հավաքականներին էլ Պորտուգալիան մեկական անգամ հաղթեց ու ոչ-ոքի խաղաց, 8 միավորով զբաղեցրեց խմբի առաջին տեղն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Վիճակահանությունը բավականին հաջող դասավորվեց Սանտուշի համար։ Մրցակիցը Շվեյցարիան էր։ Մյուս զույգը կազմեցին Անգլիան ու Նիդերլանդները։ Եզրափակիչ դուրս եկան Պորտուգալիան և Նիդերլանդները։ Հաղթական գնդակը եզրափակիչ խաղում երկրորդ կեսի միջնամասում խփեց Գոնսալու Գեդեշը։ Պորտուգալիան նվաճեց ևս մեկ միջազգային տիտղոս ու արդեն ապահովեց տեղը Եվրոյում։ Ընտրական փուլում ձախողվելու դեպքում նրանք հնարավորություն կունենային մասնակցելու Եվրոյին շնորհիվ Ազգերի լիգայում հաղթանակի։

Page48 nations league - Պորտուգալիան անհամեմատ ավելի ուժեղ կազմով մտնում է պայքարի մեջ իր սիրելի մրցաշարում

Պորտուգալիան Եվրոյի ընտրական փուլի մրցաշարի B խմբում էր ընդգրկված Ուկրաինայի, Սերբիայի, Լիտվայի և Լյուքսեմբուրգի հավաքակնների հետ։ Զարմանալիորեն Պորտուգալիայի ընտրանին խմբում առաջին տեղը զիջեց Ուկրաինայի հավաքականին, որի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն գերազանց թիմ է կառուցել։ Խաղերից մեկում ուկրաինացիները հաղթեցին, մյուսում գրանցվեց ոչ-ոքի։ Պորտուգալիան միավորներ կորցրեց նաև Սերբիայի դեմ խաղերից մեկում։ Մյուս մրցավեճերում տարած հաղթանակները Լյուքսեմբուրգի ու Լիտվայի նկատմամբ ապահովեցին երկրորդ տեղը Եվրոպայի գործող չեմպիոնների համար։ Պորտուգալիան ԵՎՐՈ-2020-ում է։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ՝ Էնթոնի Լոպեշ («Լիոն»), Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմփթոն»), Ռուի Սիլվա («Գրանադա»):

Պաշտպաններ՝ Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն»), Ժոզե Ֆոնտե («Լիլ»), Պեպե («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Նունու Մենդեշ («Սպորտինգ»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»):

Կիսապաշտպաններ՝ Դանիլու Պերեյրա (ՊՍԺ), Ժոաու Պալյինյա («Սպորտինգ»), Ռուբեն Նևեշ («Վուլվերհեմփթոն»), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաու Մոուտինյու («Վուլվերհեմփթոն»), Ռենատու Սանշեշ («Լիլ»), Սերժիու Օլիվեյրա («Պորտու»), Վիլյամ Կարվալյու («Բետիս»):

Հարձակվողներ՝ Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), Անդրե Սիլվա («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), Գոնսալու Գեդեշ («Վալենսիա»), Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո Մադրիդ»), Ռաֆա Սիլվա («Բենֆիկա»):

portual 960x540 - Պորտուգալիան անհամեմատ ավելի ուժեղ կազմով մտնում է պայքարի մեջ իր սիրելի մրցաշարում

Պորտուգալիայի հավաքականի կազմի ուժեղացման պատճառը ոչ թե նոր անունների հայտնվելն է, այլ այդ նույն խաղացողների գրանցած առաջընթացը նախորդ մեծ մրցաշարերից հետո։ Օրինակ, եթե նայենք Մունդիալ-2018-ի կազմին, ապա այստեղ կան Ռուբեն Դիաշը, Բրունո Ֆերնանդեշը, բայց ակնհայտ է, որ 2018-ին նրանք չունեին այն ուժն ու նշանակությունը ազգային թիմի համար, ինչ հիմա։ Հայտացուցակում կան նաև նոր անուններ, որոնք այսպիսի խոշոր մրցաշարի մասնակցության հրավեր ստանում են առաջին անգամ։ Օրինակ «Սպորտինգի» երիտասարդ խաղացող, հարձակվողական ոճի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշը։ Ի դեպ, նա գործուն մասնակցություն է ունեցել «Սպորտինգի»` 19 տարվա մեջ առաջին չեմպիոնությանը՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն խփած 23 գոլով։

Սանտուշը, սակայն, ամբողջությամբ չի երիտասարդացրել կազմը, ինչը ևս կարևոր է։ Թիմում պետք է լինեն բազմափորձ խաղացողներ, որոնք նույնիսկ միայն իրենց ներկայությամբ կարող են շատ բան տալ թիմին։ Այստեղ է «Պորտուի» կազմում ֆուտբոլային երկրորդ երիտասարդություն ապրող Պեպեն։ Այստեղ է Ժոզե Ֆոնտեն, որը գերազանց մրցաշրջան է անցկացնում «Լիլի» կազմում։ Պաշտպանության կենտրոնը թերևս ամենաուժեղներից է, քանի այստեղ է նաև Պրեմիեր լիգայի «հրեշը»՝ Ռուբեն Դիաշը։ Սանտուշի համար կարևոր առավելություն է իր ֆուտբոլիստների խելահեղ մարզավիճակը։ Իրոք, որ դիրքին նայում ես, կան խաղացողներ, որոնք բառացիորեն փայլել են իրենց թիմերում այս տարի. Դիաշ, Ֆոնտե, Ֆերնանդեշ, Ֆելիշ, Սանշեշ, Ռոնալդու, Անդրե Սիլվա։ Այսպիսի զորեղ կազմ Պորտուգալիայի հավաքականն երևի թե ուներ 2004-ի տնային ԵՎՐՈ-ում, երբ թիմին առաջնորդում էին Լուիշ Ֆիգուն, Ռուի Կոշտան, Մանիշեն, Դեկուն, Սիմաոն ու Պաուլետան։

Մարզչական գործոն

Ֆերնանդու Սանտուշը Պորտուգալիայի հավաքականին պատմական հաղթանակ բերած մարզիչն է։ ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչի վերջին վայրկյաններին, երբ նա դեռ ցուցումներ էր տալիս իր խաղացողներին, նրան մոտենում է խաղի ընթացքում վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուն ու ասում․ «հանգստացի՛ր ծերուկ, մենք արդեն հաղթել ենք դա»։ Սանտուշը հավաքականում հարգված ու սիրված դեմք է, նա ունի նաև երկրպագուների անսահման աջակցությունը։ Ի վերջո այդպիսի թիմում Եվրոպայի չեմպիոն դառնալն աննկարագրելի մի բան էր, որը պորտուգալացիները կարողացան անել, այն էլ՝ Ֆրանսիայում։ Հիմա Սանտուշը փորձելու է կրկնել անցած ԵՎՐՈ-ի սխրանքը։ Նրա գործոնն այս հարցում կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Նայելով հայտացուցակին՝ հասկանում ենք, որ Պորտուգալիայի մարզիչը շատ կշռադատված ընտրություն է կատարել։ Խաղային բոլոր դիրքերում նա ունի ուժեղ խաղացողներ։ Սանտուշը շատ լավ է կարողանում աշխատել երիտասարդ խաղացողների հետ։

20160714 The18 Image Fernando Santos 798x450 1 960x540 - Պորտուգալիան անհամեմատ ավելի ուժեղ կազմով մտնում է պայքարի մեջ իր սիրելի մրցաշարում

Հիմա կազմում այնքան շատ են հարձակման գծի խաղացողները, որ Սանտուշը դժվար թե որոշի հագեցնել դաշտի կենտրոնը։ Թեպետ դրա համար հայտացուցակում կան բազմաթիվ խաղացողներ։ Սանտուշը բացի մարտավարությունից, մի շարք որոշումներ պետք է կայացնի կազմի ընտրության հարցում. ինչ զույգ պետք է խաղա դաշտի կենտրոնում։ Հիմնական տարբերակները թերևս երկուսն են․ Դիաշ-Պեպե, Դիաշ-Ֆոնտե։ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողի տեղը հաստատ ապահոված է կազմում։ Աջ եզրում կա Սեմեդու-Կանսելու երկընտրանքը։ Դաշտի կենտրոնի ու հարձակման գծի մասին թերևս «լռենք»։ Այստեղ Սանտուշը բազմաթիվ տարբերակներ ունի։ Պորտուգալիայի հավաքականի հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակն՝ ավելի ուշ։ Հաշվի առնելով միայն խմբային փուլում Պորտուգալիայի մրցակիցների զորեղությունը՝ Սանտուշը պետք է վճռական որոշումներ կայացնի թիմի խաղը լավագույնս կազմակերպելու համար։

Մեր ընտրանին

Գլխավոր աստղը

Կհանդգնի՞ ինչ-որ մեկը գլխավոր աստղի դերում Կրիշտիանու Ռոնալդուից բացի ուրիշ մեկին ընտրել։ Դա անելն իսկապես բարդ է։ Գայթակղությունը մեծ է Ռուբեն Դիաշին այդ դերը տալու համար, բայց «Մանչեսթեր Սիթիում» մեկ հրաշալի մրցաշարը ամենևին էլ պատճառ չէ այսպիսի խոշոր մրցաշարում նրան այդ դերը վերագրելու համար։ Ի վերջո, այստեղ խոսքը ոչ միայն խաղային որակների, այլ նաև առաջատարի հատկությունների մասին է։ Դիաշը կարող է լինել պաշտպանության գծի «ասիչը», բայց գլխավոր աստղը միշտ լինելու է Ռոնալդուն: «Յուվենտուսի» համար մրցաշրջանը չափազանց բարդ դասավորվեց, սակայն նույնիսկ այսպիսի տարում Ռոնալդուն խելահեղ արդյունավետություն գրանցեց. շրջանցեց Պելեի հավերժ թվացող ռեկորդը։ Կա տեսակետ, թե Ռոնալդուն «Յուվենտուսում» կարող է ավելի լավ խաղալ, եթե խաղընկերներն ավելի լավ դրսևորեն իրենց։ Ռոնալդուի հետ հարձակման գծում կարող են խաղալ Ֆելիշը, Անդրե Սիլվան, Ժոտան։ Թիկունքից նրան օգնելու է Բրունոն։

RonaldoPortugal111020 960x640 - Պորտուգալիան անհամեմատ ավելի ուժեղ կազմով մտնում է պայքարի մեջ իր սիրելի մրցաշարում

Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում նվիրվում է ամբողջությամբ։ Այսպիսի մրցաշարերում նա ամեն ինչ է թողնում դաշտում, քանի որ զոհասեղանին շատ բան է դրված։ Հիշե՛ք, թե ինչպես էր Ռոնալդուն Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում օգնում Էդինսոն Կավանիին խաղադաշտից շուտ դուրս գալ, որպեսզի Պորտուգալիան ժամանակ ունենար ևս մեկ գոլ հետ բերելու Ուրուգվայի դեմ խաղում։ Ռոնալդուի ֆիզիկական մարզավիճակը հուշում է, որ սա նրա վերջին մեծ մրցաշարը չի լինելու։ Ֆերնանդու Սանտուշն էլ, իր հերթին, ասաց, որ վստահ է, որ Ռոնալդուն խաղալու է 2022-ի Մունդիալում։ Սակայն ոչինչ երաշխավորված չէ։ Այնպես որ, Ռոնալդուն ամեն ինչ անելու է իր հավաքականի հետ ևս մեկ նվաճման հասնելու համար։ Մանավանդ «Յուվենտուսի» անհաջող մրցաշրջանից հետո Ռոնալդուն ապացուցելու շատ բան է ունենալու ֆուտբոլային հանրությանը արդեն հավաքականի կազմում։

Մրցակիցներ/շանսեր 

Մահվան խումբ․ հենց այսպես պետք է անվանվեր այն խումբը, որտեղ աշխարհի գործող չեմպիոնն է, աշխարհի նախորդ չեմպիոնն ու Եվրոպայի գործող չեմպիոնը։ Մոռացանք Հունգարիային։ Պորտուգալիան այն «հաջողակ» թիմն է, որը առաջին տուրում չի խաղալու թոփ մրցակցի դեմ։ ԵՎՐՈ-ն նրանք սկսում են Հունգարիայի դեմ արտագնա խաղից։ Հանդիպումն իսկապես բառի բուն իմաստով արտագնա է, քանի որ կայանալու է Բուդապեշտում՝ հանդիսականներով։ Հետո Պորտուգալիան Մյունխենում խաղալու է Գերմանիայի հետ, իսկ վերջին տուրում ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչի կրկնությունն է Բուդապեշտում․ Պորտուգալիա – Ֆրանսիա։ Հնարավորություն կա խմբից դուրս գալու նաև երրորդ տեղով, այնպես որ կարող է լինել սցենար, որով այս խմբի բոլոր թոփ հավաքականները կհայտնվեն փլեյ-օֆֆում։ Այս խմբի թիմերը շատ ուժեր են ծախսելու այս փուլը հաղթահարելու համար։

pogba ronaldo 960x640 - Պորտուգալիան անհամեմատ ավելի ուժեղ կազմով մտնում է պայքարի մեջ իր սիրելի մրցաշարում

Հաշվի առնելով ծանրաբեռնված խմբային փուլը՝ փլեյ-օֆֆում այս խմբի թիմերին բարդ է լինելու։ Ճիշտ է՝ ինչպես նշեցինք, Սանտուշի թիմն հզոր կազմ ունի, որը կարող է երկար ճանապարհ անցնել այս մրցաշարում, սակայն եկեք չմոռանանք, որ ֆուտբոլիստները գալիս են այս խոշոր մրցաշարին՝ հետևում թողնելով բարդագույն մրցաշրջան, որն առաջին հերթին առանձնացել էր խիտ գրաֆիկով։ Պորտուգալիան լավ շանսեր ունի, սակայն, ինչպես արդեն նշեցինք, բացառված չէ, որ միայն փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար նրանք շատ ուժեր ծախսեն, իսկ ավելի կարևոր խաղերում չկարողանան ցուցադրել այն խաղը, որն անհրաժեշտ է հաղթելու ու մրցաշարում պայքարը շարունակելու համար։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

4-3-3։ Պատրիսիու, Կանսելու, Դիաշ, Պեպե, Գերեյրու, Դանիլու, Նևեշ, Բերնարդու Սիլվա, Ֆերնանդեշ, Ռոնալդու, Անդրե Սիլվա։

Սանտուշը կխաղա 4-3-3 կամ 4-4-2 մարտավարությամբ։ Եթե նայում ենք Պորտուգալիայի հավաքականի վերջին մրցելույթներին, ապա հիմնականում Սանտուշը ընտրում է 4-3-3 տարբերակը։ Նշված կազմը թղթի վրա ամենաօպտիմալն է, սակայն Սանտուշը կարող է բազմաթիվ փոփոխություններ կատարել մրցաշարի ընթացքում։ Հարձակման գծում Բրունոն կխաղա ավելի հետ քաշված՝ հարձակվողների թիկունքում։ Դա հենց իր դիրքն է։ Առջևում էլ Ռոնալդու-Սիլվա զույգն առավել քան հարվածային է։ Հարձակման գծում Սիլվայի ոչ տպավորիչ խաղի դեպքում նրան պատրաստ են փոխարինել Ֆելիշն ու Ժոտան։ Այնպես որ պետք է պայքարել ու լավ խաղ ցուցադրել մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Մեկ բան ակնհայտ է այս պահի դրությամբ․ Պորտուգալիան ունի ուժեղ կազմ, որով կարող է պայքար մղել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա