Logo

Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
denmark - Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

ԵՎՐՈ-2020-ը թարմ շունչ  տվեց ֆուտբոլին․ վերջապես երկրպագուները  վերադարձան ստադիոններ և ֆուտբոլիստները զգացին նրանցից փոխանցվող դրայվն ու էներգիան, որը չկար նախորդ մեկ տարվա նույնիսկ ամենահետաքրքիր հանդիպումներում: Տեսանք թիմերի, որոնք նոր տեսքով ու ֆուտբոլով ներկայացան և լուրջ հաջողությունների հասան: Եղան նաև անսովոր ռեկորդներ ու հակառեկորդներ, ինչպես նաև բացահայտումներ:

Բացահայտում դարձած ֆուտբոլիստներից ոմանց մասին լսել էինք, մյուսների խաղը՝ տեսել, բայց հենց ԵՎՐՈ-ում նրանք լիարժեք ճանաչելի դարձան ֆուտբոլասերների լայն հանրությանը:

VNews.am-ը կազմել է ԵՎՐՈ-2020-ի թոփ-5 բացահայտումները:

Նշենք, որ ցանկում ներառված չեն այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Պեդրին, Մանուել Լոկատելին կամ Կալվին Ֆիլիպսը, քանի որ կարծում ենք այդ ֆուտբոլիստները բավականաչափ հայտնի էին բացահայտում դառնալու համար:

Միկել Դամսգոր (Դանիա)

21-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնության գլխավոր բացահայտումն էր: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը հիացրեց իր բազմակողմանիությամբ և նախանձելի թեթև խաղով: «Երեխայի դեմքով մարդասպանի» կոչման նոր թեկնածուն այնպիսի արտակարգ հեռահար հարվածներ ունի, որ հիշեցնում էր Ժունինյո Պերնամբուկանոյին:

ԵՎՐՈ-2020-ում Դամսգորը 2 գոլ խփեց և 1 ասիստ գրանցեց: Նա հեռահար հարվածով գրավեց Ռուսաստանի հավաքականի դարպասը, իսկ տուգանային հարվածով՝ Անգլիայի: Ի դեպ, տուգանայինից այդ հարվածը միակն էր ԵՎՐՈ-2020-ի 51 հանդիպումների ընթացքում:

Դանիացին նաև հիանալի սկաուտային աշխատանքի արդյունք է: 13 տարեկանում նա հայտնվել է «Նորշելանդում», երբ սկաուտներից մեկը հետևելիս է եղել այլ ֆուտբոլիստի, սակայն նրան գրավել է Միկելի խաղը: Իսկ ահա 2020 թվականին դանիացու խաղը բարձր է գնահատել «Սամպդորիայի» սելեկցիոն բաժինը․ իտալական ակումբը որոշել է 6,75 մլն եվրո վճարել երիտասարդ ֆուտբոլիստի համար: Հիմա պարզ է, որ Դամսգորի տրանսֆերը վաճառելու դեպքում ճենովացիները ծախսերի համեմատ հսկայական օգուտ են ստանալու:

damsgaard 1 960x540 - Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

Դենզել Դումֆրիս (Նիդերլանդներ)

Հոլանդական ֆուտբոլի սիրահարները վաղուց են ծանոթ Դումֆրիսի խաղին, սակայն ԵՎՐՈ-2020-ը դարձավ ավելի լայն շրջանակին ներկայանալու առիթ: 25-ամյա ֆուտբոլիստը լիարժեք օգտագործեց իր շանսը և շուտով նրան կարելի է  սպասել թոփ լիգայում, հատկապես հաշվի առնելով, որ նրա գործակալը Մինո Ռայոլան է:

ԵՎՐՈ-2020-ում Նիդերլանդների գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն անսպասելիորեն հրաժարվեց հոլանդական ավանդական 4-3-3 սխեմայից և անցավ 3 կենտրոնական պաշտպանով դասավորությանը, ինչպես ԱԱ-2014-ում դա արել էր Լուի վան Գալը: Այդ դասավորությունում աջ լատերալի դիրքը վստահվեց Դումֆրիսին, որը էլ ավելի փայլեց, որովհետև սովորականից քիչ էր պատասխանատու պաշտպանության համար:

Իսկ հարձակման գծում Դենզելն անկասելի էր: Նա երկու գոլ խփեց և դարձավ մրցաշարի ամենաարդյունավետ պաշտպաններից մեկը:

dumfries 960x710 - Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

Յոակիմ Մելե (Դանիա)

Դանիան Եվրոպայի առաջնության ամենամեծ ուշադրության արժանացած թիմն է: Սկզբում Կրիստիան Էրիկսենի հետ կապված ցավալի միջադեպի, այնուհետև այդ ամենից արժանապատվորեն ուշքի գալու և տպավորիչ ֆուտբոլ ցուցադրելու շնորհիվ:

Պատահական չէ, որ Դամսգորից զատ այդ թիմում փայլեց նաև այլ ֆուտբոլիստ, որը լայն ճանաչում չուներ: Յոակիմ Մելեն գործելով ձախ լատերալի դիրքում, հասցնում էր գրեթե ամեն ինչ: Նա հաջող էր գործում պաշտպանությանը օգնելիս, իսկ հարձակման գծում փայլուն խաղ ցուցադրեց. նա 2 գոլ խփեց և 1 գոլային փոխանցում կատարեց: Բացի այդ, երբ մարզչին հարկավոր էր ամրապնդել պաշտպանությունը, նա խաղադաշտից հանում էր վինգերների, ասպարեզ դուրս բերում պաշտպանի, իսկ Մելեյին ուղարկում էր եզրային հարձակվողի դիրք: Այդ դիրքում դանիացին կրկին անկասելի էր: Ընդ որում՝ Յոակիմի համար տարբերություն չկար, թե որ եզրում կհայտնվի: Ձախ եզրից նա կարող էր տեղափոխվել աջ և դրանից նրա խաղը չէր տուժում։

Մեր ընտրանին

Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են
Տանը գրպանից հանեց բանալին, Մոդրիչին ու Կովաչիչին. ով է «Յորքշիրի Պիռլոն», որ թնդեցրեց Եվրոպան
Լավագույնները. ԵՎՐՈ 2020-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNEWS-ի

Մրցաշարի ընթացքում Մելեն աչքի ընկավ նաև դիպուկությամբ: Նա մրցակցի դարպասներին 7 հարված կատարեց, ինչը մրցաշարի 4-րդ ամենալավ արդյունքն է:

Մելեն մեկ տարի առաջ է «Գենկից» տեղափոխվել «Ատալանտա»։ Ակումբը հերթական անգամ առանձնացավ իր հեռատես սկաուտինգով: Ջան-Պիեր Գասպերինիի գլխավորությամբ դանիացին կարող է դառնալ աշխարհի լավագույն լատերալներից մեկը:

Joakim Maehle 960x640 - Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

Ռոման Յարեմչուկ (Ուկրաինա)

Բարձրահասակ կենտրոնական հարձակվողները վերացող տեսակ են համաշխարհային ֆուտբոլում: Հիմա ավելի պահանջված են առավել շարժունակ խաղացողները, որոնք չեն բավարարվում տուգանային հրապարակում հերթապահելով: Նույնիսկ Հարի Քեյնն, Ռոբերտ Լևանդովսկին և Ռոմելու Լուկակուն են ստիպված ընդլայնել իրենց խաղային դիապազոնը, որպեսզի մրցունակ մնան: ԵՎՐՈ-2020-ում նրանցից բացի ուշադրություն գրավեց 191 սմ հասակով Ռոման Յարեմչուկը, որը մասնակցեց Ուկրաինայի հավաքականի խփած 6 գոլերից 3-ին (2+1):

25-ամյա ֆուտբոլիստը դեռ երիտասարդ տարիքում՝ 2017-ին է Կիևի «Դինամոյից» տեղափոխվել բելգիական «Գենտ», որպեսզի ավելի արագ հարմարվի եվրոպական ֆուտբոլին:

Բելգիայում Յարեմչուկը երկար էր հարմարվում, բայց հետզհետե հասավ բարձր արդյունավետության, ինչի ապացույցը Բելգիայի ավարտված առաջնությունն է, որում նա 17 գոլ խփեց: Ուկրաինացին նման հաջող ԵՎՐՈ-ից հետո որոշել է մեկ քայլ էլ առաջ գնալ և տեղափոխվել ավելի ուժեղ ակումբ: «Բենֆիկան» արդեն բանակցում է ուկրաինացու տեղափոխության շուրջ և պատրաստվում է 20-25 մլն եվրոյով գնել նրա տրանսֆերը: Հարձակվողն արդեն համաձայնել է տեղափոխվել Պորտուգալիա, որտեղ բարձրակարգ թիմակիցների կողքին կարող է էլ ավելի արդյունավետ դառնալ:

yaremchuk 960x720 - Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

Ժերեմի Դոկու (Բելգիա)

Բելգիայում չեն դադարում նոր տաղանդներ հայտնվել: Այդ  շաքրից է եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն: 19-ամյա ֆուտբոլիստը ԵՎՐՈ-2020-ի ժամանակ երկու հանդիպման մասնակցեց, սակայն հատկապես տպավորիչ էր Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:

Քառորդ եզրափակիչի խաղում Դոկուն իր խաբքերով ու արագացումներով իսկական մղձավանջ էր դարձել Իտալիայի աջ պաշտպան Ջիովանի Դի Լորենցոյի համար: Ժերեմին այնպես արեց, որ նույնիսկ Էդեն Ազարի բացակայությունը այդքան շատ չզգացվեց, ինչը լուրջ նվաճում է:

Եվրոպայում Դոկուին դեռ մեկ տարի առաջ էին մեծ տաղանդ համարում, ինչի ապացույցը դարձավ նրա տրանսֆերի համար «Ռենի» վճարած 26 մլն եվրոն: «Անդերլեխտի» կազմում վինգերը 37 խաղում 6 գոլ ու 7 ասիսիտ էր գրանցել, սակայն Ֆրանսիայում դեռ իր լավագույն խաղը չի ցուցադրում: «Ռենի» կազմում նա նույնքան խաղում 2 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել: Այդուհանդերձ, կասկած չկա, որ ԵՎՐՈ-2020-ի միգուցե լավագույն խաղում նա տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց, ինչը զգալիորեն կբարձրացնի նրա վստահությունը։

doku 960x805 - Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա