Logo

Սկզբից Ռամոսը, հիմա Վարանը․ ինչու՞ «Ռեալը» նույն պահին հրաժարվեց իր պաշտպանության հենասյուներից

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
varaneramos - Սկզբից Ռամոսը, հիմա Վարանը․ ինչու՞ «Ռեալը» նույն պահին հրաժարվեց իր պաշտպանության հենասյուներից

Եթե ինչ-որ մեկը անցած մրցաշրջանի ընթացքում ասեր, որ «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ է տալու Սերխիո Ռամոսին ու Ռաֆայել Վարանին, ապա կհնչեր Պարույր Սևակի հանրահայտ բանաստեղծություններից մեկի տողերը․ «Գժվե՞լ է, ի՜նչ է»։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ասողն ամենևին էլ գիժ չէ։ «Ռեալը»՝ մի քանի օրվա տարբերությամբ, հրաժեշտ տվեց իր հիմնական կենտրոնական պաշտպաններին՝ մեկին անվճար ուղարկելով ՊՍԺ, մյուսին՝ կլորիկ գումարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ռամոս-Վարան զույգը մոտ 10 տարի պաշտպանում էր «Ռեալի» կենտրոնը։ Ճիշտ է, Վարանը հենց սկզբից մեկնարկային կազմի լիիրավ անդամ չէր, քանի դեռ կար Պեպեն, սակայն պորտուգալացու հեռանալուց հետո ֆրանսիացին դարձավ «Արքայական» ակումբի պաշտպանության անվիճելի ներկայացուցիչը։

«Ռեալում» «խոտ չեն ուտում», մարդիկ գիտեն, թե ինչ են անում։ Ու որքան էլ Վարանին ու Ռամոսին միևնույն ժամանակահատվածում հրաժեշտ տալը լինի աբսուրդի ժանրից, պետք է ընդունել, որ թիմն ունեցել է փաստարկված պատճառներ այս քայլին գնալու համար։ Պատճառներից զատ, պետք է հասկանալ, թե ինչ է լինելու «Ռեալի» պաշտպանության հետ գալիք մրցաշրջանում։ Ի վերջո, սա հասարակ իրադարձություն չէ։ «Ռեալը» բարի ճանապարհ է ասել իր նորագույն պատմության մեջ ամենակարևոր խաղացողներից երկուսին։

Foot PSG – PSG: Varane rather than Ramos in Paris?

Մի կողմ թողնելով ռոմանտիկան

Ֆուտբոլը մոլորակի ամենազանգվածային սպորտաձևն է։ Այստեղ ռոմանտիկան շատ-շատ է։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ Ռամոսի ու Վարանի հեռանալը «Ռեալի» երկրպագուներն առաջին հերթին ընկալում են լավ հիշողություններին վերջնականապես հրաժեշտ տալու տեսքով։ Համացանցում հաճախ կգտնեք Ռամոսի, Վարանի, Պեպեի, Ռոնալդուի մասնակցությամբ լուսանկարներ հետևյալ վերտառությամբ․ «Այս ամենն այլևս անցյալ է»։ Կամ էլ հրապարակում են Դավիդ Ալաբայի լուսանկարն ու գրում․ «Ոսկու փնտրտուքներում մենք կորցրինք մեր ադամանդներին»։ Իսկ ո՞րն է իրականությունը։

Ռամոսի ու Վարանի հեռանալու պատճառներում և՛ նմանություն կա, և՛ տարբերություն։ Եկեք հասկանանք։

  • Մոտիվացիայի պակաս

Real Madrid: Three things Florentino Pérez must rectify

Ռաֆայել Վարանի խաղը «Արքայական ակումբում» զգալիորեն անկում ապրեց 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Ֆրանսիայի հետ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո լրատվամիջոցներն, իրար հերթ չտալով, գրում էին Վարանի բացառիկ նվաճումների մասին։ Վարանը աշխարհի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկն էր։ Նա երկար տարիներ վստահ խաղով Ռամոսի հետ առաջնորդում էր «Ռեալի» պաշտպանությունն ու հիմա էլ բացառիկ նվաճման հասավ Ֆրանսիայի հավաքականի հետ։ Սակայն նոր մրցաշրջանում «Ռեալը» բազմաթիվ խնդիրներ ունեցավ։ Դա անդրադառնում էր նաև Վարանի ու մյուսների վրա։

Մեր ընտրանին․

Զինեդին Զիդանի վերադարձից հետո ևս Վարանի խաղն ամենևին չէր առանձնանում իր հուսալիությամբ, ինչպես տարիներ առաջ էր։ 2020 թվականի Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղն էլ «ամեն ինչ գցեց իր տեղը»։ Վարանի երկու կոպտագույն սխալները «Ռեալին» դուրս թողեցին Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։ Ի դեպ, սա հենց այն խաղն էր, երբ Ռամոսը չկար, ու Վարանը պետք է ստանձներ պաշտպանության առաջատարի դերը։ Ու գուցե հենց այդ ժամանակ «Ռեալում» հասկացան, որ պետք չէ Վարանի հետ պայմանագիրը երկարաձգել, այլ պետք է կամաց-կամաց մտածել նրանից հրաժարվելու մասին։

This is my defeat' - Varane takes responsibility for Madrid Champions League exit after Man City horror show | Goal.com

Ավարտված մրցաշրջանում ևս Վարանը իր բարձունքի վրա չէր։ Առաջ եկան նաև վնասվածքները։ Ռամոսի բացակայության ընթացքում նա չկարողացավ ստանձնել պաշտպանության կենտրոնում առաջատարի դերը։ Այս ամենը գալիս էր ապացուցելու մեկ բան․ Վարանը հոգնել էր «Ռեալից»։ Այո, այդպես էլ է լինում։

  • Նոր մարտահրավերներ

Ռամոսի դեպքում «մոտիվացիայի պակասի» մասին խոսք չի կարող լինել։ Նա ասաց, որ ցանկացել է երկարաձգել պայմանագիրը, բայց ակումբն ասել է, որ այլևս դա անել չի կարող։ Այնպես որ, Ռամոսը ուներ ցանկություն մնալ «Ռեալում», իսկ Վարանը՝ ոչ։ Հենց այստեղ էլ գալիս է հեռանալու երկրորդ պատճառը։ Որպես ֆուտբոլիստ՝ զարգանալու ու ավելի լավը դառնալու համար Վարանին նոր մարտահրավեր էր պետք։ Նա երիտասարդ տարիքից «Ռեալում» էր, ու այս թիմում տեսել ու հաղթել է հնարավոր ու անհնար ամեն ինչ։ Վարանին նորություն էր պետք կարիերայում։

«Մանչեսթեր Յունայթեդն» իդեալական տարբերակ է Վարանի համար։ Այս թիմը ծարավ է նոր հաղթանակների։ Երկար տարիներ «կարմիր սատանաները» չեն հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում, իսկ եվրագավաթներում այնտեղ չեն, որտեղ պետք է լինեն։ Եվրոպա լիգան հաստատ այն մրցաշարը չէ, որի մասին մտածում են մանչեսթերյան թիմի երկրպագուները։ Այնպես որ, Վարանը կարող է շատ բան տալ «Մանչեսթեր Յունայթեդին», ակումբն էլ՝ Վարանին։

  • Ռամոս-Վարան զույգի «արդյունավետությունը» ընկել էր

Վերը նշված պատճառների տրամաբանական շարունակությունն էլ այն է, որ Ռամոս-Վարան զույգի խաղն այլևս այն հուսալիությունը չուներ, ինչ նախորդ տարիներին։ Թվերի մեջ շատ չներքաշվելու համար բավական է հիշել անցած մրցաշրջանից երկու խաղ, որում «Ռեալը» տիտղոս է կորցրել։ Առաջինը Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկի» դեմ կիսաեզրափակիչ խաղն էր, որում «Ռեալը» զիջեց 1-2 հաշվով։ Առաջին գոլի դրվագում կենտրոնը քանդվեց ու Ռաուլ Գարսիան դուրս եկավ մեն-մենակ։ Ընդմիջմանը Զիդանը փոխարինեց Վարանին։

Galatasaray vs Real Madrid: Ramos and Varane: A wall in Istanbul | MARCA in English

Երկրորդ՝ «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումն էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Զիդանը որոշեց դաշտ դուրս բերել հենց Ռամոս-Վարան զույգին։ Բայց այդ օրը ևս «Ռեալի» պաշտպանության կենտրոնը ձախողվեց։ Ի դեպ, դա Ռամոսի ու Վարանի համատեղ վերջին խաղն էր «Ռեալի» կազմում։

  • Միլիտաոյի առաջընթացն ու նորեկ Ալաբան

Անկախ Վարանի ու Ռամոսի ցանկություններից, բոլորս էլ գիտենք, որ «Ռեալն» այնպիսի թիմ է, որ «մտքին տեղ լինելու դեպքում» կկարողանար պահել թե՛ Ռամոսին, թե՛ Վարանին։ Սակայն ակումբի այսպիսի արկածախնդրային որոշման հետևում կան փաստարկներ։ Դրանցից առաջինը Էդեր Միլիտաոյի՝ ամեն օր գրանցվող առաջընթացն է։ Երբ անցած մրցաշրջանի ամենակարևոր հատվածում Ռամոսն ու Վարանը բացակայում էին վնասվածքի պատճառով, Միլիտաոն Նաչոյի հետ հիանալի շարք գրանցեց ու թիմին ողջ պահեց ինչպես չեմպիոնական մրցավազքում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ «Լիվերպուլի» հետ երկու խաղերն ու «Բարսելոնայի» հետ Էլ կլասիկոն նրա ու Նաչոյի հիանալի խաղի վառ դրսևորում էին։

«Ռեալում» 2019-ին հենց դրա համար գնեցին Միլիտաոյի տրանսֆերը։ Բրազիլացու համար «Ռեալը» 50 միլիոն եվրո էր վճարել «Պորտուին»։ Ակնհայտ է, որ նա գալիս էր փոխարինելու Ռամոսին կամ էլ Վարանին։ Նոր մրցաշրջանում Միլիտաոն լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմի խաղացող, սրանում ոչ մի կասկած չկա։ Բրազիլացու հուսալի խաղը պաշտպանությունում ստիպել է «Ռեալին» առանց անհանգստանալու ռիսկային քայլի գնալ ու հրաժեշտ տալ թե՛ Ռամոսին, թե՛ Վարանին։ Միլիտաոն պետք է որ զգա իր ուսերի ծանրությունը։

Real Madrid: 5 burning questions after the Champions League quarterfinals - Page 2

Չմոռանանք, որ «Ռեալն» ունի շատ ուժեղ համալրում։ Դավիդ Ալաբան անվճար տեղափոխվեց Մադրիդ։ Նա կարող է խաղալ պաշտպանության կենտրոնում, ձախ եզրում ու հենակետայինի դիրքում։ Այստեղ տեղին է ասելը․ «Կազեմիրոյի աչքը լույս լինի»։ Բրազիլացին երբեմն կկարողանա հանգստանալ, ինչը նախորդ մրցաշրջաններում գրեթե տեղ չէր ունենում։ Սակայն Ալաբայի հիմնական գործառույթը լինելու է հենց կենտրոնական պաշտպանի դիրքը։ «Բավարիայում» լավ օրից չէր, որ նա սկսեց այդ դիրքում խաղալ։ Զյուլեի վնասվածքն ու Խավի Մարտինեսի անհաջող խաղը ստիպեց մարզչական շտաբին կենտրոն իջեցնել Ալաբային։ Նա հիմա շատ հուսալի ֆուտբոլ է խաղում այդ դիրքում։

Image

Իհարկե, պետք է հիշել նաև Նաչոյին։ Նա հերթական անգամ ցուցադրեց հուսալի խաղ նախորդ մրցաշրջանում։ Ակումբում նրան վստահում են։ Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2023 թվականը։ Այս հարցը դեռևս բաց է մնում՝ պաշտպանության կենտրոնում ո՞ր զույգին ամենաշատը կվստահի Կառլո Անչելոտին։

Կա՞ նոր խաղացողի անհրաժեշտություն

Ռամոսի ու Վարանի հեռանալուց հետո թիմի պաշտպանության գծում երկու նորեկ կա։ Մեկը Դավիդ Ալաբան է, մյուսը Խեսուս Վալյեխոն, որը վարձակալությամբ խաղում էր «Գրանադայում»։ Սակայն երիտասարդ իսպանացու նկատմամբ վստահությունն այդքան էլ մեծ չէ։ Այնպես որ,  պաշտպանության կենտրոնում «Ռեալին» նոր խաղացող պետք է, որքան էլ որ ակումբում դեմ են նոր տրանսֆերներ իրականացնելուն։ Վալյեխոն կարող է մնալ թիմում, սակայն նա չունի հուսալիության այն մակարդակը, որը թույլ կտա խաղալ «Ռեալի» կազմում կարևորագույն խաղերին։

Ֆրանսիական մամուլը օրեր առաջ գրում էր, որ «Ռեալը» մտադիր է «Սևիլիայից» գնել Ժյուլ Կունդեին։ Սակայն արդեն երկու օր է, ինչ ակտիվ քննարկվում է ֆրանսիացու տեղափոխությունը «Չելսի»։ Գործարքը գրեթե կայացած է։ Որոշ տեղեկություններ կային, որ Ջորջիո Կիելինին կարող է գալ «Ռեալ», եթե «Յուվենտուսի» հետ համաձայնության չգա նոր պայմանագրի հարցում։ Բայց այս թեման նույնպես «ջրվեց», քանի որ Անդրեա Անյելին ու Մասիմիլիանո Ալեգրին միաբերան հաստատեցին, որ Կիելինին մնում է։ Այնպես որ, «Ռեալի» համար շատ բարդ է նոր խաղացող գնել պաշտպանության կենտրոնի համար։

Ֆերլան Մենդին՝ կենտրոնական պաշտպա՞ն

Ferland Mendy could miss rest of the season for Real Madrid - reports

Իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Կառլո Անչելոտին մտադիր է Ֆերլան Մենդիին խաղացնել դաշտի կենտրոնում։ Ձախ եզրում կարող է խաղալ Մարսելոն, Ալաբան կամ էլ Միգել Գուտիերեշը։ Իսկ Մենդին կտեղափոխվի կենտրոն։ Սա հնարավոր տարբերակ է։ Եթե «Ռեալը» չկարողանա նոր խաղացող գնել, Մենդին կարող է գալ կենտրոն։ Անչելոտին ցանկանում է ամեն կերպ ուշքի բերել Մարսելոյին, սակայն «Ռեյնջերսի» դեմ ընկերական խաղն ամենևին էլ չէր խոսում դրա մասին։ Եթե Մենդին խաղա կենտրոնում, իսկ Մարսելոն չցուցադրի իր լավագույն խաղը, կան Ալաբան ու Գուտիերեշը։

Ամեն դեպքում ավելի հավանական է թվում, որ Անչելոտիի համար առաջնային տարբերակ լինելու է Միլիտաո-Ալաբա զույգը։ Սակայն մեկ բան հստակ է՝ Վարանի ու Ռամոսի հեռանալուց հետո «Ռեալի» պաշտպանությունում փոփոխություններ հաճախ են լինելու, շատ հաճախ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա